
Նիկոլ Փաշինյանն ու կառավարությունը հայտնվել են իրենց սիրած հերոսի կարգավիճակում

Տարիներ առաջ, երբ խորհրդարանում քննարկվում էր Հայաստանի և Իրանի կառավարությունների միջև ստորագրված Մեղրի-Նորդուզ սահմանային դարպասի համատեղ օգտագործման մասին համաձայնագիրը, ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը հարց բարձրացրեց Իրանի հետ համատեղ էներգետիկ ոլորտում նախատեսվող ծրագրերից մեկի վերաբերյալ՝ իշխանություններին մեղադրելով դրա իրականացման դանդաղ ընթացքի մեջ։ Ասածը պատկերավոր դարձնելու համար, այն համեմեց «Կարգին հաղորդման» սքեթչներից մեկի հայտնի հերոսի «պատուհանը դրիմ» խոսքերով։
Տարիներ անց Նիկոլ Փաշինյանն ու իր ղեկավարած կառավարությունն է հայտնվել «Կարգին հաղորդման» հերոսի կարգավիճակում։ Ամեն տարի հայտարարում են, թե մինչև տարեվերջ կավարտեն Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ էլեկտրահաղորդման գծի կառուցումը։ Տարին ավարտվում է, բայց գիծը շարունակում է մնալ չկառուցված։
Ծրագիրը նախկինները սկուտեղի վրա մատուցեցին, իսկ Նիկոլ Փաշինյանն ու իր կառավարությունները չկարողացան «պատուհանը դրիմից» այն կողմ անցնել։ Վերջերս նույնիսկ սկսել են անիվը հետ պտտել։ Անցած տարի Երևանում կայացած Եվրասիական երրորդ տնտեսական համաժողովում ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների արդեն նախկին փոխնախարար Հակոբ Վարդանյանը հայտարարում էր, թե գծի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են գտնվում, դրանք 85 տոկոսով կատարված են։
Այնինչ՝ օրերս տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդարյանը, 2024թ. բյուջեի կատարման հաշվետության ներկայացման ժամանակ՝ գծի կառուցման աշխատանքների կատարման 80 տոկոսից էր խոսում։
«Պետք է ասեմ, որ աշխատանքների շուրջ 80 տոկոսն արդեն ավարտված է»,- ասում էր Դ.Խուդարյանը։
Ստացվում է՝ 1 տարի առաջ Իրան-Հայաստան բարձրավոլտ երրորդ գծի կառուցման աշխատանքները 85 տոկոսով էին կատարված, 1 տարի հետո կատարված են 80 տոկոսով։ Առաջ գնալու փոխարեն՝ հետ են գնացել։
Նախորդ տարվա կեսերին հայտարարում էին, թե գծի կառուցումը կավարտեն 2024թ. վերջին, այսօր հույս չունեն, որ նույնիսկ այս տարվա վերջին կավարտեն։ Լավագույն դեպքում ակնկալում են, որ գիծը շահագործման կհանձնվի 2026թ.՝ շինարարության մեկնարկից գրեթե 10 տարի հետո։
Այս գծի շինարարությունը, ինչպես հայտնի է, սկսել են նախկինները՝ դեռևս 2016-17թթ.։ Ժամանակին նախատեսվում էր, որ այն պիտի շահագործման հանձնվեր 2019թ., որպեսզի սկսվեր գազ-էլեկտրաէներգիա ծրագրի երկրորդ փուլի իրականացումը։ Բայց իշխանազավթումից հետ, ինչպես շատ ծրագրեր, այս մեկն էլ հայտնվեց «հեղափոխականների» թիրախում։ Անհիմն պատճառաբանություններով՝ մի պահ նույնիսկ կասեցրեցին աշխատանքները։
Յոթ տարի է՝ խոսում են գծի կառուցումն ավարտելու մասին։ Ամեն տարվա սկզբին հայտարարում են, որ տարեվերջին այն պատրաստ կլինի։ Տարիներն անցնում են, իսկ գիծը չկա։
Ավարտի համար նախատեսված ժամկետից անգամ 6 տարի հետո դժվար է ասել, թե ի վերջո գիծը երբ պատրաստ կլինի։ Ու այն, որ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների ներկայիս նախարարը հայտարարում է, թե 2026թ. էլեկտրահաղորդման գիծը պետք է պատրաստ լինի, բոլորովին հիմք չէ, որ այդպես էլ կլինի։ Նման հայտարարություններ նախկին նախարար Գնել Սանոսյանն ու փոխնախարար Հակոբ Վարդանյանը բազմիցս են հնչեցրել, իսկ արդյունքում ունենք այն, որ շինարարության մեկնարկից 9 տարի անց, որից 7 տարին բաժին է ընկնում այս իշխանություններին, գծի կառուցման աշխատանքների հազիվ 80 տոկոսն է կատարված։ Մինչդեռ՝ ժամանակին կառուցելու ու շահագործելու դեպքում այն կարող էր դառնալ Հայաստանի էներգետիկ անվտանգության կարևոր բարձիկներից մեկը։
Գծի անհրաժեշտությունը դրված է գազի և էլեկտրաէներգիայի փոխանակման ծրագրի հիմքում։ Իսկ այդ ծրագրի ժամկետը, վերջերս երկարացնելուց ու պայմաններն ի վնաս Հայաստանի վերանայելուց հետո, նախատեսված է ավարտել առաջիկա 5 տարում։ Պայմանագրի ժամկետը մինչև 2030թ. է։ Այդ ժամկետից ընդամենը 4,5 տարի է մնացել, իսկ գիծը դեռ պատրաստ չէ։ Լավագույն դեպքում կարող է պատրաստ լինել հաջորդ տարի։
Որքան կառուցման աշխատանքները երկար են ձգվում, այնքան այն կորցնում է իր նշանակությունը։ Ոչ մեկը չի կարող երաշխավորել, որ հետագայում գազ-էլեկտրաէներգիա ծրագրի իրականացման պայմանագրի ժամկետը կերկարացվի։ Ու կարող է այնպես ստացվել, որ մինչ կավարտվի գծի կառուցումը, այն կարող է ընդհանրապես անիմաստ դառնալ։ Առավել ևս, որ դրա հետ ժամանակին փոխկապացված Հայաստան-Վրաստան նոր գծի կառուցման ծրագիրն էլ, որով Իրանի էներգետիկ համակարգը պիտի Հայաստանի միջոցով կապվեր Ռուսաստանի հետ, այս իշխանությունների ջանքերով ուղարկվեց պատմության գիրկը։ Այդ ուղղությամբ վաղուց ոչինչ չի արվում։ Այնքան ձգձգեցին աշխատանքները, որ առաջնահերթությունը տրվեց Ադրբեջանին։ Հիմա արդեն Հայաստանը գրեթե շանս չունի տեղավորվելու Իրան-Ռուսաստան էներգետիկ համակարգի տարանցման առանցքում։ Ու ստիպված է կրել այն վնասները, որոնք առաջացան էլեկտրահաղորդման երրորդ գծի կառուցման աշխատանքները ձախողելու հետևանքով։
Թեպետ աշխատանքների ձգձգումը երբեմն կապված էր ծրագրի ֆինանսավորման հետ, որն իրականացնում է իրանական կողմը, ցանկության դեպքում միշտ էլ կարելի էր դրան այլընտրանք գտնել՝ փոխելով համաձայնագրի պայմանները։ Վերջին տարիներին միլիարդավոր դոլարների պարտքեր են վերցրել ու այդ գումարներից մի փոքր մասն էլ կարող էին ուղղել այս ծրագրի իրականացման աշխատանքներն արագացնելու համար։
Բայց չեն արել ու դրանով լուրջ վնասներ են հասցրել երկրին։ Ոչ միայն նրանով, որ այս տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում Հայաստանը կարող էր կրկնակի-եռակի ավելի շատ գազ ստանալ Իրանից ու ավելի շատ էլեկտրաէներգիա արտադրել-արտահանել, այլև չէին առաջանա այն խնդիրները, որոնք առաջացան էներգետիկ համակարգում՝ հանգեցնելով հոսանքի սակագնի բարձրացման։
Այս գծի կառուցման ու շահագործման հետ էր կապված Հրազդանի 5-րդ էներգաբլոկի տեխնիկական վերազինումն ու հետագա շահագործումը։ Երրորդ էլեկտրագիծը պիտի գործարկվեր, որպեսզի Հրազդան 5-ում արտադրվող էլեկտրաէներգիայի մի մասն արտահանվեր Իրան։ Բայց քանի որ գիծը ժամանակին չկարողացան կառուցել ու շահագործման տակ դնել, Հրազդան 5-ում ֆինանսական խնդիրներ առաջացան։ Դրանք փակելու համար էլ գնացին հոսանքի սակագնի բարձրացման։
Ֆինանսական բեռը դրեցին սպառողների վրա, ու արդեն տարիներ շարունակ հոսանքի սակագնի մեջ սպառողները փակում են Հրազդան 5-ի կրած վնասները, որոնք առաջացել էին կառավարության մեղքով՝ երրորդ բարձրավոլտ գծի գործարկման ժամկետները ձախողելու ու տարիներով ուշացնելու պատճառով։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