Փաշինյանը կասկածի հարցանշաններ է առաջացնում Հայոց ցեղասպանության նկատմամբ, դա անընդունելի է․ Լևոն Զուրաբյան

Ցեղասպանության երևույթի, դրա շուրջ եղած գործընթացների գնահատման հարցերում ընդհանրապես կարող են շատ մեծ տարաձայնություններ լինել, բայց մենք պետք է հասկանանք՝ ի՞նչն է մեզ համար կարևոր։ Այս հարցերը գնահատելու համար Ցեղասպանության հարցն արժե երկու հարթության մեջ նայել։ Առաջին հարթությունն ընդհանրապես մեր հիշողության, ազգային ինքնության մաս լինելու և զոհերի հիշատակին տուրք տալու, այդ մասին չմոռանալու, միշտ նշելու, այդ կրակը մեր հոգիներում վառ պահելու խնդիրն է։ Դա չի կարելի ուրանալ երբեք, քանի որ հիշողության հարց է, մոռանում ես՝ դառնում ես մանկուրտ՝ այթմատովյան սահմանմամբ։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ Լևոն Զուրաբյանը։

«Մյուս հարցն արդեն Ցեղասպանության հետ կապված քաղաքականությունն է, այսինքն՝ ի՞նչ քաղաքական նպատակներ ենք դնում մեր առաջ՝ որպես պետություն, և ինչպե՞ս ենք դրանք իրագործում։ Շատ կարևոր է այս երկու հարցերը տարանջատելը, որովհետև այդտեղ մենք կզգանք Նիկոլ Փաշինյանի, ՀՅԴ-ի և ՀԱԿ-ի տարբերությունները։ Շատ հետաքրքրական բան է կատարվում հիշողության խնդրի հետ։ Նիկոլ Փաշինյանն առաջին անգամ կարծես անում է մի բան, որը երբեք չի արվել։ Նա փորձում է խարխլել հիշողության շերտերը։ 1995 թվականին լրացավ Ցեղասպանության 80-ամյակը։ Ի՞նչ արեց այդ ժամանակ նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ երկու կարևորագույն քայլ այդ հիշողության ամրապնդման գործում»,- ասաց քաղաքական գործիչը։

«Առաջինը՝ նա հրամանագիր ստորագրեց, որով հիմնադրվեց Ցեղասպանության թանգարանը, սկսվեց դրա շինարարությունը։ Կարևոր էր, որ մինչև այդ Հայաստանի պետությունը դա չէր արել, և հիմա այդ թանգարանը շատ կարևոր առաքելություն է կատարում՝ ամբողջ աշխարհին, մեր սերունդներին ծանոթացնելով այդ իրողության հետ, որ մենք դա երբեք չմոռանանք, և այդ տեղեկատվությունը հնարավոր չլինի կեղծել, փոխել, մոռացության մատնել։ Երկրորդը՝ նա հրավիրեց գիտաժողով աշխարհի հանրաճանաչ ցեղասպանագետների և պատմաբանների մասնակցությամբ, ինքն էլ կարևոր ելույթ ունեցավ, որն արժանի է վերադիտման և վերընթերցման»,- նշեց Զուրաբյանը։

Կարդացեք նաև

Ընդդիմադիր գործչի կարծիքով՝ եթե Նիկոլ Փաշինյանն այսօր հարցնում է՝ չհասկանա՞նք՝ ի՞նչ է եղել Ցեղասպանության հարցում, ի՞նչ պատումներ են փաթաթել մեր վզին, և այլն, պետք է ասել՝ Փաշինյա՛ն, գնա, կարդա․

«Տեր-Պետրոսյանի այդ ելույթում տրված է անգերազանցելի գիտական և քաղաքական վերլուծություն, որը, ի դեպ, ոչ ոք կասկածի տակ չի առել մինչ այժմ։ Դա միաժամանակ գիտնականի և պետական գործչի ելույթ է, որտեղ այդ բոլոր գնահատականները տրված են, ընդհուպ մինչև՝ թե ինչպես է առաջացել Հայկական հարցը Բեռլինի վեհաժողովից հետո, և ինչպես է դրանից անմիջապես հետո Օսմանյան կայսրության կառավարությունը որդեգրել հայերին ըստ էության ցեղասպանելու, ոչնչացնելու քաղաքականությունը, որն իրականացրել է մի քանի տասնյակ տարի։ Դրա գագաթնակետը դարձավ 1915 թվականի ցեղասպանությունը, չի կարելի այն անջատել ամբողջից, դա մի մեծ գործընթաց էր, քաղաքականություն, որն իրականացրել է Օսմանյան կայսրությունը»:

«Խոսվել է նաև եվրոպական պետությունների՝ Անգլիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ռուսաստանի պատասխանատվության հարցի մասին։ Այսինքն, սա հիշողության հարթության հարց է։ Բայց Փաշինյանն անում է աննախադեպ բան՝ նա անգամ այս հարթության մեջ փորձում է ինչ-որ մանևրներ անել, որ կարողանա թուրքերին հաճոյանալ, տեղավորվել նրանց պատումների մեջ կամ գոնե կասկածի հարցանշաններ առաջացնել Հայոց ցեղասպանության հետ կապված ճշմարտության նկատմամբ։ Այն, ինչ նա անում է, ուղղակի անընդունելի է։ Երկրորդ խնդիրն արդեն քաղաքականության հարցն է, երբ պետք է հասկանալ՝ մենք ինչի՞ ենք ուզում հասնել։ Հո ցեղասպանության ճանաչումն ինքնանպատակ չէ՞։ Մենք ճանաչման հասնում ենք, որ ինչ-որ խնդիր լուծվի, և դա արդեն քաղաքական ռազմավարության հարց է»,- ամփոփեց Լևոն Զուրաբյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս