Բաժիններ՝

Լիբանանում իսրայելական հարձակումներից նոր զոհեր են գրանցվել

Լիբանանի հարավում գտնվող Սուրի շրջանի Ջաբալ Ամել հիվանդանոցի հարակից շենքերին ավիահարվածների հետևանքով նախնական տվյալներով զոհվել է չորս, վիրավորել՝ 50 մարդ, զգալի վնասներ են կրել հիվանդանոցի բաժանմունքները, ավտոկայանատեղին և հարակից շինությունները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Լիբանանի Ազգային լրատվական գործակալությունը (NNA):

Բացի այդ, իսրայելական անօդաչու թռչող սարքերի հարվածների հետևանքով Լիբանանի հարավային Նաբատիե շրջանում զոհվել է 4 մարդ։

Իսրայելական ռազմական ինքնաթիռները նաև ավիահարված են հասցրել Կֆարսիր քաղաքում գտնվող Լիբանանի քաղաքացիական պաշտպանության կենտրոնին՝ ոչնչացնելով այն։ Կենտրոնի անձնակազմը մի քանի օր առաջ տարհանվել էր։

Լիբանանի բանակի հրամանատարությունը հայտնել է, որ Նաբատիե շրջանում իսրայելական անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքով երկու զինվոր է վիրավորվել։

Իսրայելական լրատվամիջոցների տեղեկացմամբ՝ զինվորականները հետաքննում են Լիբանանի հարավում իսրայելական ուժերի ուղղությամբ վերջին օրերին «Հեզբոլլահ»-ի կողմից արձակված անօդաչու թռչող սարքերի հարվածները։ Ըստ տեղեկությունների՝ առաջին միջադեպը տեղի է ունեցել մայիսի 30-ի երեկոյան, երբ սպանվել է շտաբի սերժանտ Մայքլ Տյուկինը, իսկ երկրորդը՝ կիրակի գիշերը, երբ սպանվել է շտաբի սերժանտ Ադամ Ցարֆատին։

Իսրայելական հարվածների հետևանքով զոհերի մասին տեղեկություններ են ստացվում այն ժամանակ, երբ ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իսրայելը և «Հըզբոլլահ»-ը համաձայնել են դադարեցնել փոխադարձ գրոհները։

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն իր հերթին հայտարարել էր, որ Լիբանանի հարավում գործողությունները կշարունակվեն, ինչպես պլանավորված էր։

Ըստ Լիբանանի առողջապահության նախարարության՝ մարտի 2-ից, երբ Իսրայելի վրա «Հեզբոլլահ»-ի հարձակման պատճառով Լիբանանը ներքաշվեց Մերձավոր Արևելքում պատերազմի մեջ, երկրում իսրայելական գործողությունների զոհերի ընդհանուր թիվը հասել է 3433-ի, իսկ վիրավորներինը՝ 10395-ի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930