Փաշինյանը ոչնչացնում է ՀՀ ԶՈՒ հաջողությունները. Ադրբեջանը վերահսկելու է Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը, ամբողջ Տավուշը, Լոռու մարզի կեսը

2025թ. հունվարի 16-ին Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանին տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի Հանրապետության փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Շատ խորքային վերլուծություններ և մեկնաբանություններ անելու համար դեռ վաղ է, քանի որ առնվազն հոդվածը գրելու պահին դետալային շատ բաներ հայտնի չէին, բայց, ամեն դեպքում, որոշ ենթադրություններ կարելի է արդեն անել՝ հաշվի առնելով, որ ադրբեջանական լրատվամիջոցներն առանց մանրամասնությունների, վերը նշված ուղղություններով սահմանազատման աշխատանքների իրականացումը մեկնաբանել են՝ որպես կարևոր պայմանավորվածություն:

Ավելին, նշել են, որ Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովներիհունվարի 16-ի հանդիպումը կայացել է ադրբեջանական ճնշումների արդյունքում:

Կարդացեք նաև

Նշենք, որ հունվարի 7-ին տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտնել էր.

«Այս ամիս, ամեն դեպքում, մեր նախաձեռնությամբ պետք է տեղի ունենա սահմանազատման հարցերով հայկական ու ադրբեջանական հանձնաժողովների հերթական հանդիպումը՝ այս հարցի լուծումը շարունակելու համար»:
Սա նշանակում է, որ Ադրբեջանի պահանջով է որոշվել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել կամ վերսկսել հյուսիսային հատվածից:

168.am-ի հետ զրույցում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը նշեց, որ Տավուշից սկսելը Բաքվի համար կենսական նշանակություն ունի, որովհետև ՀՀ իշխանությունն ավելի վաղ ադրբեջանական էր հռչակել, այսպես կոչված, անկլավային գյուղերը` Վերին Ոսկեպար, Սոֆուլլու ու Բարխուդարլու, և Ադրբեջանը խնդիր ունի դրանք վերցնելու իր վերահսկողության տակ, ուստի նրա համար առաջնային է եղել սահմանազատման գործընթացը շարունակել հենց այս հատվածից, և ոչ թե ՀՀ ինքնիշխան այն հատվածներից, որոնք 2021-2022 թվականներին օկուպացրել է՝ Սոթք, Սև լիճ, Իշխանասար, Ներքին Հանդ և այլն:

«Իսկ ՀՀ իշխանությունների կողմից ադրբեջանական հռչակված այդ, այսպես կոչված, անկլավային գյուղերի հանձնումըոչնչացնելու է Տավուշի մարզի ոչ միայն ներքին կոմունիկացիաները, այլ հարվածի տակ է դնելու Տավուշով դեպի Բագրատաշեն` հայ-վրացական սահման գնացող մայրուղին և Վրաստանից ՀՀ մտնող գազատարը: Մեկ այլ լուրջ խնդիր է դառնալու Իջևանից դեպի Բերդ գնացող ճանապարհը, որի մի հատվածը կհայտնվի Ադրբեջանի վերահսկողության տակ»,-մանրամասնեց ընդդիմադիր պատգամավորը՝ ուշադրություն հրավիրելով այն կարևոր հանգամանքի վրա, որ եթե ինչ-որ հորինված պատճառաբանությամբ Ադրբեջանը տապալի բանակցությունները, և սահմանազատումը չշարունակվի, ապա համաձայնեցված/սահմանազատված հատվածների կարգավիճակը կամ արված փոփոխությունները նախկին կետին վերադարձնելու հնարավորություն այլևս չի լինելու:

Տիգրան Աբրահամյանի՝ հայ-վրացական սահման տանող մայրուղու և Վրաստանից ՀՀ մտնող գազատարի ճակատագրին առնչվող մտքի համատեքստում հիշեցնենք, որ երբ ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսը ղեկավարում էր գեներալ Գրիգորի Խաչատուրովը, Տավուշի հատվածում հայկական կողմը դիրքային լուրջ բարելավումներ է ունեցել, նա համարձակ քայլերի է գնացել: Սրա մասին նաև Փաշինյանի իշխանությունն էր ժամանակին հպարտությամբ խոսում:

Մասնավորապես, 2019 թվականին իշխանական մամուլը գրել էր, որ ՀՀ զինված ուժերըբարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով:

«Ադրբեջանի սահմանապահ ծառայությունը փորձել է միջդիրքային տարածքում առաջանալ և նոր բնագիծ զբաղեցնել Պապաքարի բարձունքի շրջանում: Տվյալ խնդրի իրականացման դեպքում հայկական մի շարք բնակավայրեր, Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղու որոշ հատվածներ կհայտնվեին ադրբեջանական կողմի խոցման տիրույթում: Սակայն հայկական կողմի գործողությունների արդյունքում հակառակորդը ոչ միայն չի կարողացել իրականացնել իր առջև դրված խնդիրը, այլև սահմանի որոշ հատվածներում կորցրել է անգամ տիրապետող դիրքերը: ՀՀ զինված ուժերը, մասնավորապես, բարելավել են իրենց դիրքերը՝ արձանագրելով որոշակի առաջխաղացում և ամրապնդվելով Հայաստան-Ադրբեջան սահմանի երկայնքով: Սահմանային գոտու արբանյակային լուսանկարների վերլուծությունը փաստում է, որ հայկական ուժերի լիարժեք վերահսկողության տակ են գտնվում մեր երկրի համար կարևոր ռազմավարական նշանակություն ունեցող` Վրաստանից Հայաստան մտնող գազատար խողավակաշարը և Հայաստան-Վրաստան ավտոմայրուղին, ինչպես նաև ադբեջանական մի քանի գյուղական բնակավայրեր տանող ճանապարհները»,-արձանագրել էր «Արմենպրեսը»:

2024 թվականի մայիսին 168.am-ի հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը նշել էր, որ «Տավուշում 2020 թվականի հուլիսյան մարտերը և դրան նախորդած 2019 թվականի փետրվարյան գործողություններն իրականացվել էին՝ ելնելով ՀՀ դիրքերի ամրապնդման ռազմավարական տրամաբանությունից»:

Տոնոյանը չէր անտեսել նաև Տավուշում սահմանազատման պիլոտային գործընթացը:

«ՀՀ վարչապետի ելույթներից հետո և որոշակի պատկերացում ունենալով իր որոշումների կայացման ալգորիթմներից, ինչպես նաև Արցախի աններելի հայաթափումից հետո, ներքին համոզմունք ունեմ, որ գործադիրը քաղաքական լեգիտիմություն և բարոյական իրավունք չունի մայիսի 15-ից հետո ՀՀ Զինված ուժերին հրաման իջեցնելու ռազմավարական նշանակություն ունեցող «հայ-վրաց-ադրբեջանական կամ հարավկովկասյան աշխարհագրական հանգույցում» քառակուսի կիլոմետրեր հանձնելու համար:

Այդ քառակուսի կիլոմետրերը գտնվում են մեր Զինված ուժերի թիկունքում, և դրանց հանձնումն Ադրբեջանին «ուսումնազատված փորձնական-նախնական-պիլոտային» սահմանի դիմաց ՀՀ անվտանգության ապահովման և պաշտպանության կազմակերպման համար ոչ թե ռիսկ է պարունակում, այլ անմիջական սպառնալիք է»,-շեշտել էր նա:

Նշենք, որ ՀՀ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ սահմանազատում չի կարելի որակել միակողմանի զիջումները:

Վերադառնանք Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների վերջին հանդիպմանը և այդտեղ կայացված որոշմանը՝ «սկսել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ»:

168.am-ի հետ զրույցում «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանն ասաց, որադրբեջանական կողմը սպառնալիքների, ճնշումների միջոցով հայկական կողմից անընդհատ զիջումներ է կորզում, հայկական կողմն էլ տեղի է տալիս այդ ամենին, դա արդեն սովորույթ դարձած մեխանիզմ է, փաստերը դրա մասին են վկայում:

«Բաքուն ժամանակի ընթացքում պայմանավորվածությունների արդյունքում նոր ստրատեգիական ու ռազմավարական տարածքներ է «պոկում» Հայաստանից, նոր զիջումների պահանջներ ներկայացնում Փաշինյանին՝ սահմանադրության փոփոխություն, «փախստականների վերադարձ», Մինսկի խմբի լուծարում, անխոչընդոտ ճանապարհների բացում և այլն: Բայց սրան զուգահեռ՝ ռազմական սպառնալիքների «դոզան» չի թուլացնում, և հարմար պահի ինչ-որ պատճառաբանությամբ տապալելով բանակցությունները, մնացյալ խնդիրները փորձում է լուծել ուժի ճանապարհով:

Իսկ թե ինչու են կողմերը համաձայնության եկել պետական սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները սկսել հյուսիսային հատվածից և հետո հարավային ուղղությամբ, բխում է վերը նշածս տրամաբանությունից: Պարզ է, չէ՞, որ պրոցեսները չէին սկսելու թշնամու կողմից օկուպացված՝ Սոթքի, Վերին Շորժայի, Ջերմուկի, Իշխանասարի, Խոզնավարի, Ներքին Հանդի հատվածներից, որտեղ թշնամին մխրճված է կիլոմետրերով, այլ սկսելու էին Տավուշից, և,այսպես ասած, անկլավները զիջելուց հետո ՀՀ հյուսիսարևելյան հատվածը բառիս բուն իմաստով պարալիզացվելու է, ու ադրբեջանական կողմը վերահսկելու է ամբողջ Տավուշը, Լոռու մարզի կեսը:

Այդ թեմայով մեկ անգամ չէ, որ խոսել ենք, թե ինչ լոգիստիկ, ինչո՞ւ չէ՝ էներգետիկ մեծագույն խնդիրների առաջ կարող ենք հայտնվել: Իսկ ինչ վերաբերում է հարավային ուղղությամբ սահմանազատման գործընթացին, այնտեղ ևս ադրբեջանական կողմի պահանջները բազմաթիվ են, նույնիսկ ամբողջական գյուղերի հանձնման տեսքով:Դեռ չեմ խոսում, որ նախիջևանյան ուղղությամբ մեր բազմաթիվ նպաստավոր դիրքերի զիջումից հետո մեր հարավային թևը նույնպես հայտնվելու է ադրբեջանական աքցանի ու վերահսկողության տակ»,-մանրամասնեց փորձագետը:

Հավելենք, որ 2024 թվականի ապրիլին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում  հայտարարել էր.

«Սահմանն ուզում ենք մինչև վերջ՝ մինչև Մեղրի ընկած, մինչև Սյունիքի վերջ, մինչև Իրանի սահմանը վերարտադրենք, ինչպես որ անկախացել ենք: Հերիք է՝ մեր զինվորը, որտեղ կանգնած է, դա մերն է, բա որ իրա զինվորը եկավ կանգնեց էդտեղ, և ոչ թե դպրոցից 100 մետր էն կողմ, այլ դրանից 100 մետր անցավ և կանգնեց, դե որ զինվորը որտեղ կանգնի, էդ վախտ ինչ ենք անելո՞ւ»:

Ի դեպ, ադրբեջանական «Հաքքինազը» գրել էր, որ Ադրբեջանի ճանապարհը բաց է դեպի Մեղրի, և, որ Ռուսաստանն այլևս Հայաստանի պաշտպանը չէ:

«Հայաստանը պնդելու է Նիկոլ Փաշինյանի՝ «Խաղաղության խաչմերուկի» իրականացումը: Խոսքը Երասխ-Սադարակ-Օրդուբադ-Մեղրի-Զանգելան երկաթուղին բացելու մասին է: Իսկ Ադրբեջանն իր կողմից շարունակելու է պահանջել 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կետերի կատարումը և Զանգեզուրի/Մեղրիի միջանցքի ստեղծումը»,-նշվում է ադրբեջանական հոդվածում:

Միաժամանակ, Ադրբեջանը չի բացառում Հայաստանի վրա հարձակման հավանականությունը և ժամանակ առ ժամանակ տարբեր պատճառներ և սցենարներ առաջ քաշում: Իսկ Հայաստանի ռազմական և քաղաքական ղեկավարությունը էսկալացիայի որևէ հիմք չի տեսնում:

Տեսանյութեր

Լրահոս