Տավուշը հիմա ավելի պաշտպանված է. ուզում ենք սահմանը մինչև Մեղրի, մինչև Սյունիքի վերջ, մինչև Իրանի սահման վերարտադրենք. Ալեն Սիմոնյան
Հայաստանի խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձել է Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացին, կիսել իր ուրախությունը, որ եկել ու հասել են նրան, որ արդեն սյուներ են տեղադրվում՝ սահման է ֆիքսվում և՛ հայկական, և՛ ադրբեջանական կողմի համար:
«Սահման ենք ստանում, միակողմանի զիջո՞ւմ է սահման ունենալը: Միակողմանի զիջո՞ւմ է հավանական հարձակվող կողմից մեր սահմանը ճանաչելը, դա զիջո՞ւմ է: Հայկական որևիցե տարածք, թումբ հանձնվե՞լ է, անընդհատ մարդկանց ոնց որ գժի տեղ դնեն: Մենք ենք 29.800 քկմ-ն դրել քննարկման, մենք ենք այդ սանդղակը գծել: Բազմաթիվ անգամ ասել ենք՝ ՀՀ-ից չկա որևիցե մետր, որը քննարկման լինի: Ով ինտերնետ մուտք ունի՝ որոշում է, ասի՝ հանձնում են։ Որ գնաս ու վզից բռնես, ասես՝ հլը արի, մի հատ հասկանանք՝ էդ ի՞նչն են հանձնում, հլը մատով ցույց տուր, սկսում է հեքիաթներ պատմել։ ՀՀ տարածքից որևիցե մեկը որևէ բան չի հանձնում, որտեղ մենք ենք առաջ՝ մենք ենք հետ քաշվում, որտեղ Ադրբեջանն է առաջ՝ Ադրբեջանն է հետ քաշվելու: Եթե Ադրբեջանն ունի գրաված հայկական բնակավայր կամ հսկողության տակ վերցրած, եթե կա նման բնակավայր, խնդրում եմ, թող անունն ասեն էդ բնակավայրի: Ես կարող եմ ասել էն բնակավայրերի անունները, որոնք Ադրբեջանը բարձրաձայնում է: Հայկական կողմից՝ ուզում եմ հասկանալ, էդ քննադատողները կարո՞ղ են նման բնակավայրի անուն ասել»,- ասել է նա:
Հակադարձմանը, թե Ալիևն ասում է՝ իր պահանջով է Տավուշից սկսվել սահմանազատման և սահմանագծման գործընթացը, իսկ այն ամենապաշտպանված տարածքն էր, Ալեն Սիմոնյանն արձագանքել է.
«Հիմա դա ավելի պաշտպանված տարածք է, հասկանո՞ւմ եք: Երբ դու հավանական հարձակվողի կողմից հարցեր և սակարկումներ չես ունենում, ֆիքսում ես՝ էս գիծը դու ես, էս՝ ես, և անցնում ես առաջ, դա էլ ավելի պաշտպանված է դառնում: Այսինքն, մենք անընդհատ պիտի պատ դնենք, դիրքեր կառուցենք, հետո իրանք «Բայրաքթարներով» և տանկերով հարձակվեն, մեզ սպանեն, ասենք՝ պաշտպանված էր, բայց մեկ է՝ հարձակվեցին»:
Իսկ այն, որ անվտանգային երաշխիքներ չեն տրվում, հարցին էլ ԱԺ նախագահը պատասխանել է.
«Եթե հարձակվելու լինեն, այդ դիրքերն այդ առումով շատ քիչ տարբերություն են տալու: Սահմանն է իմ երաշխիքը, լեգիտիմ սահմանը: Ինչ-որ մեկը մտածում է, որ մենք կարող ենք պատերազմել Թուրքիայի, Ադրբեջանի, Պակիստանի և սիրիացի վարձկանների դեմ ամենալավ դիրքերո՞վ: Քանակի հարց է, ինչքան զոհ կտանք էստեղ, ինչքան՝ էնտեղ: Պատերազմի մտածելակերպը պետք է ընդհանրապես հանենք թե՛ ադրբեջանական, թե՛ հայկական օրակարգից: Էդ է երաշխիքը, որովհետև հարցը չի լինելու ոչմիթիզական, կամ, որ ասում են՝ թողեք, թողեք խփեմ, բա սահմանը կողքն ա, թող բոլորով հավաքվեն, գնան մի հատ էլ գյուղ իրանք վեկալեն․․․, կամ պատերազմի ժամանակ էդ բոլորն ինչո՞վ էին զբաղված, ոչ մի բանով, դատարկախոսությամբ, հիմա էլ սպեկուլյացիաներ են անում և ոչ միայն իրենց դրդմամբ, այլ երրորդ երկրի դրդմամբ՝ զբաղված են Հայաստանի և Ադրբեջանի միջև կոնֆլիկտ հրահրելով, որպեսզի հարցը լուծող հայտնվի, և գան խաղաղապահները, մեզ պետք չի խաղաղապահ, մեզ պետք ա, որ մեր սահմանը մենք վերահաստատենք»:
Ալեն Սիմոնյանի կարծիքով՝ Տավուշի գյուղերի բնակիչներին սխալ բաներ են տեղեկացնում:
