Սերգեյ Պետրոսյանին գեներալական ուսադիրներ տալու «առեղծվածը». արդյո՞ք խախտում է թույլ տրվել
Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ և ՀՀ նախագահի մայիսի 24-ի հրամանագրով գեներալ-մայորի զինվորական կոչումներ էին շնորհվել մի շարք զինվորականներին, նրանք են՝
– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Արթուր Երոյանին,
– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի հետախուզության գլխավոր վարչության պետ-զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ, գնդապետ Սամվել Մովսիսյանին,
– ՀՀ պաշտպանության նախարարության կադրային քաղաքականության գլխավոր վարչության պետ, գնդապետ Հրաչ Ստեփանյանին,
– ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի օպերատիվ գլխավոր վարչության պետի առաջին տեղակալ, գնդապետ Ալբերտ Բաղդադյանին,
– 3-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։
Եվ ահա մայիսի 28-ին նախագահական նստավայրում տեղի ունեցած պարգևատրման արարողության ժամանակ հայտնի է դառնում, որ որոշել են գեներալ-մայորի կոչում շնորհել նաև Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Պետրոսյանին, ինչի մասին ՀՀ նախագահի հրամանագիրը, որը թվագրված էր մայիսի 27-ով, հրապարակված չէր:
Իսկ ՀՀ պաշտպանության նախարարությունն այդ մասին պաշտոնական հաղորդագրություն էր տարածել մայիսի 28-ի երեկոյան:
Բայց հոդվածը հրապարակելու պահին ՀՀ ՊՆ պաշտոնական կայքում Սերգեյ Պետրոսյանի զինվորական կոչումը դեռ գնդապետ է նշված, մինչդեռ մյուսներինը փոխվել է գեներալ-մայորի:
Ի դեպ, նշենք, որ Սերգեյ Պետրոսյանի զբաղեցրած պաշտոնը՝ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գեներալական պաշտոն չէ:
Ավելին, ՀՀ կառավարության 2020թ. նոյեմբերի 26-ի «ՀՀ պաշտպանության նախարարության համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը սահմանելու մասին» 1857-Ն որոշման մեջ 2024 թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 27-ը կատարվել և e-gov.am կայքի Կառավարության որոշումներ բաժնում հրապարակվել են հետևյալ փոփոխությունները.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի հունվարի 18-ի 91-Ն որոշում,
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2024 թվականի մայիսի 24-ի 766-Ն որոշում,
Մասնավորապես, հունվարի 18-ի ի Կառավարության 91-Ն որոշումը սահմանում է ՀՀ ՊՆ համակարգի զինվորական ծառայության պաշտոնների առանձին խմբերում ընդգրկվող հիմնական պաշտոնների անվանացանկը:
ՀՀ Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Գեղամ Մանուկյանը մայիսի 29-ին հարցում է ուղարկել Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավարին, պատասխան գրության մեջ Արայիկ Հարությունյանը նախ նշել է, որ «ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի ռազմատեղագրական ծառայության պետ, գնդապետ Սերգեյ Հովսեփի Պետրոսյանին գեներալ-մայորի զինվորական կոչում շնորհելու մասին ՀՀ վարչապետի կողմից ՀՀ նախագահին ներկայացված միջնորդական գրությունը (առաջարկությունը) ներկայացվել է ՀՀ նախագահի աշխատակազմ, հետևաբար՝ ՀՀ վարչապետի աշխատակազմը չի հանդիսանում նշված տեղեկատվության տնօրինողը, այնուհետև նա հիշատակել է Կառավարության վերը նշված որոշումները և շեշտել. «Հավելեմ, որ վերոգրյալ որոշման մեջ, նշված ժամանակահատվածում, այլ փոփոխություններ՝ այդ թվում չհրապարակված, չեն կատարվել»:
Այսինքն, կարո՞ղ ենք ենթադրել, որ տարօրինակ ինչ-որ բան կա, եթե չասենք՝ կամայականություն:
«Իրոք, մայիսի 28-ին նախագահի կողմից գնդապետ Սերգեյ Պետրոսյանին գեներալական կոչում շնոհելու փաստը տարօրիանակ էր ու զարմանալի, քանի որ նրա ղեկավարած ծառայությունը չէր ենթադրում նման կոչումով հաստիք։ Հատկապես որ՝ ԳՇ կառուցվածքում ռազմատեղագրական ծառայությունը չի համարվում ոչ առանձին վարչություն, առավել ևս՝ գլխավոր վարչություն։
Հարցին հետամուտ լինելու համար օրերս գրավում հարցում էի ուղղել վարչապետի աշխատակազմ, և հանձնաժողովի նիստում այդ հարցը բարձրացրել է ՊՆ ղեկավար կազմի հետ հանդիպմանը։
Ի դեպ, համաձայն կարգի՝ ՀՀ ՊՆ զինծառայության պաշտոնների անվանացանը հաստատում է կառավարությունը։ Վերջին անգամ այն հաստատվել է 2020 թվականի նոյեմբերի 26-ին, որտեղ հստակ նշված են բարձրագույն սպայական կազմի մեջ մտնող պաշտոնները, ուր բացակայում է ծառայության պետի պաշտոնը։
Կառավարությունը ինձ գրավոր պատասխանել է, որ մինչև 2024 թվականի մայիսի 27-ը կատարված փոփոխություններով ՀՀ ԳՇ ռազմատեղագրական ծառայության պետի պաշտոնը չի համարվել բարձրագույն, հետևաբար՝ գեներալական։
Բայց ԳՇ պետը հանձնաժողովի նիստում ինձ պարզաբանել էր, թե այդպիսի փոփոխության նախաձեռնությամբ ինքն է հանդես եկել, քննել են հարցը Անվտանգության խորհրդում։
Միանշանակ է՝ նման առաջարկն արդյունքում իրավաբանորեն ՀՀ Կառավարության կողմից չի վավերացվել և ծառայության պետի պաշտոնը չէր կարող համարվել գեներալական։
Առավել քան տարօրինակ էր նաև ԳՇ պետ Ասրյանի հիմնավորումը, թե առաջիկա տարիներին ռազմատեղագրական ծառայության կարևորությունն ի նկատի ունենալով է նման նախաձեռնությամբ հանդես եկել,- 168.am-ի հետ զրույցում մանրամասնել է ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը և շարունակել,- Սա է աբսուրդը, երբ մեր այս փխրուն անվտանգային մթնոլորտում զինված ուժերի կառավարման համակարգում կարևորվում է քարտեզագրողը, և ոչ թե այլ ռազմավարական պաշտոնը:
Որևէ բան չունենալով արդեն գեներալ Սերգեյ Պետրոսյանի դեմ անձնապես, բայց ինքնին փաստը խոսուն է, այս իշխանության համար անգամ զինվորական կոչումը ոչ թե ծառայողական առաջխաղացման, վաստակի պաշտոնեական կարգավորման շրջանակներում հարց է, այլ ուղղակի նվերի պես բան։
Տավուշում լռելյայն իշխանության ասածն անելու, գաղտագողի Տավուշ գնալու դիմաց հապշտապ, առանց հիմքը գեներալական ուսադիր բաժանելուց հետո դժվար է խոսել անվտանգության, բանակի մարտունակության բարձրացման, բարոյահոգեբանական մթնոլորտի առողջացման ու ոգու մասին»:
Հավելենք, որ Սերգեյ Պետրոսյանն ընդգրկված է Հայաստան-Ադրբեջան պետական սահմանների սահմանազատման և սահմանների անվտանգության հանձնաժողովին կից աշխատանքային խմբում:
Հ.Գ. Հիշեցնենք, որ 2020 թվականի հոկտեմբերի 20-ին Փաշինյանը միջնորդություն էր ներկայացրել ՀՀ նախագահին, որ այդ ժամանակ ՀՀ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանը և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար, գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանը պետք է արժանանան Ազգային հերոսի կոչման, քանի որ «հատկապես վերջին ժամերի ընթացքում, մարտի դաշտում, փառքով պսակեցին իրենց անունը»:
Իսկ արդեն 2021 թվականի ԳՇ հայտնի հայտարարությունից հետո իշխանությունները հիշեցին հարավային ուղղությամբ նահանջների մասին, և դրա պատասխանատուն Տիրան Խաչատրյանն է եղել:
Ավելին, Փաշինյանը հայտարարել էր, որ 44-օրյայի ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին այն աստիճան է անվերապահորեն վստահել, որ երբ նա պատերազմի ընթացքում ասել է՝ իր տեղակալ Տիրան Խաչատրյանը միջոցներ է ձեռնարկում, որ հակագրոհ կազմակերպի, պետք է քաջալերել, ազգային հերոսի կոչում շնորհել, չի էլ քննարկել, միանգամից համաձայնել է: Այսինքն, պատասխանատվությունը Փաշինյանը գցել էր Օնիկ Գասպարյանի վրա:
Էդուարդ Ասրյանը վստա՞հ է, որ մի օր նման մի խնդրի առաջ չի կանգնելու…