Իսրայելից բացի, ոչ մի երկրի անվտանգության գարանտ ԱՄՆ-ը չի լինելու. մեր գարանտը Ռուսաստանն է. ՀԱՊԿ-ից դուրս գալով ու Ռուսաստանին բարկացնելով՝ Արևմուտքից ի՞նչ ենք ստանում. Ռուբեն Սաֆրաստյան

«Կա մեկ երկիր, որն ԱՄՆ-ից ստացել է անվտանգության լիակատար գարանտիաներ. Դա Իսրայելն է: Ուրիշ ոչ մի երկիր նման ծավալի գարանտիա չի ստացել և չի էլ ստանալու: Միայն Իսրայելին է Ամերիկան ասում՝ դու իմացի՛ր, որ քո անվտանգությունն ապահովված է իմ կողմից»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում ասաց ակադեմիկոս, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանը երբեք Իսրայելի տեղը չի զբաղեցնելու ԱՄՆ-ի համար:

«Տեսնում եք Ուկրաինան մեր աչքերի առջև: Ուկրաինային ըստ էության միայն զենք տվեցին: Նույնն էլ՝ Վրաստանում: Ռուսական տանկերը եկան, 5 օրվա մեջ հասան Թբիլիսի, հետո ուղղակի չուզեցին մտնել քաղաք, շուռ եկան, գնացին: Ամերիկացիները ոչինչ չարեցին: Խոսքը 2008թ. օգոստոսի մասին է»,- ասաց ակադեմիկոսը:

Նա նկատեց՝ իրեն շատ է հետաքրքրել այն հարցը, թե արդյո՞ք ամերիկացիները որևէ լուրջ օգնություն խոստացել են վրացիներին:

Կարդացեք նաև

«Այդ ժամանակվա Վրաստանի պաշտպանության նախարարը հարցազրույց տվեց և ամերիկյան օգնության վերաբերյալ հարցին պատասխանեց՝ ես էլեկտրոնային փոստով միայն մի նամակ ստացա Պարսից ծոցում ամերիկյան ծովային ուժերի հրամանատարից, ով ասաց՝ դուք  դիմացեք, մենք ձեր կողքին ենք»,- ասաց Ռուբեն Սաֆրաստյանը:

Վերջինս նշեց՝ իհարկե, ԱՄՆ-ը շատ կարևոր է, բայց մեր անվտանգության երաշխավորը մնում է Ռուսաստանը:

«Բացի նրանից, որ Ռուսաստանն է մեր անվտանգության գարանտը, շատ կարևոր է Ռուսաստանի հետ իր այս բարկացած իրավիճակում զգույշ լինելը: Ես զուտ պրագմատիկ բան եմ ասում: Այնպես որ, Ռուսաստանի հետ կապված, Ռուսաստանի դեմ կտրուկ քայլեր անել պետք չի: Էլ չեմ ասում տնտեսական գործոնները… Որոշ ժամանակ այս անորոշ վիճակը կարող է պահպանվել, բայց գալու է «կամ…կամ»-ի ժամանակը: Մենք պետք է խուսափենք Ռուսաստանի բացասական արձագանքից: Քաղաքականությունն առևտուր է: Մենք եթե ՀԱՊԿ-ից դուրս ենք գալիս, Ռուսաստանի բացասական վերաբերմունքն ենք ստանում: Դրա փոխարեն մենք ի՞նչ ենք ստանում Արևմուտքից: մանավանդ որ, Արևմուտքն ազնիվ է, մեզ ասում է՝ մի՛ շտապեք, դուրս մի՛ եկեք ՀԱՊԿ-ից»,- նշեց պատմաբանը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս