Նիկոլ Փաշինյանը մսխում է ժառանգությունը

Օրերս իր հեղինակած գրքի շնորհանդեսից հետո Հայաստանի  երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը մի քանի ուշագրավ հայտարարություններ արեց՝ կապված Արցախի խնդրի հետ, որոնցից ամենակարևորը, սակայն, վերաբերում էր ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի կողմից Արցախի ինքնորոշման իրավունքի մասին վկայակոչմանը։

«Գերմանիայի կանցլերը գերմանական ճշտապահությամբ է խնդրին մոտեցել. խոսքն ինչի՞ մասին է։ Եթե հիշում եք,  մենք 2017թ. ԵՄ-ի հետ ստորագրեցինք CEPA կոչվող համաձայնագիրը, որն այնուհետև վավերացվեց ԵՄ անդամ բոլոր երկրների կողմից, և Գերմանիայի կանցլերը այլ բան չէր կարող ասել, որովհետև իր երկրի խորհրդարանը հաստատել էր այդ համաձայնագիրը, որտեղ բառացիորեն Ղարաբաղին վերաբերող հատվածը Մինսկի խմբի առաջարկությունն էր: Այդ մարդն ուրիշ բան չէր կարող ասել։ Այլ բան է, որ Հայաստանի գլխավոր բանակցողը խուսափում է, փախչում է ինքնորոշում բառից, ինչպես սատանան՝ խունկից, դրա համար ինքը որևէ արձագանք չտվեց ու նորից սկսեց խոսել ինչ-որ իրավունքների մասին»,- հայտարարել է Սերժ Սարգսյանը:

Նրա ասածը, իհարկե, նորություն չէ, բայց կարևոր է հատկապես «բանակցային ժառանգության» մասին ներկայիս մտավարժանքների համատեքստում։ Նիկոլ Փաշինյանին ու նրա իշխանության ներկայացուցիչներին թվում է, թե բանակցային ժառանգություն կոչվածը միայն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկված փաստաթղթերն են, որոնց մասին հարյուրավոր այլ անդրադարձներ են եղել։ Բայց այս համատեքստում կարևոր է մեկ այլ արձանագրում։

Կարդացեք նաև

Իրականում բանակցային ժառանգությունը ոչ միայն, իսկ գուցե ոչ այնքան բուն արցախյան հիմնախնդրի շուրջ նախկինում եղած զարգացումներն են, որքան նաև այն արտաքին քաղաքական ինստիտուցիոնալ հենքը, որն ունեցել է Հայաստանը։ Եվրամիության հետ ստորագրված համաձայնագիրն այդ հսկայական ինստիտուցիոնալ հենքի կարևոր արտահայտություններից մեկն է։

Ընդ որում, թեև համաձայնագիրը վերաբերում է Եվրամիության հետ հարաբերություններին և ըստ էության կարող էր ստորագրվել անգամ առանց Արցախի մասին անդրադարձի, սակայն ժամանակին հայկական դիվանագիտությունը հասել է նրան, որ փաստաթղթում արձանագրվեն հայկական կողմի համար կենսական նշանակություն ունեցող սկզբունքները, այդ թվում՝ ինքնորոշման իրավունքը։

Ընդ որում, կրկին ոչ առանց հայկական դիվանագիտության ջանքերի, նույնական դրույթ է պարունակում նաև Ադրբեջանի հետ Եվրամիության հարաբերությունները կարգավորող իրավապայմանագրային գլխավոր փաստաթղթում, որը, կարգավիճակի առումով, տարբեր է ՀՀ-ի հետ ստորագրվածից, բայց դա տվյալ համատեքստում երկրորդական է։ Այս օրինակը ցույց է տալիս Նիկոլ Փաշինյանի, ներկայումս Հայաստանի արտաքին քաղաքականությամբ զբաղվողների կա՛մ մակերեսայնությունը, կա՛մ կոլաբորացիոնիզմը, որովհետև իրականում ունենալով նման արտաքին քաղաքական ժառանգություն, նրանք ոչ միայն չեն օգտագործում եղած հնարավորություններն ու կռվանները, այլ անում են ամեն ինչ՝ դրանք զրոյացնելու համար։

Ի դեպ, Եվրամիության հետ խորը և համապարփակ համագործակցության մասին համաձայնագիրը ստորագրվել է 2017 թվականի նոյեմբերին՝ ավելի քան 5 տարի առաջ։ Այդ փաստաթղթով նախատեսվում է համագործակցության խորացում բազմաթիվ ոլորտներում, այդ թվում՝ Եվրամիության հետ վիզային հարաբերությունների դյուրացում։

Ժամանակին, երբ ստորագրվեց այդ փաստաթուղթը, կային կանխատեսումներ, որ Վրաստանի օրինակով մուտքի արտոնագրերի ազատականացմանը Հայաստանը կարող է հասնել հաջորդող 2-3 տարիների ընթացքում։

Նիկոլ Փաշինյանի «արևմտամետ» իշխանությունը, սակայն, չկարողացավ օգտագործել նաև այդ՝ նախկինից մնացած ժառանգությունը, և որևէ նախադրյալ չկա, որ տեսանելի ապագայում Հայաստանը կարող է հասնել Եվրամիության հետ վիզային ռեժիմի դյուրացման։ Ի թիվս այլ գործոնների, նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանն իր ստացած արտաքին քաղաքական ժառանգության հետ վարվեց այնպես, ինչպես խաղամոլ այլասերվածն է վարվում պատահմամբ ժառանգությամբ իրեն բաժին հասած դրամագլխի պարագային։

Տեսանյութեր

Լրահոս