ՀՀ-ն նվազեցրել է ՌԴ-ի հետ պաշտպանական շփումները, փորձում է սերտ համագործակցել Սերբիայի և Բուլղարիայի հետ. Ի՞նչ գործոններ պիտի հաշվի առնվեն
ՌԴ արտաքին գործերի փոխնախարար Միխայիլ Գալուզինը ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում նշել է, որ Հայաստանը դադարել է հետաքրքրություն ցուցաբերել ՌԴ-ի հետ շփումների նկատմամբ պաշտպանության նախարարության միջոցով:
«Մենք մեղավոր չենք, որ պաշտպանության գերատեսչությունների միջև շփումների դինամիկան նկատելիորեն նվազել է։ Նվազել է նաև ռազմատեխնիկական համագործակցությունը։ Մենք դա տեսնում ենք՝ որպես արևմտյան երկրների ճնշման արդյունք, որոնք փորձում են Երևանին ստիպել նվազագույնի հասցնել մեր երկրի հետ կապերը»,- նշել է նա:
Նա նաև հավելել է, որ Հայաստանի չմտածված քայլերը կարող են անհնարին դարձնել Ռուսաստանի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) այլ երկրների հետ միասնական պաշտպանական տարածք ստեղծելու համատեղ աշխատանքին վերադառնալը։
«Սակայն չմտածված որոշումները, որոնք արևմտյան երկրների համար կապահովեն ամբողջական հասանելիություն ազգային տվյալների բազաներին, երկրի անվտանգության համար զգայուն տեղեկություններին, ոչ միայն, ի վերջո, սպառնում են պետության ինքնիշխանությանը, այլև կարող են օբյեկտիվորեն անհնար դարձնել Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի մյուս դաշնակիցների հետ միասնական պաշտպանական տարածքի կառուցման համատեղ աշխատանքին վերադառնալը»,- ասել է դիվանագետը:
Միխայիլ Գալուզինի վերջին միտքը կամ արտահայտած մտավախությունն առանձին քննարկման թեմա է:
Օրերս 168.am-ն անդրադարձել է Հայաստան-Ռուսաստան պաշտպանության և ռազմական հարաբերությունների ներկա վիճակին և այն խնդիրներին, որոնց կարող ենք բախվել ՌԴ պաշտպանության նոր նախարարի դեպքում:
Մենք նկատել էինք, որ հրապարակային մակարդակում հայտնի չէ՝ արդյո՞ք ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շնորհավորել է Անդրեյ Բելոուսովին ՊՆ պաշտոնում նշանակվելու կապակցությամբ: 2021 թվականի նոյեմբերին այդ ժամանակ ՌԴ ՊՆ Սերգեյ Շոյգուն շնորհավորել էր Սուրեն Պապիկյանին ՀՀ ՊՆ նշանակվելու առիթով:
Չմոռանանք, որ Հայաստանը Ռուսաստանի հետ ունի երկկողմ ռազմական պայմանագրեր, որոնք ոչ ոք չի չեղարկել, գոյություն ունի նաև հայ-ռուսական միացյալ զորախումբ, և այլն: Հայաստանը նաև շարունակում է մնալ ՀԱՊԿ անդամ՝ «մասնակցությունը սառեցրածի» կարգավիճակում:
Փոխարենը՝ հունիսի 4-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովի Ցվետկովիչին և պաշտպանության հարցերով կցորդ, փոխգնդապետ Զվեզդան Կրիչակին, որի ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Հայաստանի և Սերբիայի կառավարությունների միջև պաշտպանության բնագավառում համագործակցության մասին համաձայնագրի ստորագրման ուղղությամբ աշխատանքներ տանելու վերաբերյալ:
Իսկ այս տարվա փետրվարին էլ Պապիկյանը Մյունխենում հանդիպել էր Բուլղարիայի իր պաշտոնակցի հետ։ Տոդոր Տագարևի հետ նա քննարկել էր պաշտպանության բնագավառում հայ-բուլղարական համագործակցությանն առնչվող հարցեր:
Հունիսի 5-ին ՀՀ պաշտպանության նախարարն աշխատանքային այցով մեկնել է Բուլղարիա և մասնակցել Պլովդիվ քաղաքում բացված «ՀԵՄՈՒՍ-2024» միջազգային ցուցահանդեսին։ Պապիկյանը կարճատև զրույց է ունեցել նաև Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևի հետ։
Ավելի ուշ, Հայաստանի և Բուլղարիայի պաշտպանության նախարարները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հնարավորությունները:
Պաշտպանության ոլորտում տարբեր երկրների հետ համագործակցությունը լավ է, այդ թվում՝ Սերբիայի և Բուլղարիայի հետ, որոնց հետ Հայաստանը նախկինում ևս ռազմական համագործակցություն ունեցել է, և որոնց հետ լավ հարաբերություններ ունի նաև Ադրբեջանը, չհաշված թուրքական գործոնը: Այնպես որ, եթե Հայաստանը կարողանա հաղթահարել առկա և հնարավոր խնդիրները, միայն ողջունելի է:
Առանձին անդրադառնանք նշված երկրներին՝ հիշելով մի քանի փաստ նրանց հետ Հայաստանի և Ադրբեջանի ռազմական համագործակցությանն առնչվող՝ հիմնված զուտ բաց աղբյուրների հիման վրա:
Սերբիա-Հայաստան, Սերբիա-Ադրբեջան. ռազմական պայմանավորվածություններ, քաղաքական հաշվարկներ
Փաստ առաջին
Այս տարվա փետրվարին Ադրբեջանի և Սերբիայի պաշտպանության նախարարությունները 2024 թվականի համար երկկողմ ռազմական համագործակցության ծրագիր էին ստորագրել։ Քննարկվել էր Ադրբեջանի և Սերբիայի միջև ռազմական համագործակցության ներկա վիճակն ու զարգացման հեռանկարները:
Ոչ պաշտոնական տվյալներով, ավելի վաղ Սերբիան Ադրբեջանին 48 Nora-B52 հրետանային ինքնագնաց կայանք է վաճառել՝ 311 մլն եվրո ընդհանուր արժեքով:
Հայաստանի ԱԳՆ-ն, պատասխանելով Sputnik Արմենիայի հարցմանը, մեկնաբանել էր պաշտպանական ոլորտում Սերբիայի և Ադրբեջանի համագործակցությունը և վերը նշված ոչ պաշտոնական տեղեկությունը:
Լրատվամիջոցը ՀՀ ԱԳՆ-ին հարցրել էր՝ արդյոք ՀՀ պաշտոնյաներն այդ հարցը քննարկե՞լ են սերբ գործընկերների հետ՝ հաշվի առնելով Սերբիայի հետ նախկինում ունեցած բարիդրացիական հարաբերությունները։
«Սերբիայի հետ առկա է մշտական ակտիվ փոխգործակցություն։ Միևնույն ժամանակ հայտնում ենք, որ հայ-սերբական օրակարգի բոլոր հարցերը քննարկվում են ըստ անհրաժեշտության»,- պատասխանել էին արտաքին քաղաքականության համար պատասխանատու գերատեսչությունից։
Փաստ երկրորդ
2020 թվականի հուլիսի 19-ին ադրբեջանական Haqqin.az կայքը հուլիսի 19-ին հոդված էր հրապարակել, թե իբր հուլիսյան մարտերից առաջ Սերբիան Վրաստանի միջոցով տարբեր տրամաչափի ականանետային զինամթերքի խոշոր խմբաքանակ է մատակարարել Հայաստանին:
Հրապարակումից անմիջապես հետո Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն էր կանչվել Բաքվում Սերբիայի դեսպան Դանիցա Վեինովիչը։ Ադրբեջանի փոխարտգործնախարար Խալաֆ Խալաֆովը դեսպանի հետ զրույցում հայտարարել էր, թե մամուլում հայտնված տեղեկությունները «կասկածի տակ են դնում երկու երկրների համագործակցությունն ու բարեկամական հարաբերությունները»։
Իր հերթին՝ սերբական լրատվամիջոցների փոխանցմամբ, Սերբիայի առևտրի նախարար Ռասիմ Լյալիչը հայտարարել էր, որ Սերբիայի սպառազինությունը Հայաստան է արտահանել միանգամից հինգ գերատեսչությունների՝ արտաքին գործերի, ներքին գործերի, պաշտպանության և առևտրի նախարարությունների, ինչպես նաև հետախուզական ծառայության հավանությամբ:
«2020 թվականին Հայաստանին զենք են մատակարարել մասնավոր ընկերությունները։ Սերբիայում գործող պետական զինագործական ընկերություններն այդ գործարքներում ներգրավված չեն եղել։ Ես չեմ կարող նշել այդ ընկերությունների անունները, սակայն, մեր տեղեկություններով, Հայաստան են մատակարարվել հիմնականում ինքնաձիգեր և ատրճանակներ։ Դրանց ընդհանուր արժեքը 1 միլիոն եվրոյից էլ պակաս է եղել։ Այդ սպառազինությունն առաքվել է երկու խմբաքանակով՝ մայիսին և հունիսին»,– ասել էր Սերբիայի առևտրի նախարարը:
PanARMENIAN.Net–ի փոխանցմամբ, Սերբիայի առևտրի նախարար Ռադիմ Լյայիչը նշել էր նաև, որ սերբական ընկերությունները 2017 թվականից Հայաստան զենք արտահանելու 19 թույլտվություն են ստացել։
2020 թվականին օգոստոսին էլ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, պատասխանելով Սերբիայից Հայաստան վաճառված զենքի շուրջ ադրբեջանական աղմուկին, հայտարարել էր.
«Վերջին տարիներին մենք տասն անգամ ավելի զենք ենք վաճառել Ադրբեջանին, չգիտես ինչու, դրա մասին որևիցե լրատվական չի ուզում խոսել։ Ռազմական արդյունաբերության ոլորտում աշխատում է 17 հազար մարդ, որոնք պետք է մնան իրենց աշխատանքին: Ես սկզբունքորեն հարցնում եմ ձեզ. ո՞ւմ ենք վաճառելու ապագայում: Ում էլ վաճառենք, ինչ-որ մեկը դժգոհելու է»:
Փաստ երրորդ
Այս համատեքստում հավելենք, ըստ PanARMENIAN.Net-ի, Azeri Defence-ը՝ հղում անելով NIN շաբաթաթերթին, գրել էր, որ 2019 թվականի ընթացքում Հայաստանն առնվազն 100 հատ սերբական 120 մմ-անոց ականանետ, 3 հատ 20 մմ-անոց եռափող M55A4 զենիթային հրանոթ, ինչպես նաև՝ 142.000 ական ու 10 հատ «Գրադի» հրթիռ է ձեռք բերել: Այս մասին է հայտնում Azeri Defence-ը՝ հղում անելով NIN շաբաթաթերթին։
Փաստ չորրորդ
2007 թվականին «Ազատությունը» գրել էր, որ 2007 թվականի առաջին ամիսներին Սերբիան 2,6 միլիոն դոլարի զենք կվաճառի Հայաստանին:
Մասնավորապես, սերբական «Զաստավա» գործարանի կառավարիչ Դրագոլյուբ Գրույովիչն «Ազատություն» ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել էր, որ Հայաստանին ավտոմատներ են վաճառում:
Նշվում էր նաև, որ առաջին նմանօրինակ պայմանագիրը ստորագրվել էր 2003 թվականին, որով նախատեսված մատակարարումներն ավարտվել էին 2006 թվականի ամռանը:
Վերադառնանք Սուրեն Պապիկյանի՝ Սերբիայի հետ պաշտպանական համագործակցության հեռանկարներին, և հավելենք, որ այս տարվա հունվարին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը Մոսկվայում տված հարցազրույցներից մեկում հայտնել էր հետևյալը.
«Պաշտպանության նախարար եղած ժամանակ, երբ մենք Սերբիայի հետ պայմանավորվածություն էինք ձեռք բերում զենքը գնելու, մենք պայմանավորվել էինք, որ իրենք մեր ուզած զենքը բերում են Երևան, մենք Երևանում այդ զենքը ընդունելու էինք, հետո նոր այդ գումարը վճարելու էինք: Բայց ես չհասցրեցի, ինձ հանեցին, ու ես հասկացա, որ այդ պայմանավորվածությունները զորացրեցին»:
Թե սերբական կողմի հետ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի ձեռք բերած կամ ձեռք բերելիք պայմանավորվածություններում ի՞նչ դեր կունենան Արշակ Կարապետյանի պայմանավորվածությունները, կամ՝ կունենա՞ն արդյոք, ցույց կտա ժամանակը:
Բուլղարիա-Հայաստան, Բուլղարիա-Ադրբեջան. ռազմական պայմանավորվածություններ, քաղաքական-գազային հաշվարկներ
Դրվագ առաջին
Փաստերի ստուգման հարթակի փոխանցմամբ, 2020 թվականի հոկտեմբերի 26-ին Եվրոպական միության արտաքին գործողության ծառայությունը հանրայնացրել էր ԵՄ անդամ երկրների կողմից զենք-զինամթերքի արտահանման մասին տվյալներ, որոնք առաջին անգամ մանրամասն տեղեկություններ հաղորդեցին ԵՄ-ից Ադրբեջան զենքի մատակարարումների մասին։
Հրապարակված տեղեկությունները վերաբերում են 2013-2019 թվականներին և հիմնված են ԵՄ անդամ երկրների կողմից ներկայացված տվյալների վրա։
Ընդհանուր առմամբ, նշված հաշվետու ժամանակահատվածում ԵՄ անդամ երկրները դեպի Ադրբեջան զենքի արտահանման 4.73 մլրդ եվրոյի թույլտվություն են տվել։ Դրա առնվազն 7 տոկոսը՝ 339 մլն եվրոյի չափով, հաստատապես արտահանվել է Ադրբեջան։
Հատկանշական է, որ այդ 339 մլն եվրոյի զենք-զինամթերքի գրեթե 90 տոկոսն արտահանվել էր երկու երկրներից՝ Բուլղարիայից և Ֆրանսիայից, որոնցից յուրաքանչյուրը շուրջ 150 մլն եվրոյի զենք է մատակարարել Ադրբեջան։
Մասնավորապես, ԵՄ անդամ երկրներից Ադրբեջանին զենքի վաճառքի առաջատարը Բուլղարիան է եղել։
Այդ երկիրը 2013-2019 թվականներին Ադրբեջանին էր մատակարարել 150.9 մլն եվրոյի զենք։ Դրա գերակշիռ մասը՝ 94 տոկոսը (142 մլն եվրո), կազմել է զինամթերքը (փամփուշտ, ական, հրթիռ և այլն)։
Ավելի վաղ՝ 2002-ին, ըստ SIPRI-ի, Բուլղարիան Ադրբեջանին էր վաճառել 36 հատ Մ-46 հրանոթ։
Դրվագ երկրորդ
Ի դեպ, 2023 թվականին, ընթացիկ տարում ևս սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում պարբերաբար տեղեկություններ էին շրջանառվում այն մասին, որ Իլ-76 ինքնաթիռն Ադրբեջանից թռել է Բուլղարիայի Բուրգաս քաղաք, և, որ ինքնաթիռը շարունակական թռիչքներ է կատարել դեպի Իսրայելի Օվդա ավիաբազա, դեպի Հորդանան, Սերբիա, Սաուդյան Արաբիա և Խորվաթիա։
Դրվագ երրորդ
2018թ. դեկտեմբերին EurAsia Daily կայքը ծավալուն հոդված էր հրապարակել Բուլղարիայից դեպի Հայաստան զենքի ենթադրյալ ներկրման վերաբերյալ՝ նշելով, որ արդեն երկրորդ ամիսն անընդմեջ Բուլղարիայից Հայաստան զենք է մատակարարվում:
Կայքը 2018թ. դեկտեմբերի 13-ին մանրամասնել էր, որ «Rada Airlines ավիաընկերության օդանավը նախորդ շաբաթվա ընթացքում Բուլղարիայից չորս թռիչք (դեկտեմբերի 7, 9, 11, 13) է կատարել դեպի Հայաստան», ինչի մասին վկայում էին Flightradar24 ավիանավիգացիոն պորտալի տվյալները»:
Ըստ լրատվամիջոցի, «Իլ-62» օդանավի՝ նոյեմբեր ամսին Բուրգասից դեպի Հայաստան թռիչքները ֆիքսել էր թուրք բլոգեր Յըրյուք Իշըքը՝ ընդհանուր առմամբ յոթ թռիչք: Բլոգերը գրել էր, որ ինքնաթիռում ռազմական բեռ կա:
«Մի կողմից՝ Բուրգասը զենքի արտահանման խոշոր հանգույց է, Հայաստանի ու Բուլղարիայի արտահանման և ներկրման գործողությունները նվազագույն մակարդակի են, իսկ բեռի մատակարարման համար օգտագործվում է ընդամենը մեկ օդանավ ունեցող քիչ հայտնի ավիաընկերություն: Մյուս կողմից՝ ամենակարևորը բեռի մատակարարման ճանապարհն է, ինչից էլ պարզ է դառնում, որ խոսքը զենքի մասին է: Ռազմական նշանակության բեռների տեղափոխման համար ճանապարհը պետք է համաձայնեցված լինի բոլոր երկրների հետ, որոնց օդային տարածքով պետք է անցնի ինքնաթիռը: Մինչդեռ «Իլ-62»-ի չվերթերը համառորեն խուսափում են թուրքական օդային տարածքից, ինչը տնտեսական տեսանկյունից ծախսատար է: Օդանավն ուղիղ Թուրքիայով ու Վրաստանով թռչելու փոխարեն՝ օղակ է անում Միջերկրական ծովով, Եգիպտոսով, Հորդանանով, Իրաքով ու Իրանով՝ կրկնակի ավելացնելով թռիչքի տևողությունը»,- գրել էր EADaily-ն:
Իսկ 2022թ. հունիսին այս թեմայով ծավալուն հոդված էր գրել caliber.az-ը՝ անդրադառնալով նաև զենքի առևտրով զբաղվող Դավիթ Գալստյանի գործունեությանը:
Ադրբեջանական կայքը չէր անտեսել վերևում նշված տեղեկությունը, որ 2018-ին Հայաստան-Բուլղարիա ռազմատեխնիկական համագործակցություն է եղել, և Հայաստանն այս երկրից սպառազինություն է գնել, այդ թվում՝ ծանր: Հոդվածում ադրբեջանական կողմը, ըստ էության, ուլտիմատում էր դրել՝ Բուլղարիան կամ պետք է ընտրի Հայաստանին զենք հասցնելու միջոցով գումար աշխատելը, կամ ադրբեջանական գազը:
Դրվագ չորրորդ
2020 թվականին 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո այս համատեքստում պարբերաբար շրջանառվում էր այն, թե 2020թ. սեպտեմբերի 27-ին՝ 44-օրյա պատերազմի առաջին օրը, այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը Հայաստանում չի եղել, և, որ օտար երկրում մասնակցել է բանակին զենքի մատակարար Դավիթ Գալստյանի (Պատրոն Դավիթ) ծննդյան տարեդարձի արարողությանը:
2023 թվականին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը Քննիչ հանձնաժողովում անդրադառնալով այս խոսակցություններին, հայտնել էր.
«Սեպտեմբերի 25-26-ի երեկոյան գտնվել եմ ԵՄ և ՆԱՏՕ անդամ երկրում նորից գործուղման շրջանակներում՝ սպառազինության և ռազմական տեխնիկայի մատակարարումների կազմակերպման նպատակով»:
Թեև Դավիթ Տոնոյանը չէր նշել այդ երկրի անունը, սակայն դա, ըստ էության, Բուլղարիան էր: Ինչո՞ւ, թերևս, վերևում բավարար փաստեր ենք նշել:
Դրվագ հինգերորդ
Ըստ 2019 թվականի ՄԱԿ-ի սովորական սպառազինությունների ռեգիստրին ներկայացրած Բուլղարիայի զեկույցի՝ Բուլղարիան Հայաստանին մատակարարել էր 500 միավոր հակատանկային ՌՊԳ-22 նռնականետ։
Դրվագների այս շարքը կարելի է շարունակել, սակայն վերադառնանք 2022թ. հունիսին այս caliber.az-ի վերևում հիշատակված հոդվածին և Բուլղարիային ներկայացված ուլտիմատումին՝ «Բուլղարիան կամ պետք է ընտրի Հայաստանին զենք հասցնելու միջոցով գումար աշխատելը, կամ ադրբեջանական գազը», և նշենք, որ մոտ մեկ ամիս առաջ Ադրբեջանը և Բուլղարիան ռազմավարական գործընկերության ամրապնդման մասին հռչակագիր են ստորագրել։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ու Բուլղարիայի նախագահ Ռումեն Ռադևը Բաքվում անցկացրած բանակցություններից հետո մի շարք փաստաթղթեր էին ստորագրել՝ տնտեսության, ապրանքաշրջանառության, էներգետիկայի, տրանսպորտի և այլ ոլորտներում շփումները զարգացնելու վերաբերյալ:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մամուլի համար արված հայտարարությունում պարծեցել էր Բուլղարիա ադրբեջանական գազի արտահանման ավելացմամբ։
«Անցած տարի Բուլղարիայի շուկա է արտահանվել 1 մլրդ 250 մլն խորանարդ մետր ադրբեջանական գազ։ Համեմատության համար կարող եմ ասել, որ 2022թ. այդ թիվը կազմում էր ընդամենը 600 մլն»,- տեղեկացրել էր Ալիևը։
Սերբիայի դեպքում ևս ադրբեջանական գազի հարց կա: Ադրբեջանը միայն 2024 թվականի հունվար-փետրվարին Սերբիա է արտահանել 6 մլն 274,45 հազար խորանարդ մետր գազ։
Այսինքն, ինչպես վերևում նշեցինք, Սերբիայի և Բուլղարիայի հետ պաշտպանական համագործակցության նպատակներում Հայաստանը պետք է հաշվի առնի ադրբեջանական գազի հետ կապված հզոր գործոնը: