Իրանը վերսկսում է ԵԱՏՄ–ի հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ աշխատանքը. Սլեպնյով
Իրանը հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտության պատճառով առաջացած հարկադիր դադարից հետո մտադիր է ամբողջ ծավալով վերսկսել Եվրասիական տնտեսական միության հետ ազատ առևտրի գոտու վերաբերյալ համաձայնագրի իրագործման աշխատանքները։ «Ինտերֆաքսին» տված հարցազրույցում այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) առևտրի նախարար Անդրեյ Սլեպնյովը։
«Մարտին աշխատանքները դժվարացել էին, հակամարտության առաջին շաբաթվա ընթացքում մենք նույնիսկ կապի հետ կապված լուրջ խնդիրներ ունեինք, էլ չեմ ասում պլանային նիստերի անցկացման հետ կապված դժվարությունները։ Սակայն այսօր իրավիճակը փոխվել է, և կարող եմ ասել` ամենակարևոր ուղերձը, որ լսեցինք Աստանայում տեղի ունեցած հանդիպման ժամանակ նախարար Աթաբակից (Իրանի արդյունաբերության, հանքերի և առևտրի նախարար Սեյեդ Մոհամմադ Աթաբակ – ԻՖ), բոլոր ուղղություններով պլանային լիաֆորմատ աշխատանքների վերսկսման կոչն էր», – հայտնել է նա։
Աշխատանքային շփումները վերսկսվում են ամբողջությամբ՝ աշնանը Թեհրանում նախատեսված համատեղ կոմիտեի երկրորդ նիստին նախապատրաստվելու համար։
ԵԱՏՄ երկրների և Իրանի միջև ազատ առևտրի համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2025 թվականի մայիսին։
«Մենք տեսնում ենք, որ 2025 թվականը առևտրի հերթական աճ է տվել՝ 15.5%-ով։ Իրան մեր մատակարարումներն աճել են ավելի քան 20%-ով։ Նշեմ, որ սա աճ է արդեն իսկ բավական բարձր ցուցանիշից. մենք արդեն մի քանի տարի է, ինչ արագ տեմպերով աճում ենք, և, իհարկե, տարեցտարի ավելի դժվար կլինի պահպանել այս տեմպը», – մեկնաբանել է Սլեպնյովը համաձայնագրի իրագործման առաջին տարվա արդյունքները։



