Եթե Հայաստանն ադրբեջանական սցենարով դառնա ոչ կենսունակ, թույլ պետություն, Հարավային Կովկասում Ռուսաստանի փոխարեն՝ Թուրքիան դառնա թիվ մեկ խաղացող. Բենիամին Պողոսյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն «Ապրի Արմենիա» (APRI Armenia) վերլուծական կենտրոնի ավագ գիտաշխատող Բենիամին Պողոսյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

• Ադրբեջանական պահանջները պատրվակ են փաստաթուղթ չստորագրելու համար։ Ադրբեջանի նախագահն ինքն է ակնարկում, որ պահանջները շարունակ ավելանալու են։ Մի բան հստակ է՝ առանց չափից դուրս ուժեղ արտաքին ճնշման՝ Ադրբեջանը դժվար թե ստորագրի այն տեքստը, որը համաձայնեցվել է 2025թ․ մարտին։ Ադրբեջանը ձգտում է էսկալացիայի՝ ռազմական գործողությունների։

• Խաղաղության պայմանագրի մասին ՀՀ իշխանությունների հայտարարությունների ներքաղաքական կոմպոնենտը նույնպես կարևոր է։ Հայաստանում խորհրդարանական ընտրություններ են սպասվում, և ժողովուրդը տեսել է՝ 2021թ.-ից հետո մենք ինչ կորուստներ ենք ունեցել՝ Արցախի ոչնչացում, Հայաստանի տարածքների օկուպացիա, ադրբեջանցիները գտնվում են Գեղարքունիքի մարզում, Ջերմուկում, Հայաստանի այլ տարածքներում… Եվ հասկանալի է, որ կառավարությունը չի ցանկանում գնալ քարոզարշավի՝ առանց դրա դիմաց արգումենտներ ունենալու։ Դրա համար նրան պետք է Ադրբեջանի հետ ստորագրված որևէ թուղթ խաղաղության օրակարգի մասին, որպեսզի մեր հասարակությանն ԱԺ ընտրություններից առաջ այդ կորուստների ֆոնին գոնե մի բան ցույց տան։

Կարդացեք նաև

• Ալիևի վրա արտաքին ճնշում սպասելի չէ, հետևաբար՝ այդ փաստաթուղթը մենք առաջիկա մի տարում չենք ունենա։ ՔՊ-ն երևի թե հանդես կգա հետևյալ առաջարկով՝ հարգելի ընտրողներ, եթե դուք քվեարկեք մեր օգտին, կունենաք հույս, որ Ադրբեջանի և Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորվեն։ Եթե քվեարկեք այլ ուժերի օգտին, պատերազմի հավանականությունը կտրուկ կմեծանա։ Հիմնական մեխն այն է լինելու, որ մարդկանց համոզեն, թե խաղաղության օրակարգը չի ձախողվել, և կձախողվի, երբ իրենք չընտրվեն։ Սա անելու համար հիմիկվանից պիտի անընդհատ շեշտեն՝ լինելու է խաղաղություն, չի լինելու պատերազմ։ Հենց այդ պատճառով էլ հենց սա ենք մենք հիմա անդադար լսում ՔՊ-ականներից։

Հիշեցնենք, որ բազմաթիվ անգամներ, այդ թվում՝ 2024թ. սեպտեմբերի 11-ին, Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ չկա երաշխիք, որ Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագիր» ստորագրելուց հետո ադրբեջանական կողմն այլևս տարածքային պահանջներ չի ներկայացնի։ «Հետո տարածքային պահանջներ էլի կառաջանան՝ անկախ նրանից՝ Խաղաղության պայմանագիր կլինի՞, թե՞ ոչ»,- հայտարարել էր Փաշինյանը՝ ընդգծելով՝ իրեն հայտնի չէ աշխարհում որևէ Խաղաղության պայմանագիր, որով հակամարտող կողմերը կարողանում են կարգավորել իրենց բոլոր խնդիրները։

• Ադրբեջանը Հայաստանի տարածքում ցանկանում է ստեղծել Ադրբեջանի Ինքնավար Հանրապետություն՝ ադրբեջանցիներով բնակեցված։ Դրա նպատակը Հայաստանը ոչ կենսունակ պետություն դարձնելն է։ Ադրբեջանցիները որոշել են, որ միակ աշխատող ռեալ երաշխիքը, որ Հայաստանը երբևէ չի փորձի վերադարձնել 2020-2023թթ․ կորցրածի գոնե մի մասը, նրան թույլ, ոչ կենսունակ պետություն դարձնելն է։

• Հիմա շատերն ասում են՝ տեսե՛ք, Վրաստանում կամ Ռուսաստանում հայերն ու ադրբեջանցիներն ապրում են կողք կողքի, ունեն տնտեսական հարաբերություններ, բայց այդպես մտածելը սխալ է, քանի որ դա նրանց չխանգարեց, որ ադրբեջանցիներն Արցախը հայաթափեին… Իրար հետ կապ չունեցող բաները միմյանց հետ հատելու նպատակն անհասկանալի է։ Եթե ոմանց թվում է, թե նման հռետորաբանությունը կամ ամեն ինչ զիջելն Ադրբեջանին ստիպելու է հետ կանգնել իր նպատակներից, սխալվում են։ Արցախահայության սովամահ անելու ժամանակ էլ միգուցե X երկրի X ռեստորանում հայերն ու ադրբեջանցիները միմյանց հետ մի սեղանի շուրջ խնջույքի են մասնակցել, և՞… դա չի խանգարում Ադրբեջանին իր ծրագրերն իրագործել:

• Ինչո՞ւ պետք է Ադրբեջանը Հայաստանին հիմա ինչ-որ մի բան զիջի… Ինչո՞ւ… Ադրբեջանն իր ծրագրերն ունի ու իր շահերը:

• Ադրբեջանցիներին, այդ թվում՝ օտարերկրացիները, ասում են՝ Հայաստանում կա կառավարություն, որը պատրաստ է ամեն ինչ զիջել, ինչո՞ւ չեք ստորագրում փաստաթուղթը, քանի որ կստանաք ձեր ուզած ամեն բան։ Ադրբեջանցիները պատասխանում են՝ մեզ համար կարևոր չէ՝ ո՞վ է Հայաստանում ղեկավար, ի՞նչ է նրա ազգանունը, այլ կարևոր է, որ Հայաստանը թույլ լինի։

• Ադրբեջանը, կրկնում եմ, նպատակ ունի Հայաստանը դարձնել ոչ կենսունակ, թույլ պետություն: Ոչ կենսունակ պետությունում ապրելը, մեղմ ասած, հաճելի բան չէ, հետևաբար՝ շատ-շատերը կլքեն երկիրը։ Հետևաբար՝ Հայաստանի սոցիալապես ակտիվ մարդիկ պետք է մտածեն՝ ինչպե՞ս անել, որ թույլ չտանք, որ Հայաստանը դառնա ոչ կենսունակ պետություն, որովհետև նման մարդկանց համար, որոնց թիվը կարող է լինել, ասենք, 1.5 միլիոն, Հայաստանում ապրելը կլինի անհնար։

• 2020-2022թ., մինչև Արցախի ոչնչացումը, Ադրբեջանի համար ավելի կարևոր էր՝ ով կլինի Հայաստանի ղեկավարը, քան 2025 թվականից հետո։ Հիմա արդեն կարևոր է Հայաստանի թույլ լինելը։ Ադրբեջանի պատկերացմամբ, եթե ուժերի բալանսը տարիներ հետո ինչ-ինչ պատճառներով փոխվի, հայերը, օրինակ՝ 2040թ., կարող են ադրբեջանցիներին պահանջներ ներկայացնել ու պատժել 20 տարի առաջ կատարածի համար։ Հետևաբար՝ իրենց համար կարևոր է, որ Հայաստանը լինի շատ ավելի թույլ՝ կլինի Զանգեզուրի միջանցքո՞վ, թե՞ առանց Միջանցքի։

• Նիկոլ Փաշինյանի Մայիսի 28-ի ուղերձի իմաստը, թերևս, հետևյալն էր՝ մի՛ համարեք Արցախը ձեզ հայրենիք։ Հրեաները երկար տարիներ պետություն չունեին, բայց Հայրենիք ունեին։ Հետևաբար՝ անհասկանալի է Փաշինյանի նշած այդ հակադրությունը։

• Հայաստանի առնվազն 200 ք/կմ տարածք գտնվում է ադրբեջանական օկուպացիայի ներքո, ու Հայաստանը չի խոսում դրանք հետ բերելու մասին, ու ասել, որ Հայաստանը հիմա ավելի ինքնիշխան է, քան երբևէ, երբ քո երկրի տարածքներն ադրբեջանական օկուպացիայի ներքո են, չգիտեմ՝ որքանով է հիմնավոր։

«29 հազար 743 քառ. կմ միջազգայնորեն ճանաչված տարածքով Հայաստանի Հանրապետությունը հայ ժողովրդի ոչ թե կորուստների, այլ ձեռքբերումների արտահայտությունն է: «Մեր ժողովուրդը հայրենիք փնտրելու կարիք չունի այլևս, հայրենիքի մասին երազելու անհրաժեշտությունը չկա, որովհետև մեր երազանքներն իրագործված են, հայրենիքը՝ գտնված՝ ի դեմս Հայաստանի Հանրապետության, ի դեմս պետության: 2020 թվականից ի վեր անցնելով դաժան փորձությունների միջով, մեր նահատակների կյանքի գնով՝ մենք մեր ինքնիշխանությունը զարգացնելու, պետականությունը գիտակցելու ու հարատև դարձնելու պատմական հնարավորություն ենք ստացել: Այսօր մենք ավելի պետություն ենք, քան երբևէ, ավելի ինքնիշխան ենք, քան երբևէ, ավելի անկախ ենք, քան երբևէ»,- մայիսի 28-ին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը:

• Ինձ մոտ կա ընկալում, որ վերջին կես տարում իշխանությունը սկսել է հասկանալ, որ իրենց չեն կարող թույլ տալ Ռուսաստանի հետ ոչ բարեկամական գծի, թշնամական հարաբերությունների մեջ գտնվել։ Երևանում ՌԴ ԱԳ նախարար Լավրովը հաստատեց, որ 2024թ․հոկտեմբերի 8-ին Պուտին-Փաշինյան հանդիպումից հետո հանձնարարական է  իջեցվել երկու երկրների գերատեսչությունների ղեկավարներին՝ սերտացնել հարաբերությունները միմյանց հետ։ Հայաստանն այս փուլում գոնե իրեն չի կարող թույլ տալ Ռուսաստանի հետ հարաբերությունների հետագա վատթարացում։

• Առնվազն 2 տարի Սյունիքում ՌԴ հյուպատոսություն բացելու հնարավորությունը քննարկվում է։ Ընդ որում, ռուս դիվանագետները փաստացի այնտեղ են։ Ես էական պատճառ չեմ տեսնում, թե ինչո՞ւ Սյունիքում չպետք է լինի ռուսական հյուպատոսություն։ Թերևս մոտ ամիսներին հյուպատոսության հարցը պետք է որ լուծվի, եթե ռուսական կողմի համար դա ծայրահեղ կարևոր է։

• Մարդիկ, ովքեր 2 տարի առաջ ասում էին, որ ռուս-ուկրաինական պատերազմը Ռուսաստանի վերջի սկիզբն է, փաստի առաջ են կանգնել։ Ընդ որում, այդ մարդիկ հիմա էլ են Հայաստանում առանցքային պաշտոններ զբաղեցնում։

• Դեռ երկար ժամանակ Հարավային Կովկասը լինելու է արտաքին խաղացողների թատերաբեմ։ Այլ հարց է՝ ով է լինելու առաջինը։ Կա՛մ Ռուսաստանի ու Թուրքիայի միջև կլինի սուր պայքար՝ Ռուսաստանին զրկելու հիմնական խաղացողը լինելու դերից, կա՛մ Թուրքիան ու Ռուսաստանը Հարավային Կովկասը կդարձնեն ՓԲԸ ու կկառավարեն միասին, գումարած՝ Իրանը։

• Եթե Հայաստանն ադրբեջանական սցենարով դառնա ոչ կենսունակ, թույլ պետություն, դա ուղիղ ճանապարհ է, որ Հարավային Կովկասում Թուրքիան դառնա թիվ մեկ խաղացող: Հետևաբար՝ տարածաշրջանում մենք և Ռուսաստանը կարող ենք ունենալ ընդհանուր շահեր՝ յուրաքանչյուրս մեր պատճառներով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս