Իրանը կբանակցի, բայց չի վստահում ԱՄՆ-ի խոստումներին. խորհրդարանի փոխնախագահ

Իրանն անհրաժեշտության դեպքում կբանակցի, բայց չի վստահում ԱՄՆ-ի տված որևէ խոստման, հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխնախագահ Մոջթաբա Նիկզադը:

«Սխալ է ասել, որ մենք միայն կռվում ենք և բանակցություններ չենք վարում: Մենք կբանակցենք անհրաժեշտության դեպքում, բայց չենք վստահում ամերիկացիների որևէ խոստման։ Նրանք մեր դեմ հանցագործություններ են կատարել ամենադաժան ձևով»,- Tasnim լրատվական գործակալությանն ասել է նա:

Որպես ԱՄՆ հանցագործությունների ապացույց՝ նա մեջբերել է երկու միջուկային գիտնականների սպանության նպատակով հրթիռային հարվածները, ինչպես նաև այս տարվա փետրվարին Հորմոզգան նահանգի Մինաբ քաղաքի տարրական դպրոցի վրա հարձակումը, ինչի հետևանքով ավելի քան 170 աշակերտ, ուսուցիչ և աշխատակից է սպանվել:

Իրանական լրատվամիջոցները մինչ այդ հաղորդել էին, որ Իրանն ու ԱՄՆ-ն օրեր առաջ դադարեցրել են բանակցությունները, թեև ԱՄՆ նախագահը երեկվանից արդեն երկրորդ անգամ հերքել է դա:

Մոջթաբա Նիկզադը նաև հերքել է միջազգային լրատվամիջոցների պնդումները, թե պատերազմի հետևանքով Իրանում սով է: Նա ասել է, որ հակամարտության թեժ պահին 7 միլիոն մարդ է տեղահանվել, որոնցից շատերը տեղափոխվել են երկրի հյուսիս, սակայն կառավարության ձեռնարկած ջանքերի շնորհիվ ոչ ոք սննդի, կացարանի և անհրաժեշտ պարագաների կարիք չի ունեցել:

Մոջթաբա Նիկզադն այս հայտարարություններն արել է այն ժամանակ, երբ ԱՄՆ-ն և Իրանը հրադադարի ընթացքում արդեն առնվազն չորրորդ անգամ հարվածներ են փոխանակել:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930