«Փաշինյանը գիտի՝ կա փաստաթուղթ, որը կարող է լինել իր քաղաքական մահախոսականը». Դավիթ Սիրունյան

ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնող Արարատ Միրզոյանն իր վերջին հարցազրույցում նշել է, որ Ադրբեջանի և Նախիջևանի միջև ամենակարճ երկաթուղային կապը կարող է լինել Հայաստանի հարավով` Մեղրիով անցնող երկաթուղին:

«Ուստի այստեղ կարող ենք ունենալ սահմանահատման որոշակի պարզեցված, հեշտացված ընթացակարգեր: Օրինակ` կարող են կիրառվել ժամանակակից տեխնոլոգիաներ` էլեկտրոնային սկաներներ կամ ուղարկվող ապրանքների էլեկտրոնային նախապես հայտարարագրում, կապարակնքված վագոններ և այլն՝ մեխանիզմներ և գործիքներ, որոնք թույլ կտան հնարավորինս խուսափել ֆիզիկական զննումից»,- ասել է Միրզոյանը:

168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ՀՀԿ ՈւԿ խորհրդի անդամ Դավիթ Սիրունյանից հետաքրքրվեցինք՝ Միրզոյանի ասածը «Զանգեզուրի միջանցք» կոչվածի իրականացում չի՞ նշանակում:

Կարդացեք նաև

«Իմ դիտարկմամբ՝ սա նույն «Զանգեզուրի միջանցքն» է, ուղղակի ավելի բարդ բառապաշարով, ավելի բարդ ընկալելի տեքստով ու ավելի քողարկված: Միայն հայկական իշխանական մամուլն է, որ չի խոսում այդ մասին: Եթե հետևենք ադրբեջանական և թուրքական մամուլին, այնտեղ արդեն հստակ ժամկետներ են նշում, հստակ նախագծեր, փորված թունելներ ցուցադրում: Կոպիտ ասած՝ տևական ժամանակ է, ինչ հարցը փակված է, որովհետև նմանատիպ մասշտաբի հարցերում մինչև հարցի վերջնականացումը ոչ մի պետություն ավելորդ ծախսերի չի գնա: Այսինքն՝ կարելի է ասել, որ Անթալիայում Միրզոյանն արտաբերեց այն, ինչը վաղուց համաձայնեցված էր, ու ինչի վերաբերյալ ինքը վաղուց տեղյակ էր»,- ի պատասխան՝ ասաց Սիրունյանը:

Ըստ նրա՝ տարածաշրջանում ուրվագծվում է թուրք-ադրբեջանա-իսրայելական շատ հստակ տանդեմ՝ չնայած թուրք-իսրայելական դիվանագիտական որոշակի լարումների. «Փորձում են Ռուսաստանին հնարավորություն չտալ, որ վերահսկողություն ունենա ճանապարհի նկատմամբ: Հայաստանն իր կապը ՌԴ-ի հետ խզել է, ակնհայտ է, որ ստորագրել է Ռուսաստանին տարածաշրջանից կտրելու փորձերի տակ, ինչը մեզ համար միայն բացասական դերակատարում կունենա: Ակնհայտ է, որ մեզ Եվրոպայում չեն սպասում, մեզ փորձում են, կոպիտ ասած՝ կուտը տալ, հնարավորինս հեռացնել Ռուսաստանից ու վերջում գցել»:

Նա նշեց, որ այս իրավիճակում Հայաստանի իշխանությունները չեն հրապարակում, այսպես կոչված, խաղաղության պայմանագրի տեքստը, որովհետև վախենում են հանրային արձագանքից. «Արձագանք կլինի, որովհետև այս պահին Փաշինյանի ռեյտինգն ավելի ցածր է, քան երբևէ եղել է: Փաշինյանը քաջ գիտակցում է՝ կա փաստաթուղթ, որը կարող է լինել իր մահախոսականը՝ քաղաքական տեսանկյունից: Հաշվի առնելով իր թուլացած դիրքերը, հնարավորինս ձգում է դրա հրապարակումը»:

Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս