ԱՄՆ-ը և Իրանը ձգտում են hրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանը. Ֆիդան
ԱՄՆ-ը և Իրանը անկեղծ ջանքեր են գործադրում հրադադարի երկարաձգման և Հորմուզի նեղուցի բացման ուղղությամբ, հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:
Նրա խոսքով՝ Թուրքիան աջակցություն է ցուցաբերում Թեհրանի և Վաշինգտոնի միջև բանակցություններին։ Այնուամենայնիվ, ըստ նրա, Իսրայելի շարունակվող ներխուժումը Լիբանան, որտեղ իսրայելական բանակը մարտական գործողություններ է վարում Իրանի կողմից աջակցվող «Հեզբոլլահ» ռազմականացված խմբավորման դեմ, լուրջ ռիսկ է ներկայացնում, որը կարող է տապալել այդ բանակցությունները։
«Ես վստահ եմ, որ ամերիկացիներն ու իրանցիները անկեղծ են։ Նրանք ցանկանում են հասնել հրադադարի և Հորմուզի նեղուցի բացմանը։ Բայց ես վստահ չեմ Իսրայելի մտադրություններում»,- Բլումբերգին տված հարցազրույցում ասել է Ֆիդանը։
Գործակալությունը հիշեցրել է, որ երկուշաբթի օրը Իրանը հայտարարել էր ԱՄՆ-ի հետ բանակցությունների կասեցման մասին՝ Լիբանանում Իսրայելի գործողությունների պատճառով, և սպառնացել էր էլ ավելի սահմանափակել ծովային նավագնացությունը Հորմուզի նեղուցով, փակել Բաբ էլ-Մանդեբի նեղուցը Կարմիր ծովի հարավային մասում և հարված հասցնել Իսրայելին։
ԱՄՆ-ը և Իսրայելը փետրվարի 28-ին սկսել են հարվածներ հասցնել Իրանի տարածքում գտնվող օբյեկտներին, դրանց զոհ է դարձել ավելի քան 3 հազար մարդ։ Ապրիլի 8-ին Վաշինգտոնը և Թեհրանը երկու շաբաթով հրադադար են հայտարարել։ Դրանից հետո Իսլամաբադում կայացած բանակցություններն ավարտվել են անարդյունք։ Ընդ որում՝ մարտական գործողությունների վերսկսման մասին չի հաղորդվել, սակայն ԱՄՆ-ը սկսել է իրանական նավահանգիստների շրջափակումը։



