Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի երկրորդ կոշտ արձագանքը Փաշինյանի հայտարարությանը

Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը դարձյալ քննադատել է Նիկոլ Փաշինյանին՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ «անիմաստ հայտարարություններ անելու» և «թուրքական ժխտողական նարատիվները» շարունակելու համար:

Ծավալուն հայտարարության մեջ ասվում է, որ որոշ հայերի, այդ թվում՝ Զորյան ինստիտուտի (ի դեպ,  անձամբ Զորյան ինստիտուտի տնօրեն Գրեգ Սարգսյանի կողմից և նրա ստորագրությամբ,- 168.am) կողմից, որը նախորդ տարի Փաշինյանին կոշտ քննադատելու համար Լեմկինի ցեղասպանության կանխարգելման ինստիտուտից պահանջեց ներողություն խնդրել վարչապետ Նիկոլ Փաշինյանից, երբ նշեցին, որ նա զբաղված է ցեղասպանության գաղտնի ժխտմամբ, «Դաշնակցական» կառույց լինելու, ռուսական փողեր վերցնելու և կեղծ լուրեր տարածելու մեղադրանքների ռիսկի տակ, Լեմկինի ցեղասպանության կանխարգելման հեղինակավոր ինստիտուտը կրկին ուշադրություն է հրավիրում Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարություններին, որոնք թուրքական ժխտողական նարատիվների շարունակությունն են:

«Նրա անիմաստ հայտարարություններն անտեսում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ տասնամյակների պատմական հետազոտությունները, այդ թվում՝ թուրք, գերմանացի, բրիտանացի, ամերիկացի և հայ գիտնականների կողմից, կանգնում Ցեղասպանության զոհերի արդարության համար շարունակվող պայքարի ճանապարհին և ստեղծում աշխարհաքաղաքական վտանգավոր դինամիկա, հատկապես Ադրբեջանի կողմից արցախահայերի վերջին ցեղասպանության և Հայաստանի Հանրապետությանը շարունակաբար սպառնացող վտանգների համատեքստում»,- ասված է քիչ առաջ տարածված հայտարարության մեջ:

Հիշեցնենք, որ Կառավարության տարածած տեսանյութում շվեյցարահայ համայնքի սակավաթիվ ներկայացուցիչների հետ օրեր առաջ տեղի ունեցած հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը Ցեղասպանության վերաբերյալ հայտարարել էր.

Կարդացեք նաև

«Մենք Հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք, պետք է հասկանանք, լավ՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, և ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ1939 թվին Հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950-ին Հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է: Սա մենք պե՞տք է հասկանանք, թե՞ չպետք է հասկանանք»:

Լեմկինի ինստիտուտը հոդվածում հերթով նշում է բոլոր այն պատճառները, թե ինչո՞ւ է ժամանակակից Թուրքիան ժխտում նախահոր՝ Օսմանյան կայսրության կողմից հայերի և այլ քրիստոնյաների հանդեպ իրականացրած ցեղասպանությունը, որոնցից են իրավական պատասխանատվությունից խուսափելը, որը կարող է իր հետ փոխհատուցում և հողային պահանջներ ունենալ, ազգայնական պատմությանն աջակցությունը…. Եվ հայերին ապամարդկայնացնելու փորձերը՝ նրանց ներկայացնելով որպես չար և դավաճան:

«Վերջին կետը կարևոր է, քանի որ բացատրում է ժխտողականության հոգեբանական մեծ ազդեցությունը Թուրքիայի բնակչության վրա, մի պետություն, որը երբեք չի սովորել հարգել ազգային և կրոնական տարբերությունները, փոխարենը նախընտրում է ատելության խոսքի օգտագործումը և բռնությունը փոքրամասնությունների նկատմամբ»,– ասված է հայտարարության մեջ:

Լեմկինի ինստիտուտը շեշտում է, որ քանի դեռ հայերը ներկայացվում են՝ որպես դավաճան և չար և մեղավոր իրենց հետ կատարված «ողբերգության» համար, որը տեղի է ունեցել Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ, թուրք ժողովուրդը կարիք չունի հաշտվելու իր հանցավոր անցյալի հետ:

«Հետևաբար, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից հայերի պաշտոնական ձևով ապամարդկայնացումը և՛ Առաջին համաշխարհայինի Ցեղասպանության շարունակությունն է, և՛ ազգային հպարտության ամրապնդման հիմնական գործիքը, միևնույն ժամանակ, այնպես անելու, որ հայերը լուռ, ապալեգիտիմացված, կասկածելի և թույլ մնան: Այս ամենը երաշխավորում է այս պետությունների շարունակական անպատժելիությունը, ներառյալ՝ անպատժելիությունը հարձակվելու և ներխուժելու փոքր անկախ Հայաստանի Հանրապետություն»,– գրված է հոդվածում՝ շեշտելով, որ երբ Փաշինյանն առաջարկում է, որ Հայոց ցեղասպանության ճանաչման «օրակարգը» քաղաքականապես կասկածելի ձևով ի հայտ է եկել 1950-ից հետո, նա պաշտպանում է թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից մոլեռանդ ձևով հայերին դավաճան և անվստահելի ներկայացնելը:

Հոդվածում ընդգծվում է, որ Փաշինյանի կողմից նման լեզվի կիրառումը Հայաստանի և նրա թշնամական հարևանների միջև լարվածությունը թուլացնելու փոխարեն՝ կարող է քաջալերել նրանց ռազմական գործողություններ ձեռնարկել հայկական կողմից վերահսկվող մնացած տարածքների դեմ:

Ծավալուն հոդվածում մանրամասն ներկայացվում են, այդ թվում՝ 1939-ի, 1950-ի պատմական իրողություններ, փաստեր: Հոդվածի վերջում Լեմկինի ինստիտուտը հույս է հայտնում, որ Փաշինյանը կպարզաբանի ցեղասպանության վերաբերյալ իր հայտարարությունները և կաշխատի կանխելու իր և Հայոց ցեղասպանությունը ժխտողների հայտարարությունների միջև նմանություններն ապագայում: 

 «Մենք կշարունակենք պաշտպանել Հայաստանի ինքնիշխանության իրավունքը, և կաշխատենք հատկապես՝  Հայաստանի սահմանների ավելի մեծ միջազգային պաշտպանության համար»,- նշված է հոդվածում:

Հիշեցնենք, որ 2024թ. մայիսին Լեմկինի ինստիտուտը շատ կոշտ քննադատության էր ենթարկել Փաշինյանին՝ նրան մեղադրելով թուրքական թեզեր շրջանառելու մեջ.

«Փաշինյանի թեզերը միաժամանակ ձայնակցում են Հայոց ցեղասպանության վերաբերյալ Թուրքիայի պաշտոնական դիրքորոշմանը, որն արդարացնում է այն։ Կրկնելով 1915-1923 թվականների իրադարձությունների թուրքական վարկածը՝ Հայաստանի վարչապետն, ըստ էության, Թուրքիային ազատում է Հայոց ցեղասպանության համար պատասխանատվությունից՝ նսեմացնելով ճանաչմանն ուղղված բոլոր նախկին ջանքերը։ Բացի դրանից, դա կարող է զգալիորեն բարդացնել Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և Թուրքիային պատասխանատվության ենթարկելու շարունակական աշխատանքը, ինչի համար պայքարում էին համաշխարհային հայկական սփյուռքը, ինչպես նաև ցեղասպանության հետազոտությամբ զբաղվող ուսումնասիրողներն ու ակտիվիստները:

Օսմանյան տիրապետության տակ հայերի ճնշող մեծամասնությունը ձգտում էր ոչ թե անջատման, այլ ապահովության և արդարության: Փաշինյանի խոսքերն ուղղակիորեն կրկնում են թուրքական պաշտոնական տեսակետը հայ ժողովրդի՝ որպես ապստամբ «դավաճանների», որոնք համագործակցել են թշնամական եվրոպական տերությունների հետ՝ հանգեցնելու Օսմանյան կայսրության փլուզմանը։ Փաշինյանը կարծես փորձում է համոզել, որ հայերը կարող են խուսափել ապագա ցեղասպանություններից՝ միայն կապիտուլյացիայի ենթարկվելով Թուրքիայի այժմյան զավթողամոլական ​​ծրագրերին։

Տագնապալի է, որ Փաշինյանի խոսքերը հնչեցին անմիջապես այն բանից հետո, երբ Հովիկ Աղազարյանը հարցազրույցում հայտարարեց, թե «քանի որ Օսմանյան կայսրությունում տեղի է ունեցել ցեղասպանություն… Մենք այն ժամանակ որպես պետություն գոյություն չունեինք, ուստի չենք կարող Թուրքիայից որևէ բան պահանջել… Ելնելով դրանից. ի՞նչ միջազգային չափանիշներ»»,- ասվում էր հայտարարության մեջ՝ Փաշինյանին կոչ անելով վերանայել իր հայտարարությունները և վերահաստատել Հայաստանի հանձնառությունը՝ արդարադատությունը վերականգնելու Հայոց ցեղասպանության հարցում:

 

Տեսանյութեր

Լրահոս