Իսկ այն, որ գյուղացիներն իրենք են տեսնում բոլոր վտանգները, Ալեն Սիմոնյանը խոստացել է՝ բոլոր հնարավոր ճանապարհների հարցը կլուծվի՝ Վրաստանից մինչև Իրան ընկած հատվածում:
«Իսկ ինչի՞ չեք խոսում, որ մեր սալդատները կանգնելու և նայելու են Կըզըլ Հաջիլի գյուղի վրա, բա ադրբեջանցին զարթնելու է և տեսնի հայ զինվորին, հայկական եռագույնը ծածանվում է բարձունքի վրա: Մի հատ էլ նոր տարածքում եկեղեցի ենք կառուցելու»,- շեշտել է Սիմոնյանը, և ոչինչ, որ Նիկոլ Փաշինյանն ասում է՝ բանակը դուրս է գալու այնտեղից, առաջնագիծ չի լինելու, սահմանապահ է լինելու և պետական սահման: Այս դեպքում, թերևս, դժվար է լինելու հայ զինվորին պատուհանից տեսնելը:
Ալեն Սիմոնյանն այս համատեքստում հորդորել է Ալիևին մեջբերել սիրողներին, մեջբերել նրա նաև այն խոսքը, որ Ադրբեջանը տարածքային պահանջներ չունի: Իհարկե, նման բան կարող է ասել, այլ հարց է՝ Ադրբեջանը դեռ որքան տարածք է իրենը համարում: Ստացվում է՝ ՀՀ ԱԺ նախագահի համար Ադրբեջանի ղեկավարի խոսքը հիմնավոր և վստահելի՞ է, իսկ գործողություննե՞րը:
Ի դեպ, Ալեն Սիմոնյանն, ըստ էության, հաստատել է Ալիևի հայտարարությունը, որ արդեն 10-12 կմ սահմանազատված է:
Այստեղ լրագրողներն ԱԺ նախագահին հիշեցրել են Ադրբեջանի վերջին պահանջները և խաղաղության պայմանագրի ստորագրման նախապայմանները, այդ թվում՝ ՀՀ սահմանադրության փոփոխության հետ կապված, ինչն Ալեն Սիմոնյանը համարել է ներքին լսարանի համար արված հայտարարություններ, նաև՝ ՌԴ-ի և Թուրքիայի հետ սակարկումների համար:
«Դա ինձ շատ քիչ է հետաքրքրում»,- ընդգծել է նա՝ կրկնելով, որ իրեն հետաքրքրում է 10-12 կմ սահմանազատված տարածքը, ոչ վիճարկելի սահմանը: Մյուս կողմից, Ալեն Սիմոնյանը չի բացառել, որ Ադրբեջանը միշտ էլ կարող է պատրվակներ գտնել, օրինակ, հասնել «Ազատություն» ռադիոկայանի գրասենյակ և գերի վերցնել, օրինակ, իրեն հարց տվող լրագրողին:
Հարցին, որ պետք է ամեն ինչ փոխադարձ լինի՝ եթե մենք Ադրբեջանին ՀՀ վերահսկողության տակ գտնվող տարածքներ ենք տալիս, ինչ ենք ստանում, Ալեն Սիմոնյանը մեկ անգամ ևս շեշտելով՝ արձագանքել է՝ «սահման»:
«Երկկողմ ճանաչված սահման ես ստանում, քի՞չ բան է: Ադրբեջանի տիրապետության տակ հայկական բնակավայր չկա այս պահին: Դրա համար նման բան անելն անհնար է»,- պնդել է Ալեն Սիմոնյանը: Միաժամանակ՝ հիշեցրել Արծվաշենի մասին:
Իսկ թե որն է լինելու հաջորդ քայլը, ԱԺ նախագահը պատասխանել է. «Չգիտեմ: Սահմանն ուզում ենք մինչև վերջ՝ մինչև Մեղրի ընկած, մինչև Սյունիքի վերջ, մինչև Իրանի սահմանը վերարտադրենք, ինչպես որ անկախացել ենք: Հերիք է՝ մեր զինվորը, որտեղ կանգնած է, դա մերն է, բա որ իրա զինվորը եկավ կանգնեց էդտեղ, և ոչ թե դպրոցից 100 մետր էն կողմ, այլ դրանից 100 մետր անցավ և կանգնեց, դե որ զինվորը որտեղ կանգնի, էդ վախտ ինչ ենք անելո՞ւ»:
Հիշեցնենք՝ 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության առաջին կետում նշվում է՝ «Հայտարարվում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ամբողջական հրադադարի և բոլոր ռազմական գործողությունների դադարի մասին՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ի՝ Մոսկվայի ժամանակով ժամը 00:00-ից Ադրբեջանի Հանրապետությունը և Հայաստանի Հանրապետությունը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում»:
Սրանից մոտ մեկ ամիս հետո Նիկոլ Փաշինյանի բանավոր հրամանով Սյունիքից հայկական զորքը միակողմանի հետ քաշվեց: