Հնդկական ի՞նչ ռազմական տեխնիկայի մասին էր նշում ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է տարածել պետական դավաճանության ևս մեկի դեպքի վերաբերյալ, որից տեղեկանում ենք, որ ՀՀ N զորամասի կոչումով կապիտան սպան 2021 թվականի սկզբից հայտնվել է օտարերկրյա հատուկ ծառայությունների ուշադրության կենտրոնում և հավաքագրվել նրանց կողմից։
«2021 թվականի ապրիլ-մայիս ամիսների ընթացքում հավաքել և իր կողմից օգտագործվող տարբեր բջջային հավելվածների միջոցով օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչին է հանձնել պետական և ծառայողական գաղտնիք կազմող ռազմական բնագավառի տեղեկություններ, մասնավորապես՝ իրենց ստորաբաժանման պահպանության ներքո գտնվող սպառազինության, զինատեսակների, քանակի, մարտական դիրքի տեղակայման վայրի վերաբերյալ տեղեկություններ և այլ տվյալներ՝ լուսանկարներով ցուցադրել է սպառազինությունը և զինատեսակների քանակը, այդ թվում՝ Հնդկաստանից ձեռք բերված ռազմական տեխնիկայի վերաբերյալ, որոնց դիմաց որպես վարձատրություն՝ օտարերկրյա հատուկ ծառայության ներկայացուցչից 2 անգամ տարբեր օրերի ընթացքում ստացել է գումար և բջջային հեռախոս՝ այդ կերպ կատարելով պետական դավաճանություն՝ ի վնաս Հայաստանի Հանրապետության տարածքային անձեռնմխելիության և արտաքին անվտանգության»,- նշվում է ԱԱԾ հաղորդագրության մեջ:
2020 թվականի մարտին The Times of India-ն տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Հայաստանը Հնդկաստանի հետ գործարք է կնքել՝ տեղական արտադրության 4 Swathi ռադարային կայաններ ձեռք բերելու վերաբերյալ, որի համար ընդհանուր հայկական կողմը պետք է վճարեր 40 մլն դոլար:
Times Now-ն էլ այդ ժամանակ գրել էր, թե Հնդկաստանն արդեն իսկ սկսել է ռադարների մատակարարումը Հայաստան:
Ըստ էության, ԱԱԾ-ն իր հաղորդագրության մեջ հնդկական ռազմական տեխնիկա ասելով, հենց սա նկատի ունի:
Հավելենք, որ 2022 թվականին էլ հնդկական մամուլն ակտիվորեն գրում էր ավելի քան 200 միլիոն դոլար արժողությամբ նոր գործարքի մասին Հայաստանի հետ, որի շրջանակում հայկական կողմը պիտի ստանա, օրինակ, Pinaka ռեակտիվ համակարգեր:
Այս մասին խոսել են նաև իշխանամերձ փորձագետները՝ հնդկական սպառազինությունը համեմատության մեջ դնելով ռուսականի հետ:
Իսկ հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով լրագրողների հարցին, թե Հայաստանի ռազմական տեխնիկայի համալրման գործընթացի մասին վերջին ամիսներին միջազգային լրատվամիջոցներն են հատկապես գրում, արձագանքել էր.
«Ես չեմ կարծում, թե այդ հրապարակումների առնվազն մեծ մասը բարի նպատակներով են արվում, չեմ կարծում, որ այդ հրապարակումները մեր գործին որևէ օգուտ են տալիս․․․ Այն, որ մենք անվտանգային ոլորտում ունենք շատ լուրջ պրոբլեմներ, դա փաստ է, որը հնարավոր չէ ժխտել, բայց այն, որ մենք անում ենք ամեն ինչ այդ պրոբլեմները լուծելու համար, դա էլ կարծում եմ՝ ակնհայտ է դառնում գոնե այն թվերից, որը դուք կարող եք հրապարակային տեսնել ՀՀ պետական բյուջեում և 2022 թվականի կատարողականում և 2023 թվականի պլանավորվածում»:
Հնդկաստանի՝ Հայաստանին սպառազինության մատակարարման մասին դժգոհություններ է հայտնել Ադրբեջանը:
Թե այս վերջին՝ հայ-հնդկական ռազմատեխնիկական պայմանավորվածությունները ո՞ր փուլում են, հայտնի չէ:
Իսկ որքանով է սպառազինության մատակարարման գործին վնասում ԱԱԾ բացահայտումների հրապարակայնացումը, թողնենք մասնագետներին և երկրի ղեկավարությանը:
Հիշեցնենք, որ դեռ 2018-ի օգոստոսին էր հնդկական կողմը հայտարարել, որ Հայաստանը հետաքրքրվում է հնդկական Pinaka համազարկային կրակի ռեակտիվ համակարգերով:
«Հայաստանը հետաքրքրվում է Pinaka համակարգերով, այդ պատճառով մենք անցած ամիս Ռաջասթանի Փոխրան քաղաքում իրենց պատվիրակության համար կազմակերպեցինք ցուցադրական կրակի փորձարկումներ։ Արդյունքները հիանալի էին։ Քանի որ սա որոշում է երկու կառավարությունների միջև, մենք դեռ պետք է խոսենք գնման պաշտոնական համաձայնության մասին։ Հայաստանը հետաքրքրված է համակարգի երկու տարբերակներով էլ»,- գրել էր Times of India լրատվականը՝ հղում անելով «Պաշտպանական հետազոտությունների և զարգացման» ընկերության տնօրեն Կ․Մ․ Ռաջանին:
Նշենք, որ 2018-ի մարտի 28-ին այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ընդունել էր Հնդկաստանի պաշտպանության նախարարության պլանավորման և միջազգային համագործակցության հարցերով միացյալ քարտուղար Շամբու Կումարանին և ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Յոգեշվար Շանգվանին:
Հանդիպման ընթացքում քննարկվել էին պաշտպանության բնագավառում հայ-հնդկական համագործակցությանն առնչվող հարցեր, մասնավորապես` Հայաստանի և Հնդկաստանի պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների միջև 2017թ. մայիսին Նյու Դելիի բանակցությունների ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում քննարկվել էին նաև ռազմատեխնիկական համագործակցությանն առնչվող հարցեր:
Վերադառնալով ԱԱԾ հաղորդագրությանը, նշենք, որ դրանից օրեր առաջ՝ հունվարի 27-ին, Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում, մասնավորապես, գրել էր.
«Եթե ինչ-որ մեկը մի քանի հազար դրամի, կամ 1432 դոլարի դիմաց տեղեկատվություն է փոխանցում հակառակորդին, ինչքան ուզում է կենաց խմի, կամ Աստծուց խաղաղություն խնդրի, ինքը իր գործողությամբ մեզ արդեն մի քանի անգամ հեռացրել է այդ խաղաղությունից: Եթե այդպիսի հազարավոր մարդիկ կան, նրանք հազար անգամ են մեզ հեռացրել խաղաղությունից: Եթե մենք այդ մարդկանց ձեռքը նախապես չենք բռնում, պոստֆակտում էլ նրանց հանդեպ չհիմնավորված մարդասիրություն ենք ցուցաբերում, մեր երկիրը մի քանի տասնամյակով ենք հեռացնում խաղաղությունից»: