ՌԴ սահմանապահները կդադարեն ծառայություն իրականացնել հայ-իրանական սահմանի անցակետում. Նիկոլ Փաշինյանի խոսնակ
2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանությանը ռուս սահմանապահների հետ համատեղ կմասնակցեն նաև ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերը, իսկ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ կիրականացվի ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի ուժերով։ Այդ մասին «Ֆեյսբուքում» գրառում է արել Նիկոլ Փաշինյանի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։
Նա գրել է, որ այդ համաձայնությունը ձեռք է բերվել Նիկոլ Փաշինյանի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպման ժամանակ։
«Վարչապետ Փաշինյանը նախագահ Պուտինին շնորհակալություն է հայտնել Հայաստանի Հանրապետության անկախությունից ի վեր Հայաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության միջև պետական սահմանի հսկիչ–սահմանային կետում ՌԴ ԱԴԾ Սահմանապահ զորքերի իրականացրած ծառայության համար»,- ասված է Բաղդասարյանի գրառման մեջ։
Հիշեցնենք, որ ՌԴ սահմանապահները ՀՀ սահմաններին տեղակայվել են Ռուսաստանի Դաշնության և Հայաստանի Հանրապետության միջև ՀՀ տարածքում գտնվող ՌԴ սահմանապահ զորքերի կարգավիճակի և դրանց գործունեության պայմանների մասին 1992 թ. սեպտեմբերի 30-ի պայմանագրի 8-րդ հոդվածի համաձայն՝ ի շահ ՀՀ սահմանապահ զորքերի հետևողական ձևավորման:
2024 թ. օգոստոսի 1-ին ռուսական կողմը պաշտոնապես դադարեցրեց ՀՀ «Զվարթնոց» օդային անցակետում ՀՀ պետական սահմանի պահպանության ապահովման գործառույթը: Դրա հիմքը հայկական կողմի` 2024թ. մարտի 1-ի թիվ 5/894 կ համապատասխան դիմումն է։