Փաշինյանը բանավոր կերպով խմբագրել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության՝ ապաշրջափակման մասին 9-րդ կետը. ի՞նչ է թաքցրել
Օգոստոսի սկզբին Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովն «Ազատության» տարածաշրջանային թղթակից Ջոշ Կուչերային տված հարցազրույցում մի քանի գաղտնազերծում էր արել Նիկոլ Փաշինյանի՝ Ալիևի հետ պայմանավորվածությունների վերաբերյալ:
Մասնավորապես, նա ակնարկել էր, որ Փաշինյանն ադրբեջանական կողմի հետ ինչ-ինչ պայմանավորվածություններ ունի նաև Ադրբեջանը Նախիջևանին միացնող ճանապարհի հարցում, որը Բաքվում կոչում են «Զանգեզուրի միջանցք»:
Մենք հասկացանք, որ չենք կարող տեսանելի ապագայում ավարտին հասցնել խաղաղության համաձայնագիրը, եթե Սահմանադրության խնդրից բացի, ևս մեկ տարաձայնություն թողնենք՝ հաղորդակցության ուղիների բացումը։ Ուստի, փոխադարձ համաձայնությամբ որոշեցինք այս պարբերությունը հանել խաղաղության պայմանագրից ու դրան վերադառնալ հետագա փուլում: Երբ խաղաղության պայմանագիրը ստորագրվի, երկու պատվիրակությունները կամ երկու երկրները կարող են վերսկսել քննարկումները՝ գտնելու իրենց համար ընդունելի բանաձև Ադրբեջանի և Նախիջևանի միջև հաղորդակցությունը վերաբացելու համար»,- մանրամասնել էր Ամիրբեկովը:
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից հաստատել էին, որ ապաշրջափակման մասին կետը դուրս է մղվել խաղաղության պայմանագրից, այսինքն՝ առանձին բանակցությունների առարկա է դարձել:
«Նշելով, որ փոխադարձ համաձայնությամբ բուն խաղաղության համաձայնագրի նախագծից հանվել է տարածաշրջանային հաղորդակցություններին վերաբերող հոդվածը՝ պետք է ընդգծենք, որ դրանց արդյունավետ ապաշրջափակումը շարունակում է մնալ տարածաշրջանում խաղաղության և տնտեսական զարգացման՝ ՀՀ տեսլականի և առաջմղվող օրակարգի կարևոր մաս»,-լրատվամիջոցներին ասել էր ԱԳՆ մամուլի խոսնակը:
Խաղաղության բուն պայմանագրից ապաշրջափակման կամ «Զանգեզուրի միջանցքի մասին» կետի դուրսմղումից հետո ակտիվորեն քննարկվեց և՛ հայկական, և՛ ադրբեջանական մամուլում: Բնականաբար, հայ ընդդիմադիր քաղաքական գործիչները և փորձագետներն ավելի շատ ուշադրություն էին դարձնում հնարավոր ռիսկերի վրա, և այս պարագայում իրենից ոչինչ չներկայացնող խաղաղության փաստաթուղթ ունենալու հանգամանքի վրա, իհարկե, չի անտեսվել նաև հարցը՝ ուժային կենտրոններից և գերտերություններից ո՞վ է հաղթելու «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողությունը նվաճելու համար պայքարում, և ի՞նչ է լինելու Իրանի «դիմադրության» հետ:
Ադրբեջանական «Թուրան» գործակալությունը օգոստոսի 10-ին անդրադառնալով ապաշրջափակման մասին կետի դուրսմղմանը սեղանին դրված փաստաթղթից, ուշադրություն էր հրավիրել այն փաստի վրա, որ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցչի գաղտնազերծմանը նախորդել էին ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ’Բրայենի, իսկ դրանից առաջ՝ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հայտարարությունները, որտեղ առաջ էր քաշվում «Զանգեզուրի միջանցքի» վրա միջազգային վերահսկողության կամ այդտեղ միջազգային երաշխիքների հարցը:
««Զանգեզուրի միջանցքի» վրա միջազգային վերահսկողության գաղափարը մշակվել է ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից: Նպատակը՝ չթողնել այնտեղ Ռուսաստանին: Հենց սա է Երևանը ցանկանում: Կարելի է ենթադրել, որ արևմտյան գործընկերներին հաջողվել է Բաքվին համոզել՝ Ռուսաստանի ներկայությունը «Զանգեզուրի միջանցքում» ոչինչ չի տա Ադրբեջանին, ավելի լավ է այնտեղ միջազգային ուժեր լինեն՝ կոնկրետ կարգավիճակով: Հենց սա է Մոսկվային և Թեհրանին մտահոգում, որոնք փորձում են Հայաստանին համոզել կամ պարտադրել՝ չհամաձայնել դրան: Իր հերթին՝ ԱՄՆ-ը ճնշում է գործադրում Բաքվի վրա՝ համոզելով ընդունել այդ տարբերակը և չսրել իրավիճակը սահմանին:Բաքվի և Երևանի միջև բանակցությունների ընթացքը ցույց կտա մոտ ժամանակներս՝ կհաջողվի՞ Արևմուտքին կյանքի կոչել իր այս գաղափարը»,- գրել էր «Թուրանը»:
Իսկ օգոստոսի 10-ին «Кавказский узел» կայքին «Թուրան» գործակալության գլխավոր խմբագիր Շահին Հաջիևը որոշակի փակագծեր էր բացել՝ ասելով, որ իր տեղեկություններով՝«Զանգեզուրի միջանցքը» մասնավոր միջազգային ընկերության վերահսկողությանն է հանձնվելու, որը կչեզոքացնի կողմերի մտահոգությունները տրանսպորտային շարժի անվտանգության հետ կապված: Ադրբեջանցի փորձագետն այդ ժամանակ նշել էր, որ Հայաստանի համար դա հատկապես կարևոր է, քանի նա դեմ է միջանցքի ռուսական վերահսկողության հանձնմանը՝ դիտարկելով այն ՀՀ ինքնիշխանության դեմ քայլ:
Սրանից հետո, իհարկե, Ռուսաստանը որոշեց վերադառնալ ապաշրջափակման գործընթացի կողմ լինելու իր լեգիտիմ իրավունքին:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, Պուտինի հետ հեռախոսազրույցից հետո, որտեղ նրան ներկայացվել էին Ադրբեջանի նախագահի հետ ռուսական կողմի բանակցությունների արդյունքները, օգոստոսի 31-ին լրագրողների հետ հանդիպմանը հստակ հայտարարել էր, որ Հայաստանը հետ չի վերցնելու իր ստորագրությունը 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության տակից:
Փաշինյանը նաև մի ուշագրավ ձևակերպում էր արել, որն աննկատ մնաց:
«Հայաստանը տրամադրում է հաղորդակցություն, օգտվող չկա այդ հաղորդակցությունից: Իսկ այդ հոդվածի բառապաշարի մյուս հատվածը միայն ու միայն մոնիտորինգի մասին է: Բոլորն էլ, ամբողջ աշխարհն էլ կարող է մոնիտորինգ անել՝ յուրաքանչյուրն իրենց կաբինետներում նստած զեկույցներ ստանալով»,- շեշտել է Փաշինյանը:
Արդյո՞ք Նիկոլ Փաշինյանի «մոնիտորինգ» ձևակերպման տակ թաքնված է հաղորդակցությունների՝ միջազգային մասնավոր ընկերության վերահսկողությանը հանձնելու ՀՀ համաձայնությունը, հատկապես, երբ այդ մասին խոսում են հայ փորձագետները, ադրբեջանցի փորձագետները՝ նշելով, որ այդ հարցը Բաքվի և Երևանի միջև քննարկման առարկա եղել է:
Ավելին, «Sputnik Արմենիայի» գրավոր հարցմանը՝ արդյո՞ք Բաքվի հետ քննարկվում է Նախիջևան-Սյունիք-Ադրբեջան ապագա հաղորդակցության վերահսկողությունը մասնավոր ընկերությանը փոխանցելու հարցը, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը, ըստ էության, չի հերքել և սահմանափակվել է՝ ասելով.
«Հայաստանի Հանրապետությունը կառուցողականորեն ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման ուղղությամբ գործընթացում՝ որպես հիմք ունենալով ինքնիշխանության ու ազգային իրավազորության հարգման, հավասարության ու փոխադարձության սկզբունքների վրա կառուցված տեսլականը»:
Հիշեցնենք, որ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության 9-րդ կետը սահմանում է.
«Ապաշրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը: Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով անխոչընդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով: Տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողությունն իրականացնում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության մարմինները:
Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ ապահովվելու է Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունն Ադրբեջանի արևմտյան շրջանների հետ կապող նոր տրանսպորտային հաղորդակցություննների շինարարությունը»:
Հիմա Նիկոլ Փաշինյանը «վերահսկողություն» արտահայտությունը վերաձևակերպում է «մոնիտորինգի՞», հերթական անգամ փորձելով իբր քաղաքական ճկունություն դրսևորե՞լ:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել՝ 168.am-ը գրել էր, որ եռակողմ հայտարարության նախնական տարբերակի ապաշրջափակման մասին կետը սրբագրվել էր:
Մասնավորապես՝ «Հայաստանի Հանրապետությունը ապահովում է տրանսպորտային հաղորդակցությունը …»փոխվել է «Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է…» ձևակերպման:
Առաջին հայացքից գուցե որոշ դեպքերում երաշխավորելն ու ապահովելը կարելի է հոմանիշներ համարել, բայց տողատակում դրանք նաև այլ գործողություններ են պարունակում: Նույնը տեղի է ունենում հիմա, ըստ էության, և Փաշինյանը բանավոր կերպով խմբագրում է եռակողմ հայտարարությունը՝ «վերահսկողությունը» դարձնելով «մոնիտորինգ»:
Ի դեպ, մի առիթով Փաշինյանը խոսելով Պրահայի պայմանավորվածություններից և ՀՀ տարածքային ամբողջականությունից, ասել էր՝ «կարող է թվալ, թե բառերի, ստորակետի փոփոխությամբ շատ բան չի փոխվում, բայց իրականում, պետք է, որ հղումները ճիշտ արվեն»: