Փաշինյանը ռիսկի տակ է դրել Պաշտպանության նախարարին
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, ավելի կոնկրետ՝ 2021թ. փետրվարի 25-ին, ՀՀ զինված ուժերի կողմից Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջող հայտարարությունից հետո իշխող ՔՊ-ի վարչախումբը գործուն քայլեր սկսեց բանակի կառավարման մոդելը փոխելու ուղղությամբ:
Մասնավորապես, շրջանառության մեջ էր դրվել «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրինագիծը, առաջարկվում էր ԳՇ պետին դարձնել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, որը, սակայն, չի հանդիսանալու նախարարին փոխարինող պաշտոնատար անձ:
Այսինքն, Պաշտպանության նախարարին փոխարինելու է քաղաքացիական կամ քաղաքական տեղակալներից մեկը: Եվ ոչինչ, որ ՀՀ սահմանադրությամբ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը գլխավոր շտաբի պետն է շարունակում համարվել:
Նիկոլ Փաշինյանի կառավարությունը վերը նշվածը ներկայացրեց որպես կարևոր բարեփոխում՝ միտված ՊՆ-ում, ԶՈՒ-ում կառավարությունն ավելի արդյունավետ դարձնելուն:
«Շատ էական է այստեղ ուղղաձիգ կառավարման գոյությունը, որը բերելու է նրան, որ մենք կարողանալու ենք առաջին ձեռքից ավելի մանրամասն քաջատեղյակ լինել մեր կողմից իրականացվող քաղաքացիական վերահսկողությանը»,- 2022թ. հուլիսին ԱԺ-ում հայտարարել էր Սուրեն Պապիկյանը:
Խնդիրն այն է, որ այս բարեփոխումը, բնավ էլ, նորություն չէ: Այսինքն, մինչև 2008 թվականը և նույնիսկ մինչև 2008 թվականի որոշակի հատված ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը համարվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Սա կարող ենք տեսնել գեներալ-գնդապետներ Միքայել Հարությունյանի, Սեյրան Օհանյանի և Յուրի Խաչատուրովի կենսագրականներում և Նախագահի համապատասխան հրամանագրերում:
Մասնավորապես, 2008թ. ապրիլի 14-ին Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Սեյրան Օհանյանն ազատվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Մեկ այլ հրամանագրով 2008թ. ապրիլի 15-ին Յուրի Խաչատուրովը նշանակվել էր ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալ:
Այլ հարց է, որ 2008թ. ապրիլի 9-ին Սերժ Սարգսյանի՝ նախագահի պաշտոնը ստանձնելուց հետո իրականացվել էին որոշակի բարեփոխումներ, կառուցվածքային փոփոխություններ, որի արդյունքում ԳՇ պետը դադարել էր լինել ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ինչը, ըստ էության, ճիշտ որոշում էր:
Եվ արդեն 2009թ. հունվարի 31-ի Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը նշանակվել էր Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետ` ազատվելով ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ-պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:
Ավելին, 2009թ. հունվարի 31-ի Սերժ Սարգսյանի հրամանագրում ևս մի կարևոր փաստ կա. Սպառազինության և Թիկունքի վարչությունները ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությունից տեղափոխվեցին ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի ենթակայություն:
Իսկ ինչպես գրել էր 168.am-ը, 2024թ. մայիսին Նիկոլ Փաշինյանի կառավարությունը որոշել էր իրականացնել ՀՀ պաշտպանության նախարարության և ՀՀ ԶՈՒ ԳՇ կառուցվածքային ստորաբաժանումների կառուցվածքային բարեփոխումներ, ըստ որի՝ Սպառազինության և Թիկունքային ապահովման վարչությունները Գլխավոր շտաբի ենթակայությունից վերցվեցին և տրվեցին ՀՀ պաշտպանության նախարարության ենթակայությանը:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանը չեղարկեց 2009 թվականին Սերժ Սարգսյանի իշխանության օրոք ընդունված այս կարևոր որոշումը:
Մինչդեռ 2008թ. բարեփոխումների արդյունքում, կարելի է ասել, ՊՆ/ԳՇ-ն անցան շուկայական տնտեսության համակարգին բնորոշ ռազմական կառավարման համակարգի, երբ գնումներ կազմակերպողի և ապահովողի՝ մի կողմից, ու ընդունողի և շահագործողի միջև՝ մյուս կողմից, փորձ էր արվել ստեղծել կոռուպցիոն ռիսկերի զսպման համակարգ:
Կարո՞ղ ենք ասել, որ այսօր սպառազինություն գնելու, մատակարարելու և պահեստ ընդունելու առումով, ըստ էության, փաստացի Պաշտպանության նախարարությանը հակակշռող ուժ, ի դեմս Գլխավոր շտաբի, չի լինելու կամ չկա: Կարճ ասած՝ զորքին կարող է տրվել այս կամ այն որակի զենք և հրահանգավորել կիրառել:
Ի դեպ, Փաշինյանի կառավարության վերը նշված փոփոխությունն ինչ-որ պահի կարող է ռիսկային իրավիճակ ստեղծել հենց ՀՀ պաշտպանության նախարարի շուրջ:
Այս թեմային և այդ ռիսկերին առավել մանրամասն դեռ կանդրադառնանք:
Իսկ մինչ այդ գնանք «Պաշտպանության մասին» օրենքների հետքերով և ԳՇ կարգավիճակի հետ կապված մի քանի փաստ ներկայացնենք համեմատության համար:
Մասնավորապես, 1997թ. «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածը սահմանում է.
«….Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
Զինված ուժերի պետական կառավարման մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունն է, որն անմիջական պատասխանատվություն է կրում հանրապետության պաշտպանության ապահովման համար, զինված ուժերի ստեղծման, զարգացման և մարտական պատրաստականության»:
Այնուհետև նույն հոդվածում շարունակվում է.
«Զինված ուժերի օպերատիվ կառավարման հիմնական մարմինը Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության գլխավոր շտաբն է…»:
2008-ի նոյեմբերի 27-ին ընդունված օրենքում նշվում էր.
«Զինված ուժերի ընդհանուր ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության Նախագահը` որպես զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար:
Զինված ուժերի անմիջական ղեկավարումն իրականացնում է ՀՀ պաշտպանության նախարարը, որը կազմակերպում և վերահսկում է զինված ուժերի ու ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի մեջ մտնող այլ մարմինների և կազմակերպությունների գործունեությունը:
Զինված ուժերի կառավարումն իրականացնում է գլխավոր շտաբի պետը, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը»:
Իսկ արդեն 2017թ. ընդունված «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում նշվում է.
«Զինված ուժերի ղեկավարումն իրականացնում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը:
Զինված ուժերի անմիջական հրամանատարը զինված ուժերի գլխավոր շտաբի պետն է, որը հանդիսանում է զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնատար անձը»:
Այսօր, ըստ էության, փաստացի ունենք Պաշտպանության Գլխավոր շտաբ, ինչպես մոտ 20 տարի առաջ դե յուրե: