Բանակի՝ Փաշինյանի «պիլոտային» հրամանի կատարումը, կամ՝ Արամ Զավենի Սարգսյանի մեղադրանքն առ Օնիկ Գասպարյան և Արմեն Աբազյան
Ստեփանավանում Նիկոլ Փաշինյանը լրագրողների հետ զրույցում, ըստ էության, հաստատել է մեր այն պնդումները, որ բանակն անօրինական հրաման է կատարելու:
Մասնավորապես, Փաշինյանն ասում է, որ Տավուշից գյուղերի հանձնումը, որի մասին երեկ արդեն պաշտոնապես հայտարարվել է, իրենից ընդամենը պիլոտային ծրագիր է ներկայացնում, այսինքն՝ դա սահմանազատման և սահմանագծման բուն գործընթացի նախերգանքն է կամ նախապայմանը, և, որ սահմանազատման և սահմանագծման գործընթացի վերաբերյալ փաստաթուղթը դեռ պետք է երկու երկրների խորհրդարանների կողմից վավերացվի, իսկ տարածքների փոխանակման հարցը, ըստ Փաշինյանի, շատ լուրջ հանրաքվեի անհրաժեշտություն ունեցող հարց է:
«Սա մենք որպես նախնական սահմանագծում ենք իրականացրել, որպես մեկնարկ սահմանագծման գործընթացի: Այսինքն, մի հատ պիլոտային շրջանով մենք տեսնում ենք, թե սահմանազատումն ինչ է»,- ընդգծել է Փաշինյանը:
Բայց պարզվում է՝ սա չի խանգարում, որ բանակից վերցվի տավուշյան այս հատվածի պաշտպանությունը և հանձնվի սահմանապահներին:
«Շատ է քննարկվում հարցը, թե բանակն ի՞նչ գործառույթ է կատարելու՝ սահմանը հանձնվելու է սահմանապահին, և ամբողջ ծառայության տրամաբանությունը պետք է փոխվի։ Այսօր արդեն Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարները կապի մեջ են իրար հետ, և նրանք պետք է պայմանավորվեն, թե ծառայությունն ինչպես են իրականացնելու։
Ինչ վերաբերում է պաշտպանության ապահովմանը, արդեն բոլորովին ուրիշ խնդիր է։ Ես այստեղ, խնդրում եմ, երբեմն սադրանքների չտրվել, մենք հո հիմա մեր պաշտպանական պլանները չե՞նք փռելու սեղաններին, ցույց տանք տեսախցիկների առաջ»,- ընդգծել է Փաշինյանը և շեշտել, որ ՀՀ զինված ուժերի պաշտպանական առաքելությունը հնարավորինս շուտ և արագ պետք է փոխանցվի սահմանապահներին:
«Մենք դա պետք է շատ արագ անենք: Նախ մեր զինվորականներին հնարավորություն տանք մի քիչ իրենց ծանրաբեռնվածությունը նվազեցնել: Հնարավորինս արագ պետք է անել: Պետք է հոգեբանական տրանսֆորմացիան տեղի ունենա, որ առաջնագիծը չկա այլևս, կա պետական սահման: Սա ամենակարևոր հաջողությունն է, ձեռքբերումը, որը կարելի է ունենալ որևէ բնակավայրի և երկրի անվտանգության ապահովման մեջ: Ասում են՝ բա որ բանակն էդտեղից դուրս գա, այդտեղից բանակի դուրս գալը լավ բանի նշան է, վատ բանի նշան չի: Գալիս են սահմանապահները, այդ սահմանն առանց պահպանության չի մնում»,- շարունակել է Փաշինյանը՝ միաժամանակ ընդունելով, որ ժամանակակից աշխարհում անվտանգային ամուր երաշխիքներ չկան, և, որ սահմանապահների առկայության դեպքում էլ լինելու են հրադադարի ռեժիմի խախտումներ, ինչի օրինակը վերջերս Ներքին Խնձորեսկի միջադեպն էր, որտեղ, իհարկե, ՀՀ իշխանությունները մեղավոր կարգեցին հայ սահմանապահներին:
Փաշինյանի խոսքով, հայ և ադրբեջանցի սահմանապահների միջև պետք է լինի վիզուալ կոնտակտ, իսկ Հայաստանի ու Ադրբեջանի սահմանապահ ծառայությունների ղեկավարներն արդեն կապի մեջ են իրար հետ:
Հիշեցնենք, որ 2022 թվականի ապրիլին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Ասում են՝ ժամկետայիններին հետ բերեք, պայմանագրայիններին տարեք: Իսկ կներեք՝ եթե պատերազմ սկսվեց, այդ ժամկետայինները, բոլորը պետք է գնան առաջնագիծ: Մենք չենք ուզում ժամկետայիններին տանել, պայմանագրայիններին բերել, հետո պայմանագրայիններին տանել, մենք ուզում ենք բոլորին հետ բերել, որովհետև մենք ուզում ենք ունենալ սահման և սահմանապահներ:
Հարգելի ժողովուրդ, այսօր ասում են՝ մենք խաղաղություն ապահովեցինք. քանի դեռ սահմանին զինվոր է կանգնած, դա խաղաղություն չէ: Խաղաղությունն այն է, երբ սահմանին կանգնած է սահմանապահ, և հարցերը կարգավորվում են սահմանային նշանների և ոչ թե՝ դիրքերի, ֆորտիֆիկացիայի, բարձունքների, դիպուկահարներից զգույշ լինելու միջոցով»:
Այսինքն, Նիկոլ Փաշինյանին ընդամենը պետք է վիզուալ ցույց տալ, իր խոստացած խաղաղության օրակարգից բխող գործնական քայլ է արել, թե հետո որքանով հնարավոր կլինի անվտանգություն ապահովել, դա Փաշինյանը չի երաշխավորում, նրան դա քիչ է հետաքրքրում, կգա պահը, կմտածի՝ ինչ ասել, ում «գրպանը գցել» պատասխանատվությունը, կամ՝ եթե չկա բանակ, կան ԱԱԾ սահմանապահ ուժեր:
Տավուշից զորքի միակողմանի հետքաշումը, հյուսիսարևելյան պաշպանական գծի քանդումն ու ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսի կազմաքանդումը հիշեցնում է Սյունիքի պատմությունը, երբ Փաշինյանի միանձնյա որոշմամբ 2020 թվականի դեկտեմբերին զորքը միակողմանի հետ քաշվեց, թեպետ հայկական կողմը բարենպաստ որոշակի բնագծեր ուներ:
Ի դեպ, օրերս ՀՀ պաշտպանության նախարարությունից մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ակնարկել էին, որ ՊՆ-ում և ԳՇ-ում Սյունիքից զորքի հետքաշման գրավոր հրաման Պաշտպանության նախարարությունում և Գլխավոր շտաբում չկա:
Արդյո՞ք սա կոնկրետ անձանց պատասխանատվություն չի ենթադրում, իհարկե ենթադրում է:
Արդյո՞ք Տավուշից զորքի հետքաշման դեպքում Փաշինյանի բանավոր և ոչ օրինական հրամանին ենթարկվելը չի ենթադրում պատասխանատվություն, իհարկե ենթադրում է:
Ընդ որում, եթե Սյունիքից զորքի հետքաշման ժամանակ ռազմական դրություն էր հայտարարված, ապա հիմա դա էլ չկա, և Նիկոլ Փաշինյանը գերագույն հրամանատար չի համարվում։
Այստեղ հիշեցնենք, որ «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի՝ ՀՀ զինված ուժերին վերաբերող 15-րդ հոդվածը, մասնավորապես, սահմանում է.
«Զինված ուժերի կողմից ռազմական սպառնալիքներին դիմակայման շրջանակներում Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը և զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, ընդ որում, զինված ուժերի գլխավոր շտաբի պետը, նախապես ստանալով պաշտպանության նախարարի հաստատումը, իսկ դրա անհնարինության դեպքում` հնարավորին չափ արագ իրազեկելով նրան կայացրած որոշման մասին, կարող են որոշում կայացնել զինված ուժերի սահմանափակ, անհետաձգելի, արագ արձագանքման և (կամ) հատուկ առաջադրանք կատարելու նպատակով առանձին ստորաբաժանումների և միջոցների օգտագործման վերաբերյալ:
Այդպիսի որոշումների կայացման, ինչպես նաև դրանց արդյունքների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարը զեկուցում է Հայաստանի Հանրապետության վարչապետին` Հայաստանի Հանրապետության վարչապետի սահմանած պարբերականությամբ և կարգով»:
Արդյոք այսօր ՀՀ պաշտպանության նախարարը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը գտնում են, որ չկա՞ն նման սպառնալիքներ, Փաշինյանի քաղաքական և օրինականության հետ կապված խնդիրներ ունեցող հրամանի կատարման դեպքում չե՞ն լինելու, և իրենք ինչ-որ պահի պատասխանատվություն չե՞ն կրելու դրա համար, որ քաղաքական հարմար պահի Նիկոլ Փաշինյանն ինչ-որ փակ հանդիպման թեմա չի՞ գցելու դաշտ, որ իրեն զինվորականությունից որոշակի խորհուրդներ տվել են, և այլն:
Հենց այսօրինակ իրավիճակը բացառելու համար էր, թերևս, որ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն առաջարկում էր Նիկոլ Փաշինյանին նաև խաղաղ պայմաններում դարձնել գերագույն հրամանատար:
Վերադառնանք Տավուշի հատվածում հայկական սահմանապահների տեղակայմանը և այդ պարագայում խոցելի անվտանգությանը և հավելենք, որ Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը Տավուշի հատվածում ծառայություն է իրականացնում 2018 թվականի դեկտեմբերից:
Դեռ 2019 թվականին էր 168.am-ը գրել, որ ադրբեջանական կողմից աշխատանքներ են կատարվում նաև թիկունքում և առավել խորքում, այն է՝ կառուցվում են նոր զորամասեր:
«Տավուշի ուղղությամբ երեք բազա են բացել այս տարի, որոնցից յուրաքանչյուրը մոտավորապես մեկ գումարտակի չափ է: Դրանք այն ենթակառուցվածքներն են, որոնք պիտի սպասարկեն առաջնագիծը: Քանի որ մինչ այս սահմանապահ ծառայությունը ներկայություն չուներ, հիմա իրենց նաև թիկունքում են ենթակառուցվածքներ պետք, որպեսզի առաջնագիծը սպասարկեն: Բացի այս, աշխատանքներ են տարվում շատ ավելի խորքում՝ կառուցվում են նոր զորամասեր»,- 2019-ին մեզ հետ զրույցում մանրամասնել էր «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի վերլուծաբան Հայկ Խաչիկյանը:
Իսկ 2019-ից հետո, և հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո, այսպես ասած, Ադրբեջանի սահմանապահ ծառայության զինծառայողներն ավելի լուրջ ձևով են սկսել վերազինվել, ինչն անհամեմատելի է հայ սահմանապահների զինվածության մակարդակի հետ, որն ավելի շատ պահնորդական զորք է հիշեցնում:
Ավելին, Ադրբեջանի սահմանապահ ծառայության ենթակայության ներքո գոյություն ունի Արագ արձագանքման ուժեր, որոնք լուրջ մկրտություն են անցել 2020 թվականի 44-օրյայի պատերազմական գործողություններում՝ Ֆիզուլի՝ Վարանդա, Ջեբրայիլ՝ Ջրական, Շուշի, Հադրութ և այլն:
Ի՞նչ են արել այս առումով ԱԱԾ-ն և իր սահմանապահ ուժերը, եթե անգամ հերոսական պահեր էլ եղել են, ապա միայն բացասական տեղեկություններ են դաշտ նետվել: Եվ արդեն մեկ տարի է՝ ԱԱԾ սահմանապահ ուժերը չունի հրամանատար:
Իսկ Նիկոլ Փաշինյանը, բնականաբար, մտադիր է Տավուշից հանել նաև ռուսական ուղեկալները, հենակետերը՝ սահմանագծման գործընթացի տրամաբանության մեջ:
Ըստ Փաշինյանի՝ «ռուսական հենակետերն այնտեղ հայտնվել են մի իրադրության բերումով, և այն, ինչ տեղի է ունենում հիմա, իհարկե, իրադրության էական փոփոխություն է, և այդ փոփոխությունը պետք է իր ազդեցությունն ունենա բոլոր ուղղություններում»։
168.am–ն այս առնչությամբ մանրամասն վերլուծություն էր ներկայացրել։
Մասնավորապես, 2021 թվականին 168.am-ին հայտնի էր դարձել Տավուշի մարզի տարբեր հատվածներում ռուսական ուղեկալների տեղակայման մասին՝ Ոսկեպար, Ազատամուտ: Ավելին, մենք 2022 թվականի հունիսի 21-ին գրել էինք, որ ռուսական կողմն Այգեպարի հատվածում մոդուլային ավան է կառուցում:
Ի դեպ, ադրբեջանական ԶԼՄ-ները հատկապես ուշադրություն էին դարձրել Այգեպարի հատվածում ռուսական ռազմական օբյեկտի կառուցման փաստին։
Եվ հաշվի առնելով հայաստանյան լրատվամիջոցների այն տեղեկությունները, որ շինարարություն է ընթանում Այգեպար գյուղի մոտ գտնվող նախկին օդանավակայանի տարածքում, որտեղ խորհրդային տարիներին Յակ-40 օդանավի թռիչքուղին էր, ադրբեջանական կողմը եկել էր հետևյալ եզրահանգման՝ ռազմական նշանակության ինչ-որ օբյեկտ է կառուցվում ռուսական կողմի կարիքների համար:
Մասնավորապես, Caliber.az-ը ենթադրել էր, որ նախկին օդանավակայանի տարածքում կառուցվող ռուսական օբյեկտը հնարավոր է ունենա թռիչքուղի, եթե ոչ՝ ավիաբազա:
Ինչի՞ է սրանով պատրաստվում Կրեմլը, ադրբեջանական լրատվամիջոցը մի քանի վարկած էր առաջ քաշել այդ ժամանակ:
Օրինակ, հնարավոր է՝ Արցախում խաղաղապահ առաքելության ժամկետի ավարտից հետո ՌԴ-ն իր այդ խաղաղապահ կոնտինգենտը տեղափոխի Հայաստան:
«Միամտություն կլինի կարծել, որ մանդատի ժամկետի ավարտից հետո Ռուսաստանը կլքի Հարավային Կովկասը»,- նշել էր ադրբեջանական կայքը՝ միաժամանակ նկատելով, որ 3 տարում դեռ շատ բան կարող է փոխվել համաշխարհային քաղաքականության մեջ, այդ թվում՝ ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին:
Երկրորդ՝ այդ ժամանակ Արցախը դեռ կորսված չէր, և ադրբեջանական վերլուծության հեղինակը նկատել էր նաև, որ Տավուշում, մասնավորապես Այգեպարի հատվածում ռուսական օբյեկտի առկայությունը կարող է ազդեցության հզոր գործիք դառնալ Երևանի և Ադրբեջանի վրա, օրինակ, Ադրբեջանի դեմ ՌԴ-ն այն կարող է օգտագործել Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ժամկետի երկարաձգման և Եվրոպա գազ մատակարարելու հարցերում, այսինքն, նպատակը մեկը չէ:
Ռուսական խաղաղապահներն արդեն Արցախից դուրս են գալիս, թե ռուսական ինչ հաշվարկների վրա՝ կարող ենք միայն ենթադրություններ անել, մյուս կողմից՝ Արցախը հայաթափված է, և նրանց մնալն իմաստ չունի արդեն:
Իսկ 2022 թվականի հունիսի 17-ին Նիկոլ Փաշինյանը և նրա կառավարությունը հավանություն էր տվել «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ռուսաստանի Դաշնության կառավարության միջև 2012թ. հոկտեմբերի 3-ի` ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև ՀՀ տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղաբաշխման կետերի մասին» արձանագրության մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 2 արձանագրության ստորագրման առաջարկությանը:
Հիմնավորման մեջ, մասնավորապես, նշվում էր.
«Արձանագրության ստորագրումը պայմանավորված է ռուսաստանյան ռազմակայանի զինվորական կազմավորումների կազմի փոփոխության արդյունքում նրանց գործունեության համար պայմանների ապահովման անհրաժեշտությամբ, միտված է վերոշարադրյալ գործընթացների ապահովմանը և, միաժամանակ, բխում է Հայաստանի Հանրապետության տարածքում ռուսաստանյան ռազմակայանի տեղակայման և գործառնման նպատակով հողատարածքների և անշարժ գույքի փոխանցման հայ-ռուսական միջպետական հանձնաժողովի 2019թ. ապրիլի 12-ին Երևանում կայացած 12-րդ նիստի արձանագրության դրույթներից»:
Նշվում էր նաև, որ արձանագրության ստորագրումը բխում է ՀՀ կառավարության 2021-2026թթ. ծրագրում մատնանշված անվտանգային, արտաքին քաղաքական մի շարք գործոններից: Այսինքն, 2021 թվականի մայիսին ՀՀ ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումից հետո Նիկոլ Փաշինյանը որոշել էր, որ պիտի ընդլայնել ՀՀ-ում ռուսական ռազմակայանի տեղաբաշխման կետերը: Այսօր, փաստորեն, իրավիճակ է փոխվել:
Մի բան փաստ է՝ Նիկոլ Փաշինյանն ինքն է որոշել, որ Տավուշում պիտի ռուսական ներկայություն չլինի, այնպես, ինչպես 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին նրա անձնական խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետեր են տեղադրվել, ինչի մասին 24news-ին տված հարցազրույցում ասել էր ՀՀ-ում ՌԴ դեսպանը՝ նշելով, որ հայկական կողմն այդպես էլ չգնաց դրանց օրինականացմանը:
Արդյո՞ք այս մասին քննարկում եղել է այդ ժամանակվա ՀՀ պաշտպանության նախարարի կամ ԳՇ պետի հետ, հայտնի չէ:
Արդյո՞ք Տավուշում ռուսական ներկայությունը եղել է ՊՆ-ի և ԳՇ պետի առաջարկով՝ դարձյալ չենք կարող ասել:
Թեպետ «Շանթ» հեռուստաընկերության եթերում Վազգեն Սարգսյանի եղբայրը՝ Արամ Զավենի Սարգսյանը, ով լծված է Նիկոլ Փաշինյանի քաղաքականության պաշտպանության «սուրբ» գործին, նշել է. «2020 թվականի նոյեմբերի 9-ի փաստաթղթից մի օր առաջ 8 գյուղերի հարցը շրջանառվեց, որի մեջ էին անկլավները, էս 4 գյուղերը: Բայց հետո փաստաթուղթը, որ ստորագրվեց և նոյեմբերի 10-ին հրապարակվեց, այդ կետը բացակայում էր: Այդ բանակցողը եղել է ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, նա է կարողացել Շոյգուի հետ բանակցություններում այդ 8 գյուղերը բանակցային այդ գործընթացից հանել: Հետո թե ովքեր են էդ մասով լոբբինգ արել, որ այնտեղ ռուսական զորամիավորումներ լինեն, խոսակցություններ կան, որ լոբբինգ անողները եղել են այն ժամանակվա ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, որ՝ թող գան ռուս խաղաղապահներ կանգնեն»:
Այն, որ Տավուշի մասին կետը 2020 թվականի նոյեմբերի եռակողմ հայտարարությունից հանվել է Տոնոյանի ջանքերով և բանակցությունների արդյունքում՝ 168.am-ի հետ հարցազրույցում ասել էր նաև ԳՇ պետի նախկին տեղակալ Տիրան Խաչատրյանը, այս մասին իր հայտարարություններից մեկում խոսել էր նաև ինքը՝ Դավիթ Տոնոյանը:
Իսկ Օնիկ Գասպարյանն ակնարկել էր, որ դա իր և ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ջանքերով է եղել. «Այդ հարցը ես նաև քննարկեցի ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի հետ և ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց»:
Հիմա, թե որքանո՞վ է Տավուշի հետ կապված նաև ռուսական լոբբինգի մասով ասվածը համապատասխանում իրականությանը, պետք է ասեն Օնիկ Գասպարյանը և Արմեն Աբազյանը, բայցև փաստ է, որ Տավուշում ռուսական ուղեկալներ, ըստ էության, սկսեցին տեղադրել Օնիկ Գասպարյանի պաշտոնազրկումից հետո: