Բաժիններ՝

Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17 հա մակերեսով հողամասը. Գլխավոր դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է

Դատախազությունը տեղեկացրել էր, որ 2008 թվականի հոկտեմբերի 8-ից մինչև 2015 թվականի ապրիլի 30-ն ընկած ժամանակահատվածում Աբովյան քաղաքի ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Կ.Գ.-ն, անտեսելով Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված կարգավորումը (ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարման ոչ ենթակա հողեր), Աբովյանի համայնքապետարանի իրավասու անձանց օժանդակությամբ, աճուրդներով և ուղղակի վաճառքով տարբեր ֆիզիկական և իրավաբանական անձանց օտարել է 60-ից ավելի հողատարածք:

Ապօրինի օտարված հողատարածքների ցանկում է եղել Աբովյան քաղաքի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը. այն 2016 թվականի հունիսի 6-ին աճուրդ վաճառքի միջոցով օտարվել է ֆիզիկական անձի: Վերջինս 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագրի հիման վրա նույն հողամասը 72 միլիոն դրամով օտարել է այլ անձի:

Գլխավոր դատախազությունը, պետական (համայնքային) շահերի պաշտպանության հայց հարուցելու լիազորության շրջանակում, հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ ընդդեմ Աբովյան համայնքի՝ աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջով։

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի մայիսի 29-ի վճռով՝ բավարարվել է Գլխավոր դատախազության հայցը:

Վճռով անվավեր է ճանաչվել Աբովյան համայնքի կողմից կայացված աճուրդը և որպես աճուրդի անվավերության հետևանք՝ անվավեր են ճանաչվել Աբովյան համայնքի և ֆիզիկական անձի միջև 2016 թվականի հունիսի 6-ին կնքված հողամասի առուվաճառքի մասին պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը: Միաժամանակ անվավեր է ճանաչվել 2024 թվականի մարտի 22-ին կնքված անշարժ գույքի առուվաճառքի վերաբերյալ պայմանագիրը և պայմանագրի հիման վրա կատարված սեփականության իրավունքի պետական գրանցումը:

Վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո, Աբովյան համայնքին կվերադարձվի Ռոսիա փողոցի 1/25 հասցեում գտնվող՝ 0,17521 հա մակերեսով հողամասը:

Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն քրեական դատարանում քննվող գործով Աբովյանի նախկին քաղաքապետ Կ.Գ.-ն մեղադրվում է հողատարածքներ ապօրինի օտարելու (65 դրվագ), պաշտոնեական կեղծիքի (49 դրվագ), փողերի լվացման (2 դրվագ) և պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930