Ի պատասխան Ալեն Սիմոնյանի. փաստերն ու կոնկրետ կետերը, թե որքանով է այս ամենը համապատասխանում ՀՀ պետական շահին, և ինչ է ստացել իրականում Հայաստանը. Յանա Մանթաշևա
Յանա Մանթաշևան գրում է. «Ի պատասխան Ալեն Սիմոնյանի այն թեզերին, թե իբր գործընթացները տեղի են ունենում «Հայաստանի շահերից ելնելով»՝ զուտ ներկայացնում եմ փաստերն ու կոնկրետ կետերը, թե որքանով է այս ամենը համապատասխանում ՀՀ պետական շահին, և ինչ է ստացել իրականում Հայաստանը։
Սյունիք, Սև լճի տարածք
2021 թվականից սկսած՝ Ադրբեջանի ստորաբաժանումների ապօրինի առաջխաղացման հետևանքով օկուպացվել են Սև լճի շրջակայքի և հարակից լեռնաշղթայի մի շարք կարևոր հայկական բարձունքներ։
Սյունիք, Գորիս–Կապան–Շուռնուխ–Որոտան գիծ։
Գորիս–Կապան միջպետական նախկին մայրուղու 20–25 կմ հատվածը և դրա վրա գտնվող մի շարք հենակետային բարձունքներ հայտնվել են Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս կորուստը թույլ է տալիս Ադրբեջանին տեսանելիորեն վերահսկել Սյունիքի ներքին շարժը և Գորիս–Կապան–Մեղրի ուղղությամբ կապը։
Սյունիք, Ճակատեն–Շիկահող–Ագարակ ուղղություն։
2020 թվականի պատերազմից հետո Ադրբեջանի զինուժը դիրքավորվել է ՀՀ տարածքի մի շարք կարևոր բարձունքներում կամ անմիջապես սահմանագծին, ինչի հետևանքով ուղիղ նշանառության և վերահսկողության տակ են հայտնվել հայկական գյուղերն ու ներքին ճանապարհները (ինչը կիրառվում է որպես օպերատիվ ճնշման լծակ)։
Գեղարքունիք, սահմանամերձ լեռնաշղթաներ։
2021–2023 թթ․ ընթացքում հակառակորդի ներխուժումների հետևանքով զբաղեցվել են Սոթքի և հարակից սահմանային գոտու մի շարք ռազմավարական բարձունքներ, որոնք գտնվում են ՀՀ ներսում։ Խոսքը մոտավորապես 20–30 քկմ հայկական տարածքի մասին է (բարձունքների և դիրքերի ցանց)։
Վայոց ձոր, Ջերմուկի ուղղություն։
2022 թվականի սեպտեմբերյան հարձակման արդյունքում Ադրբեջանը զբաղեցրել է մի շարք կարևոր բարձրություններ Ջերմուկ քաղաքի անմիջական հարևանությամբ։ Սա նրանց հնարավորություն է տալիս վերևից ուղիղ դիտարկել քաղաքն ու մշտական հրետանային սպառնալիք ստեղծել։
Տավուշի սահմանագոտի, սահմանագծման ընթացքում
2024–2026 թթ. ընթացող սահմանագծման գործընթացով որոշ լեռնաշղթաներ և բարձունքներ, որոնք մինչ այդ գտնվում էին ՀՀ զինված ուժերի վերահսկողության տակ և ապահովում էին մեր անվտանգությունը, հանձնվում են հակառակորդ կողմին՝ հիմք ընդունելով խորհրդային տարիների քարտեզները։ Խոսքը բարձունքների մասին է, որոնք կենսական նշանակություն ունեն մեր ճանապարհների, կամուրջների և սահմանամերձ գյուղերի անվտանգության դիտարկման համար։
Տավուշի ուղղությամբ զիջվող տարածքները։
Խորհրդային տարիների նախկին բնակատեղիներն ու հարակից հողերը, որոնք գտնվում են հայկական Բաղանիս, Ոսկեպար և հարևան գյուղերի անմիջական միջակայքում, բանակցությունների կամ սահմանագծման արդյունքում փոխանցվում են հակառակորդին։
Ադրբեջանական կողմը պնդում է, որ խորհրդային քարտեզներով Հայաստանի ներսում գտնվող «իրենց» նախկին տարածքների և դրանց հասնող միջանցքների ամբողջական ծավալը կազմում է մոտ 30–40 քկմ։ Այդ հողերի մի մասն արդեն ներառվել է Տավուշի ընթացիկ սահմանագծման փաթեթում, իսկ մնացած հատվածները թողնվել են հետագա փուլերին։
Արդյունքում Հայաստանի Հանրապետությունը հակառակորդից որևէ նոր տարածք, բարձունք կամ ռազմավարական առավելություն չի ստացել։
Չպետք է մոռանալ նաև Ալեն Սիմոնյանի այն միտքը, թե «ադրբեջանցիները մեղք են, որ այսքան տարի զրկված են եղել Արցախից, այնտեղ ապրելուց»։
Եթե առաջնորդվենք նույն տրամաբանությամբ և նույն նախադասությունը պրոյեկտենք հայկական գյուղերի ու տարածքների վրա, ապա հարց է առաջանում՝ արդյո՞ք նույն պաշտոնյան երբևէ կասի, որ ազերները մեղք են, որոնք զրկվել են «իրենց» տներից, «հայրենի» հողից ու անվտանգությունից, և ոչինչ չպետք է խանգարի նրանց՝ թույլ տալու, որ գան ու վերաբնակվեն իրենց «պատմական» տարածքներում»։



