Իրական դիվանագիտություն և «բազմոց»-ագիտություն. նախկիններ և ներկաներ
Չզարմանաք, բայց այսօր Սիրիայում, մասնավորապես՝ Հալեպում տեղի ունեցող պատերազմական սարսափելի գործողությունները մեզ ևս մեկ անգամ հնարավորություն են տալիս զուգահեռներ անցկացնել մինչև չարաբաստիկ 2018-ի հեղափոխությունը և դրանից հետո ընկած ժամանակահատվածների և նախկին ու ներկա իշխանությունների մասին:
Օրեր առաջ 168.am-ին հետաքրքիր մանրամասներ էին հայտնի դարձել ոչ միայն Փաշինյանի որոշմամբ 2019 թվականից Սիրիայում, Հալեպում գտնվող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմի հետ վերադարձից, այլև Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսի, կարելի է ասել, Հալեպից ճողոպրելու մասին:
Ըստ ՀՀ ՊՆ-ի՝ Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը նոյեմբերի 29-ի երեկոյան էր ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել Հայաստան, սակայն մեր տեղեկություններով՝ նրանք վերադարձել էին դրանից ուղիղ մեկ շաբաթ առաջ: Սիրիայից մեր աղբյուրները տեղեկացրել էին, որ հայկական անձնակազմին մեկ շաբաթ առաջ սկզբում ուղղաթիռով տեղափոխել էին Հալեպի մարզադաշտ, որտեղից էլ ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով նրանց վերադարձրել Հայաստան:
Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը 168.am-ի հետ զրույցում հաստատել էր այդ տեղեկությունը, որ Սիրիայում գտնվող ՀՀ մարդասիրական առաքելությունը բախումներից անմիջապես առաջ է դուրս եկել Հալեպից՝ հինգշաբթի օրը, իսկ Սիրիայում ՀՀ գլխավոր հյուպատոսը հեռացել էր մոտ մեկ շաբաթ առաջ՝ երկուշաբթի օրը։
Ավելի ուշ, իհարկե, ՀՀ արտգործնախարարությունը փորձել էր փրկել իրավիճակը՝ ասելով, թե Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսն աշխատանքը շարունակում է Դամասկոսից։
Մի կողմ թողնենք, թե որտեղի՞ց է հայկական կողմը ստացել տեղեկատվությունը, որ Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներն Իդլիբից գրոհ են ձեռնարկելու Սիրիայի կառավարական ուժերի հանդեպ՝ հասնելով Հալեպի արվարձաններ՝ մարտեր մղելով քաղաքն ամբողջությամբ վերցնելու համար, կամ՝ ինչո՞ւ է հատկապես ՀՀ գլխավոր հյուպատոսն այդքան շուտ վերադարձել Հալեպից, այն դեպքում, երբ Սիրիայում ապրում է Սիրիայի կյանքում լուրջ դերակատարում և հեղինակություն վայելող բազմահազարանոց հայկական համայնք:
Այլ խնդիր ենք ուզում ներկայացնել՝ թե ինչպես էր ՀՀ իշխանությունը, ՀՀ ԱԳՆ-ն աշխատում մինչև 2018-ի աղետաբեր հեղափոխությունը և հիմա՝ Նիկոլ Փաշինյանի օրոք:
2010-ին Մերձավոր Արևելքի ամենահաջողակ պետությունը՝ Սիրիան, ծաղկող, բազմազգ, համերաշխ, մեծ հնարավորություններով, հարուստ ռեսուրսներով երկիր էր: 2011 թվականի մարտի 15-ին սիրիացիները փողոց դուրս եկան ժողովրդավարության, ազատության պահանջով: Փոխարենը՝ նրանք ստացան պատերազմ, ահաբեկչական խմբավորումների հրթիռակոծություն, աղետ, փլատակների մեջ թաղված երկիր։ Դամասկոսում տեղի էր ունեցել Բաշար Ասադի դեմ ամենախոշորը համարվող բողոքի ակցիան. շուրջ երկու հարյուր ցուցարարներ պահանջում էին ազատ արձակել քաղբանտարկյալներին, վերականգնել անձնական, քաղաքական և տնտեսական ազատությունները, վերացնել կոռուպցիան։
Ամիսների ընթացքում Սիրիան վերածվեց պատերազմի թատերաբեմի, միջազգային ահաբեկիչների առճակատման կենտրոնի, որտեղ միմյանց դեմ էին դուրս եկել հզոր երկրներ՝ Ռուսաստանը, Թուրքիան, Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան և այլ երկրներ։
Սիրիական պատերազմը չէր շրջանցել նաև տեղի հայ համայնքը, հայաշատ շրջանները։ Ըստ տվյալների՝ մինչև հակամարտությունը երկրում շուրջ 150 հազար հայ էր բնակվում, մեծամասնությունը՝ Հալեպում, որը պատերազմի ամենաթեժ օջախներից մեկն էր։ Տասնամյա պատերազմի հետևանքով հազարավոր հայեր մեծ կորուստներ ունեցան՝ մարդկային, տնտեսական, գույքային, ավերվել կամ ոչնչացվել էին հայկական գործարաններ, խանութներ, մշակութային կենտրոններ, դպրոցներ, գերեզմանատներ, եկեղեցիներ, հուշարձաններ։
Սիրիայի աղետն այն ծավալների էր հասել, որ երբեմնի ծաղկող Սիրիայի բնակչության ավելի քան 90 տոկոսն ապրում էր աղքատության եզրին, գրեթե սովի պայմաններում, և երկիրը վերականգնելու համար, ըստ հաշվարկների, կպահանջվեր 50 տարի և առնվազն 300 միլիարդ դոլար:
Թուրքիան օկուպացրեց հյուսիսային Սիրիայի մի մասը, Արևմուտքը՝ ԱՄՆ-ը, իր ազդեցության գոտիներն ամրապնդեց, քրդերի առաջխաղացման հեռանկարը կանխելու նպատակով Թուրքիան, «Եփրատի վահան» գործողության շրջանակներում (2015թ. օգոստոսի 24-ից մինչև 2016թ․ մարտի 28-ը), ներխուժեց Սիրիայի հյուսիսային շրջաններ՝ ձգտելով կասեցնել քրդական շրջանների միավորումը և քրդական պետականության կայացման գործընթացը:
Ի՞նչ արեց այդ պատերազմի ընթացքում Հայաստանը, ՀՀ Արտաքին գործերի նախարարությունը, դիվանագիտական կորպուսը:
Նիկոլ Փաշինյանի պես այն ժամանակ որևէ մեկը չասաց. «Ես որոշում եմ կայացրել, որ մեր առաքելությունը Հալեպից պետք է վերադառնա Հայաստան։ Բայց ես անկեղծ ասած չեմ հասկանում զուգահեռը հայ համայնքի հետ, որովհետև երբ խոսում ենք մեր կողմից ուղարկված խմբի մասին, այդ խումբն ունի հետևյալ կարգավիճակը՝ երբ որ ես հրամայեմ, որ իրենք պետք է այնտեղից վերադառնան։ Ես չեմ կարա Սիրիայի համայնքին տարհանել, Սիրիայում կառավարություն կա, իշխանություն կա, ես չեմ կարող որոշում կայացնել այլ երկրի քաղաքացիների վերաբերյալ։ Եվ եթե ես հանդգնեմ և այդպիսի որոշում կայացնեմ, երկու հարց կա. նախ՝ այդ որոշումն ո՞ւմ է հետաքրքիր, երկրորդ՝ ո՞նց եմ ես իրագործելու այդ որոշումը։ Այնտեղ կա պետական հստակ համակարգ, ես կայացրել եմ որոշումը, և մեր գործընկերները պատրաստ էին այդ որոշմանը ենթարկվել»:
Այո, Հայաստանի ԱԺ-ում դեկտեմբերի 4-ին այս մասին հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։ Նա նույն կերպ Արցախը թշնամուն հանձնած, 5000-ից ավելի զոհեր տված, պայմանավորված պարտության տարած, Հայաստանն աղետների առջև կանգնեցրած, ադրբեջանցի զինվորականներին ՀՀ սուվերեն տարածքներ բերած Նիկոլ Փաշինյանը նույն՝ «թքած ունեմ» սկզբունքով է խոսում Բաքվի բանտերում գտնվող հայ ռազմագերիների մասին, անհետ կորած զինվորների մասին, զոհվածների ծնողների, հարազատների մասին՝ կարմիր ու սև բերետավորներին հրահանգ իջեցնելով՝ բռնություն կիրառել նրանց դեմ, հղի կնոջը և չծնված երեխային իր ավտոշարասունով սպանելու դեպքի մասին, Տավուշի, Սյունիքի տարածքների մասին, Հայոց ցեղասպանության, ազգային խորհրդանիշների, հայ մարդու և մեր ցանկացած սրբության մասին:
Նախօրեին Դամասկոսից աշխատող ՀՀ դեսպանությունը հայտարարեց, որ սիրիահայերին օժանդակելու նպատակով ստեղծվել է թեժ գիծ, կոչ արեցին՝ քիչ տեղաշարժվել:
