Ռուսական հարվածներից Ուկրաինայում 18 մարդ զոհվել է, շուրջ 100-ը՝ վիրավորվել
Ռուսաստանը գիշերը զանգվածային հարվածներ է հասցրել Ուկրաինային, որի հետևանքով Դնեպրում 12 մարդ է զոհվել, 37 մարդ՝ վիրավորվել: Կիևում զոհվել է 6 մարդ, 64-ը՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով տեղի իշխանություններին:
Եվս 3 մարդ վիրավորվել է Սումիում: Հարվածների տակ են հայտնվել նաև Խարկովի, Նիկոլաևի, Զապորոժիեի, Պոլտավայի, Չեռնիգովի և Խմելնիցկու մարզերը:
Ըստ ուկրաինական կողմի՝ ռուսական ուժերը գիշերը գործի են դրել 656 անօդաչու թռչող սարք, 73 հրթիռ: Կիևում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ:
Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ թիրախավորվել են պաշտպանական արդյունաբերության ձեռնարկություններ, վառելիքի և տրանսպորտային ենթակառուցվածքներ:
Ուկրաինայի իշխանություններն ավելի վաղ նախազգուշացրել էին, որ Ռուսաստանը համակցված հարձակում է նախապատրաստում, և բնակչությանը կոչ էին արել չանտեսել տագնապի ազդանշանները:
Գիշերային հարվածներից հետո Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ եթե երկիրը պաշտպանված չլինի բալիստիկ և այլ հրթիռների հարվածներից, ապա այդ հարվածները կշարունակվեն: Telegram-ում հաղորդագրության մեջ Զելենսկին հավելել է, որ հարկավոր է ԱՄՆ-ի օգնությունը Patriot համակարգերի համար հրթիռների մատակարարման հարցում: Զելենսկին նաև շեշտել է, որ Եվրոպային հարկավոր է իր սեփական հակաբալիստիկ համակարգը, որպեսզի «այս պատերազմն, ի վերջո, կարողանա ավարտվել»:



