Սյունիքի անեքսիայի համար Փաշինյանը կառաջարկի Սիսիանը. Միջանցքի տրամադրումը լինելու է Հայաստանի վերջը. Աբրահամ Գասպարյան

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու, դոցենտ Աբրահամ Գասպարյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Գեոքաղաքական այն շարժերը, որ տեղի են ունենում Մերձավոր Արևելքում, հետևյալ տրամաբանության մեջ են ընթանում՝ կոնֆլիկտներ պետք է հնարավորինս քիչ լինեն։ Ու ըստ իրենց՝ որպեսզի Թուրքիայի հետ հարաբերություններում մենք լինենք ոչ թե էմոցիոնալ, այլ պրագմատիկ, պետք է Ցեղասպանության ուրացման նոր նարատիվ ներդրվի։ Մեզնից ցանկացած 5-րդի պապը Ցեղասպանության իրավահաջորդ է։ Առաջին Հանրապետությունից մինչ այսօր գիծը այդպես էլ գնում է։ Իրենք համարում են, որ դա խնդիր է։ Արարատ սարն է խանգարում, Ցեղասպանությունը, Սահմանադրությունը… Սա է։ Ժամանակին, և սա պետք է միշտ հիշել, սրա մասին ասել է 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Այսինքն՝ փաշիզմի գաղափարական հայրը Արմեն Սարգսյանն է։ Սա թուրքական խոսույթ է։ 
  • Փաշինյանն ասում է՝ ձերբազատվելով ռուսական լծից, 44-օրյա պատերազմի ժամանակ պարտության միջով անցնելով՝ դարձանք ավելի ինքնիշխան, անկախ պետություն։ Նույնն ասում է Զելենսկին։ Եթե սա՛ է ինքնիշխանությունը, ուրեմն մենք գործ ունենք Հայաստանի ուկրաինացման նոր փուլի հետ։ 
  • Ցեղասպանության խնդիրը չի տեղավորվում Հայաստան-Թուրքիա հարաբերությունների տրամաբանության մեջ․ սա համամարդկային խնդիր է։
  • Ցավում եմ, որ «Զորյան» ինստիտուտը վերջին 6 տարում շեղվել է այն ուղուց, որի հիման վրա այն ստեղծվել է։ Գիտեմ՝ ներսում ինչ է կատարվում։ Ամոթ է ուղղակի։
  • Ովքե՞ր էին Ցյուրիխում ներկա Փաշինյանի հետ հանդիպմանը։ Այնտեղ ներկա չէր Շվեյցարիայի հայ համայնքի այն հատվածը, որը տարիներ շարունակ իր օրակարգը ձևակերպել է այլ կերպ՝ Ցեղասպանության ճանաչում, Արցախի ինքնորոշման հարց, Հայաստանին ֆինանսատնտեսական աջակցություն։ Այնտեղ ներկա էին կասկածելի գործունեությամբ զբաղվող բիզնեսմեններ, որոնց մի մասը սրանց հետ փողերի լվացմամբ է զբաղված… Այնտեղ էր Աննա Հակոբյանի և Նիկոլ Փաշինյանի մտերիմ Վարդան Սրմաքեշը՝ Արամ Մանուկյանի տունը զավթած գործարարը, ով որևէ ներդրում չարեց այդ տան մեջ
  • Փաշինյանն ապուշ չէ, նա հենց այնպես ոչինչ չի անում։ Ձեռքի հետ իր այդ օրվա ելույթում հարվածեց Դրոյին և Նժդեհին։ Ձեռքի հետ ասաց՝ եթե ԽՍՀՄ–ը չլիներ, հայությունը Թուրքիայի առաջ Ցեղասպանության ճանաչման պահանջ չէր դնի։ Ուզում եմ այդ տգետին ասել՝ չլիներ ԽՍՀՄ-ը, մենք որևէ աջակցություն չէինք ունենա։ 1965-1985թթ․ ողջ միջազգային մամուլը լցված էր Ցեղասպանության ճանաչման ու դատապարտման նարատիվներով։ Այդ ժամանակ հիշենք՝ Հայաստանը չուներ պետականություն, բայց Ֆրանսուա Միտերանի նման պրեզիդենտն էր խոսում Հայոց ցեղասպանությունից։

Կարդացեք նաև

  • Սփյուռքը գաղափարական ու բոլոր այլ առումներով ձևավորված է։ Այնտեղ Աստված էլ իջնի, Ցեղասպանության հարցը հայկական օրակարգից դուրս չի գալու։
  • 2018թ․հունիսին, երբ սա եկել էր իշխանության, մեր ԱԳՆ-ի միջոցով Սանկտ Պետերբուրգի և Մոսկվայի հյուպատոսարաններ գնում են գրություններ, որ Սփյուռքի կառույցների հետ աշխատանքը ժամանակավորապես դադարեցնեն. ես այս մասին առաջին անգամ եմ բարձրաձայնում։ Սրա գաղափարական հայրերն են՝ ՔՊ-ականներ Արսեն Թորոսյանը, Լիլիթ Մակունցը, Արայիկ Հարությունյանը, Զարեհ Սինանյանը։ Սփյուռքը կապված է եկեղեցու հետ։ Սփյուռքի գաղափարական հիմքը հոգևոր է։ Սրանք հոգևորի, մեր եկեղեցու հետ առնչություն չունեցող անձինք են, դրա համար Սփյուռքում ցեցը գցելու խնդիրը դրվել է սրանց վրա։
  • Ազգային պետության գաղափարական հենքը կազմաքանդելը, արտաքին քաղաքական կուրսի դիվերսիֆիկացիայից կախվածության, գաղափարական այլ հենքերի խեղաթյուրումը բերում է պետության կազմաքանդման։ Սա՛ է սրանց արածը։
  • Թրամփը չի ընդունելու թուրքական հեգեմոնիան այս տարածաշրջանում, որովհետև Թուրքիան միջազգային խաղացող է, ոչ տարածաշրջանային։ Չմոռանանք, որ Էրդողանի անձից կա դժգոհություն։ Թուրքիային զուգահեռ՝ պետք է լինի տարածաշրջանային խաղացող։ Եգիպտոսն ու Սաուդյան Արաբիան կարող են էական դեր խաղալ տարածաշրջանում։ Սիրիայի խնդիրը ևս կա։ Թուրքիան փորձելու է ճնշել ու քրդերին զինաթափել։ 
  • Մեծ Բրիտանիան միշտ ուժեղ Թուրքիայի կողմնակից է եղել, որովհետև մտածել է, որ ռուսական կայսերական նկրտումների չեզոքացումը պայմանավորված է միայն քաղաքական սուննիզմով, իսկ քաղաքական սուննիզմի ջահակիրն այստեղ Թուրքիան է։
  • Աշխարհը, չեմ կարծում, որ Նիկոլով պիտի դատի հայ ժողովրդին։ Աշխարհն այսօր այսրոպեական իր շահերի համար է օգտագործում նրան։
  • Մենք ներսում ենք պարտվել։ Ես աշխարհից ոչինչ չեմ ուզում, երբ ես ներսում եմ պարտվել։

