Ադրբեջանը ճիշտ էր, Նիկոլը՝ սխալ. «Փաշինյանը թաքցրել է պատերազմի փաստը հասարակությունից

Պատերազմի ընթացքում մարտական, ռազմական տարբեր հանգամանքներ, և պատերազմի ելքն ու հետպատերազմյան ռազմաքաղաքատակտիկական զարգացումները, հայաստանյան, ռուսական տարբեր շրջանակների բացահայտումները, հայտարարությունները հանգեցրին այն եզրահանգման, որ պատերազմի ելքը և դրանից բխող ու դեռ շարունակվող զարգացումները նախապես համաձայնեցված գործարքի բաղադրիչներ են:

Ոչ պատահական տակտիկական նահանջները, մարտական, ռազմական, ռազմաքաղաքական սխալներն այս անգամ կթողնենք մասնագետների վերլուծմանը, փոխարենը կներկայացնենք նախապատերազմյան՝ սեպտեմբեր ամսվա դեպքերի խրոնիկան՝ ապացուցելու, որ Փաշինյանը հասարակությունից կանխամտածված թաքցրել է պատերազմի փաստը, նրանց հոգեբանորեն և ֆիզիկապես չի պատրաստել պատերազմական գործողություններին, ավելին, փորձել է շեղել նրանց ուշադրությունը տարբեր անկարևոր միջոցառումներով: Մինչդեռ, եթե ոչ սեպտեմբերի սկզբին, ապա ամսվա կեսերին ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարությունն իմացել է սեպտեմբերյան պատերազմի մասին, ինչը մասին վկայում են զորքին զգուշացնելու մեր ունեցած փաստերը և սեպտեմբերի 24-ին ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումների՝ զինկոմիսարիատների կողմից ուղարկված ծանուցումները. մեկ օրում փոստատարը միայն մեկ վարչական շրջանում մինչև 50 ծանուցում է բաժանել:

Պատերազմական նախազգուշացումների խրոնոլոգիա կամ անտեսված մարգարեություն

Սեպտեմբերի 3-ին Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն աշխատանքային այցով մեկնում է Մոսկվա՝ սեպտեմբերի 4-ին մասնակցելու ԱՊՀ և Շանհայի համագործակցության կազմակերպության անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպմանը:

Նույն օրը՝ սեպտեմբերի 3-ին, ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն տարածեց, որ Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը: Սակայն, քիչ անց այն հեռացվեց ՊՆ պաշտոնական կայքից, նույնը հորդորեցին անել լրատվամիջոցներին:

Երկու օր հետո՝ սեպտեմբերի 5-ին, պաշտպանական գերատեսչությունը հաղորդագրություն տարածեց, որ «Միջազգային բանակային խաղեր-2020» մրցումների փակման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով Մոսկվայում է ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի գլխավորած պատվիրակությունը:

Իսկ ՀՀ ՊՆ Դավիթ Տոնոյանը, ըստ պաշտոնական հաղորդագրության, Մոսկվայում եղել է սեպտեմբերի 4-ից:

Սեպտեմբերի 3-ից Մոսկվայում եղած Զաքիր Հասանովի հետ հանդիպման հնարավորության մասին Տոնոյանը «Մեդիամաքսին» ասել էր. «Ես պատրաստ եմ հանդիպել, բայց կասկածում եմ, որ իմ ադրբեջանցի գործընկերը նման ցանկություն կհայտնի»:

Արդյոք սեպտեմբերի 3-ին ԳՇ պետի Մոսկվա մեկնելու մասին հաղորդագրությունը պատահականությո՞ւն էր, գուցե՝ այո, հնարավոր է՝ ոչ:

Ի դեպ, Մոսկվայում ԱՊՀ, Շանհայյան համագործակցության կազմակերպության և ՀԱՊԿ անդամ պետությունների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարների համատեղ նիստին Դավիթ Տոնոյանը, մասնավորապես, հայտարարել էր.

«Ցավոք սրտի, ստիպված եմ շեշտել, որ Հարավային Կովկասում ռազմաքաղաքական իրադրությունն աչքի է ընկնում բարձր կոնֆլիկտայնությամբ: Վերջերս տարածաշրջանում շահերի հակասության աճ է նկատվում, ինչը, մեր գնահատմամբ, որոշ պետությունների հավակնությունների ընդլայնման հետևանք է:

– Մեր տարածաշրջանում դինամիկ զարգացող ռազմաքաղաքական իրադարձությունները կարող են բնորոշվել՝ որպես աշխարհաքաղաքական շահերի հակասություն, որում առանցքային գործոնն անվտանգության հարցում ընդհանուր պատկերացումների և ռիսկերի նվազեցման մեխանիզմների բացակայությունն է:

– Տարածաշրջանային հակամարտությունները ռազմական լուծում չունեն, և Հայաստանի համար ընդունելի չեն ոչ ռազմատենչ հռետորաբանությունը, ոչ էլ հակամարտությունում այլ պետությունների ներգրավվելու փորձերը դրան հետևող իրավիճակի ապակայունացմամբ»:

Սեպտեմբերի 16, ԱԺ. Արման Բաբաջանյանի՝ Արցախի խնդրի վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.

«Մենք ունենք բանակցային գործընթացում սկզբունքներ, բայց դրանք չենք համարում նախապայմաններ։ Նախապայման ունի Ադրբեջանը, որ ասում է՝ Ղարաբաղը պետք է լինի Ադրբեջանի մաս։ Հուլիսյան դեպքերից առաջ Ադրբեջանի կողմից լսում էինք ռազմատենչ հայտարարություններ, որոնք համահունչ չէին բանակցային գործընթացին։ Հուլիսյան մարտերը փոխեցին տրամաբանությունը՝ Հայաստանի և Արցախի հետ չի կարելի խոսել ուժի լեզվով, Ադրբեջանն ասում էր, որ 24 ժամվա ընթացքում կլուծեն Ղարաբաղի հարցը։ Պարզվեց՝ Ադրբեջանը սխալ էր, մենք ճիշտ էինք»:

Սեպտեմբերի 16, ԱԺ. ՊՆ Դավիթ Տոնոյանն իր հերթին հայտնել էր՝ ադրբեջանցիներն իրականացնում են աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքերի գերակայությունը, առավելությունը, օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք:

Սեպտեմբերի 16. ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն արձագանքել էր Ադրբեջանի ՊՆ Զաքիր Հասանովի հայտարարությանը, ըստ որի՝ նա հրաման էր տվել պահպանել անձնակազմի մարտական բարձր պատրաստվածությունն ու զգոնությունը, անհապաղ և վճռականորեն կանխել «Հայաստանի ԶՈւ-ի կողմից տարբեր ուղղություններով հնարավոր լայնածավալ սադրանքները»:

«Ադրբեջանական սադրանքից հետո պաշտպանության նախարարի նման մտահոգված արձագանքը լիովին կանխատեսելի է»,- նշել էր Շուշան Ստեփանյանը:

Այս հայտարարությունը հաջորդել էր ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարևելյան հատվածում ցուցաբերած ակտիվությանը, երբ փորձ էր արվել ձեռնարկել ամրաշինական աշխատանքներ՝ նպաստելով առաջնագծում լարվածության աճին: Հակառակորդի ակտիվությունը ճնշելու և հետագա սրացումները կանխելու նպատակով ՀՀ ԶՈւ առաջապահ ստորաբաժանումները ստիպված էին եղել ձեռնարկել համապատասխան գործողություններ: Հակառակորդի հերթական սադրանքի հետևանքով սեպտեմբերի 16-ին հյուսիսարևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքում մահացու հրազենային և բեկորային վնասվածքներ էր ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Հովիկ Նելսոնի Թամազյանը։

Նշենք, որ դեռևս սեպտեմբերի սկզբին միջազգային մամուլում մտահոգիչ տեղեկություններ էին տարածվում, որ Սիրիայից ահաբեկչական խմբավորումներ են Թուրքիայի տարածքով ներթափանցում Նախիջևան՝ հայկական կողմի նկատմամբ դիվերսիոն գործողություններ իրականացնելու նպատակով, ինչն ավելի ուշ հաստատվել էր ԱԳՆ ղեկավարության կողմից:

Մասնավորապես, սեպտեմբերի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Եգիպտոս կատարած պաշտոնական այցի շրջանակում Եգիպտոսի ԱԳ նախարար Սամեհ Շուքրիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ընթացքում նշել էր.

