Վրաստանում պաշտոնապես գործարկվել է Բաքու–Թբիլիսի–Կարս երկաթգիծը
Վրաստանը պաշտոնապես շահագործման է հանձնել Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծը, որն ամբողջ հզորության հասնելու դեպքում կկարողանա տարեկան մինչև 5 մլն տոննա բեռ տեղափոխել: Բացման արարողության ժամանակ այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։ Նրա խոսքերը մեջբերում է ՌԻԱ Նովոստին։
Կոբախիձեի խոսքով՝ նախագիծը պատմական նշանակություն ունի և Վրաստանի, Ադրբեջանի և Թուրքիայի ռազմավարական գործընկերության վառ օրինակ է: Նա նշել է, որ երթուղու թողունակության ավելացումը թույլ կտա էապես ավելացնել տարածաշրջանի տարանցիկ ներուժը և բարձրացնել Միջին միջանցքի մրցունակությունը:
Կոբախիձեն ընդգծել է, որ երկաթուղու` 180 կմ երկարությամբ վրացական հատվածը դարձել է տարածաշրջանի խոշորագույն ենթակառուցվածքային նախագծերից մեկը: Աշխատանքների շրջանակում վերակառուցվել են գոյություն ունեցող 153 կմ գծեր, և կառուցվել է ևս 27 կմ-անոց` ժամանակակից պահանջներին համապատասխանող հատված:
Վարչապետը նշել է, որ գիծը կարևոր դեր է խաղում Միջին միջանցքի զարգացման գործում, որի նշանակությունն աճում է Եվրոպայի և Ասիայի միջև այլընտրանքային և անվտանգ երթուղիների պահանջարկի ֆոնին:
«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին է՛լ ավելի է մերձեցնում Եվրոպան և Ասիան և ուժեղացնում է մեր տարածաշրջանի ռազմավարական նշանակությունը գլոբալ առևտրալոգիստիկ համակարգում», – հայտարարել է Վրաստանի կառավարության ղեկավարը:
2017 թվականից գիծն աշխատում է փորձնական ռեժիմով։ Այդ ընթացքում փոխադրվել է ավելի քան 1,8 մլն տոննա բեռ, այդ թվում` մոտ 90 հազար կոնտեյներ։ Կոբախիձեի խոսքով՝ այդ ցուցանիշները հաստատել են նախագծի լոգիստիկ և տնտեսական բարձր ներուժը:



