Փաշինյանի ինքնախոստովանությունը կամ Արշակ Կարապետյանի զգուշացումը Փաշինյանին պատերազմից առաջ

Stratfor վերլուծական կենտրոնի կանխատեսմամբ, հայ-ադրբեջանական սահմանին լարվածությունը կարող է աճել տարվա երկրորդ կեսին, եթե սահմանազատման գործընթացը դադարեցվի:

Միևնույն ժամանակ, ըստ վերլուծական կենտրոնի, մոտ ապագայում մեծ էսկալացիայի ռիսկը կմնա բավականին ցածր։

Նշենք, որ գրեթե նմանատիպ կանխատեսում էր արել նաև ՀՀ արտաքին հետախուզական ծառայությունը:

«Տարբեր փաստերի, տեղեկությունների ու երևույթների վերլուծության հիման վրա սույն զեկույցի հրապարակման պահի դրությամբ Ադրբեջանի կողմից Հայաստանի դեմ լայնամասշտաբ ռազմական հարձակման հավանականությունը բարձր չենք գնահատում»,- նշվում է ՀՀ արտաքին հետախուզության ծառայության կանխատեսման մեջ:

Կարդացեք նաև

Մյուս կողմից, ծառայությունը փաստում է, որ խաղաղության պայմանագրի և միջպետական հարաբերությունների բացակայության պայմաններում կշարունակի պահպանվել սահմանին տեղային լարվածությունների և էսկալացիայի առաջացման ռիսկը:

Այսինքն, ըստ Արտաքին հետախուզական ծառայության, միջպետական լարված հարաբերությունների պահպանման ռիսկերն ավելացնում են նաև Ադրբեջանի պաշտոնական/իշխանական ագրեսիվ հռետորաբանությունը, Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձերը, ինչպես նաև տարբեր արհեստական թեմաների ավելացման միջոցով բանակցային գործընթացում սեփական միակողմանի պահանջները պարտադրելու Ադրբեջանի քայլերը։

«2025թ. ընթացքում նման գործիքակազմի կիրառման շարունակման հավանականությունը մնում է բարձր։ Ադրբեջանը 2025թ. շարունակելու է սեփական հարձակողական կարողությունների զարգացման տեմպը՝ կրճատելով ռազմական գործողության անցնելու վերաբերյալ բարձրագույն մակարդակում քաղաքական որոշումից մինչև հողի վրա մարտական գործողության մեկնարկ ժամանակահատվածը։ Այս շրջանակներում Ադրբեջանը շարունակելու է ավելի շարժունակ ստորաբաժանումների անցման, դրանց ռեզերվի պատրաստման, նոր սպառազինության ձեռքբերման և ներկրման, ինչպես նաև ռազմական ենթակառուցվածքների թարմացման աշխատանքները»,- նշվում է ծառայության զեկույցում:

Ավելին, ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն օրերս լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ մտահոգիչ էր համարել Ադրբեջանի հայտարարությունները, զորավարժությունների ինտենսիվ անցկացումը, ինտենսիվ թռիչքներն այլ երկրներից՝ հավանաբար ռազմական տեխնիկա են տեղափոխում Բաքու:

Այն, որ Ադրբեջանն ուզում է էսկալացիա հրահրել, և փորձում է էսկալացիայի «լեգիտիմություն» ձևավորել, շատ լավ հասկանում է նաև Նիկոլ Փաշինյանը, ինչի մասին նա խոսել է նաև իր վերջին ասուլիսի ժամանակ:

Խնդիրն այն է՝ ի՞նչ հետևություններ են արվում, գործողությունների ի՞նչ պլաններ են մշակվում այս կամ այն սցենարային զարգացման դեպքում, և շատ կարևոր է՝ երբվանի՞ց, ի՞նչ ժամկետներում:

«Մեր խնդիրն է, որ ուրիշների էսկալացիա հրահրելու ցանկությանը չտրվենք, հակառակ դեպքում՝ կլուծենք ոչ թե այն խնդիրը, որ մենք ենք ուզում, այլ կլուծենք այն խնդիրը, որ իրենք են ուզում»,- հունվարի 31-ին հրավիրված ասուլիսում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ շեշտելով, որ պետք է մնալ փաստարկների դաշտում:

«Եթե մենք փաստարկների դաշտից դուրս գանք և մտնենք էմոցիաների դաշտ, ինչը, ցավոք, մեզ հետ պատահել է, դա լավ արդյունքների չի բերի»,- շարունակել է նա:

Իսկ որքանո՞վ է սառը դատողություն, սառը հաշվարկ, փաստարկների դաշտում մնալն Ադրբեջանի պայմաններով սահմանազատման գործընթաց իրականացնելը, երբ ոչ մի փուլում Հայաստանին ձեռնտու ուղղությունը չի ընտրվում: Որքանո՞վ է սառը հաշվարկների վրա մշակվել հենց նույն «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը, կամ՝ ինչպես մի առիթով 168.am-ի հետ զրույցում նշել էր ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, արդյո՞ք մինչ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարը ներկայացնելը, սպառնալիքների և ռիսկերի գնահատման վարժություն իրականացվել է, հատկապես, երբ այդտեղ ռիսկային թեզեր կան, ինչպես նկատել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Մովսես Հակոբյանը՝ «Խաղաղության խաչմերուկում» կա եզրույթ, որն ինձ մոտ սարսափ է առաջացնում՝ «փոխադարձության սկզբունքով»:

Վերադառնանք Փաշինյանի ձևակերպմանը, թե «եթե մենք փաստարկների դաշտից դուրս գանք և մտնենք էմոցիաների դաշտ, ինչը, ցավոք, մեզ հետ պատահել է, դա լավ արդյունքների չի բերի»:

Կարո՞ղ ենք սա ընդունել՝ որպես ինքնախոստովանություն 44-օրյա պատերազմի առնչությամբ: Այսինքն, ՀՀ իշխանությունները, Նիկոլ Փաշինյանն իր ձեռքի տակ ունենալով փաստեր, հստակ վերլուծություններ և կանխատեսումներ հնարավոր պատերազմի մասին, երբ միայն օրն ու ժամը հայտնի չի եղել, ինչպես մի առիթով անգամ Փաշինյանն է հայտարարել, գործել են էմոցիաների դաշտում: Հիշում ենք՝ պատերազմից առաջ ինչ հայտարարություններ և գործողություններ է արել Փաշինյանը, բավական է միայն հիշել 44-օրյայից մեկ ամիս առաջ՝ 2020 թվականի օգոստոսի 28-ին Սարդարապատում հուլիսյան մարտերի մասնակիցների պարգևատրման և այդ համատեքստում արած հայտարարությունները.

«Հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության` Հայաստանի գնահատականները սթափ են և ճշգրիտ, «Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների լեզվով խոսելն անհեռանկար է»:

168.am-ը մի քանի մասից ներկայացրել էր նախապատերազմյան իրադարձությունների խրոնոլոգիան, որտեղ երևում է, որ Փաշինյանն անգամ շատ լավ գիտակցել է, որ հնարավոր պատերազմի դեպքում գործ են ունենալու Թուրքիայի հետ՝ «2020թ. ամռանը մեր գնահատականն այն է եղել, որ մենք կարող ենք բավական հաջող դիմակայել Ադրբեջանին, նաև մենք հասկացել ենք, որ կան ռիսկեր Թուրքիայի և ահաբեկիչների կողմից պրոցեսին ներգրավվելու», ինչպես զգուշացրել է նրան ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ «այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան»:

Ի դեպ, երեկ՝ հունվարի 31-ին, յութուբյան իր ալիքում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ ասուլիսի ժամանակ հնչած հայտարարություններին, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը մի գաղտնազերծում է արել՝ հաստատելով վերևում մեր բերած փաստարկները:

«2020 թվականի օգոստոսի 14-ին, փաստը մոտս կա, ես քեզ (Նիկոլ Փաշինյանին։- Մ.Պ.) գրավոր գրեցի, որ մինչև սեպտեմբերի վերջ պատերազմ է սկսելու: Առաջարկում եմ ուժեղացնես դիվանագիտությունդ, ուղարկես արտգործնախարարին Մոսկվա, այլ երկրներ, անհրաժեշտ է անել ամեն ինչ, որ պատերազմ չսկսի: Փաստացի կարող եմ ապացուցել: Դուք ոչինչ չարեցիք: Հիմա նստել կռուտիտ ես անում»,- պնդում է նա:

Նշենք, որ 44-օրյա պատերազմի օրերին Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր, ում, ի դեպ, 2020թ. սեպտեմբերի 2-29-ը ներառյալ Փաշինյանն արձակուրդ էր տրամադրել: Արդյո՞ք երբ սեպտեմբերի 25-ին պատերազմի մասին ավելի հստալ տեղեկություն էր ստացել Փաշինյանը, իր գեներալ խորհրդականին հետ է կանչել արձակուրդից, հայտնի չէ:

Իսկ մենք հիշեցնենք, որ 2023 թվականի հունիսին նման հայտարարություն արել էր նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը: Ընդ որում, Նիկոլ Փաշինյանին նման զգուշացում ԳՇ նախկին պետը Արշակ Կարապետյանից ավելի շուտ է արել:

«2020թ. հուլիսի 4-ին, զինված ուժերի գլխավոր շտաբում ստեղծված իրադրության բազմակողմանի գնահատման արդյունքներով ՀՀ վարչապետին առաջարկել եմ.

– ձեռնարկել քաղաքական և դիվանագիտական բնույթի միջոցներ՝ պատերազմը կանխարգելելու կամ, առնվազն, ՀՀ ԶՈՒ կիրառման համար բարենպաստ պայմաններ ստեղծելու համար, մասնավորապես՝ հանձնարարել ՀՀ արտաքին գործերի նախարարությանը մշակել միջոցառումների ծրագիր՝ ուղղված հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության մասնակից պետությունների հետ (հատկապես՝ ՌԴ հետ) հարաբերությունները կտրուկ բարելավելուն, իսկ տարածաշրջանի մյուս պետություններին (Իրան և Վրաստան)՝ բարեկամաբար տրամադրելուն…»:

Իսկ 2020 թվականի օգոստոսի կեսերին, երբ Արշակ Կարապետյանը Փաշինյանին գրավոր կանխատեսում է ուղարկել հնարավոր պատերազմի մասին, Օնիկ Գասպարյանն իր հերթին՝ նույն ժամանակահատվածում նրան զեկուցել է ռազմատեխնիկական խնդիրների մասին, օրինակ, որ «ՀՕՊ ընդհանուր խմբավորման արդյունավետությունը գնահատվում է «թույլ», առկա ՌԷՊ ուժերով և միջոցներով հնարավոր չէ արդյունավետ ճնշել հակառակորդի ղեկավարման համակարգերը, թույլ են հետախուզական մարմինների՝ հակառակորդի արդյունավետ հետախուզման, օպերատիվ ղեկավարման ու տեղեկությունների հաղորդման հնարավորությունները», և այլն:

Քանի որ 2020 թվականի օգոստոսյան դեպքերին անդրադարձանք, այսինքն, 44-օրյա պատերազմից մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցածներին, հարկ է ևս մի քանի դրվագ ներկայացնել:

Առաջին, 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում: Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել են օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։

Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ:

Քննիչ հանձնաժողովում այս առնչությամբ Դավիթ Տոնոյանն ասել էր, որ պատերազմին նախորդող ժամանակաշրջանում` նախիջևանյան զորավարժությունների ընթացքում, թուրքական F16-երի վերաբազավորումը դեպի Գյանջա (Գանձակ) քաղաք հուշում էր, որ այդ ամենը վարժանքի նպատակով չէ։

«Երբ ամեն օր գրեթե 4 ինքնաթիռ անընդհատ` 4, 5, 6 ժամվա մեջ, գտնվում էին օդում և ժամանակ առ ժամանակ հայտնվում էին 45-25 կմ հեռավորության վրա, անգամ այնպիսի մոտեցումներ էին լինում, որ ստիպում էին ՊԲ ՀՕՊ-ին միանալ, ավելացնում էին մեր մտահոգությունները։ Երբ F16-երը ռոտացիայի ենթարկվեցին` ոչ միայն օդաչուների, այլև ինքնաթիռների ռոտացիա էր, դա նշանակում էր համարյա թե մշտական ներկայություն կամ ռազմական գործողությունների սկսման լուրջ ազդակ»,- նշել էր նա:

Երկրորդ, 2020 թվականի օգոստոսի 24-ին ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել էին ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ, որի նպատակն էր՝ ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակություններն օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի հետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը:

Ուշագրավ է, որ վերը նշված զորավարժությունների նախօրեին՝ օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։

Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը գործընկերոջը տեղեկացրել էր հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։

Նշենք, որ Տոնոյան-Շոյգու հանդիպումից հետո «Интерфакс»-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից ուշագրավ տեղեկություն էին հայտնել, այն է՝ ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը:

Մոսկվայում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո՝ օգոստոսի 25-ին, Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու, իսկ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։

Իսկ սրանից առաջ՝ օգոստոսի 13-ին, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում դժգոհություն էր արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ՝ 400 տոննա:

Երրորդ, 2020 սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնել է Մոսկվա՝ սեպտեմբերի 4-ին մասնակցելու ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, որ Մոսկվա մեկնել էր նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Սակայն քիչ անց այն հեռացվել էր ՊՆ պաշտոնական կայքից, նույնը հորդորեցին անել լրատվամիջոցներին:

Երկու օր հետո՝ սեպտեմբերի 5-ին, պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն էր տարածել, որ «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը:

Իսկ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Մոսկվայում եղել էր սեպտեմբերի 4-ից:

Սեպտեմբերի 3-ից Մոսկվայում եղած Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին Տոնոյանը «Մեդիամաքսին» ասել էր. «Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի»:

Արդյոք սեպտեմբերի 3-ին ԳՇ պետի Մոսկվա մեկնելու մասին հաղորդագրությունը պատահականությո՞ւն էր։

Ի դեպ, Մոսկվայում ԱՊՀ, Շանհայյան համագործակցության կազմակերպության և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, հայտարարել էր.

«Ցավոք սրտի, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետևանք է»:

Այս շարքը կարելի է շարունակել, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի՝ ոչ փաստերի դաշտում գործելուն առնչվող: Չմոռանանք, որ տարբեր ժամանակներում Փաշինյանը պատերազմի հավանականության մասին տարբեր հայտարարություններ է արել. մեկ ասել է, որ միայն օրն ու ժամը չգիտեն, այսինքն՝ ժամանակահատվածը հայտնի է, մեկ խոսել է դրա քիչ կամ 30 տոկոս հավանականության մասին՝ «ինձ զեկուցվել է, որ պատերազմի հավանականությունը 30 տոկոս է»:

Իսկ Քննիչ հանձնաժողովում Դավիթ Տոնոյանն ակնարկել էր, որ պատերազմի հավանականության մասին ռազմական բառապաշարում տոկոսներով չեն խոսում։

«ԶՈւ-ի և իրավիճակի գնահատման առումով տոկոսներով գնահատական գոյություն չունի: Ռազմական գործողությունների սկսումը մեզ մոտ կամ գնահատվել է լիովին հավանական, կամ խիստ հավանական: Հուլիսյան դեպքերից հետո հակառակորդի և հակառակորդի դաշնակցի հայտարարությունների առումով պատերազմի հավանականությունը գնահատվեց խիստ հավանական: Եվ ԳՇ-ն խիստ հավանական գնահատելով ռազմական գործողությունների վերսկսումը՝ իրականացրել է համապատասխան միջոցներ»,- պարզաբանել էր նախկին նախարարը:

Այսինքն, այսօր, ըստ էության, ինչ-որ առումով նույն բանն է տեղի ունենում. Փաշինյանը շատ լավ գիտակցում է էսկալացիայի հավանականության փաստը, սակայն, եթե 44-օրյայից առաջ էմոցիոնալ դաշտում էր, այսօր փորձում է դրանից զերծ մնալ, բայց սա, բնավ, չի նշանակում, թե փաստարկների դաշտում է գործում և իրավիճակին համարժեք: Այսինքն, այնպես, որ հնարավոր լինի չեզոքացնել երկրի և բնակչության անվանգային սպառնալիքները: Այդպես չէ:

Տեսանյութեր

Լրահոս