«Հուլիսյան իրադարձությունների ժամանակ Թուրքիան միակ երկիրն էր, որը հանդես եկավ միակողմանի և շատ ագրեսիվ մոտեցմամբ. միակողմանի աջակցություն Ադրբեջանին, ագրեսիվ մոտեցում՝ հասցեագրված Հայաստանին և հայ ժողովրդին, որն արտահայտվեց և հռետորաբանությամբ բոլոր մակարդակներում, և գործողություններով: Իհարկե, մենք ականատես ենք լինում իրենց կողմից ռազմական կուտակման փորձերի: Մենք տեղեկություններ ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների օգտագործման մասին, ովքեր տեղափոխվելու են Ադրբեջան կամ գուցե արդեն իսկ տեղափոխվել են: Մենք ականատես ենք լինում մեծ ռազմական ներկայության, ռազմական ամրապնդման: Այս ամենը հենց այն գործողություններն են, որոնք խաթարում են տարածաշրջանում խաղաղությանը և կայունությանն ուղղված ջանքերը»:

Նիկոլ Փաշինյանը, սակայն, պաշտոնական միջոցառումներին և աշխատանքային հանդիպումներին իրեն շարունակում էր պահել այնպես, ասես ոչինչ չի կատարվում: Օրինակ, առողջապահության նախարարին հանձնարարում է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Այսինքն, ոչ մի ակնարկ մոտալուտ պատերազմի մասին:

Սեպտեմբերի 17-ին Փաշինյանն ավետում է, որ «առաջին անգամ մեր չորս «ՍՈւ-30СМ»-ները միասին դուրս են եկել հերթապահության»:

Սեպտեմբերի 18-ին տեղեկություն է տարածվում, որ Իսրայելում պաշտոնապես բացվել է ՀՀ դեսպանատունը, ինչը ոչ պակաս արկածախնդրություն էր, որի պտուղները քաղեցինք ավելի ուշ պատերազմի ընթացքում՝ իրանական կողմի ոչ բավարար հայամետ վերաբերմունքի տեսքով:

Սեպտեմբերի 21-ին Փաշինյանը հետևում է ՀՀ ԶՈՒ օդուժի տոնական թռիչքին: Այնուհետ ՀՀ Անկախության 29-րդ տարեդարձի միջոցառումների շրջանակում ներկայացնում է Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050թ. ռազմավարությունը, որտեղ նշում է՝ պետականությունն է միակ գործիքը, որ մեզ հնարավորություն է տալիս կայացնել որոշումներ մեր ճակատագրի վերաբերյալ։

Նույն օրը Փաշինյանը «Զվարթնոց» տաճարում մասնակցում է «Մեր ժամանակների հերոսը» խորագրով մրցանակաբաշխությանը:

ՄԻՆՉԴԵՌ

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի զինված ուժերը հայտարարում են պահեստազորայինների հատուկ հավաքների և մարտական պատրաստության մասին, և տարբեր մասնագիտություններ ունեցողները կանչվում են հավաքների:

Սեպտեմբերի 21-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի բացման կապակցությամբ իր տեսաուղերձում բողոքում է ՀՀ-ից աշխարհազոր ստեղծելու նախաձեռնության առիթով՝ նշելով, որ «սա հստակ ցույց է տալիս Հայաստանի ղեկավարության նոր ագրեսիվ մտադրությունները»:

Ալիևը շեշտում է, որ «ՀՀ ՊՆ-ն սպառնում է Ադրբեջանին «նոր պատերազմով՝ նոր տարածքների համար», իսկ «ՀՀ վարչապետը նպատակադրված խախտում է այն բանակցությունների ձևաչափը և էությունը, որոնք իրականացվում են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների միջնորդությամբ»:

«Նրա «Ղարաբաղը Հայաստան է» հայտարարությունը լուրջ հարված է բանակցային գործընթացին: Ամբողջ աշխարհը Լեռնային Ղարաբաղը ճանաչում է՝ որպես Ադրբեջանի բաղկացուցիչ մաս,- ասել էր Ալիևը և հավելել,- Մենք ունենք միայն մեկ պայման խաղաղության հասնելու համար՝ Հայաստանի զինված ուժերը պետք է դուրս բերվեն Ադրբեջանի գրավյալ բոլոր տարածքներից»:

Ալիևը կոչ էր արել ՄԱԿ-ին և միջազգային հանրությանը՝ ազդել Հայաստանի վրա և թույլ չտալ նոր ռազմական ագրեսիա, և շեշտել, որ հակամարտությունը պետք է լուծվի Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում` ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերի հիման վրա:

Սեպտեմբերի 25-ին հեռավար ելույթ ունենալով Նյու Յորքում մեկնարկած ՄԱԿ-ի 75-րդ նստաշրջանում, Ալիևը կոչ էր արել նաև ՄԱԿ-ին «նոր օրակարգ նախապատրաստել Հայաստանի զինված ուժերն Ադրբեջանի օկուպացված տարածքներից դուրս բերելու համար»:

Սեպտեմբերի 25-ին Ադրբեջանում ԱՄՆ դեսպանատունը հայտարարություն է տարածում, որում հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել Ապշերոնի թերակղզուց (ըստ էության՝ Բաքվի, Սումգայիթի և մերձակա շրջաններից) դուրս «ոչ էական այցելություններից»՝ կապված հայ-ադրբեջանական սահմանի որոշ հատվածներում լարվածության աճի և «վերջին բռնարարքների» հետ:

Նմանատիպ հայտարարությամբ ՀՀ-ում բնակվող ԱՄՆ քաղաքացիներին է դիմում նաև Երևանում ԱՄՆ դեսպանությունը։ ԱՄՆ քաղաքացիներին հորդորում էին խուսափել հայ-ադրբեջանական սահմանի մոտակայքում ճամփորդությունից՝ ներառյալ՝ Դիլիջան ազգային պարկից հյուսիս գտնվող M4 և M16 մայրուղիներից արևելք ընկած տարածքից մինչև Տավուշի մարզի՝ Վրաստանի հետ սահմանը: Նաև կոչ էր արվում չճամփորդել դեպի Արցախ և հետևել լուրերին։

Մինչ այդ՝ սեպտեմբերի 22-ին, Մեջլիսի խոսնակ Սահիբա Գաֆարովան ՌԴ Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հետ հանդիպմանը հայտարարել էր, թե «Հայաստանը պատրաստվում է մեծ պատերազմի»:

Նիկոլ Փաշինյանը, անտեսելով առկա վտանգները, սեպտեմբերի 25-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 75-րդ նստաշրջանի ընդհանուր քննարկումների ժամանակ հայտարարում է՝ «հուլիսյան մարտերն ի դերև հանեցին Ադրբեջանի ռազմական գերազանցության մասին առասպելը և հաստատեցին, ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի»:

Այս միտքը Փաշինյանը սեպտեմբերի 25-ին կրկնում է Արցախի ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանի գլխավորած պատվիրակության հետ հանդիպմանը: Ավելին, սպառնում է ապակայունացնել Ադրբեջանի ներքքաղաքական վիճակը:

«Ադրբեջանի ղեկավարությունը շարունակում է գնալ հին ճանապարհով՝ ավելացնելով մի նոր կոմպոնենտ: Վերջին շրջանում, եթե ուշադրություն եք դարձրել, ադրբեջանական լրատվամիջոցները, իշխանական շրջանակները, Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը նոր կոմպոնենտ է մտցրել քարոզչական արշավի մեջ, այսպես ասած՝ կոնֆիդենցիալ ինֆորմացիաների բացահայտում: Ես ադրբեջանցի գործընկերներին խորհուրդ եմ տալիս չգնալ այդ ճանապարհով, որովհետև եթե մտանք այդ դաշտ, սկսեցինք կոնֆիդենցիալ ինֆորմացիաներ տարածել, վախենամ՝ դրանից Ադրբեջանի ներքաղաքական վիճակը հուսահատորեն ապակայունանա: Այնպես որ, խորհուրդ եմ տալիս վերադառանալ կառուցողական դաշտ, չգնալ տրորված ճանապարհով: Ես ակնկալում եմ, որ Ադրբեջանի նախագահը, ի վերջո, արձագանքի՝ ասելով, որ, այո՛, ինքը համաձայն է, որ Ղարաբաղի հարցի որևէ լուծում պետք է ընդունելի լինի և՛ Ադրբեջանի ժողովրդի համար, և՛ Հայաստանի ժողովրդի համար, և՛ Արցախի ժողովրդի համար: Սա կնշանակի, որ մենք ունենք հնարավորություն՝ ճեղքում արձանագրել բանակցային գործընթացում: Այո՛, ես համարում եմ, որ կա հնարավորություն դա անելու, և Հայաստանն ասել է, որ մենք պատրաստ ենք լինել մաքսիմալ կառուցողական»,- ավելացնում է Փաշինյանը:

Սեպտեմբերի 26-ին Փաշինյանը հարցազրույց է տալիս Հանրային հեռուստատեսությանը, որտեղ պնդում է, թե այդ Ալիևն է իրեն խնդրանքով դիմել:

«Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության և ՀՀ ընդդիմադիր որոշ շրջանակների թեզերը ճշգրիտ նույնական են»,- ասում է Փաշինյանը:

Սեպտեմբերի 26-ին Փաշինյանի ընտանեկան թերթն «Ադրբեջանական քարոզչության հայկական «ֆրիլանսերները»» վերտառությամբ հոդված է հրապարակում, որում, մասնավորապես, ասվում է.

«…Հիմա, ըստ Ալիևի, Փաշինյանը դրժել է խոստումը, հայկական կողմի պատճառով բանակցային գործընթացը ձևական բնույթ է կրում, և Ադրբեջանը չի պատրաստվում մասնակցել այդ ձևականություններին… Մի խոսքով՝ համարյա պատերազմ։

Բայց տարօրինակն այն է, որ Հայաստանի ընդդիմադիր քաղաքական ու մերձքաղաքական շրջանակներն ակտիվորեն տարածում են Ալիևի այդ հայտարարությունն ու անգամ կարծիքներ հնչեցնում, թե նա ավելի ազնիվ ու ճշմարտախոս է, քան մեր վարչապետը… Շարունակությունն արդեն սովորական է։ Իբր՝ այդ երկու տարիներն Ադրբեջանն օգտագործեց առաջնագիծն ամրապնդելու և պատերազմի նախապատրաստելու համար, իսկ մեր իշխանությունները ներքաղաքական հակառակորդների դեմ պայքարով էին զբաղված, հիմա էլ նրանք քարոզչական հող են նախապատրաստում Թուրքիային նոր պատերազմում անմիջականորեն ներքաշելու համար, իսկ մենք հետևողականորեն փչացնում ենք մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, հետևաբար՝ մենք անվտանգային լրջագույն խնդիրներ ունենք և պետք է օր առաջ ազատվենք այս իշխանություններից։

Սկսենք «վերելակային պայմանավորվածություններից»։ Այդ երբվանի՞ց են Հայաստանում սկսել ավելի շատ հավատալ ոչ թե սեփական իշխանություններին, այլ Ադրբեջանի նախագահին, և իրավաբանորեն ինչպե՞ս է կոչվում թշնամու քարոզչությունը սեփական երկրում տարածելն ու դրա իրավացիությունը հիմնավորելը։ Երկրորդ՝ այդ ինչպե՞ս է ստացվում, որ Ադրբեջանի իշխանություններն առաջնագծում շինարարական աշխատանքներ են իրականացնում բացառապես հայրենասիրական մղումներով, իսկ ՀՀ իշխանությունները բանակի համար ժամանակակից սպառազինություն (այդ թվում՝ մարտական ինքնաթիռներ) են ձեռք բերում զուտ քարոզչական նպատակներով։ Եվ հետո՝ ի՞նչ է նշանակում՝ «Ադրբեջանն ակնհայտորեն պատրաստվում է պատերազմի»։ Իսկ ինչ է, դա մեզ համար նորությո՞ւն է, եղե՞լ է մի օր, որ նրանք պատերազմի չպատրաստվեն։ Բնականաբար՝ մենք էլ ենք ամեն օր պատրաստվել ու հիմա էլ ենք պատրաստվում, և եթե մինչև հիմա լայնամասշտաբ պատերազմ չի սկսվել՝ հիմնական պատճառն այն է, որ մենք պաշտպանության ավելի լավ ենք պատրաստված, քան նրանք՝ հարձակման»:

Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը սկսեց պատերազմը…

Արդյունքում՝ ավելի քան 5000 զոհ, ավելի քան 10.000 հաշմանդամներ, Արցախի 75 տոկոս տարածքային կորուստ, Հայաստանի անվտանգության թուլացում…

Տեսանյութեր

Լրահոս