Պարզապես մի դրվագ հիշեցնենք Փաշինյանի կողմից հաճախ օգտագործվող «նախկիններ» հասկացության մասին:
Բացի այն, որ սիրիահայերն ունեին Հայաստանի իշխանություն և ՀՀ Սփյուռքի նախարարություն, դիվանագիտական կառույցներ, որոնք ամենօրյա աշխատանք էին տանում Սիրիայի հայ համայնքի, մեր հայրենակիցների հետ, այլև միջազգային հարթակներում էին լուրջ հարցեր բարձրացնում:
ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին՝ 2016 թվականին, ԵԱՀԿ Մշտական խորհրդի 1105-րդ նիստի ընթացքում ԵԱՀԿ-ում ՀՀ առաքելության ղեկավար, դեսպան, երջանկահիշատակ Արման Կիրակոսյանը հանդես եկավ հայտարարությամբ Սիրիայի Հալեպ քաղաքի խաղաղ բնակչության դեմ ահաբեկչական հարձակումների վերաբերյալ:
Դեսպան Արման Կիրակոսյանը մտահոգություն հայտնեց «Ալ Նուսրա ճակատ» ահաբեկչական խմբավորման կողմից Հալեպի նկատմամբ վերջին հարձակումների կապակցությամբ, ինչը հանգեցրել էր բազմաթիվ զոհերի քաղաքացիական բնակչության շրջանում: Նա խստիվ դատապարտել էր Հալեպի քրիստոնեաբնակ թաղամասերի կանխամտածված ու հետևողական հրթիռակոծումը, որի հետևանքով միայն հայաբնակ թաղամասերում զոհվել և վիրավորվել էին տասնյակ խաղաղ բնակիչներ և լուրջ վնաս էր հասցվել Սուրբ Երրորդության «Զվարթնոց» հայկական կաթոլիկ եկեղեցուն, հայկական ծերանոցին և պատմամշակութային ու գիտակրթական նշանակության այլ շենքերի:
2016թ. իր այդ ելույթում ՀՀ դեսպանը նշել էր, որ վերջին տարիներին Հայաստանի առաքելությունը հետևողականորեն բարձրաձայնել էր Սիրիայում և Իրաքում գործող օտարերկրյա ահաբեկիչ գրոհայինների, մասնավորապես, «Իսլամական պետություն», «Ալ Նուսրա ճակատ», ինչպես նաև «Ալ Քաիդա»-ի հետ առնչություն ունեցող ահաբեկչական այլ խմբավորումների խնդիրը: Ընդգծվել էր, որ էթնիկ ու կրոնական փոքրամասնությունները, այդ թվում՝ հայկական համայնքը, հանդիսանում են այդ խմբավորումների առաջնային թիրախը:
Դեսպան Կիրակոսյանը նշել էր, որ վերոհիշյալ ահաբեկչական կազմավորումների գործողությունները լուրջ սպառնալիք են ներկայացնում ԵԱՀԿ տարածաշրջանի անվտանգության համար: Բռնի ծայրահեղականությունը, արմատականացումն ու ահաբեկչությունը թիրախ են դարձնում էթնիկ ու կրոնական փոքրամասնություններին, սպառնում նրանց գոյությանը Մերձավոր Արևելքում ու առավել սրում ԵԱՀԿ տարածքում առկա միգրացիոն ճգնաժամը:
«Հայոց ցեղասպանությունը վերապրածներն են ձևավորել Հալեպի հայկական համայնքը, և 101 տարի անց այդ համայնքը պայքարում է իր գոյության համար ահաբեկչական խմբավորումներին ցուցաբերվող անդրսահմանային աջակցության պայմաններում»,- ասված էր 2016թ. այդ օրվա ԱԳՆ հաղորդագրության մեջ:
ՀՀ դեսպան Արման Կիրակոսյանը հղում էր կատարել ԵԱՀԿ Բազելի ու Բելգրադի նախարարական հռչակագրերին և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի թիվ 2170, 2178, 2199 և 2249 բանաձևերին՝ կոչ անելով բոլոր մասնակից պետություններին առանց որևէ նախապայմանների իրականացնել վերոհիշյալ փաստաթղթերով ստանձնած պարտավորություններն ահաբեկչության դեմ պայքարում: Արման Կիրակոսյանը կոչ էր արել Թուրքիային՝ կանխել ահաբեկչական խմբերի կողմից քաղաքացիական բնակչության, այդ թվում՝ Սիրիայում կրոնական և էթնիկ փոքրամասնությունների նկատմամբ անդրսահմանային հարձակումներ իրականացնելու նպատակով իր տարածքի օգտագործումը:
Ահա այն ամենը, ինչ պետք է իմանալ նախկին ու ներկա իշխանությունների մասին: