Դա ոչ թե դիվերսիֆիկացիա է, այլ փոխարինում. Ռուսաստանի արձագանքը գործնականում կարող է շատ վատը լինել. Հրանտ Միքայելյան

Դիվերսիֆիկացիայի մասին տարատեսակ հայտարարություններից և այդ հեռանկարում անգամ ցորենը բրնձով փոխարինելու հաստատակամությունից հետո Հայաստանի կառավարությունը որոշեց տարին սկսել արդեն այդ ուղղությամբ արվող քայլերով։ Հունվարի 9-ին կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, նախ՝ կանաչ լույս վառեց ԵՄ անդամության խնդրով հանրաքվե անցկացնելու հարցն ԱԺ-ում քննարկելու համար, իսկ հունվարի 14-ին արդեն ստորագրեց ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության մասին փաստաթուղթը։

Ռուսաստանի Դաշնությունից Հայաստանի կառավարության առաջին որոշման առնչությամբ Հայաստանի Հանրապետությանը բարձր մակարդակով հիշեցրին՝ «անհնար է պատկերացնել, որ այս երկու միություններն ինչ-որ կետում կարող են համատեղվել։ Այդ պատճառով էլ ԵՄ-ին Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը, որը դիտարկում են Հայաստանում, այս երկրին կանգնեցնում է ընտրության առջև»։

Իսկ ԱՄՆ-Հայաստան ռազմավարական կանոնադրության ստորագրման շուրջ էլ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ակնարկեց․

«Մեզ մոտ ևս օգտագործվել է «ռազմավարական գործընկերություն» տերմինաբանությունն արևմտյան երկրների հետ մի շարք համաձայնագրերում, սակայն դրանք երբեք, այդ համաձայնագրերը, ռազմավարական գործընկերություն հռչակելիս, չեն պահանջել այս կամ այն ​​մասնակցից գործել երրորդ երկրի դեմ»,- ընդգծել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը, հաղորդել էր ՏԱՍՍ-ը։

Կարդացեք նաև

Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով վերջին գործընթացներին՝ դրանք ամենևին չդիտարկեց Հայաստանի կողմից դիվերսիֆիկացիայի տրամաբանության ներքո։

«Դիվերսիֆիկացիան համալրումն է այն գործընկերությունների, որոնք արդեն կան․ եթե մենք մի բան մերժում ենք, ու դրա փոխարեն այլ բան ենք վերցնում, սա արդեն դիվերսիֆիկացիա չէ, այլ փոխարինում,- հիշեցրեց Հրանտ Միքայելյանը, ապա հավելեց,- Օրինակ, ներկայիս փաստացի վարչապետը ասել է, թե անկախությունը քչերից կախվածությունը շատերից կախվածությամբ փոխարինելն է։ Վերջինս թեև դարձյալ սխալ ձևակերպում է, բայց անգամ այդպես դիտարկելու դեպքում, այս պահի դրությամբ՝ տրամաբանությունը, որով իրականացվում է այս քաղաքականությունը, դարձյալ միտված է քչերից կախվածությանը, և միայն մի խմբից անցում է մեկ ուրիշ խմբի։ Այն ձևաչափը, որով այդ գործընթացն իրականացվում է, ոչ մի լավ բան չի տալիս Հայաստանին»։

Ըստ նրա՝ եթե Հայաստանն այս համատեքստում սկսելու է սահմանափակել եղած հարաբերությունները ՌԴ-ի հետ, դրան օբյեկտիվորեն հետևելու է ՌԴ արձագանքը, բայց եթե Հայաստանը կարողանա Ռուսաստանին զուգահեռ՝ լրացուցիչ համագործակցության օղակներ զարգացնել ԱՄՆ հետ, կարող է դրական ազդեցություն ունենալ։

«Այսինքն՝ ամեն ինչ կախված է նրանից, թե կառավարությունն ինչպես է իրականացնելու այս քաղաքականությունը։ Եթե իրականացնելու է գրագետ ձևով և ներգրավվելու է գործընկերներ ԱՄՆ-ից, իրականացնելու է փորձի փոխանակում, տեխնոլոգիաների ձեռքբերում և այլն, սա մի բան է, և այլ է, եթե սա լինելու է ուղղակի ՌԴ-ից հրաժարվելու քաղաքականության շարունակություն, ապա սա արդեն կարող է վտանգավոր ընթացք ունենալ և ենթադրելու է ՌԴ-ից արձագանք, ինչը կարող է բավականին կոպիտ լինել Հայաստանի նկատմամբ։ Այդ արձագանքը Ռուսաստանից այժմ բանավոր է, բայց հետագայում կարող է լինել գործնական արձագանք և շատ ավելի վատը, քան այն, ինչ մենք պատկերացնում ենք»,- պարզաբանեց տնտեսագետը։

Հրանտ Մելիքյանից հետաքրքրվեցինք Հայաստան-Ամերիկայի Միացյալ Նահանգներ ռազմավարական կանոնադրության տնտեսական բլոկի, դրա հեռանկարների մասին՝ հատկապես ուշադրություն հրավիրելով էներգետիկ համագործակցության վրա։

Քանի որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը՝ USAID-ը, դեռ 2020 թվականին Հայաստանի զարգացման համագործակցության հնգամյա ռազմավարություն էր ներկայացրել՝ արձանագրելով, որ հոգալու են Հայաստանի՝ դեպի տնտեսական և հատկապես էներգետիկ ինքնապահովում տանող ճանապարհի կառուցումը, և նախորդ տարի էլ արդեն պաշտոնական մակարդակով հանրայնացվել էր, որ ամերիկյան ինչ-որ ընկերություն Հայաստանում տեխնիկատնտեսական հետազոտություն է իրականացնում փոքր մոդուլային ատոմակայանի կառուցման նպատակահարմարության վերաբերյալ, 168․am-ը տնտեսագետից հետաքրքրվեց, թե արդյո՞ք սրանով փորձ է արվում վերահսկելի դարձնել հայկական «խաղաղ ատոմը»՝ դրա զարգացումը փորձելով տանել փոքր հզորության մոդուլային ռեակտորի կառուցման ճանապարհով:

Ի պատասխան՝ Հրանտ Միքայելյանը նշեց․

«Խոսքը հիմնականում հենց ատոմակայանի մասին է, որովհետև ատոմակայանի մասին խոսելիս՝ ենթադրվում է շատ երկարատև կախվածություն ու համագործակցություն։ Եվ այժմ ԱՄՆ-ը ուզում է այդ ազդեցությունը ձեռք բերել ՀՀ-ում երկարատև կտրվածքով, ու եթե Հայաստանն ամերիկյան տեխնոլոգիաներով և ԱՄՆ-ի հետ համագործակցությամբ կառուցի ատոմակայանը, պարզ է՝ այդ ընթացքը լինելու է երկարատև»։

Խոսելով առհասարակ տնտեսական այլ ոլորտներում հայ-ամերիկյան համագործակցության հեռանկարների մասին՝ տնտեսագետն արձանագրեց՝ ցավոք, ցայսօր Հայաստանը չի կարողացել ԱՄՆ-ի հետ զարգացնել տնտեսական հարաբերություններ։

Պատճառների մասին հակիրճ եղավ․

«Նախ՝ ԱՄՆ շուկայում Հայաստանի համար սահմանափակումներ կան, իսկ դրանցից գլխավորը լոգիստիկան է․ այսինքն՝ ինչ-որ բան զուտ շուկա հասցնելը դժվար է։ Ժամանակին Հայաստանին տրամադրվել էր GSP ռեժիմը, որը բավականին մեծ հնարավորություն էր ստեղծում ՀՀ համար, բայց Հայաստանը վերջին տարիներին առանձնապես չկարողացավ որևէ աճ արձանագրել այդ ուղղությամբ ևս»։

Հրանտ Միքայելյանի համոզմամբ՝ իրավիճակը, որն առկա Հայաստան-ԱՄՆ հարաբերություններում կարիք ունի լրացուցիչ ընթացքի, բայց, ըստ նրա, այդտեղ ոչ թե պրոտոկոլներ են հարկավոր, այլ իրական ջանքեր։

«Իսկ թե ինչքանո՞վ այդ փաստաթուղթը կնպաստի ուղղակի տնտեսական հարաբերությունների զարգացմանը, ինձ համար հարցական է»,- ամփոփեց տնտեսագետը։

Հիշեցնենք՝ դեռ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին (2008թ. վերջին) Հայաստանը պաշտոնապես դիմեց Եվրոպական Հանձնաժողովին, և 2009թ. հունվարի 1-ից Հայաստանը սկսեց օգտվել կայուն զարգացման և արդյունավետ կառավարման համար ԵՄ-ի կողմից տրամադրվող «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգից» (GSP+):

2014թ. ՀՀ Էկոնոմիկայի նախարարության ջանքերի շնորհիվ Եվրոպական Հանձնաժողովի որոշմամբ Հայաստանի Հանրապետությունն ընդգրկվեց ԵՄ վերանայված «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի (GSP+)» արտոնյալ առևտրային ռեժիմի նոր փուլում: «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմը հնարավորություն էր տալիս հայկական ծագման ավելի քան 6200 ապրանքատեսակ ԵՄ շուկա արտահանել զրոյական կամ նվազեցված մաքսատուրքերով:

Փաշինյանի կառավարության տարիներին արդեն (2022 թվականին) Հայաստանում ԵՄ «Արտոնությունների ընդհանրացված և համալրված համակարգի» (GSP+) կիրառումը դադարեցվեց, և 2022թ․ հունվարի 1-ից Հայաստանն այլևս չի օգտվում «GSP+» արտոնյալ առևտրային ռեժիմից։

2015թ. ԱՄՆ-ը և Հայաստանը կնքեցին Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագիրը՝ Trade and Investments Framework Agreement, որով նախատեսվում էր ձևավորել Առևտրի և ներդրումների հայ-ամերիկյան խորհուրդ, որը քննության կառնի երկկողմ առևտրին, ներդրումներին ու հարակից խնդիրներին վերաբերող հարցերը և կուսումնասիրի երկու երկրների միջև առևտրի ու ներդրումների ամրապնդման ուղիները:

Հիմնվեց ՀՀ-ԱՄՆ առևտրի և ներդրումների խորհուրդը, առաջին անգամ ԱՄՆ-ի հետ տնտեսական թեմատիկայով միջկառավարական մակարդակով սկսվեցին քննարկումներ տնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ, իրականացվեցին կոնկրետ ոլորտային զարգացման շուրջ քննարկումներ:

Տեսանյութեր

Լրահոս