
Չպե՛տք է ներքաշվել Փաշինյանի օրակարգերի մեջ. երբ դու պայքարում ես այն դաշտում, որտեղ ինքն իրեն զգում է իր տարերքի մեջ, դու խթանում ես նրա նպատակների իրագործմանը. Հակոբ Բադալյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը քաղաքական վերլուծաբան Հակոբ Բադալյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
• Եթե պետական տեսանկյունից ենք դիտարկում, այն, ինչ կատարվում է Եկեղեցու շուրջ, մեղմ ասած՝ չի կարող նորմալ համարվել։ Բայց եթե նախընտրական տեսանկյունից ենք նայում, Փաշինյանը, քանի որ նվազագույն խնդիր ունի վերարտադրվելու, գիտի, որ իր էլեկտորատը սպասում է ընդդիմադիր Փաշինյանին, ու նա իր տարերքի մեջ է։
Իհարկե, սրան զուգահեռ՝ զարգանում են խորքային գործընթացներ՝ ընդդեմ Հայ Առաքելական եկեղեցու։ Հայ Առաքելական եկեղեցու (ՀԱԵ) դեմ իշխանությունների կողմից ծավալվող այս գործընթացները պայմանավորված են նաև ադրբեջանական հռետորաբանությամբ և աշխարհաքաղաքական համատեքստով։
• Շատ ցածր է իշխանության վարկանիշը, շատ ծանր է լինելու ընտրություններում 50+1 ձայն հավաքելը, իսկ Փաշինյանի էլեկտորատը պետական վարքագծի սպառող չէ։ Հենց նրանց համար էլ նա աշխատում է։ Նախընտրական տրամաբանությամբ՝ նախկիններ, Ռուսաստան և Եկեղեցի ուղղությունները կռվի նրա հիմնական ուղղություններն են լինելու։ Որքան մոտենան ընտրությունները, այնքան հարձակումներն ավելի են ինտենսիվանալու։
• Հայ Առաքելական եկեղեցին (ՀԱԵ) բացառիկ կառույց է՝ իր խորությամբ, և եթե մրցակիցը դուրս գա մրցունակության ռեժիմից, արտաքին միջավայրում դա դիտելու են՝ որպես հնարավորություն։ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակը մի մեծ, բայց հերթական կաթիլ է աշխարհի համար։ Այնպես որ, սա, կարծում եմ, մեր խնդիրն է։
• Նիկոլ Փաշինյանի այս նախաձեռնությունները չեն կարողանալու հարվածել Եկեղեցու հեղինակությանը, բայց պետք է գնալ խորքը, հասկանալ՝ ինչից սկսվեց։ Ու այստեղ կարևոր է հիշել դեռևս 2018թ․ ծավալված «Մեկ Հայաստան, մեկ Հայրապետ» շարժման լկտի հարձակումները Կաթողիկոսի դեմ։ Կաթողիկոսը մարդ-ինստիտուտ է, ու նրա դեմ հարձակումները հարձակում են ինստիտուտի դեմ։ Այդ ժամանակ հասարակության բացասական վերաբերմունքը ծածկեց այն դժգոհությունը, որը կար Եկեղեցու ու Կաթողիկոսի նկատմամբ 2018թ.-ից առաջ։ Պետք էր օգտվել դրանից ու Եկեղեցի-հասարակություն կապն ավելի սերտացնել։ Ցավոք սրտի, կարծում եմ՝ դա չարվեց։ Հիմա այս իրավիճակը պետք է օգտագործել հասարակության հետ այդ խորքային երկխոսությունը սկսելու համար։ Այլապես հարձակվողը կփոխվի, բայց հարվածներ կշարունակեն լինել։
• Պետք է հասկանալ, որ միայն էմոցիոնալ ֆոնն իրավիճակի շուրջ հարցին լուծում չի տալու, պետք է ավելի խորը դիտարկել։ Գերագույն հոգևոր խորհրդի ժողովի հայտարարությունը ողջունելի է։ Եկեղեցին չգնաց բաց առճակատման, բավականին հավասարակշռված էր, ինչը ստեղծված իրավիճակում ճիշտ լուծում է։
• Երբ Նիկոլ Փաշինյանի դեմ դու պայքարում ես այն դաշտում, որտեղ ինքն իրեն զգում է իր տարերքի մեջ, դու խթանում ես նրա նպատակների իրագործմանը։ Չպետք է ներքաշվել նրա օրակարգերի մեջ։ Այս իմաստով Եկեղեցու հայտարարությունը ողջունելի էր։ Իր գործողություններով Նիկոլ Փաշինյանը հասարակությանը մղեց Եկեղեցու շուրջ գործողությունների։ Կրկնում եմ՝ Եկեղեցու դիրքորոշումը բավականին համարժեք էր, ու Եկեղեցին պիտի սկսի աշխատել ժողովրդի հետ։
• Քաղաքական ուժերը փորձում են Եկեղեցու վրա դնել քաղաքական պատասխանատվություն, ինչը, կարծում եմ, սխալ է։ Եթե մենք փորձում ենք այսօր Եկեղեցու վրա դնել քաղաքական առաջնորդության բեռը, նրան մեծ պատասխանատվության տակ ենք դնում։ Ստացվում է՝ քաղաքական ուժերն իրենց անկարողությունը բարդում են եկեղեցու վրա։
• Հայաստանում կրոնական ազատությունների խնդիր չկա։ Անհասկանալի է՝ ինչո՞ւ է իշխանությունների կողմից այս թեման առաջ բերվում ու քննարկվում։
• Քանի որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվելու համար նաև արտաքին աջակցության խնդիր է ունենալու, պետք է անսա դրսի պահանջներին։ ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալն էր եկել Հայաստան, իսկ մենք տեսանք, որ ԱՄՆ նախագահ Թրամփի ընտրության մեջ կրոնական կազմակերպությունների դերը մեծ էր: Իր այս քայլերով Փաշինյանը փորձում է թրենդի մեջ լինել։
• Մենք այստեղ՝ Հայաստանում, շատ ոգևորվեցինք, որ Դոնալդ Թրամփը զրուցել է Արամ կաթողիկոսի հետ, բայց Արամ կաթողիկոսը Թրամփին հետաքրքրել էր երկու առումով՝ Լիբանան և Համաշխարհային եկեղեցիների խորհուրդ, որի նախագահը մինչև 2027թ․ Արամ կաթողիկոսն է, և որի անդամ է նաև Հայ Առաքելական եկեղեցին։ Եվ մտածել, թե Թրամփին հետաքրքիր է Հայ Առաքելական եկեղեցին, ինքնախաբեություն է։ Թրամփին հետաքրքիր է Համաշխարհային եկեղեցիների խորհուրդը՝ իր 400 միլիոն հետևորդներով։ Թրամփին հետաքրքիր չէ Նիկոլ Փաշինյան-Հայ Առաքելական եկեղեցու վերնախավ հակամարտությունը։ Նա ուզում է նոր հակառակորդներ չունենալ։ Իսկ Հայ Առաքելական եկեղեցին դավանաբանական առումով լուրջ հակառակորդ կարող է լինել։
• Մեծի տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը մինչ այս պահը չի արձագանքել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ հարձակումներին, և այդ լռությունը շատ տարօրինակ է։
• Մերձավոր Արևելքը ենթարկվելու է խորքային փոփոխությունների, և դա տեսանելի է։ Պատահական չէ, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն ասաց, որ ժամանակն է հրաժարվել Ամերիկայի անվտանգային աջակցությունից։ Մյուս կողմից՝ ուժերի նոր բալանսի պարագայում Իսրայելն էլ Ամերիկայի համար այն հետաքրքրությունը չի ունենալու։
• Ինձ համար ծիծաղելի է, երբ կոչ են անում հնչեցնել Եկեղեցու զանգերն ու դուրս գալ փողոց։ Ընդ որում, այդ կոչերն անողներն իրենք որևէ գործողություն նախաձեռնող չեն։
• Եկեղեցին իր հայտարարության մեջ կոչ էր արել իրեն չներքաշել արհեստական օրակարգերի մեջ։ Տեսնենք՝ ինչպիսին կլինի արձագանքը։ Եթե մեր Եկեղեցին անցել է հազարամյակների փորձությունների միջով ու կանգուն է մնացել, դա առաջին հերթին՝ այն պատճառով, որ այդ մարտահրավերներին Եկեղեցին չի արձագանքել հուզական շարժառիթներով։
• Մենք չունենք պատասխան՝ ինչ հարցեր են քննարկվում հայ-ադրբեջանական բանակցություններում։ Ապրիլի 1-ին Գերմանիայի նախագահն ասաց, որ ԵՄ ԱԳ նախարար Կայա Կալլասը գալու է Հայաստան․ ո՞ւր է, մինչև այժմ չի եկել։ Ենթադրվում է, որ Ալբանիայում քննարկվել են ճանապարհների հարցերը, սակայն սրանք միայն ենթադրություններ են։
• Բուդապեշտում Էրդողանը թուրքալեզու պետություններին կոչ արեց ավելի ակտիվ լինել Միջին միջանցքի բացման հարցում։ Միևնույն ժամանակ Լաչինում նաև Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան ուժի ցուցադրությունը տեղի ունեցավ։ Էական է՝ ինչպես կարձագանքի Ռուսաստանը, կաջակցե՞ն, թե՞ ոչ Իրանին, որովհետև Ռուսաստանի համար կարևոր է, որ այդ ճանապարհն այլ խաղացող չվերահսկի։ Չբացառենք, որ այդտեղ կարող են լինել պայմանավորվածություններ։ Չմոռանանք նաև Չինաստանի մասին, որովհետև նա ևս Միջին միջանցքի շահառու է։
• Հայաստանը հակազդել չի կարող, սոսկ դիվանագիտական ճանապարհով կարող է նրբորեն առաջ մղել մեր շահերը։
• Եթե մենք ասում ենք՝ Ֆրանսիան կլինի Սյունիքում, դա նշանակում է՝ Ֆրանսիան կլինի Սյունիքում Թուրքիայի համաձայնությամբ։ Ֆրանսիան, այո՛, ունի այստեղ ամուր ներկայության ցանկություն, բայցև նույն Ֆրանսիան չունի Հայաստանի անվտանգության համար ամբողջական պատասխանատվություն կրելու ցանկություն, այնպես, ինչպես գոնե հայ-ռուսական հարաբերությունների պարագայում էր։ Պետք է փորձել ֆրանսիական այդ հետաքրքրությունը վերածել տնտեսական հարաբերությունների։
• Սյունիքում ռուսական հյուպատոսության բացման հետաձգումը, կարծում եմ, պայմանավորված է հարակից հարցերով։ Չեմ կարծում, թե որևէ մեկն արգելում է Հայաստանին թույլ տալ Սյունիքում ռուսական հյուպատոսություն բացել։
• 2018թ., երբ Հայաստանում ՌԴ դեսպան Կոպիրկինը նոր էր նշանակվել, նա խոսում էր այն մասին, որ Ռուսաստանը Հայաստանում պիտի անցնի փափուկ ուժի քաղաքականության։ Նման խոսույթ նախկինում չէր եղել, իսկ մենք այդ ժամանակ դրան ուշադրություն չդարձրեցինք։ Հայ-ռուսական հարաբերությունները չեն կարող առաջվանը լինել, որովհետև աշխարհն էլ առաջվանը չէ։
• Ուկրաինական հարձակումից մեկ օր հետո ռուսները չհրաժարվեցին մեկնել Ստամբուլ ու բանակցել ուկրաինացիների հետ, որովհետև դա շատ փոքր դրվագ էր ընդհանուր հակամարտության համատեքստում։
Հիշեցնենք, կիրակի օրն ուկրաինական անօդաչու թռչող սարքերը՝ ավելի քան 117 դրոն, հարվածել են Ռուսաստանի մի քանի ռազմական օդանավակայանների, BBC-ի ուկրաինական ծառայությանը հայտնել է Ուկրաինայի անվտանգության ծառայության աղբյուրը։ Նրա խոսքով՝ պատերազմից ի վեր ամենամեծ նման հարձակման հետևանքով խոցվել է ՌԴ ավիացիայի ավելի քան 40 ինքնաթիռ, այդ թվում՝ Ա-50, Տու-95, Տու-22 Մ3։
Ռուսական իշխանությունները հաստատել էին անօդաչու սարքերի հարվածները երկու մարզերի վրա, որտեղ տեղակայված են ռազմական օդանավակայաններ։
Ուկրաինայի զինված ուժերը հայտնել էին, որ «Սարդոստայն» հատուկ գործողության արդյունքում ռուսական ավիաբազաներում խոցվել է թևավոր հրթիռներ կրող ռազմավարական կործանիչների 34%-ը, վնասը կազմել է շուրջ 7 մլրդ ԱՄՆ դոլար։
ԱՄՆ նախագահ Թրամփը նշել է, թե Զելենսկին իրեն չի տեղեկացրել հարձակման մասին, սակայն մի շարք աղբյուրներ նշում են, որ ռազմավարական նշանակության կառույցների տեղը բացահայտել են ամերիկյան հետախույզները։
Ռուսական աղբյուրները, սակայն, նշում են, որ Ուկրաինան ոչնչացրել է ոչ թե 40, այլ 4 ռուսական կործանիչ։ Իրականությունն իմանալը դժվար է, քանի որ 2 կողմից էլ աշխատում է քարոզչությունը։
Մանրամասները՝ տեսանյութում։