Ո՞վ կամ ովքե՞ր են հայկական կողմին տեղեկատվություն տվել, ինչո՞ւ են ՀՀ ստորաբաժանումը և հյուպատոսը մեկ շաբաթ շուտ դուրս եկել Հալեպից

Հայաստանի ՊՆ մամուլի խոսնակը հայտնել է, որ Սիրիայի Հալեպի շրջանում մարդասիրական առաքելություն իրականացնող Հայաստանի ստորաբաժանման բոլոր մասնակիցները՝ ականազերծողներն ու բուժաշխատողները, վերադարձել են Հայաստան:

«Սիրիայի Հալեպում առաքելություն իրականացնող Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը նոյեմբերի 29-ի երեկոյան ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել է Հայաստան։ Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ հաշվի առնելով տեղում ստեղծված իրավիճակը՝ որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել խմբի գործունեությունը Հալեպում։ Հայաստանի մասնագիտական խումբն իր առաքելությունը Սիրիայի երկրորդ խոշորագույն քաղաքում իրականացնում է 2019 թվականից։ Վերջին օրերին Սիրիայի մի շարք շրջաններում օպերատիվ իրավիճակը կտրուկ սրվել է, և ռազմական ակտիվ գործողություններ են սկսվել։ Լայնածավալ հարձակում սկսած հակակառավարական զինված խմբավորումները հասել են Հալեպի արվարձաններ և առաջանում են դեպի քաղաքի կենտրոն: Թուրքիայի աջակցությունը վայելող, տարբեր հաշվարկներով հազարավոր զինյալներ՝ «Հայաթ Թահրիր աշ-Շամ» խմբավորման առաջնորդությամբ, ընդամենը մի քանի օրվա ընթացքում ավելի քան հինգ տասնյակ բնակավայր են գրավել՝ ընդհանուր առմամբ մոտ 400 քառակուսի կիլոմետր տարածք Հալեպ և Իդլիբ նահանգներում»,- ասված էր ՊՆ հաղորդագրության մեջ։

Սա, թերևս, սպասելի որոշում էր` հաշվի առնելով այն, որ արդեն չորորդ օրն է՝ Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումները Իդլիբից գրոհ են ձեռնարկել Սիրիայի կառավարական ուժերի հանդեպ և արդեն հասել են Հալեպի արվարձաններ ու մարտեր են մղում քաղաքը ամբողջությամբ վերցնելու համար:

Իհարկե, ՊՆ կողմից չի մանրամասնվում` արդյո՞ք ժամանակավոր այս կասեցումը նշանակում է, որ հայկական մարդասիրական առաքելությունն իր գործունեությունը հետագայում կվերսկսի:

Կարդացեք նաև

Բայց 168.am-ին հետաքրքիր մանրամասներ են հայտնի դարձել: ՀՀ ՊՆ-ն, իհարկե նշում է, որ Հայաստանի հումանիտար ականազերծման և բուժաշխատողների ողջ անձնակազմը նոյեմբերի 29-ի երեկոյան է ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով վերադարձել Հայաստան, սակայն մեր տեղեկություններով՝ նրանք վերադարձել են ուղիղ մեկ շաբաթ առաջ:

Սիրիայից մեր աղբյուրները տեղեկացնում են, որ հայկական անձնակազմին մեկ շաբաթ առաջ սկզբում ուղղաթիռով տեղափոխել են Հալեպի մարզադաշտ, որտեղից էլ ՀՀ ՊՆ ռազմատրանսպորտային ինքնաթիռով նրանց տեղափոխել են:

Սիրիայի «Գանձասար» թերթի գլխավոր խմբագիր Զարմիկ Պողիկյանը 168.am-ի հետ զրույցում ևս տեղեկացրել էր՝ Սիրիայում գտնվող ՀՀ մարդասիրական առաքելությունը բախումներից անմիջապես առաջ է դուրս եկել Հալեպից՝ հինգշաբթի օրը, և, ամենահետաքրքիրը, Սիրիայում ՀՀ հյուպատոսը հեռացել է մոտ մեկ շաբաթ առաջ՝ երկուշաբթի օրը։

Հարց է առաջանում՝ որտեղի՞ց է հայկական կողմը ստացել տեղեկատվությունը, որ Թուրքիայի աջակցությունը վայելող խմբավորումներն Իդլիբից գրոհ են ձեռնարկելու Սիրիայի կառավարական ուժերի հանդեպ՝ հասնելով Հալեպի արվարձաններ՝ մարտեր մղելով քաղաքն ամբողջությամբ վերցնելու համար: Ինչո՞ւ է հատկապես ՀՀ հյուպատոսն այդքան շուտ վերադարձել Հալեպից, այն դեպքում, երբ Սիրիայում ապրում է Սիրիայի կյանքում լուրջ դերակատարում և հեղինակություն վայելող բազմահազարանոց հայկական համայնք, որը մեր օգնության կարիքն ունի:

Հիշեցնենք, որ Սիրիայում մարդասիրական առաքելության վերաբերյալ որոշումը կայացվեց Նիկոլ Փաշինյանի կողմից: Նա իր այդ որոշման մասին ազդարարեց դեռևս 2018 թվականի օգոստոսին՝ Հանրապետության հրապարակում կայացած հանրահավաքի ընթացքում, որը կազմակերպվել էր վարչապետի պաշտոնում իր 100-օրյա պաշտոնավարման առիթով, ասելով՝ «Հայաստանն ու Ռուսաստանը շուտով Սիրիայում համատեղ հումանիտար ծրագիր են իրականացնելու»: Հայտարարել էր, որ կողմերն աշխատում են համատեղ հումանիտար մի նախագծի վրա, որն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ: «Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով», – ասել էր Փաշինյանը։

Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով 2019թ. փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից և նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանեց Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք.Հալեպ):

Տեսանյութեր

Լրահոս