Թրամփի «մեծ առավելությունը»՝ ԹՐԻՓՓ, որի մասին ոչ ոք չի խոսում. The Hill
Օրերս ամերիկյան հեղինակավոր The Hill պարբերականում լրագրող Ռոբերտ Շերմանը հանդես է եկել ծավալուն հոդվածով, որտեղ վերլուծում է Հարավային Կովկասում տեղի ունեցող խորքային տեղաշարժերը։ Հեղինակն անդրադառնում է Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին, տարածաշրջանում Միացյալ Նահանգների ռազմավարական շահերին, ինչպես նաև Ռուսաստանի ու Իրանի հետ հարաբերությունների նրբություններին: Ստորև ձեր ուշադրությանն ենք ներկայացնում հոդվածի թարգմանությունն ամբողջությամբ:
Լրանում է մեկ տարին, ինչ Ադրբեջանի նախագահը և Հայաստանի վարչապետը Սպիտակ տանը նախաստորագրեցին խաղաղության համաձայնագիրը՝ վերջ դնելու համար վերջին տասնամյակների մի քանի զինված հակամարտություններին։
Ես բացառիկ հարցազրույց եմ ունեցել Միացյալ Նահանգներում Հայաստանի դեսպան Նարեկ Մկրտչյանի հետ՝ քննարկելու երկրների միջև Վաշինգտոնյան հռչակագրի մեկամյակը։ Այն, ինչ նա ասաց ինձ, զուգորդված նախագահ Թրամփի կողմից այս շաբաթ ինձ ուղղակիորեն հեռախոսով տված մեկնաբանությունների հետ, հստակեցնում է, որ տարածաշրջանը ոչ միայն կայունանում է, այլև՝ վերափոխվում: Ընդ որում, Վաշինգտոնն այժմ իրական բաժնեմաս ունի արդյունքում՝ բառիս բուն իմաստով։
Անկեղծ ասած, սա ամենանշանակալի աշխարհաքաղաքական մանևրներից մեկն է, որը գրեթե բոլորը բաց են թողել։ Ես ասում եմ՝ գրեթե բոլորը, որովհետև մենք՝ NewsNation-ը և The Hill-ը, այնտեղ էինք փետրվարին, երբ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը դարձավ պատմության մեջ ամենաբարձրաստիճան ԱՄՆ պաշտոնյան, որը այցելել է Հայաստան և Ադրբեջան. մի ուղևորություն, որին ոչ ոք մեծ նշանակություն չէր տվել։
ԱՄՆ-ի սեփականությունը հանդիսացող միջանցք՝ Ռուսաստանի և Իրանի թիկունքում
Համաձայնագրի անկյունաքարն է ճանապարհը, որն անցնում է Հայաստանով՝ կապելով Ադրբեջանն իր էքսկլավի հետ: Այս ճանապարհը կոչվելու է Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի երթուղի (TRIPP):
Ավելին, Միացյալ Նահանգները կունենա զարգացման ընկերության 74 տոկոս բաժնեմաս առնվազն 49 տարով։ Դա նշանակում է, որ ամերիկացիները կես դարով ստանում են ճանապարհների, երկաթուղիների, էներգետիկ խողովակաշարերի և թվային ցանցերի մեծ մասը: Եվ գուշակեք, թե որտեղ է այն նախատեսված կառուցել՝ հենց Հայաստան-Իրան սահմանին։
Լծակ՝ մեկ այլ օրվա համար
Անցյալ շաբաթվա վերջին նախագահ Թրամփի հետ ունեցած բացառիկ հեռախոսազրույցի ժամանակ ,այն բանից հետո, երբ Իրանը թիրախավորեց Հորդանանում ԱՄՆ զինծառայողներին, ես հարցրեցի նրան այս նախագծի և տարածաշրջանում Միացյալ Նահանգների աճող ներգրավվածության մասին:
Նա ինձ ասաց, որ կարճաժամկետ հեռանկարում «չի պատրաստվում փոխել» այն, թե ինչպես է նա վարում Իրանի հետ պատերազմը, թեև նա ընդունեց, որ դա իրեն տալիս է «մեծ առավելություն», երբ խոսքը վերաբերում է հետագայում Թեհրանի հետ գործ ունենալուն։ Պարզ ասած, լծակն իրական է, բայց առայժմ՝ հետին գրպանում պահված։
Դեսպան Մկրտչյանն ինձ ասաց, որ Հայաստանը «լիովին կողմ է», որ ԱՄՆ-ը լինի տարածաշրջանում և երկարաժամկետ հեռանկարում ունենա այդքան մեծ բաժնեմաս՝ պնդելով, որ իրավասությունը՝ մաքսային, հարկային, անվտանգության, ոստիկանության, մնում է հայկական հաստատություններին՝ անկախ նրանից, թե ով է տնօրինում բաժնեմասը:
Դիվերսիֆիկացիա, ոչ թե հրաժարում
Մոսկվայում լավ չի ընդունվում. Հայաստանը, Ադրբեջանը և Վրաստանը նախկին Խորհրդային Հանրապետություններ են։ Արևմուտքը նախկինում չի համարձակվել, կամ գոնե ճանապարհ չի ընկնել դեպի այս տարածաշրջան, քանի որ այն գտնվում է Ռուսաստանին այդքան մոտ։
Ես դեսպանին ուղիղ հարցրի, թե արդյո՞ք Հայաստանը հեռանում է Ռուսաստանից։ Նա կտրականապես հերքեց այս ձևակերպումը՝ բազմիցս։ Այն, ինչ տեղի է ունենում, ասաց նա, մատակարարումների, մատակարարման շղթաների, տնտեսական գործընկերությունների, անվտանգության գործընկերությունների «դիվերսիֆիկացիա» է, ոչ թե Մոսկվայից հրաժարում, նրա խոսքերով, այլ ապահովագրում՝ հեռանալով որևէ մեկ գերտերության կախվածությունից:
Բայց այն դեպքերի ցանկը, որոնցում երկու երկրները խորացնում են իրենց կապերը, աճում է համագործակցությունը՝ սկսած ԱԹՍ-ների տեխնոլոգիայից, որը փոխնախագահը բերեց Երևան փետրվարին, մինչև համապարփակ ռազմավարական գործընկերությունը, որը պետքարտուղար Մարկո Ռուբիոն ստորագրեց Հայաստանի հետ մայիսին:
Մայիսյան ստորագրմանն ընդառաջ Մոսկվան զգուշացրել էր Երևանին, որ նրանք կարող են կորցնել ռուսական գազի իրենց զեղչը, եթե շարունակեն հեռանալ ռուսական ինտեգրումից։ Ինչպես ասացի, լավ չի ընդունվում։
Իրան. ամեն ինչ սեղանին է, բայց դեռևս շարժման մեջ չէ
Ամենազգայուն հարցը, որը ես ուղղեցի դեսպանին, վերաբերում էր Իրանին։ Վաշինգտոնը վերջին շաբաթներին հանրային ճնշում է գործադրում դաշնակիցների և գործընկերների վրա՝ տնտեսապես մեկուսացնելու Թեհրանին՝ որպես «Operation Economic Outcast»-ի մաս:
Հայաստանը փաստացի սահման ունի Իրանի հետ և հարյուրավոր միլիոն դոլարների տարեկան առևտուր վերջինիս հետ։ Այսպիսով, արդյո՞ք ԱՄՆ-ը խնդրել է Հայաստանին կտրել դա:
«Ամեն ինչ քննարկելի է և ամեն ինչ կարող է հաշվի առնվել»,- ասաց դեսպանը: Ոչինչ ներառված չէ, ոչինչ բացառված չէ:
Դեսպանը շարունակեց՝ ասելով, որ Հայաստանն ուղղակիորեն հավաստիացումներ է տալիս Թեհրանին TRIPP-ի վերաբերյալ. «Մենք հաղորդակցվել ենք մեր հարևանների հետ՝ ասելով, որ սա ձեր դեմ չէ, սա միայն կապի մասին է, սա միայն ենթակառուցվածքների, առևտրի, կոմերցիայի մասին է։ Այստեղ չկա ոչինչ, բառացիորեն ոչինչ, որը կապված է հնարավոր ռազմական բնույթի հետ»։
Փխրուն խաղաղություն, որը դեռևս կառուցվում է
Հայաստանն ու Ադրբեջանը դեռևս չունեն դիվանագիտական հարաբերություններ և ստորագրված վերջնական խաղաղության պայմանագիր՝ երեք տասնամյակ տևած պատերազմը չի լուծվում մեկ շրջանակային համաձայնագրի ստորագրմամբ։
Երկու հասարակությունների միջև հաշտեցումը, նա ասաց ինձ, «ամենադժվար մասն է» ամբողջ գործընթացի։ «Դա հեշտ չէ»,- ասաց նա: «Դա հեշտ չէ, որովհետև ցավը դեռ թարմ է։ Բայց մենք պետք է կոտրենք շատ կարծրատիպեր»։
Այնուամենայնիվ, պարզ է, որ մեխանիզմները սկսում են առաջ շարժվել երկու երկրների միջև: Մենք դա տեսանք այնքանով, որքանով լսեցինք Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիներից՝ այնտեղ գտնվելիս փետրվարին, ովքեր զգուշավոր լավատեսություն էին հայտնում, որ ԱՄՆ ջանքերը կարող են երկարաժամկետ կայունություն բերել:
«Հայ ազգը միշտ կհիշի նախագահ Թրամփին»,- ինձ ասաց Մկրտչյանը՝ խաղաղության համաձայնագիրը որակելով որպես պատմական ձեռքբերում, որը կառուցված է հայկական ինքնիշխանության նկատմամբ հարգանքի վրա։
Դեսպանը ԱՄՆ-Հայաստան լայն հարաբերությունները նկարագրեց նմանատիպ ծանրակշիռ տերմիններով՝ մատնանշելով արտահանման արտոնագրերը և տեխնոլոգիական փոխանցումները, որոնք այժմ հոսում են երկիր՝ որպես այն բանի ապացույց, ինչը նա անվանեց «վստահության վրա հիմնված դիվանագիտություն»:
Հայաստանը, նրա խոսքով, ուրախ է Վաշինգտոնում ընկալվել «որպես ժամանակակից տեխնոլոգիաների, նրբին տեխնոլոգիաների վստահելի գործընկեր»։
Արդյունքներն արդեն իսկ ակնառու են՝ 4 միլիարդ դոլար արժողությամբ NVIDIA տվյալների կենտրոն՝ իր հետևից երկրորդ, ավելի մեծ համաձայնագրով, փոխնախագահական այց, որը երբեք տեղի չէր ունենա երկու տարի առաջ. 74 տոկոսանոց ամերիկյան բաժնեմաս մի միջանցքում, որն ինքը՝ գործող նախագահն է անվանում «մեծ առավելություն» Իրանի դեմ:
Ինչ էլ որ լինի հաջորդիվ՝ դեռևս իրական աշխատանք կա առջևում։ Բայց անցած տասներկու ամիսներն արդեն ավելի շատ շոշափելի փոփոխություններ են արտադրել Հարավային Կովկասում, քան նախորդ երեք տասնամյակը միասին վերցրած։