  • Լինի Էրդողանը, թե այլ մեկը, Թուրքիայում բոլորի խորքում ազգայնամոլությունն է։ 
  • Ես Ստոկհոլմյան սինդրոմով չեմ տառապում, որ իմ դահճին պաշտեմ։ Անգամ հակաէրդողանականները մեզ դիտարկում են՝ որպես մատերիալ իրենց ազգայնամոլական նկրտումներն իրականացնելու համար։
  • Ո՞վ է Գարո Փայլանը… Մարդ, ով Խաչատուր Սուքիասյանի հետ միջնորդավորված կապեր ունի ու բիզնես պրոյեկտներ է իրականացնում։ Գարո Փայլանի նման խեղկատակին գիտեմ 2014թ.-ից, գիտեմ՝ ինչ կապեր ունի, ինչ խաղեր է տալիս։ Փայլանը զբաղված է բացառապես Թուրքիայի ժողովրդավարացման խնդրով։
  • Իրանի փողի շերտը, քաղաքական էլիտան և կրոնական շերտը դեմ են Զանգեզուրի միջանցքի բացմանը։ Բայց ես չեմ բացառում, որ Փաշինյանը Զանգեզուրի միջանցք կառաջարկի Սիսիանով։ Բա ուրիշ ի՞նչ կերպ պետք է լինի Սյունիքի անեքսիան։ Այս դեպքում Իրանը չի կարող միջամտել։
  • Երբ Փոլ Գոբլը 1996թ․ ներկայացրեց Մեղրիի տարբերակը, խոսքը գնում էր էստակադա տրամադրելու մասին, ու Ադրբեջանը որևէ սուվերեն իրավունք չէր ունենալու Հայաստանի տարածքի վրա։ Այսօր Զանգեզուրի միջանցքի տրամադրումը լինելու է Հայաստանի վերջը։ Դրանով Փաշինյանը վերջնականապես կփակի Հայաստանի Երրորդ Հանրապետության էջը։
  • Նիկոլ Փաշինյանն ԱՄՆ է գնացել՝ առաջարկ ստանալու։ Գնում է տեսնի՝ ի՞նչ կա-չկա։ Կինը Դավոս, ԱՄՆ, այլ տեղեր ինչի՞ էր գնում․ վոյաժ է, անում է։ Թե չէ էդ մտքի տիտանը ի՞նչ պիտի անի, կրթական արշա՞վ։ Ամերիկյան այդ հանդիպմանը ոչ մի քաշ ունեցող մարդ չի եղել։ Սա գնացել էր մուրացկանի ձեռքով Թրամփի հետ հանդիպում խնդրելու, բայց Թրամփն իր ժամանակը չունի։ Շատ-շատ «Ճ» կլասի մի պաշտոնյա կպցնի, հանդիպի։

  • Պետությունն առհասարակ խժռող մեքենա է․ եթե ուզի 50-100 դրամ վերցնել քաղաքացուց, հոսող ջրի վրա էլ հարկ կդնի։ Խնդիրը ժողովրդի մեջ է։ Քո նպատակը ո՞րն է։ Տրանսպորտի 50 դրա՞մը:
  • Ես շատ լավ գիտեմ Հայկ Մարությանի դիրքորոշումը՝ ես եմ, որ կամ։ Նույն կերպ էր նա մտածում նաև Սրբազան շարժման ժամանակ։ Բոլոր քաղաքական ուժերից «Ջենեսիս Արմենիա» ուղեղային կենտրոն-հիմնադրամը պահանջելու է դիրքորոշում հրապարակել հայ-թուրքական, հայ-ադրբեջանական հարաբերությունների, Արցախի հարցի վերաբերյալ։
  • 20-25 տարի ՀՀԿ-ն կառավարման ղեկին է եղել։ Սա ահռելի բլոկ է՝ իր ռեսուրսով ու միջազգային կապերով, որն այս իշխանությունը չկարողացավ օգտագործել։ ՀՅԴ-ն մի քիչ այլ է։ Այնտեղ ոչինչ անձերով պայմանավորված չէ։ Առանց այս երկու ազգային գաղափարախոսությունը կրող կուսակցությունների ներգրավվածության՝ ոչ ոք չի շահելու, բայց բոլորը տուժելու են, ոչինչ հնարավոր չի լինելու անել։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս