Օնիկ Գասպարյանը զգուշացրել է՝ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի՞. որքանով է իշխանությունը լուրջ ընդունել
ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի նոյեմբերի 17-ի ուղերձին անդրադառնալիս՝ հիմնական շեշտը դրվում է ԱԽ նիստում՝ պատերազմի 4-րդ օրը, պատերազմական գործողությունները կանգնեցնելու միջոցներ ձեռնարկելու առաջարկի վրա:
Մինչդեռ մինչ այդ՝ հունիսի 19-ի նիստում, ըստ ուղերձի, գեներալ-գնդապետը զգուշացրել է. «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան: Հետևաբար՝ այդ պետությունների համահավաք ռազմական ներուժին Հայաստանը չի կարող արդյունավետ դիմակայել և անհրաժեշտ է քաղաքական ու դիվանագիտական ողջ ներուժը ուղղել պատերազմից խուսափելուն կամ գոնե այն հետաձգելուն»:
Օնիկ Գասպարյանի պնդմամբ, տրված առաջարկն Անվտանգության խորհրդի և վարչապետի կողմից ընդունվել է, սակայն հարցադրում է արվել՝ «եթե չհաջողվի պատերազմից խուսափել, ի՞նչ պետք է անենք», ինչին հնչել է պատասխան՝ «մեզ պարտադրված պատերազմում պետք է փորձենք հնարավորինս սեղմ ժամկետներում հասցնենք հակառակորդին մեծ կորուստներ և ստիպենք հրաժարվել հետագա գործողություններից»:
Այն, որ Օնիկ Գասպարյանի կողմից, որպես ԳՇ պետի՝ եղել է զգուշացում Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, չի հերքում նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մասնավորապես, factor.am–ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել է. «Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է.- Մ.Պ.):
Հավելենք, որ ըստ ԱԽ-ի 21.08.2020 թ. նիստի արձանագրության, Օնիկ Գասպարյանը մասնավորապես ասել է. «… Արևելյան օպերացիոն ուղղությունում․․. և հյուսիս-արևելյան օպերացիոն ուղղությունում մենք կարողանում ենք առկա ուժերով ու միջոցներով «ոչ մի քայլ հետ» սկզբունքով հետ մղել, ձախողել հակառակորդի հարձակումը և ջախջախել նրա խմբավորումները…»:
Արմեն Գրիգորյանի մեկնաբանությունը, իհարկե, մի քիչ վիճելի է, քանի որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան ՀԱՊԿ անդամ ՀՀ-ին ուղիղ պատերազմ չէր հայտարարի, բայց եթե մի պահ ընդունենք, որ ասվածը իրատեսական է՝ որքանով է փաշինյանական իշխանությունը հաշվի առել Օնիկ Գասպարյանի զգուշացումը Թուրքիայից եկող սպառնալիքի մասին՝ աչքի տակ ունենալով նաև Սիրիայում թուրքական օպերացիոն սցենարը, երբ հրետանուն և հակազդական համազարկային համակարգերին զուգահեռ` թուրքական բանակը բազմաթիվ գրոհային անօդաչուներ, ինչպես նաև կամիկաձե դրոններ է օգտագործել՝ դրանց միաժամանակ մեծ թվով կիրառմամբ ավերիչ հարվածներ հասցնելով Ասադի բանակին:
Հեղինակավոր պարբերականներն ու ռազմական փորձագետներն «իդլիբյան» սցենարը նկատի ունենալով՝ արձանագրել էին, որ Թուրքիան առաջին երկիրն է, որն ունակ է մարտական գործողություններ իրականացնել` գրոհային անօդաչուների և արհեստական ինտելեկտով կառավարվող կամիկաձե դրոնների կիրառմամբ:
Այժմ հետադարձ հայացք գցենք և փորձենք վերհիշել, թե ինչ իրադարձություններ են տեղի ունեցել 2020-ի օգոստոսին՝ հուլիսյան դեպքերից հետո, որոնց մի մասի վրա հիմնվելով է, թերևս, ԳՇ նախկին պետը թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատերազմի սանձազերծման զգուշացում արել:
1. 2020-ի հուլիսի 29-ից օգոստոսի 10-ն ընկած ժամանակահատվածում նախատեսվել էր Ադրբեջանի և Թուրքիայի համատեղ նախատեսված զորավարժություններ, որոնց ընթացքում օդուժի կիրառմամբ վարժանքներ են անցկացվել Բաքվում, Գյանջայում, Քյուրդամիրում, Եվլախում ու Նախիջևանում: Ցամաքային զորքերի մասնակցությամբ զորավարժությունները կայացել են օգոստոսի 1-5-ը Բաքվում և Նախիջևանում։ Ի դեպ, հուլիսի 29-ից օգոստոսի 10-ը նախատեսված զորավարժությունները փաստացի երկարաձգվել էին, և օգոստոսի 12-ին Ադրբեջան էին ժամանել Թուրքիայի Հանրապետության Ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Յաշար Գյուլերը, զորքերի հրամանատարները և այլ բարձրաստիճան սպաներ: ՀՀ ՊՆ-ից այս փաստին արձագանքել էին. «Հաշվի առնելով այն, որ ցանկացած միջազգային զորավարժություն, բացի մարտական պատրաստության բաղադրիչից, պարունակում է նաև ռազմադիվանագիտական, ռազմաքաղաքական ուղերձներ, ապա Թուրքիայի բարձրաստիճան ռազմաքաղաքական պատվիրակության ներկայության մասին լուրը թուրք-ադրբեջանական զորավարժությունները մտահոգիչ են դարձնում վերոնշյալ ուղերձների աննախադեպության տեսանկյունից»:
2. Օգոստոսի 24-ին ԶՈՒգլխավոր շտաբի պետի ղեկավարությամբ մեկնարկել էին ՀՀ հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված զորամիավորման և զորամասերի հետ անցկացվող հրամանատարաշտաբային զորավարժություններ, որի նպատակն էր՝ ստուգել զորքերի մարտական պատրաստականությունը և միջոցներ ձեռնարկել միջոցառումների կատարման ժամանակացույցերի կրճատման ուղղությամբ, ստուգել և կատարելագործել կառավարման մարմինների ունակություններն օպերացիաներ նախապատրաստելիս և վարելիս, խաղարկել հակառակորդի հավանական ագրեսիայի հետմղման և նրա հարվածային խմբավորումների ջախջախման օպերատիվ-մարտավարական դրվագներ, ինչպես նաև համաձայնեցնել զորամիավորման և այդ ուղղությամբ աջակցման համար նշանակված ուժերի ու միջոցների փոխգործակցության հարցերը:
3. Ուշագրավ է, որ վերը նշված զորավարժությունների նախօրեին՝ օգոստոսի 22-ին, Մոսկվա էր մեկնել Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, որտեղ օգոստոսի 23-ին հանդիպել էր Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին։
Հանդիպման ընթացքում Դավիթ Տոնոյանը գործընկերոջը տեղեկացրել էր հուլիսյան մարտական գործողություններից հետո տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրադրության, ինչպես նաև հայ-ադրբեջանական պետական սահմանին և արցախաադրբեջանական ուժերի շփման գծում տիրող օպերատիվ իրավիճակի մասին։
Նշենք, որ Տոնոյան-Շոյգու հանդիպումից հետո «Интерфакс»-ին Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունից ուշագրավ տեղեկություն էին հայտնել, այն է՝ ՌԴ-ն պատրաստ է Հայաստանի հետ քննարկել «Սու-30ՍՄ» «4+» սերնդի կործանիչների նոր խմբաքանակի մատակարարումը:
4. Մոսկվայում Դավիթ Տոնոյանի հետ հանդիպումից հետո՝ օգոստոսի 25-ին, Սերգեյ Շոյգուն աշխատանքային այցով մեկնել էր Բաքու, իսկ օգոստոսի 26-ին պաշտոնական այցով Մոսկվա էր ժամանել Ադրբեջանի նարտգործնախարար Ջեյհուն Բայրամովը։
5. Օգոստոսի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ կայացած հեռախոսազրույցի ընթացքում դժգոհություն էր արտահայտել վերջին շաբաթներին՝ Ռուսաստանի կողմից Հայաստան ռազմական նշանակության բեռների նոր խմբաքանակի առաքման առթիվ՝ 400 տոննա:
6. Օգոստոսի 22-ին, ժամը 19:30-ի սահմաններում, մարտական հենակետը ստուգելու նպատակով սպա Գուրգեն Ալավերդյանը եղանակային խիստ անբարենպաստ պայմանների պատճառով շփոթվել և մոլորվել էր: Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն էր տարածել, թե «օգոստոսի 23-ին` առավոտյան 05։45-ի սահմաններում, հայկական կողմը դիվերսիոն հարձակման փորձ է կատարել, սակայն կորուստներ կրելով նահանջել է»: ՀՀ պաշտպանական գերատեսչությունն Ադրբեջանի ՊՆ-ի հաղորդագրությունն ապատեղեկատվություն էր համարել:
7. Օգոստոսի 24-ին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում քննարկման էր դրվել աշխարհազոր ստեղծելու մասին նախագիծը:
8. Օգոստոսի 20-ին Կառավարությունը համապատասխան որոշմամբ սահմանվել էր ռազմական դրության ժամանակ բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպություններում (անկախ սեփականության ձևից) առողջապահության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնիլիազորությունները՝ բացառությամբ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության զինվորական հոսպիտալների:
Ավելի վաղ ԱԺ-ն ընդունել էր առողջապահական բնագավառի միասնական կառավարմանն առնչվող օրինագիծը:
Հիշեցնենք, որ ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվել է 2020-ի սեպտեմբերի 27-ին, երբ Ադրբեջանը սանձազերծեց արցախյան վերջին պատերազմը:
Վերը նշված օգոստոսյան ցանկին հավելենք, որ 2020-ի օգոստոսի 18-ին Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ վարչապետի գլխավոր խորհրդական էր նշանակվել Վաղարշակ Հարությունյանը, ով, ի դեպ, հուլիսին լրագրողների հետ հանդիպմանը հաստատել էր, ըստ էության, Օնիկ Գասպարյանի զգուշացումը՝ «Նախիջևանն այն տարածքն է, միջոցը, որով Թուրքիան իրականացնում է իր պանիսլամական նեոօսմանիզմի ծրագիրը: Դա այն պլացդարմն է, որտեղից Թուրքիան ուզում է թռիչք իրականացնել դեպի արևելք, մյուս կողմից՝ դեպի հյուսիս՝ Ռուսաստան: Նախիջևանն օգտագործվել է նաև պատերազմի տարիներին»:
Այլ հարց է՝ Փաշինյանի խորհրդական Վաղարշակ Հարությունյանն ինչ խորհուրդներ է տվել իր շեֆին՝ պատերազմին նախորդած օրերին և պատերազմի ընթացքում, ինչո՞ւ չէ՝ այսօր: Պատերազմի ելքը, ըստ էության, հուշում է՝ ինչ խորհուրդներ են տրվել: Չմոռանանք, որ 2019-ին Հարությունյանը բացառել էր լայնածավալ պատերազմի հավանականությունը մոտակա ժամանակներում: