44-օրյա պատերազմից առաջ Թուրքիային Սարդարապատով «սադրելու» և հուլիսյան մարտերի նախօրեին Էրդողանին Կուրբան Բայրամ շնորհավորելու մասին
Երեկ՝ հուլիսի 11-ին, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանի հետ։
Փաշինյանը Թուրքիայի նախագահին շնորհավորել է՝ Կուրբան Բայրամի, իսկ Թուրքիայի նախագահը ՀՀ վարչապետին գալիք Վարդավառի՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնի առթիվ, որն այս տարի նշվում է հուլիսի 24-ին:
Թերևս Թուրքիայի նախագահը դժվար թե բուն քրիստոնեական տոնի առթիվ շնորհավորեր ՀՀ-ի ղեկավարին, ինչի մասին վկայում է թուրքական պաշտոնական հաղորդագրությունը, որտեղ նշված է միայն Վարդավառի փաստը և տոնի հետ կապված քրիստոնեական, կրոնական տարրը, հիշատակումը բացակայում է:
Ինչ վերաբերում է զոհաբերության տոն Կուրբան Բայրամին, այս տարի այն ավարտվում է հուլիսի 12-ին:
Այս ամսաթվի վրա ուշադրություն չդարձվեց, սակայն 2020-ի հուլիսի 12-ին սկսվեցին տավուշյան մարտերը, որոնք, ըստ էության, սեպտեմբերին հանգեցրեցին 44-օրյա պատերազմի:
Ի դեպ, սրա մասին ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է ակնարկել իր «44-օրյա պատերազմի ծագումը» հոդվածում, իհարկե, մի փոքր այլ տոնայնության մեջ:
«Հուլիսյան մարտերը, իհարկե, բացասական դեր նույնպես խաղացին այն իմաստով, որ Ադրբեջանը հասկանալով, որ միայնակ չի կարողանալու ռազմական հաջողություն ունենալ՝ Թուրքիային և սիրիացի վարձկաններին ներգրավելու որոշում կայացրեց: Հենց այստեղ էր վճռական պահը, որտեղ մենք պետք է միակողմանի զիջումների գնալու որոշում կայացնեինք: Դեռ մինչև հուլիսյան դեպքերը անընդհատ կարծրացող ադրբեջանական ռիտորիկան այլ տարբերակ չէր թողնում»,- գրել է Փաշինյանը:
Այս համատեքստում ևս մի շատ կարևոր հանգամանք, որին ժամանակին և հետո քչերն ուշադրություն դարձրեցին. հուլիսյան մարտերի մասնակիցներին ՀՀ նախագահի հրամանագրով տրվող շքանշանները, այդ թվում՝ Ազգային հերոսի կոչմանն արժանացածներին շնորհվող Հայրենիքի շքանշանը Նիկոլ Փաշինյանը պատերազմից մեկ ամիս առաջ հանձնեց Սարդարապատում՝ 2020թ․ օգոստոսի 28-ին, ավելին, շեշտեց.
«Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիրում, որն օսմանյան բանակի նկատմամբ հայ ժողովրդի տարած փառապանծ հաղթանակի խորհրդանիշն է, այսօր հավաքվել ենք բացառիկ առիթով…»:
Այսինքն, սա ևս, այսպես ասած, սադրանք պարունակող մեսիջ էր Թուրքիային:
Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը ՀՀ նախագահին ուղղված միջնորդություն էր ստորագրել` տավուշյան մարտերի ակտիվ դերակատարներից 16 զինծառայողի՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի, 55 զինծառայողի՝ «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով պարգևատրելու, ինչպես նաև՝ կապիտան Ռուբեն Սանամյանին Ազգային հերոսի կոչում շնորհելու մասին:
Բնավ չնսեմացնելով որևէ սպայի, զինվորի սխրանք, ծառայություն, սակայն, 168.am-ի տեղեկություններով, մարտական գործողություններին, դիրքերի բարելավման, ազատագրման գործողություններին առավելագույնը մասնակցել է 3 տասնյակ մարդ:
Ավելի ուշ նույնիսկ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր նշել, որ լավ կլինի՝ իշխանությունները հանրությանը բացատրեին, թե հատկապես ո՞ր սխրագործության համար պիտի 71 հոգին պարգևատրվեն «Մարտական խաչով»: Այս փաստը նաև զինվորականության շրջանում էր դժգոհության տեղիք տվել:
Իսկ 5TV-ին տված հարցազրույցում արձագանքելով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր.
«Գիտե՞ք, երբ որ գլխավոր շտաբի պետն ասում է, որ հունիսի 12-ին ինքը զեկուցագիր է ուղարկել առ այն, որ Հայաստանը պատրաստ չէ պատերազմին, և դրանից մեկ ամիս անց հրահրել այդպիսի միջադեպ, ուռճացնել այդ միջադեպի նշանակությունը, 70 հոգու «Մարտական խաչ» շքանշանով պարգևատրել և խոսել այն մասին, որ մենք հաղթեցինք և՛ Ադրբեջանին, և՛ Թուրքիային, սա ի՞նչ էր, եթե ոչ՝ պատերազմի հրահրում։ Եթե դու գիտես, որ դու պատրաստ չես, ինչո՞ւ ես դիմել այդ քայլին։ Արդյո՞ք մտածում էիք, որ ուղղակի Թուրքիան և Ադրբեջանը կուլ են տալու»:
Նշենք, որ ԱԽ հունիսի 19-ի նիստում, իսկ դրանից առաջ՝ Նիկոլ Փաշինյանին, ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը զգուշացրել է. «Այլևս մեր հակառակորդը միայն Ադրբեջանը չէ, այլ նաև Թուրքիան»:
Այն, որ Օնիկ Գասպարյանի կողմից, որպես ԳՇ պետի՝ եղել է զգուշացում Թուրքիայի կողմից սադրանքների կամ հստակ գործողությունների մասին, չի հերքում նաև ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը: Մասնավորապես, factor.am–ի հետ զրույցում վերծանելով ԱԽ-ի՝ 21.08.2020 թ. նիստի արձանագրությունը, Արմեն Գրիգորյանն ասել է. «Օնիկ Գասպարյանը ոչ թե ասում է, որ Թուրքիան կարող է Ադրբեջանին աջակցել, մեր հրապարակած թղթում էլ դա երևում է… Օնիկ Գասպարյանի հիմնական միտքը եղել է, որ Թուրքիան, հնարավոր է՝ արևմտյան ուղղությամբ հարձակվի (ի դեպ, Արմեն Գրիգորյանը սկզբում ասում է՝ արևելյան ուղղությամբ, հետո երևի հիշում է, որ Թուրքիան ՀՀ-ի արևմուտքում է.- Մ.Պ.):
Իսկ Սարդարապատում հուլիսյան հաղթական մարտերի հերոսների պարգևատրման արարողության ժամանակ Նիկոլ Փաշինյանն առանձնացրել է 5 դրույթ.
– Հուլիսյան մարտերը ջախջախեցին 10 տարի Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կազմված միֆը` Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում։ Այսինքն, Հայաստանի հետ ուժի, սպառնալիքների լեզվով խոսելն անհեռանկար է։
– Հուլիսյան մարտերն ապացուցեցին, որ տարածաշրջանի ռազմաքաղաքական իրավիճակի և ուժերի հարաբերակցության` Հայաստանի գնահատականները սթափ են և ճշգրիտ։
– Հայաստանն ի վիճակի է մարտավարական և ռազմավարական նորարարություններով ապահովել ռազմական առավելություն։
– Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին հայկական ռազմարդյունաբերության բարձր արդյունավետությունը:
– Հուլիսյան մարտերն ի ցույց դրեցին սեփական մարտավարության հարցերն ինքնուրույն լուծելու` Հայաստանի ընդունակությունը։
Սարդարապատի մասին հետո Նիկոլ Փաշինյանը հիշեց պատերազմի օրերին՝ հոկտեմբերի 3-ին:
«Սա մի նոր Սարդարապատ է, և մեզնից յուրաքանչյուրը պարտավոր է ինքն իրեն նվիրել մեկ նպատակի, և այդ նպատակի անունն է՝ հաղթանակ: Այդ նպատակի անունն է՝ հաղթանա՛կ: Եվ մեզնից յուրաքանչյուրը ամեն վայրկյան պիտի պատրաստ լինի գտնվել այդ հաղթանակի առաջնագծում: Ու մենք կհաղթենք: Ու մենք անպայմանորեն կհաղթենք: Ու չկասկածեք՝ մենք անպայմանորեն կհաղթենք»,- շեշտել էր Փաշինյանը, երբ պատերազմի առաջին օրը հայտարարել էր, և, ըստ էության զգուշացրել՝ «եկեք պայմանավորվենք՝ ինչ էլ լինի, մենք մեզ երբեք պարտված չենք ճանաչի»:
Եվ պատերազմի 44 օրերն ընթացան հենց այս ծրագրված պարտության տրամաբանության մեջ, ուստի Սարդարապատի արդյունքը չունեցանք՝ ճակատամարտը չհաղթեցինք
Ավելին, այսօր հաղթական Սարդարապատ ունենալու հնարավորություններն են վերացվում, նկատի ունեմ բանակը:
Ինչպես անցած տարի ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն էր Սարդարապատում ասել՝ Սարդարապատը ՀՀ զինված ուժերի առաքելության վառ վկայությունն է:
«Պետությունները Զինված ուժեր են ստեղծում, որպեսզի կարողանան ապահովել պետությունների տարածքային ամբողջականությունը, սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքացիների անվտանգությունը: Այս պարզ ճշմարտության լավագույն դրսևորումներից մեկը Սարդարապատի ճակատամարտն է, դրա մասին ուզում եմ հիշեցնել մեր ժողովրդին, մեր Զինված ուժերին, սպաներին ու զինվորներին»,- շեշտել էր ՀՀ երրորդ նախագահը:
Եթե մեկ նախադասությամբ ամփոփենք՝ Նիկոլ Փաշինյանը «Սարդարապատով» սադրեց, հետո «Սարդարապատով» փորձեց համոզել, թե պատերազմում հաղթելու ենք, երբ պատերազմը կանգնեցնելու առաջարկ էր արվել ԳՇ պետից, բայց սարդարապատյան հաղթանակ չապահովեց, այդպես էր պետք…