Մատաղիսի հրամանատարի գործով հարցաքննվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը
2020 թվականի 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար Սևակ Աբրահամյանի վերաբերյալ քրեական գործի քննությունը նորից սկսվել է. դատավոր Արտուշ Գաբրիելյանի նկատմամբ մեղաղրանքի առաջադրումից և նրա լիազորությունների կասեցումից հետո նրա վարույթում եղած գործերը վերամակագրվել են այլ դատավորների։
Ինչպես տեղեկանում ենք Դատալեքսից, Սևակ Աբրահամյանի գործը 2025 թվականի հունիսի 23-ին մակագրվել է Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Հարություն Մանուկյանին, նշանակվել են նախնական դատական լսումներ:
Հավելենք, որ նշված գործը դատարանում է 2023 թ․ հունվար ամսից, այն սկզբում ուղարկվել է Սյունիքի մարզ, ապա՝ տեղափոխվել Երևան:
Գնդապետի փաստաբան Արման Թամրազյանը 168.am-ի հետ զրույցում նշեց, որ դատարանում անդրադարձ է լինելու ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի կարգադրություններին, որոնք արձակվել են 2020 թվականի սեպտեմբերի 23-ից, ուղղված են եղել Պաշտպանության բանակի ղեկավարությանը, և դրանք Սևակ Աբրահամյանի կողմից, ըստ նրա փաստաբանի, կատարվել են:
Ինչ վերաբերում է դատակոչված վկաներին, ապա դրանց թիվը 51 է, և նրանց դեռ կեսն էլ չի հարցաքննվել:
«Գաբրիելյան Արտուշի մոտ հարցաքննվել էր ընդամենը 11 հոգի, դեռ 40 վկա էլ պիտի հարցաքննվի»,- ասաց Արման Թամրազյանը:
Մենք հայտնել ենք, որ Մատաղիսի հրամանատարի գործով հարցաքննվել են ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը, ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը, 44-օրյա պատերազմի ժամանակ ՊԲ 10-րդ լեռնահրաձգային դիվիզիայի հրամանատար, Արցախի հերոս Կարեն Շաքարյանը և այլք:
Սևակ Աբրահամյանի փաստաբանը տեղեկացրեց, որ ավելի ուշ հարցաքննվել է նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանը, նա 44-օրյա պատերազմի ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության օպերատիվ վարչության պետն էր: Իսկ պատերազմից հետո արդեն ղեկավարեց ԳՇ օպերատիվ գլխավոր վարչությունը, հետո արդեն դարձավ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ:
«Ես գտնում էի, որ վկաներից 4 հոգու ցուցմունք վերաբերելի չեն, այդ թվում՝ Էդվարդ Ասրյանինը: Ամեն դեպքում, եթե անհրաժեշտություն լինի դրանք հետազոտել, հետազոտելու ենք: Իսկ թե ինչ է ասվել, հատկապես գործող ԳՇ պետը, բովանդակային առումով գաղտնիության սկզբունքից ելնելով, չեմ կարող ասել»,- նշեց պատերազմից մեկ օր առաջ խնջույք կազմակերպած հրամանատարի փաստաբանը:
Ի դեպ, Դատալեքսում ժամանակին «Հատուկ վերանայման բողոքների հիմքերը, հիմնավորումները և պահանջները» ենթավերնագրի ներքո տեղեկություն էր հրապարակվել, որի համաձայն՝ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն իր ցուցմունքում նշել է՝ «հակառակորդի հաջողությունների պատճառը չի հանդիսացել և չէր կարող հանդիսանալ Սևակ Աբրահամյանի կողմից մարտական հերթապահություն կրելու կանոնների խախտումը»:

