
44-օրյա պատերազմից առաջ ՊՆ-ում ի՞նչ են զգուշացրել ֆրանսիական կողմին, ի՞նչ է ասվել պատերազմի օրերին, կամ՝ Ֆրանսիայի ուշացած ռազմական օգնությունը

Այն, որ Ֆրանսիան պատրաստ է Հայաստանի հետ զենքի մատակարարման պայմանագիր կնքել, ֆրանսիական կողմը հայտարարել էր 2023 թվականի հոկտեմբերին՝ Արցախի հայաթափումից հետո:
Այս մասին նախ Երևանում հայտարարություն էր արել Ֆրանսիայի Հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան՝ «Ֆրանսիան իր համաձայնությունն է տվել Հայաստանի հետ ապագա պայմանագրի կնքման համար», այնուհետև սրա մասին «Ռիա Նովոստիին» տված հարցազրույցում խոսել էր Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն՝ «Հայաստանի հետ պայմանագիր կկնքենք՝ ֆրանսիական զենք տրամադրելու մասին»:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2024թ. գարնանը ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը «Փաստինֆոյին» ասել էր.
«ՀՀ-ի և Ֆրանսիայի միջև ռազմատեխնիկական համագործակցության բացակայությունը պայմանավորված չի եղել ՀՀ-ի անհետաքրքրությամբ, ու Արցախի փաստացի հայաթափումից հետո վերոհիշյալ փոփոխությունը, այսինքն, համագործակցության հաստատումը բացատրելի է: Հուսով եմ, որ առկա աշխարհաքաղաքական պայմաններում Ֆրանսիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը երկարաժամկետ և շարունակական է լինելու, ինչպես նաև անվտանգության ապահովման ռիսկայնության առումով այն հաշվարկված և կանխատեսված է»:
Այսինքն, 2020թ. 44-օրյա պատերազմի օրերին Ֆրանսիան ռազմական օգնություն չի առաջարկել Հայաստանին, և այս մասին շրջանառված տեղեկություններն իրականությանը չեն համապատասխանում:
Իսկ օրերս Հանրային ռադիոյին տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև պաշտպանական համագործակցությունն իրականում դեռ նոր է, բայց շատ արագ է զարգանում, այն շարունակվում է՝ օգնելու Հայաստանին պաշտպանել իր տարածքը, իր բնակչությանը և իր ինքնիշխանությունը։
Դեսպանը մանրամասնել է, որ 2025-ին Հայաստան-Ֆրանսիա պաշտպանական համագործակցությունը կունենա երեք հիմնական ուղղություն. առաջինը՝ պաշտպանական տեխնիկայի տրամադրում Հայաստանին, երկրորդ ուղղությունը հայ զինվորականների վերապատրաստումն է թե՛ Հայաստանում, թե՛ Ֆրանսիայում, երրորդ ուղղությունը խորհրդատվական ծառայություններն են, որոնք տրամադրվում են Հայաստանի պաշտպանության նախարարությանը, ինչը հնարավորություն է տալու բարեփոխել և հզորացնել հայկական բանակը։
Հիշեցնենք, որ 2023թ. փետրվարին Հայաստան էր ժամանել Ֆրանսիայի զինված ուժերի նախարար Սեբաստիան Լըկորնյուն։ ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի հետ համատեղ ասուլիսում նա լրագրողներին տեղեկացրել էր, որ գիշերային տեսանելիության սարքերի առաջին խմբաքանակն արդեն ՀՀ-ում է, իսկ «Բաստիոն» զրահամեքենաների խմբաքանակն առաջիկայում կլինի:
«Շատ չխորանամ, թե ինչ սարքավորումներ են գալու Հայաստան, բայց բոլորն էլ պաշտպանական նշանակության են, որովհետև այս տարածաշրջանում առաջնահերթ է և՛ բնակչության, և՛ սահմանների պաշտպանությունը: Ոչ ոք չի կարող Հայաստանին քննադատել բանակի հզորացման ուղղությամբ քայլեր ձեռնարկելու համար, ինչը թույլ կտա բարելավել սահմանների պաշտպանությունը: ՀՕՊ-երի մասին նույնպես ասեմ, եթե Հայաստանը կարիքն ունենա, կարճ, միջին և այլ հեռահարության հրթիռները նույնպես կդրվեն ձեր տրամադրության ներքո»,- մանրամասնել էր Ֆրանսիայի ԶՈւ նախարարը՝ հավելելով, որ ամեն անգամ ՀՀ-ի կողմից առաջադրված օպերատիվ կարիքներից ելնելով են գործելու:
«Բոլոր հակամարտություններից հետևությունն այն է, որ պաշտպանությունը կարևոր կետերից է՝ պաշտպանություն մարտի դաշտում, քաղաքացիական բնակչության և էներգետիկ ենթակառուցվածքների, օդանավակայանի պաշտպանություն, հատկապես՝ ԱԹՍ-ների և հարձակողական ինքնաթիռների կիրառման պարագայում»,- շարունակել էր Լըկորնյուն՝ միաժամանակ նշելով, որ Ֆրանսիան իր հրթիռների բազայի վերակազմավորման ուղղությամբ լուրջ աշխատանքներ է տանում, ինչը հնարավորություն կտա գործընկերներին նոր բաներ առաջարկել, և, որ արդեն խոսել են ՀՀ-ին Mistral հրթիռներ մատակարարելու մտադրության մասին:
Սպառազինության մատակարարման թեման ժամանակ առ ժամանակ հենց ֆրանսիական կողմն է տարբեր մակարդակներում հրապարակայնացրել, ամեն դեպքում մենք չգիտենք, թե վերջին մեկ տարում վերը նշված սպառազինությունից կամ զենքերից ինչ է մատակարարվել Հայաստանին:
Կամ՝ Հայաստանն ի՞նչ օպերատիվ կարիքներ է առաջադրել այս առումով, հատկապես, երբ Ադրբեջանը պահանջում է, որ Ֆրանսիան և Հայաստանին զենք մատակարարող մյուս երկրները չեղյալ համարեն ռազմակատեխնիկական պայմանագրերը, իսկ արդեն Հայաստան առաքված զենքերը վերադարձնի, իսկ Նիկոլ Փաշինյանն էլ դեմ չէ սպառազինության քվոտավորմանը և հենց ինքն է նման առաջարկ արել Ադրբեջանին:
Ի դեպ, Հանրային ռադիոյի հետ հարցազրույցում Ալիևի հայտարարությունների և սպառնալիքների հիշեցումներին ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյին, բնականաբար, դիվանագիտորեն է արձագանքել, թեև Ադրբեջանի նախագահի խոսույթում մտահոգիչ ձևակերպումներ տեսել է:
Իսկ 2023թ. փետրվարին Ֆրանսիայի պաշտպանական գերատեսչության ղեկավարի Հայաստան այցից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը մեկնել էր Իրան, թեև ֆրանսիացի իր պաշտոնակցի հետ համատեղ ասուլիսի ժամանակ 168.am-ի հարցին ի պատասխան՝ Պապիկյանը վստահեցրել էր.
«ՀՀ սուվերեն իրավունքն է, և ՀՀ-ն իրավասու է որոշել՝ ում հետ ինչ աստիճանի համագործակցություն ունենալ։ Սա բխում է Հայաստանի ժողովրդի և ՀՀ պետականության շահերից։ Մենք այս հարցում շատ հստակ ենք, պարզ ու անթաքույց: Ինչ վերաբերում է մեր հարևաններին, դաշնակիցներին, բարեկամներին, նույն Իրանի մասով կարող եմ ասել, որ հայ-ֆրանսիական համագործակցությունը հանուն ՀՀ-ի է և որևէ մեկի դեմ չէ: Մեր իրավունքն է համագործակցել և՛ Ֆրանսիայի, և՛ Իրանի հետ, և դա ի գիտություն պետք է լինի բոլորին: Մեր ֆրանսիացի գործընկերները հարգում են համագործակցությունն այդ գործընկերների հետ, իրանցի գործընկերները հարգում են մեր համագործակցությունը և, կարծում եմ, նույնը պետք է անեն մեր ռուսաստանցի գործընկերները: ՀՀ-ն չունի տաբուներ՝ համագործակցելու ի շահ ՀՀ-ի։ Սա որևէ երկրի դեմ ուղղված չէ, որևէ մեկը չպետք է մտահոգվի»:
Նշենք, որ այդ նույն ժամանակահատվածում «Արմենպրես»-ին տված հարցազրույցում Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին, մասնավորապես, ասել էր.
«Նախորդ մի քանի տարիներին Հայաստանի հարևան պետությունը՝ Իրանը, ևս շատ անգամ մտահոգություն է հայտնել Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության առումով: Մենք Իրանի հետ անհամաձայնություն ունենք շատ հարցերում, բայց սա այն հարցն է, որ համաձայն ենք»:
Հավելենք, որ 2025թ. փետրվարի 6-ին ՀՀ-ում Իրանի դեսպանն անդրադառնալով Հայաստանի՝ զենքի ձեռքբերումներին և լոգիստիկ խնդիրներին, մասնավորապես, այն հարցին, որ, ըստ որոշ տեղեկությունների, որոշ երկրներից զենքի մատակարարումների հարցում Իրանն է խնդիր ստեղծել, ասել էր.
«Ես չգիտեմ՝ Հայաստանը ո՞ր երկրներից է զենք ներկրում: Հնդկաստանի՞ց: Ես չեմ կարող մամուլում հրապարակվող նյութերի հիման վրա պաշտոնական հայտարարություն հնչեցնել: Իսկ Հայաստանը որդեգրել է դիվերսիֆիկացման քաղաքականություն, իսկ մեր և ՀՀ հարաբերություններում ոչ մի բան թղթի վրա չի մնացել»:
Դեսպան Մեհդի Սոբհանին հորդորել էր լրագրողներին ռազմական ոլորտի հարցերն ուղղել ՀՀ պաշտպանության նախարարությանը:
Վերադառնանք ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Դըկոտինյիի՝ Հանրային ռադիոյին տված հարցազրույցին: Առաջին, նա դիվանագիտական, գուցե՝ խուսափողական և զգուշավոր պատասխան է տվել Ադրբեջանի կողմից կիրառվող «Արևմտյան Ադրբեջան» խոսույթի տրամաբանության մեջ Հայաստանի նկատմամբ տարածքային պահանջներին առնչվող հարցին՝ սահմանափակվելով. «Միջազգային իրավունքի տեսանկյունից կա 2 լեգիտիմ իրականություն՝ Հայաստանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով, և Ադրբեջանի Հանրապետությունը՝ միջազգայնորեն ճանաչված իր սահմաններով, և վերջ»:
Իսկ խոսելով սահմանազատման գործընթացի և խաղաղության պայմանագրի հաստատման մասին՝ Դըկոտինյին օգտագործել է «օկուպացիոն զորքեր» ձևակերպումը:
«Խաղաղության համաձայնագրի հիմքը պետք է լինեն 1991 թվականի Ալմա Աթայի հռչակագրի սկզբունքները, այսինքն՝ միջազգային սահմանները պետք է լինեն նախկին խորհրդային հանրապետությունների ադմինիստրատիվ սահմանները, ինչը նշանակում է, որ այն օկուպացնող զորքերը, որոնք գտնվում են այդ սահմաններից այն կողմ, պետք է վերադառնան իրենց տեղերը։ Հայաստանն այդ առումով միջոցներ ձեռնարկեց՝ տարհանելով այն, այսպես ասած, չորսը գյուղերը, նույնիսկ, եթե այդ գյուղերը բնակեցված չէին։ Ադրբեջանը նույն միջոցները պետք է ձեռնարկի իր կողմից»:
Ըստ էության, դեսպանը խուսափում է հստակ նշել, որ Ադրբեջանն օկուպացրել է ՀՀ ինքնիշխան ավելի քան 200 քկմ տարածք: Ավելին, Դըկոտինյին ոչ ճիշտ տեղեկություն է տարածել՝ պնդելով.
«Եթե խոսում եք Լեռնային Ղարաբաղի ճանաչման մասին, ապա Լեռնային Ղարաբաղը որպես պետություն չի ճանաչվել ոչ միջազգային հանրության, ոչ էլ նույնիսկ Հայաստանի կողմից։ Ի դեպ, Հայաստանն էլ ընդունել է, ճանաչել է, որ Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է կազմում Ալմա Աթայի հռչակագրի ընդունման պահից սկսած, քանի որ ԼՂ–ն Սովետական Ադրբեջանի մի շրջան էր։ Հետևաբար, նրանք, ովքեր պնդում են, թե Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի մաս է ճանաչվել 2022 թվականին Պրահայում, ստում են, որովհետև Լեռնային Ղարաբաղը Հայաստանի կողմից Ադրբեջանի մաս է ճանաչվել Ալմա Աթայի հռչակագրի պահից սկսած։ Ի դեպ, Պրահան ընդամենը հղում է անում, հիշեցնում է Ալմա Աթայի հռչակագիրը։ Եվ այսօր հարցը հետևյալն է՝ ինչպե՞ս հասնել խաղաղության՝ արդար, կայուն, ամուր խաղաղության, որպեսզի վերացվեն Հայաստանի վրա կախված սպառնալիքները»:
Ֆրանսիացի դեսպանը երևի տեղյակ չէ Ալմա Աթայի հռչակագրի հետ կապված ամբողջ պատմությանը, և, որ Ադրբեջանը վերապահումներ ուներ այս փաստաթղթի հետ կապված: Մասնավորապես, մի առիթով Ադրբեջանի արտաքին գործերի նախկին նախարար Թոֆիկ Զուլֆուգարովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին ասել էր.
«Փաշինյանը հայտարարում է, որ ճանաչում է 1991-ի տարածքային ամբողջականությունը: Լավ: Բայց 1991-ին Հայաստանը չի ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, քանի որ ուղղում է եղել, որով Հայաստանի տարածքային ամբողջականությունը, ըստ էության, ճանաչվել է Ղարաբաղի հետ միասին: Երկրորդ՝ ՀՀ սահմանադրության համաձայն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար իրավական հիմք գոյություն չունի (В 1991 году она не признала территориальную целостность Азербайджана, поскольку у Армении была поправка, в которой указывалось, что они признают территориальную целостность Армении вместе с Карабахом. Во-вторых, юридических оснований подписывать мирное соглашение не существует, согласно конституции Армении):
Ավելի վաղ մեկ այլ առիթով ադրբեջանցի դիվանագետը շեշտել էր, որ «Ալմաաթյան հռչակագրում ամրագրված չէ այս կամ այն սահմանի որևէ կոորդինատ»:
Հավելենք, որ 2022թ. հոկտեմբերին Պրահայում ձեռք բերված պայմանավորվածություններին, որով Ադրբեջանի մաս հռչակվեց Արցախը, իր մասնաբաժինն ունի նաև Ֆրանսիան: Եվ հիմա դեսպանը նման հայտարարություն անելով՝ ո՞ւմ է առաջին հերթին փրկում՝ Մակրոնի՞ն, Փաշինյանի՞ն, թե՞ երկուսին միասին, դրանով իսկ «չեզոքացնելով» պրահյան պայմանավորվածությունների տրամաբանության մեջ Արցախի հայաթափման մեջ Ֆրանսիայի նախագահի և Փաշինյանի մեղքի կամ մասնակցության բաժինը:
Ի դեպ, Սյունիքում հյուպատոսական գրասենյակ բացել պատրաստվող Ֆրանսիայի դեսպանն ընդգծել է, որ իր երկիրն աջակցում է Փաշինյանի «Խաղաղության խաչմերուկին», «որովհետև առաջարկվում է իսկապես ապաշրջափակել հաղորդակցման ուղիները, բայց դա պետք է արվի ինքնիշխանության հիման վրա, յուրաքանչյուրն՝ իր տարածքում՝ փոխադարձության և հավասարության սկզբունքով»: Եվ ոչինչ, որ մասնագետները հենց այստեղ լուրջ վտանգներ են տեսնում:
Ինչ վերաբերում է ԵԱՀԿ ՄԽ լուծարմանը, ապա համանախագահող երկրի դեսպանը չի ցանկացել այս թեմայով դեբատների մեջ մտնել հայաստանյան քաղաքական ուժերի հետ, բայցև հայտարարել է, որ 30 տարուց ավելի բանակցություններ են տեղի ունեցել, որոնք իսկապես արդյունք չեն տվել՝ «դրա ապացույցն այսօրվա իրավիճակն է»:
Ըստ նրա՝ «քանի դեռ չկա խաղաղության պայմանագիր, զինված հակամարտության հնարավորություն միշտ էլ կա»:
Այս համատեքստում հարկ է հիշեցնել, որ 2020թ. 44-օրյա պատերազմի ընթացքում Նիկոլ Փաշինյանը մի քանի անգամ հեռախոսազրույց է ունեցել Մակրոնի հետ, այդ թվում՝ պատերազմի առաջին օրը։
Իսկ Քննիչ հանձնաժողովում Փաշինյանը նշել էր.
«Հոկտեմբերի 17-ին նախաձեռնությամբ հանդես եկավ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, ով ինձ տեղեկացրեց, որ Ադրբեջանի նախագահը համաձայն է առանց նախապայմանների հրադադար հաստատել՝ հոկտեմբերի լույս 18-ի կեսգիշերից: Ես, բնականաբար, համաձայնվեցի դրան, ինչից հետո մի քանի ժամվա ընթացքում Ֆրանսիայի, Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնեցվեց հետևյալ հայտարարությունը, որը հրապարակվեց հոկտեմբերի 17-ի ուշ երեկոյան. «Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանի Հանրապետությունը որոշել են հոկտեմբերի 18-ին, տեղական ժամանակով ժամը 00:00-ից հաստատել մարդասիրական զինադադար:
Այս որոշումը կայացվել է՝ ի շարունակություն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրները ներկայացնող Ֆրանսիական Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության և Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահների հոկտեմբերի 1-ին արված հայտարարության, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հոկտեմբերի 5-ին արված հայտարարության և համաձայն հոկտեմբերի 10-ին Մոսկվայում ընդունված համատեղ հայտարարության:
Այս հայտարարության վերաբերյալ՝ դեռ մինչև հրապարակումը, մենք խորհրդակցություններ ունեցանք մեր ռուսաստանցի գործընկերների հետ, ովքեր ողջունեցին նախաձեռնությունը: Ի հեճուկս հայտարարության, սակայն, հոկտեմբերի 18-ին նույնպես հրադադար չհաստատվեց, չնայած ամբողջ օրը մենք հնարավոր դիվանագիտական ջանքերը գործադրում էինք պատերազմը կանգնեցնելու համար: Այսինքն՝ այս հայտարարությունից հետո ընդհանրապես դադար տեղի չունեցավ»:
44-օրյա պատերազմի օրերին մի քանի անգամ այդ ժամանակ Ֆրանսիայի դեսպան Ջոնաթան Լաքոտին հանդիպել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, որի ժամանակ նա ներկայացրել էր օտարերկրյա զինծառայողների և վարձկանների ներգրավվածության փաստեր, հակառակորդի կողմից խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքները, նշվել էր, որ հրադադարի պահպանումը հնարավոր է ապահովել միայն միջազգային վերիֆիկացիոն միջոցների կիրառման պարագայում:
Ի դեպ, հուլիսյան մարտերից հետո և 44-օրյա պատերազմից առաջ ՀՀ պաշտպանության նախարարությունում ֆրանսիական կողմին զգուշացվել է թուրք-ադրբեջանական համատեղ զորավարժությունների հնարավոր հետևանքների և նպատակների մասին: Այսինքն, այդ ժամանակ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը նշել է, որ «բուն ռազմական տեսանկյունից դրանց մարտավարական բնույթը մտահոգիչ չէ, սակայն կարևոր է, որպեսզի զորավարժությունները չվերածվեն Հայաստանի Հանրապետության սահմանների, պաշտպանական կառույցների և այլ ենթակառուցվածքների անմիջական հարևանությամբ սադրիչ գործողությունների»:
Սակայն այդ զորավարժությունների նպատակները, ինչպես տեսանք, այսպես ասած, արցախյան ճակատ տեղափոխվելն էր:
Իսկ այն, որ 2023 թվականից Ֆրանսիան պատրաստակամություն էր հայտնել Հայաստանին զենք մատակարարելու, բնականաբար, այստեղ դեր է խաղացել ոչ միայն երկու երկրների միջև 30 տարիների բարձր մակարդակի հարաբերությունները, այլ տարածաշրջանում ֆրանսիական աշխարհաքաղաքական շահերը և հետաքրքրությունները, որոնք այսօրվա աշխարհաքաղաքական իրողությունների փոփոխության պայմաններում կարող են փոփոխություններ կրել, դա վերաբերում է և՛ Ֆրանսիա-ՌԴ հարաբերություններին, և՛ Ֆրանսիա-Թուրքիա հարաբերություններին, և այլն: Հայաստանը պետք է սրանք հաշվի առնի, այդ թվում՝ պաշտպանական համագործակցության համատեքստում:
2024-ին 168.am-ն անդրադարձել էր Փաշինյանի ֆրանսիական կայացած և Մակրոնի չկայացած այցերի և հիշեցրել 2021 թվականի հուլիսին «Ազատություն» ռադիոկայանի տաղավարում Ֆրանսիայի դեսպան Լաքոտի հայտարարությունը.
«2018թ. Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի կապակցությամբ իր այցի ժամանակ Հանրապետության նախագահը պարտավորվեց երկկողմ այցով վերադառնալ Հայաստան։ Եթե հարցնում եք, թե երբ կլինի այդ այցը, կպատասխանեմ, որ այն տեղի կունենա այն ժամանակ, երբ առավել օգտակար կլինի։ Իսկ օգտակար պահն այն է, երբ այն թույլ կտա տարածաշրջանում առաջ մղել քաղաքական գործընթաց, օգնել Հայաստանին և Ադրբեջանին առաջընթաց գրանցել խնդրահարույց հարցերի շուրջ։ Այսպիսով, այցի ամսաթվերն ու պարամետրերը կորոշվեն՝ ըստ այդ նպատակի»:
Վերադառնալով ՀՀ-ում գործող դեսպան Դըկոտինյիին և նրա վերջին հարցազրույցում հնչած ձևակերպումներին, նշենք, որ նման գործելաոճը նրանից հեռու չէ: Անցած տարի X սոցիալական ցանցում նա գրել էր, որ Հունաստանում կազմակերպված «Օլիմպիական համագործակցություն-24» զորավարժություններին Ֆրանսիայի և մի քանի այլ երկրի հետ մասնակցել է նաև Հայաստանը, ինչն ադրբեջանական կայքերն օգտագործել էին Հայաստանի դեմ:
ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարությունը Ֆրանսիայի դեսպանի հետ այս թեմայով զրույց ունեցել է: