Փաշինյանը փաստացի հող է նախապատրաստում Զանգեզուրի միջանցքի բացման համար, Ադրբեջանը և Թուրքիան՝ ծախում, մեր հողերով առևտուր են անում. իսրայելական գործոնը կներխուժի մեր քաղաքականություն. Վահե Դավթյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը  քաղաքական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Աշխարհում, միջազգային հարաբերություններում տեղի են ունենում տեկտոնիկ փոփոխություններ, որոնք ստանում են նոր աշխարհակարգ անվանումը։ Այն աշխարհակարգը, որը հիմա ձևավորվում է, որակապես տարբերվելու է եղած բոլոր աշխարհակարգերից։

  • ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի իշխանության գալով՝ տեսնում ենք, թե ինչպես է աշխարհի տարբեր հասարակարգերում գերիշխող դառնում ֆինանսական կապիտալը։ Այս պայմաններում բախվելու ենք այնպիսի իրավիճակի հետ, որ չեն լինելու գլոբալ գերտերություններ, այլ լինելու են տարածաշրջանային գերտերություններ։ Սրա ապացույցն այն է, որ Ռուսաստանն իրեն տեսնում է՝ որպես ԵԱՏՄ տարածաշրջանային գերտերություն, ու իր շահերն առաջ է տանում այդ ֆորմատով։ Նույն տրամաբանության մեջ է գործում նաև Չինաստանը։ Առաջիկայում տեսնելու ենք այնպիսի կոնֆիգուրացիաներ, որում 3 աշխարհաքաղաքական կենտրոնները՝ Վաշինգտոն, Մոսկվա և Պեկին, ստեղծելու են նոր գեոտնտեսական աշխարհակարգ, որի հիմքում ընկած է լինելու պրոտեկցիոնիստական տնտեսական քաղաքականությունը, որը հիմնված է լինելու աշխարհատնտեսության և ազգային շահերի վրա։ 
  • Թրամփն իր վերջին որոշումներով սահմանեց խաղի կանոնները՝ ավելացնելով մաքսատուրքերը, կիրառելով սանկցիաներ տարբեր երկրների նկատմամբ՝ տարբեր ուղղություններով։
  • Ազգային պետության ձևավորման համար անհրաժեշտ է գաղափարախոսական հենք: Աշխարհում մենք տեսնում ենք այդ շրջադարձը դեպի աջ գաղափարախոսություններ: Եվրոպական մի շարք երկրներ՝ Գերմանիան, Իտալիան, Հունգարիան, Սլովակիան, վաղուց արդեն այդ գծի մեջ են: Նրանց գաղափարական գծերը պահպանողական են: Լիբերալ համակարգից դեպի ուլտրա աջ համակարգեր փոփոխություն ենք տեսնում Լատինական և Կենտրոնական Ամերիկաներում: Աֆրիկյան բազմաթիվ պետություններ են թոթափում նեոգաղութական լուծը: Հարավարևելյան Ասիայում նույնպես տեղի են ունենում նմանատիպ գործընթացներ՝ ուղղված աջ գաղափարախոսությունների ամրապնդմանն ու ազգային պետության ձևավորմանը: Այս փոփոխությունների արդյունքում աշխարհը կարող է վերադառնալ դեռևս 17-րդ դարում սահմանված Վեստֆալյան համաձայնությունների համակարգ՝ սուվերենության, տարածքային ամբողջականության սկզբունքով, միմյանց գործերին չմիջամտելու սկզբունքով: 

Ազգային պետություն՝ նշանակում է պետություն, որի ամբողջ տնտեսական, քաղաքական և սոցիալական համակարգը ծառայում է ազգային ինքնության զարգացմանը և առաջխաղացմանը, այլ ոչ թե իրեն տեղավորում է մուլտիկուլտուրալ արժեքների դաշտի մեջ՝ դիտարկելով պետությունը որպես գործիք՝ քաղաքացու շահերի առաջխաղացման համար: Ազգային պետության ներքո քաղաքացին է  ծառայում պետությանը, այլ ոչ թե հակառակը։ Իսկ դա կամավոր ընտրություն է:

Կարդացեք նաև

  • Մեծ Բրիտանիայում կառավարությունն ու British Petrolium ընկերությունը միասնական դիրքորոշմամբ են հանդես գալիս աշխարհաքաղաքական տարբեր վերադասավորումների վերաբերյալ։ Այդպես է նաև Սաուդյան Արաբիայում բիզնեսի և կառավարության փոխհարաբերություններում։
  • Գազան որպես Մերձավոր Արևելքում հնարավոր օֆշորային գոտի է դիտվում Միացյալ Նահանգների կողմից։ Եվ Թրամփը մտածում է, որ ԱՄՆ-ը Գազայում պետք է ունենա ներկայություն։ Այլ բան է, թե դրա համար ինչ գին են վճարելու Գազայի բնակիչները։
  • Սաուդյան Արաբիան ավանդաբար այդ տարածաշրջանում դիրքավորվում է՝ որպես երկիր, որը հակադրվում է Իրանին, որովհետև շատ լավ հասկանում է, որ Իրանի՝ ցանկացած ուղղությամբ առաջխաղացումն ավելացնելու է Իրանի աշխարհաքաղաքական կշիռը։
  • Թուրքիայի պանօսմանական քաղաքականությունը կարող է արմատներ թողնել Արաբական աշխարհում։ Սաուդյան Արաբիայում թուրքերի նկատմամբ կա բացասական կամ առնվազն զգուշավոր վերաբերմունք։ Սաուդյան Արաբիան փորձելու է հակակշիռ լինել Թուրքիայի պանթուրքիստական քաղաքականությանը։
  • Եթե Հայաստանը շարունակի գտնվել այն արտաքին քաղաքական գծի մեջ, որի մեջ գտնվում է այս վերջին տարիներին, ակնհայտ է, որ իսրայելական գործոնը կներխուժի մեր քաղաքականություն, հատկապես որ, արդեն Հայաստանն ու Իսրայելն ունեն դիվանագիտական հարաբերություններ։ 

Հիշեցնենք, 2019թ. սեպտեմբերի 19-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Իսրայելում ստեղծվեց Հայաստանի Հանրապետության դեսպանություն՝ այդպիսով  դիվանագիտական հարաբերություններ հաստատելով այդ երկրի հետ:

  • Սաուդյան Արաբիան աշխարհում մտնում է պետությունների այն հնգյակի մեջ, որոնք ջուր են ներկրում։ Հարավային Կովկասը և, մասնավորապես, Հայաստանը, որ ունեն քաղցրահամ ջուր, հետաքրքիր են այս երկրներին։
  • Մասրիկում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էներգակայանի կառուցմանը խոչընդոտեց ադրբեջանցիների առաջխաղացումը Քարվաճառի ուղղությամբ։ Սա է հիմնական պատճառներից մեկը, թե ինչու նախագիծը սառեցվեց։ Մենք հիշում ենք՝ ինչպես էին ադրբեջանցիները բայրաքթարների կրակի տակ պահում Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ համայնքը։

(Խոսքը Մեծ Մասրիկ գյուղի տարածքում «Մասրիկ-1» արևային ֆոտովոլտային կայանի մասին է): 2020թ. Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիան  (IFC), Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը (EBRD) և Եվրոպական Միությունը (ԵՄ) հայտարարել էին Հայաստանում արդյունաբերական մասշտաբի առաջին արևային էներգակայանի ստեղծմանն իրենց աջակցության մասին, որն առաջինն էր լինելու նաև Կովկասի համար։ 

Գեղարքունիքի մարզի Մասրիկ համայնքում գտնվող 55 ՄՎտ պիկային հզորությամբ և 9 կիլոմետր երկարությամբ կայանը կմեծացներ Հայաստանի վերականգնվող էներգիայի առաջարկը և կօգներ երկրին նվազեցնել կախվածությունը ներմուծվող էներգակիրներից։ 

IFC-ից հայտնել էին, որ կայանը կառուցելու է Fotowatio Renewable Ventures (FRV)-ը, որն արդյունաբերական մասշտաբի վերականգնվող էներգիայի ծրագրերի ոլորտի գլոբալ առաջատար Abul Latif Jameel Energy-ի մասնաճյուղ է։ Կազմակերպությունը $35,4 մլն փոխառության փաթեթ էր ստանալու, որից $17,1 մլն-ը լինելու էր երկարաժամկետ ֆինանսավորում IFC-ի և EBRD-ի մեկական վարկերի միջոցով։ Ծրագիրը նաև €3 մլն ներդրումային դրամաշնորհ էր ստանալու Եվրոպական միությունից, որը մոբիլիզացվելու է EBRD-ի կողմից։ IFC-ի ֆինանսավորման փաթեթը ներառում է $89 մլն վարկ IFC-ի սեփական հաշվից և $8,9 մլն` Ֆինլանդիայի և IFC-ի Կլիմայի ծրագրի մասով համատեղ ֆինանսավորումից։ Ամերիաբանկը տրամադրելու էր ֆինանսավորում հարկերի վճարման հավելյալ կարիքների համար։

  • 21-րդ դարի 2-րդ կեսին բոլոր պատերազմներն ընթանալու են ջրի համար, ինչպես որ նախկինում մղվում էին նավթի համար։ Ադրբեջանի քաղցրահամ ջրերի ռեսուրսների շուրջ 25%-ը ձևավորված է Արցախում։ Ես չեմ խոսում Սարսանգի ջրամբարի, քամու հզորությունների, էլեկտրակայանների մասին։ Ստանալով Արցախի կանաչ պոտենցիալը՝ Ադրբեջանն այսօր հանդես է գալիս էկոլոգիակենտրոն՝ կանաչի դիրքերից։ Ադրբեջանը հավակնում է գլոբալ Սևծովյան էներգետիկ շուկայում հանդես գալ՝ որպես առաջատար կանաչ խաղացող։ Մեզ էլ ասում են՝ դե, եթե ուզում եք, կարող եք միանալ
  • Հաջիևը հակադարձել է Փաշինյանի՝ Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ հայտարարություններին ՝ ասելով, որ վերջինս հետ է կանգնում նախկին պայմանավորվածություններից։
  • Փաշինյանը փաստացի հող է նախապատրաստում Զանգեզուրի միջանցքի բացման համար։ Եթե խնդիր է դրված բոլոր կոմունիկացիաները բացել, ապա պետք է խոսվեր Ղազախ-Իջևան երկաթգծի վերաբացման մասին, որը դեպի Ռուսաստան ամենակարճ ճանապարհն է։ Ինչո՞ւ չի խոսվում սրա մասին, չի բանակցվում որևէ մակարդակում։ Ադրբեջանը պնդում է արտատարածքային միջանցքի մասին, ինչին թեև Հայաստանը հակադարձում է, բայց տարատեսակ ռևերանսներով ցույց է տալիս, որ այնքան էլ դեմ չէ։ Փաշինյանն իր վերջին հոդվածով ցույց տվեց, որ Հայաստանը պատրաստ է գնալ Միջանցքի ապաշրջափակմանը։ Իսկ քանի որ նա պատրաստվում է ընտրությունների, նրան այս պահին պետք չէ էսկալացիա։ Այլ բան է, որ տարածաշրջանում կա մի դերակատար՝ Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը պնդում է՝ եթե Միջանցքի նպատակը տնտեսական է, ինքը պատրաստ է տալ այդ ճանապարհը։ Բայց քանի որ սա քաղաքական հարց է, ունենք այս վիճակը։ Թուրքիայի նպատակը Նախիջևանում ռազմակայանի կառուցումն է։ Դա է պատճառը, որ Իրանը հակադարձում է «Զանգեզուրի միջանցքը» բացելու հեռանկարին։ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքն» ուզում է, որ կարողանան իրականացնել ռազմական փոխադրումներ, ինչն Իրանում լավ են հասկանում, այդ թվում՝ Իսրայելի շահագրգռվածությունը։ Թուրքական ռազմական բազա կա նաև Կատարում։ Իրանը չի կարող թույլ տալ, որ իր երկու սահմաններում լինեն ռազմաբազաներ։ Իրանի շուրջ օղակը սեղմվում է։ 
  • ԵՄ-ում ընդլայնման հարց առհասարակ չկա։ Փաշինյանի երեկվա պրոիրանական բոցաշունչ հայտարարություններն իրանցի լրագրողի հետ զրույցում վկայությունն էին այն բանի, որ հիմա նա այլ շփումներ է փնտրում։
  • 2017 թվականին ստորագրված CEPA-ն բավականին լուրջ պարտավորություններ էր սահմանում նաև Արևելյան գործընկերության ծրագրի համար, որը նաև Հայաստանի համար էր կարևոր։ Նույն վիզաների ազատականացման հարցը CEPA-ով նախատեսված էր։ 

Հիշեցնենք, 2017թ. նոյեմբերին Հայաստանն ու Եվրամիությունը ստորագրում են Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA), որտեղ ներառված է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը՝ որպես Արցախի խնդրի կարգավորման սկզբունքներից մեկը: Փաստաթուղթը ստորագրել են Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը և Եվրոպական միության միասնական արտաքին քաղաքականության և պաշտպանության հարցերով բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին: Արարողությանը ներկա էին Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը և Եվրոպական միության Խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը:

Փաստաթղթում սևով սպիտակի վրա գրված է, որ ամբողջ Եվրամիությունն օժանդակում է Արցախի ինքնորոշման իրավունքին, տարածքային ամբողջականությանը, ուժի չկիրառման հիման վրա կոնֆլիկտի լուծմանը: Այն վավերացրել են ԵՄ անդամ 28 պետություններից 17-ը՝ խորհրդարանների միջոցով։ Վավերացրել է նաև Հայաստանը:

  • Որևէ երկրորդ կարծիք չի կարող լինել այն հարցի վերաբերյալ, թե ով պետք է վերահսկի «Զանգեզուրի միջանցքը»։ Դա պիտի լինի Հայաստանը։ Այլ հարց է, որ կան ճնշումներ տարբեր աշխարահաքաղաքական կենտրոնների կողմից։ Ադրբեջանը փորձում է «Զանգեզուրի միջանցքը» «ծախել» Չինաստանին։ Մեր տարածքով Չինաստանի հետ առևտուր են ուզում անել, և սա այն դեպքում, երբ Չինաստանը Հայաստանում 7 ամսից ավելի է՝ դեսպան չունի։ 
  • Ֆրանսիան նույնպես շահագրգռվածություն ունի «Զանգեզուրի միջանցքի» բացման համար, որպեսզի ուրան տեղափոխի։ 
  • 2 օր առաջ Փաշինյանի հրապարակած հոդվածը շահառուի հոդված չէր։ Ինչո՞ւ չես դնում, օրինակ, Բաքվի բանտերում գտնվող գերիների վերադարձի հարցը, ինչո՞ւ այդ պրոյեկտի մեջ որևէ հայկական շահ չես դնում։
  • Ռուսաստանն ուզում է վերահսկողություն ստանալ Միջանցքի վրա՝ նախ ցույց տալու համար, որ Հյուսիս-Հարավի գլխավոր շահառուն է՝ Իրանի ու Հնդկաստանի հետ միասին, ապա փորձում է ապահովագրել իր տնտեսական և տրանսպորտային շահերը։ Եթե Ռուսաստանն իրեն դիրքավորում է՝ որպես ԲՐԻԿՍ-ի առաջատար երկիր, ապա առանց Հյուսիս-Հարավի՝ դա հնարավոր չէ իրականացնել։
  • Հայաստանն այսօր չունի արտաքին քաղաքական գիծ․սրանում է ողջ խնդիրը։ Որևէ ուժային կենտրոն այսօր մեզ չի ըմբռնում՝ որպես դերակատար։ Արտաքին քաղաքականությունը ներքին քաղաքականության շարունակությունն է։ Մեր հանդեպ աշխարհաքաղաքական և ռեգիոնալ բոլոր դերակատարները կորցրել են հետաքրքրությունը, ու դրանով է պայմանավորված, որ մենք՝ Հայաստանը, դուրս է մնում տարածաշրջանային բոլոր տնտեսական նախագծերից՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային և էլեկտրաէներգետիկ նախագծից, գազատրանսպորտային նախագծերից, հայ-իրանական ծրագրից, այլ նախագծերից։
  • Այսօր տեղի է ունենում Հայաստանի ապաինդուստրիալացում։ Մենք ունենք մի քանի արտադրություն, որոնց ապագան մշուշոտ է։ 
  • Թուրքիան ատոմակայան է կառուցում, Ադրբեջանն ուզում է կառուցել։ Իսկ Հայաստանի այս իշխանություններն ուզում են փակել մեր ատոմակայանը: Եթե Հայաստանի այս իշխանությունների քաղաքականությունը շարունակվի, և այս սցենարը կյանքի կոչվի, վաղը մենք ստիպված կլինենք էլեկտրաէներգիա ներկրել Թուրքիայից և Ադրբեջանից՝ դրանից բխող հետևանքներով, որովհետև եթե դու ոչ թե արտադրող, այլ սպառող երկիր ես, չես կարող առաջ տանել քո սուբյեկտայնությունը։
  • Ֆրանսիան տանուլ տվեց աֆրիկյան կոնտինենտը, այդ թվում՝ ուրանին հասանելիությունը։ Դրանից հետո Մակրոնը մեկնեց Կենտրոնական Ասիա՝ այդ երկրների ղեկավարների հետ քննարկելով ուրանի ներկրման հարցը ու դրա ներկրումը տեղավորելով Միջին միջանցքի երթուղու տրամաբանության մեջ։ Սրա հետ մեկտեղ՝ Ֆրանսիան չի թաքցնում իր հետաքրքրությունը հազվագյուտ մետաղների մեջ։ Այս համատեքստում Միջին միջանցքը խիստ կարևոր է դառնում Ֆրանսիայի համար։ Այստեղ սրացումներից խուսափելու համար Փարիզը փնտրում է այլ տրանսպորտային ուղիներ, և դրանցից մեկը «Զանգեզուրի միջանցքն» է։ Չպետք է մոռանալ, որ Ֆրանսիայի և Ադրբեջանի միջև առևտրաշրջանառությունը Հայաստանի համեմատությամբ գնալով աճում է։ Դա է պատճառը, որ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանը հանդես է գալիս ու գալու է ադրբեջանահաճո հայտարարություններով՝ որոշակի մեսիջ հղելով Ադրբեջանին։
  • Այս տարածաշրջանում ռուս-իրանական հակասությունը կայանում է նրանում, որ Իրանը չի բացառում Հայաստանի տարածքով երրորդ երկրներ բեռ արտահանելու հնարավորությունը։ Խոսքը վերաբերում է գազին։ Ռուսաստանը, խորացնելով հարաբերություններն Իրանի հետ, միաժամանակ ամեն ինչ անելու է Իրանի ելքը դեպի եվրոպական շուկաներ երրորդ երկրների միջոցով թույլ չտալու համար։ Չպետք է մոռանալ, որ Իրանն ու Ռուսաստանը գազային մրցակիցներ են։

  • «Զանգեզուրի միջանցքի» բացումը հնարավոր չէ իրականացնել՝ առանց Խաղաղության պայմանագրի կնքման, իսկ Ադրբեջանը չի ուզում հենց այնպես կնքել այդ պայմանագիրը, քանի որ մտադիր է ավելին և վերջնականապես ստանալ։
  • Պարադոքսալ է, բայց Թուրքիան գնալով կորցնում է իր ազդեցությունն Ադրբեջանի վրա։ Մենք գերագնահատում ենք Թուրքիայի դերակատարությունը։ Ալիևի սուբյեկտայնությունն աճել է, ու նա փորձելու է Հայաստանի այս իշխանություններից ստանալ մաքսիմումը՝ Սահմանադրության փոփոխություն, ատոմակայանի փակում, Միջանցքի բացում։ Միայն այս պահանջները կատարելու արդյունքում Ադրբեջանը պատրաստ կլինի կնքել խաղաղության պայմանագիր։
  • Ես չեմ կիսում այն կարծիքը, որ մեզ ամբողջովին կկլանեն Թուրքիան և այլ երկրներ, որ պետականություն կկորցնենք, որովհետև այստեղ կա Ռուսաստան, Իրան, որոնք էլ կլուծեն այդ հարցը, թույլ չեն տա դա, իրենց շահերից չի բխում։ Կլինի սուբյեկտայնության կտրուկ անկում՝ հետագայում վերականգնվելու հեռանկարով։
  • Ուկրաինայի հարցով ԱՄՆ-Ռուսաստան բանակցությունների արդյունքում Ռուսաստանը մեծ հավանականությամբ կստանա այն բոլոր տարածքները, որոնք գրավել է։ Գլխավոր խնդիրը Կուրսկն է։ Ուկրաինան կառաջարկի հայելային կերպով հետ քաշվել։ Ղրիմի հարցը վերջնականապես կլուծվի աշխարհաքաղաքական մակարդակում։ Բավական կլինի, որ Թրամփը հայտարարի, որ Ղրիմը պատկանում է Ռուսաստանին, որ այդ հարցը լուծվի։ Շատ կարևոր կլինի օգտակար հանածոների արդյունահանման հարցի լուծումը։ Կարգավորման հանգուցալուծմամբ շատ լուրջ խնդիրներ կառաջանան ռուս-թուրքական հարաբերություններում՝ Սև ծովում դոմինանտություն հաստատելու համար։ Թուրքական Մեծ Թուրանի ծրագրի հետ միաժամանակ՝ նրանց «Կապույտ հայրենիք» գլոբալ ծրագրի կոնցեպտը չպետք է մոռանալ։ Այն ներառում է 3 ծովերի նախագիծը։
  • Ադրբեջանի համար առաջնահերթ է լինելու չինական ուղղությունը, բայց միաժամանակ նա մեծացնելու է իր առևտրաշրջանառությունը Եվրոպայի հետ։
  • Ցավոք սրտի, այսօր Հայաստանում ստեղծվել է իրավիճակ, երբ առանձին խմբեր կարծում են, որ առանց քաղաքական գործիքների և քաղաքական լուծումների՝ կարող են հասնել մեր երկրի առջև ծառացած խնդիրների լուծմանը։ Այս իրավիճակում պետք է հստակ գիտակցել, որ կուսակցությունը, կուսակցաշինությունը կարևոր դեր ունեն քաղաքական հարցերում։ Մենք քաղաքական վակուումի մեջ ենք գտնվում։ Պետք է գույքագրել Հայաստանի ու հայ ժողովրդի ռեսուրսն առհասարակ։ Մեր դոկտրինալ նպատակներից մեկը պետք է լինի Սփյուռքի հետ համաշխարհային լոբբիստական ցանցի ստեղծումը։ 

 Ներկա իրավիճակով խորհրդարանական ընտրությունների գնալը հղի է հերթական հիասթափությամբ։ Նախկին շարժումները մսխել են հասարակության պրոտեստային դիմադրությունը։ Քաղաքական ուժերն իրենց հերթին՝ ունեն խորքային մոդեռնիզացիայի կարիք։ Երրորդ ուժն օդից չի լինում, կուսակցությունն էլ մի օրում չի ձևավորվում, բայց ինստիտուցիոնալ զարգացում պետք է։

 Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս