«Գյուղատնտեսական ձեռնարկություններին բավականին ծանր ժամանակներ են սպասվելու. տնտեսությունը ծանր հարված է ստանալու». Տնտեսագետ
Այսօր Գեղարքունիքի մարզում նախընտրական քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանեց ռուսական «Իզվեստիա» լրատվականի մի քանի հարցերին, որոնք վերաբերում էին ԵԱՏՄ-ից Հայաստանի դուրս գալու վերաբերյալ խոսակցություններին, ինչպես նաև Հայաստանից ՌԴ ներմուծվող ծաղիկների, պտուղ-բանջարեղենի սահմանափակումներին։
Նիկոլ Փաշինյանն ըստ էության արձագանքեց ՌԴ նախագահի հայտարարությանը՝ շեշտելով, որ «ԵԱՏՄ-ից դուրս գալու համար հանրաքվե անցկացնելու իմաստ չկա, քանի որ Հայաստանը չի պատրաստվում դուրս գալ ԵԱՏՄ-ից»։
Նույն քարոզարշավի ժամանակ Նիկոլ Փաշինյանը նաև հայտարարեց, որ «այն մարդիկ, որոնք իրենց ապրանքը չեն արտահանել, այդ ապրանքի համար ինքը կվճարի», հավելելով՝ «մենք բիբարին տեր կկանգնեք, դուք տեր կանգնեք խաղաղությանը»։
Տնտեսագետ Հրայր Կամենդատյանի խոսքով՝ այսօր Եվրոպական շուկայում Հայաստանի արտադրանքին չեն սպասում, հետևաբար՝ իր համար անհասկանալի է, թե իշխանությունն ինչ է առաջարկում հայ արտադրողին։
«Իհարկե, ԵՄ շուկայում Հայաստանին չեն սպասում, այդ շուկան մոնոլիտ չէ, այնտեղ ամեն ինչ սպասումների վրա չեն կառուցում, այլ նախապես ձեռք բերված պարտավորությունների, պայմանավորվածությունների, փոխըմբռնումների վրա։ Իսկ սերտեֆիկատ, լիցենզիա ունենալն այդ ամենին ուղեկցող փոքր դետալներ են»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Հրայր Կամենդատյանը։
Ըստ մեր զրուցակցի, հավանաբար Նիկոլ Փաշինյանը չի պատկերացնում, թե հայ արտադրողն այս սահմանափակումների արդյունքում ինչ վնասներ է կրում, հետևաբար՝ եթե ուզում է փոխհատուցել, դրա չափերն անպատկերացնելի մեծ են։
«Եթե գյուղատնտեսության հետ կապված փոխհատուցումների հաշվարկ կատարի, որն այս պահին չեն կատարել, այդտեղ միլիոնավոր դոլարների վնասներ կան՝ 2-3 հարյուր միլիոն դոլար կփոխհատուցի՞։ Բացի այդ, այդ փոխհատուցումն այս պահին ոչինչ չի որոշելու, որովհետև այս պրոցեսը մեկ անգամվա համար չէ, այդ պրոցեսը ռուսական կողմը միացրել է, իսկ դա նշանակում է, որ այն հետ միացնելը, կարելի է ասել, անհույս է, եթե քաղաքական իշխանությունը չի փոխվում ու չի փոխում իր քաղաքական մոտեցումները»,- հավելեց Հրայր Կամենդատյանը։
Շարունակելով՝ տնտեսագետը նաև շեշտեց՝ եթե առաջիկա ընտրություններում Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, ապա առաջիկա 2-3 տարում իրավիճակն այսպես է շարունակվելու։
«Լավ, առաջին ամիսը փոխհատուցեց, երկրորդ ամիսը, երրորդը, կկարողանա՞ ամեն տարի փոխհատուցել։ Սա կորոնավիրուս չէ, որ միջազգային որևէ կառույց փորձի օգնություն առաջարկել, ենթադրենք՝ ֆինանսապես կամ տեխնիկապես։ Սա առևտրային պատերազմի հարց է, իսկ նման պատերազմներում միշտ հաղթում է այն կողմը, ում հաղթաթղթերն ավելի ծանրակշիռ են, ինչը մեր պարագայում այդպես չէ»,- ասաց նա։
Իրավիճակն այսպես շարունակվելու դեպքում գյուղատնտեսությանը տխուր վիճակ է սպասվելու, իհարկե, քիչ քանակությամբ արտադրողները խնդիր չեն ունենա, իսկ գյուղատնտեսական ձեռնարկություններին բավականին ծանր ժամանակներ են սպասվելու, հատկապես, եթե նրանք հարկային պարտավորություններ ու վարկեր ունեն։ Այդ դեպքում տուժում են նաև աշխատողները, որոնք այդ ձեռնարկություններում ունեն զբաղվածություն՝ տնտեսությունը ծանր հարված է ստանալու։



