Համակարգը «պայթում» է. Չարտադրված հոսանքի համար էլ է սպառողը վճարում
Մինչ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հայտարարում է, թե արևային կայաններով Հայաստանում «2 ատոմակայան» է կառուցել, հավանաբար թաքուն հույսեր փայփայելով, որ դրանք կարող են փոխարինել ատոմակայանին, հատկապես որ, իր հովանավոր եվրոպաշտոնյաները պարտադրում են փակել ատոմակայանը, արևային կայաններն իսկական փորձանք են դարձել էներգահամակարգի գլխին։
Վերջին տարիներին հախուռն, առանց հաշիվ-հաշվարկի, այնքան արևային կայան կառուցելու թույլտվություն են տվել, որ համակարգը պայթում է արևային կայանների պատճառով։ Ստիպված են լինում ցերեկը բազային կայանների հզորություններն իջեցնել կամ հանել ցանցից, գիշերը վերստին արտադրությունն ավելացնել, ինչը համակարգը պահում է պերմանենտ ցնցումների մեջ։
Երբեմն հարկադրված են լինում նույնիսկ ատոմակայանին կպնել, ինչը պարզապես անթույլատրելի է և կարող է անդառնալի հետևանքներ ունենալ։
Այս իրավիճակն առաջացել է իշխանությունների անկազմակերպ ու փնթի աշխատանքի արդյունքում, ինչի հետևանքով էներգետիկ համակարգը ոչ միայն չի շահում, այլև ֆինանսական կորուստներ է կրում։
Ավելցուկային էլեկտրաէներգիայի արտադրությունից համակարգի ռիսկերը նվազեցնելու համար, երբեմն ստիպված են լինում կանգնեցնել արևային առանձին կայանների աշխատանքը։ Բայց դա էլ ի վնաս համակարգի է, որովհետև արևային կայանի հարկադիր կանգառի ու չարտադրված հոսանքի յուրաքանչյուր կիլովատտի դիմաց պարտավոր են վճարել։ Վճարողն էլ սպառողն է։
Այս մասին, բնականաբար, ո՛չ կառավարությունում են խոսում, և ո՛չ է ՀԾԿՀ-ում, որովհետև այս իրավիճակի մեղավորն իրենք են ու պարտավոր են պատասխանատվություն կրել՝ համակարգում արհեստական վնասներ ստեղծելու համար։
Թե մինչև հիմա սպառողների հաշվին ինչքա՞ն գումար են վճարել ավելցուկային արևային էներգիայի արտադրությունը դադարեցնելու ու փոխհատուցում տալու համար, գաղտնի են պահում։ Բայց սպառողները պետք է իմանան, որ այդ գումարները վճարում են իրենց գրպանի հաշվին։ Վճարում են իշխանությունների չմտածված ու չհիմնավորված գործողությունների պատճառով։
Գլուխ են գովում, թե արևային անսահմանափակ հնարավորություններ ունենք, սակայն նույնիսկ այդ առավելությունից չեն կարողանում նորմալ օգտվել։ Այնպես են արել, որ առավելությունը վերածել են կորուստների։
Սրա համար պատասխան տալու փոխարեն, ուրիշներին են պատասխանատվության ենթարկում՝ չեղած բաների համար։ Հազիվ ՀԷՑ-ի վրա գործեր սարքեն ու փորձեն քաղաքական ճնշումներով խլել ուրիշի սեփականությունը։ Իրենց արածների վրա աչք են փակում, որքան էլ իրենց արածների հետևանքները միլիոններ են արժենում սպառողների վրա։
Հպարտանում են, թե արևային կայանների կառուցման ծրագիրը ժամանակից շուտ ավարտել են։ Բայց չեն ասում, որ դրանով փորձանք են բերել համակարգի գլխին։
Այդքան արևային հոսանք համակարգն ի վիճակի չէ «մարսել»։ Ժամանակին այդ մասին մտածելու, քայլեր ձեռնարկելու փոխարեն՝ ձեռքները ծալած նստել էին։ Հիմա, երբ համակարգում խնդիրները գնալով խորանում են, նոր հիշել են, որ պետք է կուտակիչ կայաններ տեղադրեն։
Սա էլ հարկադրված քայլ է, որը գուցե կարող է ինչ-որ չափով թուլացնել համակարգի վրա արևային կայանների ծանրաբեռնվածությունը, բայց դա արդարացված չէ։ Կուտակիչների կառուցումն էապես նվազեցնում է արևային էներգիայի օգտակարությունն ու շահավետությունը։ Դա թանկ հաճույք է, ինչն էապես բարձրացնում է արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքը։ Այդ պարագայում շատերի համար արևային կայան ունենալը կորցնում է իմաստը։
Բայց այս պահին դա օրվա իշխանությունները միակ տարբերակն են դիտարկում՝ իրենց մեղքով համակարգի վրա ստեղծած ճնշումը թուլացնելու համար։ Ու դրա համար հրատապ ռեժիմով Ազգային ժողովում օրենքներ են փոխում։ Հիմնավորումն էլ այն է, որ կտրուկ աճել են արևային կայանների հզորությունները, որոնց արտադրանքն անկայուն է, ինչի պատճառով ստիպված են լինում ցերեկային ժամերին սահմանափակել այլ կայանների հզորությունները, իսկ երեկոյան և գիշերային ժամերին՝ վերականգնել։ Ելնելով դրանից՝ առաջացել է էլեկտրաէներգիայի խոշոր կուտակիչների անհրաժեշտություն, որոնք ցերեկային ժամերին կկուտակեն այդ ավելցուկը, իսկ երեկոյան և գիշերը կվաճառեն ցանցերին։
Քանի որ կուտակիչ կայան կառուցելը թանկ հաճույք է, արտադրողները պատրաստ չեն այդքան փող դնել դրա վրա, դրսից վարկ են վերցել։ Խոսքը շուրջ 100 մլն դոլարի մասին է։ Այդ գումարները վարկերով կտան արևային կայանների սեփականատերերին, որպեսզի կուտակիչներ տեղադրեն։
Մեկ այլ խնդիր է, իհարկե, կուտակիչների հետագա շահագործումն ու հատկապես դրանց շահագործումից հանելը։ Բայց այդ մասին չեն էլ մտածում։
Այս իրավիճակն, անշուշտ, չէր առաջանա, հարկադրված վարկեր վերցնելու կարիք էլ չէր լինի, եթե ժամանակին կառուցեին ու շահագործման հանձնեին Իրան-Հայաստան երրորդ բարձրավոլտ գիծը։ Արևային կայանների կառուցման վերաբերյալ երկարաժամկետ ծրագիրը, որի հիմքերը դրվել էին դեռ նախորդ իշխանությունների ժամանակ, հիմնված էր այն բանի վրա, որ այդ ծրագրի իրականացմանը զուգահեռ՝ պիտի պայմաններ ստեղծեին՝ ավելացնելու հարևան երկրների, և առաջին հերթին՝ Իրանի հետ էլեկտրաէներգիայի փոխհոսքերի սպասարկման հնարավորությունները։ Բայց այս մարդիկ արևային կայանների հզորություններն ավելացրել են, իսկ արտահանման հնարավորությունները՝ ոչ, ինչը պատուհաս է դարձել էներգահամակարգի համար։
Տասը տարի է, Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծ են կառուցում։ Ամեն տարվա վերջին հայտարարում են, թե հաջորդ տարի գիծը պատրաստ կլինի։ Տարիներն անցնում են, սակայն այդ գիծն այդպես էլ մինչև հիմա կիսատ է։ Աշխատանքների գրեթե 20 տոկոսը դեռ մնում են։
Անցած տարվա վերջին հայտարարեցին, թե այս տարի գիծը կհանձնեն շահագործման։ Բայց դատելով նրանից, թե վերջին ամիսներին ինչ իրավիճակ է Իրանում, դա էլ մեծ հավանականությամբ չի լինելու։ Այդ պատճառով էլ շտապում են օր առաջ կուտակիչ կայանների միջոցով մաքրել իրենց «կեղտերը»։ Բայց այնպես չէ, որ բոլորը շահագրգռված են լինելու կուտակիչ կայաններ դնել, որովհետև առանձին դեպքերում իշխանությունները հոսանքի երաշխավորված գնման պարտավորություն են վերցել, իսկ սահմանափակում կիրառելու դեպքում՝ պարտավորվել են փոխհատուցել չարտադրված հոսանքի արժեքը, բնականաբար, սպառողի գրպանի հաշվին։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



