Կարևոր ռազմական փաստեր՝ Արամազդ Ղալամքարյանի համար

Օրերս ՀԱԿ վարչության նախկին անդամ Արամազդ Ղալամքարյանը ֆեյսբուքյան իր էջում մի ծավալուն գրառում է կատարել, որով փորձել է «ամփոփել Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՀՇ-ի ու Հայ ազգային կոնգրեսի էջը՝ մեկ անգամ և ընդմիշտ արձանագրելով որոշ դրվագներ», դրանց վրա «լույս սփռել»:

Այսինքն, Ղալամքարյանն իր գրառումը հասցեագրել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկա և նախկին անդամներին, Տեր-Պետրոսյանի գաղափարակիցներին ու համախոհներին, որոնցից արձագանքողներ էին եղել:

Ինչևէ, որոշ ժամանակ անց Արամազդ Ղալամքարյանը հեռացրել է իր հիշյալ գրառումը, թեպետ իշխանական լրատվամիջոցներն այն հասցրել էին տանել և այսօր դրանք դեռ կարելի է գտնել իշխանական և իշխանամերձ կայքերում:

Իսկ ինչո՞ւ ենք մենք որոշել անդրադառնալ ՀԱԿ վարչության նախկին անդամի գրառմանը: Որովհետև դրանում մի քանի կետ նվիրվել է նաև բանակին, ընդ որում, զերծ չմնալով մանիպուլյացիայից: Եվ որքան էլ իր կենսագրության մեջ Արամազդ Ղալամքարյանը նշել է, որ 1996-1998 թթ. Զինված ուժերի սպա է եղել, տվյալ դեպքում բանակին մոտեցել է զուտ քաղաքական պրիզմայից, կասեինք նույնիսկ՝ փաշինյանական քարոզչության տրամաբանությամբ: Անցնենք Ղալամքարյանի՝ բանակին առնչվող պնդումներին:

Կարդացեք նաև

ՀՀ սահմանների մի զգալի հատվածն այսօր վերահսկում են ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերը

Եթե ՀԱԿ վարչության նախկին անդամը նկատի ունի ռուս սահմանապահների դուրսբերումը, ապա 2024 թվականին պաշտոնապես հայտարարվել էր, որ «2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով»:

Այսինքն, ռուս սահմանապահներն այս ընթացքում ավարտել են իրենց ծառայությունը միայն «Զվարթնոց» օդանավակայանում, և նրանք հեռացել են Ագարակի սահմանային անցակետից, որը հիմա վերահսկում են ՀՀ սահմանապահ զորքերը:

Այլ հարց է, որ Նիկոլ Փաշինյանը մի առիթով հայտարարել է, որ Հայաստանը փուլ-փուլ վստահորեն ստանձնելու է սեփական սահմանների պահպանությունը, որ սա միջնաժամկետ նպատակ է: Բայց այսօր ունենք այն, ինչ ունենք, և պետք չէ խեղաթյուրել իրականությունը: Սա՝ առաջին:

Երկրորդ, Ղալամքարյանը չգիտի՞, որ հենց Նիկոլ Փաշինյանի օրոք և նրա խնդրանքով էին ռուսական սահմանապահների դիտակետեր տեղակայվել Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, ինչի մասին ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինն էր անձամբ հայտնել:

Կամ՝ չի՞ լսել Տավուշի մարզի տարբեր հատվածներում ռուսական ուղեկալների տեղակայման մասին՝ Ոսկեպար, Ազատամուտ: 2022 թվականի հունիսին նույնիսկ գրել էինք, որ ռուսական կողմն Այգեպարի հատվածում մոդուլային ավան է կառուցում:

Ավելին, 2022 թվականի հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը հավանություն էր տվել ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխմանն առնչվող արձանագրության մեջ փոփոխություններին, որտեղ նշվում էր, որ այն բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում մատնանշված անվտանգային, արտաքին քաղաքական մի շարք գործոններից:

Իհարկե, 2024 թվականին հայտնի դարձավ, որ ռուս սահմանապահները դուրս են գալու Տավուշից, Սյունիքից, Վայոց ձորից, Գեղարքունիքից և Արարատից, բայց նրանք տեղակայվել են, չէ՞, ընդ որում, Նիկոլ Փաշինյանի օրոք: Այսինքն, նախքան 2018 թվականի իշխանափոխությունը, բացի հայ-իրանական և հայ-թուրքական սահմաններից, բոլոր դիրքային և սահմանային հատվածներում կանգնած են եղել միայն ՀՀ զինված ուժերի զինծառայողները: Հիմա ո՞ր դեպքում է ՀՀ-ն եղել ավելի ինքնիշխան:

Հայաստանը զենք է գնում ոչ թե՝ մեկ, այլ՝ մեկից ավելի աղբյուրներից

Այո, Հայաստանը սպառազինություն է ձեռք բերում Ֆրանսիայից, բայց շատ կարևոր է չանտեսել այն, որ Ֆրանսիան նման պատրաստակամություն է հայտնել, երբ Արցախը հայաթափված էր արդեն: Սա՝ առաջին:

Երկրորդ, Հնդկաստանից ռազմական տեխնիկա ձեռք բերելու որոշակի պայմանավորվածություն եղել է դեռ նախկին իշխանությունների օրոք:

Մասնավորապես, 2018-ի մարտի 28-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել էր Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:

Հանդիպման ընթացքում քննարկվել էին պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև 2017թ. մայիսին Նյու Դելիի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:

Անդրադարձ էր եղել նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցերին: Եվ ամիսներ հետո՝ 2018-ի օգոստոսին հնդկական կողմը հայտարարել էր, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով, և այլն: Ի դեպ, Արամազդ Ղալամքարյանը գուցե ուսումնասիրի և տեսնի, թե Հնդկաստանն այդ ինչ ռազմական տեխնիկա է արդիականացնում:

Երրորդ, նման դեպքերում միշտ պետք է հաշվի առնվեն՝ ինչ խնդիր է փորձում լուծել զենք մատակարարող երկիրը, տվյալ դեպքում՝ Հնդկաստանը և Ֆրանսիան, ինչո՞ւ չէ՝ լոգիստիկ, սպասարկման, ՀՀ զինանոցում առկա գնված զենքի հետ փոխհամատեղելիության հետ կապված խնդիրները:

Չորրորդ, Մինչև 2018 թվականի իշխանափոխությունը Հայաստանը զենք է գնել Սերբիայից, դիպուկահար հրացաններ են ձեռք բերվել ՆԱՏՕ անդամ երկրներից, երբ դիպուկահարների պատերազմ էր:

Հայաստանն իրականացնում է բանակի խորքային ռեֆորմ՝ կրճատելով պարտադիր ծառայության ժամկետը, վերապատրաստելով հատուկ ջոկատայիններին, կառուցելով նախադեպը չունեցող ամրաշինական կառույցներ։

Տարբեր առիթներով անդրադարձել ենք ՀՀ պաշտպանության նախարարության բարեփոխումներին, առանձին ծրագրերին, դրանց «ծագումնաբանությանը», արդյունավետությանը: Հիմա շատ չենք ծավալվի, միայն մի քանի վերլուծություն կհիշեցնենք:

Օրինակ, որ այսօր փաստացի ունենք Պաշտպանության Գլխավոր շտաբ, ինչպես մոտ 20 տարի առաջ դե յուրե, կամ՝ Զինված ուժերում սերժանտական համակարգի ներդրման մասին այսօր չէ, որ մտածում են, այլ դեռ 2008 թվականից է այդ ուղղությամբ աշխատանքներ տարվել:

Ավելին, 1996-1998 Զինված ուժերի սպա ներկայացող Ղալամքարյանը գիտի՞, թե  ինչ ասել է՝ Պաշտպանական ռազմավարական վերանայման գործընթաց, որից հրաժարվել է Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, չնայած որ, այն գործող ռազմական դոկտրինի պահանջ է, քանի որ ՀՀ պաշտպանական ռազմավարական վերանայումը երկրի պաշտպանական համակարգի և դրա գործունեության ռազմավարության վերանայմանն ուղղված միջոցառումների ամբողջություն է:

Թերևս, փաշինյանամերձ փորձագետ-քաղաքագետը տեղյակ չէ, որ գործող իշխանությունների օրոք «Սանձահարում/Զսպում» երբեմնի հայեցակարգից անցում ենք կատարել հակառակորդից պաշտպանվելու հայեցակարգի, բայց սա էլ՝ զուտ գրավոր, իսկ գործնականում որոշ դեպքերում Նիկոլ Փաշինյանը շեղվել է նույնիսկ իր օրոք մշակված բանակի կերպափոխման հայեցակարգից, որը շատ հարցերում բավարարում է Փաշինյանի քաղաքական պահանջները: Ինչ վերաբերում է հատուկջոկատայինների վերապատրաստմանը, պարտադիր ժամկետային ծառայության կրճատմանը և ամրացված շրջանների կառուցմանը, ապա սա պահանջում է մասնագիտական քննարկում, հիմա ավելորդ ենք համարում, ուստի բավարարվենք այսքանով:

Գլխավոր շտաբը մաքրվել է հակապետական տարրերի մի գերիշխող մասից, որոնք հեղաշրջման փորձի մասնակից էին

Նախ՝ 2021 թվականի փետրվարի 25-ի հայտարարությունը, որով պահանջում էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և որը չէր ենթադրում կոնկրետ գործողություն, արդյո՞ք պետք է համարել ռազմական հեղաշրջման փորձ կամ իշխանազավթման, արդյո՞ք այս գնահատականը զուտ քաղաքական չէ: Այո, այս հայտարարությունից հետո ՀՀ զինված ուժերից համապատասխան հայտարարության տակ ստորագրած որոշ բարձրաստիճան զինվորականներից Փաշինյանն ազատվեց, ոմանք այսօր անցնում են քրեական գործերով, ընդ որում, նաև նրանք, որոնք կամ չէին ստորագրել այդ հայտարարության տակ, կամ՝ զղջացել էին ու դրանից հետո պաշտոնական առաջխաղացում ունեցել որոշակի ժամկետով: Եվ դեռ հարց է՝ որքանո՞վ է բանակը շահել որոշների՝ բանակից հեռացվելուց:

Բայց ի գիտություն Արամազդ Ղալամքարյանի՝ նշենք, որ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը, ում ընտրությունն այս պաշտոնում Նիկոլ Փաշինյանը ճիշտ որոշում էր համարել, այն գեներալներից մեկն է, ով ստորագրել էր Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ:

Նա այդ ժամանակ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետն էր: Նույնը վերաբերում է ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ Թեմուր Շահնազարյանին, ով ստորագրման պահին ԶՈւ կապի զորքերի պետ-վարչության պետն էր:

Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Արտակ Բուդաղյանը, ով «ճիշտ պահին և ճիշտ տեղում է հայտնվում», որ Փաշինյանին պատվի առնի, ևս 2021 թվականին իր ստորագրությամբ պահանջել է նրա հրաժարականը, լինելով 4-րդ բանակային կորպուսի հրամանատարը:

Այսօր ԶՈՒ ԳՇ կազմակերպչական զորահավաքային գլխավոր վարչության պետ Սմբատ Գրիգորյանը հետ չի մնացել սրանից և ստորագրել է Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի տակ, լինելով 5-րդ բանակային կորպուսի հրամանատարը:

Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանն իր հրաժարականը պահանջած ԶՈՒ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետ Սերգեյ Պետրոսյանին Տավուշում պիլոտային սահմանազատումից հետո դարձրեց գեներալ, թեպետ զբաղեցրած պաշտոնը գեներալական պաշտոն չէ:

Կարծում ենք, բավարար փաստեր հիշեցրեցինք, դրանք դեռ ՀԱԿ վարչության նախկին անդամը պետք է հասցնի մարսել:

Տեսանյութեր

Լրահոս