Դա կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ, կարող է հանգեցնել պետականության կոլապսի․ Սուրենյանցը՝ իշխանությունների ստրատեգիական մանևրների մասին

Խորհրդարանում նախօրեին դարձյալ փաշինյանիզմների օրն էր։ Այս անգամ օրակարգում ոչ միայն քարոզարշավի վերածված հայտարարություններն էին և ՌԴ-ին ուղղված բաց ակնարկներ, այլև վստահեցումներ, թե իրենք են այն իշխանությունը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ երաշխավորել են ՀՀ պետականության գոյությունն առաջիկա 100-ամյակի ընթացքում։

Քաղաքագետ, վերլուծաբան Սուրեն Սուրենյանցը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով մասնավորապես Նիկոլ Փաշինյանի՝ «մենք մեզ դնում ենք ՀԱՊԿ-ից դուրս» հայտարարությանը, նշեց․ «Կան քաղաքական գործիչներ, փորձագետներ, որոնք հանրությանը պարբերաբար փորձում են համոզել, թե Նիկոլ Փաշինյանը երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու ցանկություն չունի, որ ամեն բան Ռուսաստանի Դաշնության հետ համաձայնեցված է անում։

Ես ի սկզբանե ու միշտ հակառակն եմ պնդել, որ Նիկոլ Փաշինյանը հենց երկրի ստրատեգիական կողոմնորոշումը փոխելու նպատակ էլ ունի, և հենց այդ նպատակով էլ շատ սառնասրտորեն կործանել է Արցախը»։

Ըստ նրա՝ հանրությունն այս քաղաքականության ակտիվ դրսևորումների ականատեսն է առնվազն 2021 թվականի դեկտեմբերից, բայց թե ե՞րբ Նիկոլ Փաշինյանն այս հարցում կգնա հռետորաբանությունից անդին՝ դեռևս հայտնի չէ։

Կարդացեք նաև

«Երկրի ստրատեգիական կողմնորոշումը փոխելու ցանկությունը կա, նպատակը կա, բայցև Արևմուտքից չկան անվտանգության երաշխիքներ։ Թե Նիկոլ Փաշինյանի հռետորաբանությունը ո՞ր փուլում կանցնի պրակտիկ փուլի, ե՞րբ ՀՀ-ն կդիմի ՀԱՊԿ-ից դուրս գալու, կհամարձակվի նման քայլի գնալ, Հայաստանից կախված չէ։ Ինքը՝ Փաշինյանը, ևս չգիտի, թե այդ փուլը երբ է լինելու․ առայժմ նա նման հայտարարություններով փորձում է հակառուսական թրենդի մեջ լինել և ներսում դիվիդենտներ շահել, նաև ինչ-որ մեսիջներ է ուղարկում Արևմուտքին։

Ես կարծում եմ, այնուամենայնիվ, ընտրական ցիկլի շեմին մենք, դժբախտաբար, այս ուղղությամբ կարող ենք կոնկրետ քայլեր տեսնել,- նշեց քաղաքագետը՝ պարզաբանելով, թե ինչ նկատի ունի «դժբախտաբար» արձանագրումով,- Որովհետև դա կատաստրոֆիկ հետևանքներ կարող է ունենալ Հայաստանի համար, կարող է բերել պետականության կոլապսի․ օրինակ, երբ մենք հրաժարվեցինք բանակցությունների ռուսական հարթակից՝ տեղափոխվելով արևմտյան հարթակ, ինչը ևս կողմնորոշման համատեքստում էր, մենք կորցրինք Արցախը»։

Սուրեն Սուրենյանցը շեշտեց, որ ողբերգական հետևանքները կարող են նույնիսկ կասկածի տակ դնել պետականության գոյությունն ու տարածքային ամբողջականությունը, իսկ որպեսզի ասածը  շատ մերկապարանոց չհնչի, նա ընթերցողներին խորհուրդ տվեց դիտարկել Վրաստանի, Մոլդովայի կամ Ուկրաինայի օրինակները, որոնք ստրատեգիական կողմնորոշման փոփոխության ճանապարհին ունեցել են մեծ տարածքային կորուստներ։

«Որովհետև, եթե դու նույնիսկ անկատար անվտանգային համակարգից հրաժարվում ես՝ դիմացը ոչինչ չստանալով, կամ հույսդ դնելով Ադրբեջանի ու Թուրքիայի ողորմածության վրա, ինչը չարդարացված է, ապա այդ դեպքում ռիսկերի սպասիր միշտ»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի համոզմանը, թե՝ հենց իրենք են այն կառավարությունը, խորհրդարանը, որը հնարավորություն է ունենալու ասելու՝ ահա մե՛նք երաշխավորեցինք Հայաստանի պետականության գոյությունն առաջիկա հարյուրամյակի ընթացքում», ապա քաղաքագետն այս առումով էլ ընդգծեց․ «Այդտեղ էլ ցինիզմ կա։ Ասում է՝  երկու տարի առաջ ես կասկած էի հայտնել, հիմա պնդում եմ՝ այդ փուլը անցել ենք․ ի՞նչ է՝  ինքն ակնարկում է, որ Արցա՞խն էր խանգարում՝ մենք պետականություն պահեինք։  Փաստորեն, ինքը խոստովանում է, որ Արցախը միտումնավոր է զոհաբերել»։

«Այս իշխանությունը պետականության, պետականության գաղափարի հետ որևէ աղերս չունի․ այսօրվա Հայաստանն իր սուբյեկտությամբ զիջում է նույնիսկ ուշ շրջանի Սովետական Հայաստանին։ Ո՞րն է պետականության ատրիբուտը, երբ մեզ հետ կապված որևէ հարց մենք չե՞նք որոշում, երբ արտաքին քաղաքական օրակարգ ընդհանրապես չունե՞ս, ու ֆուտբոլի գնդակի պես քեզ այս դաշտից այն դաշտ են փոխանցում․ այս իշխանությունն, ընդհակառակը, պետականության չգոյության մասին է, որովհետև եթե քողազերծենք Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանը, դա պարտված Հայաստանի տեսլականն է»,- ամփոփեց Սուրեն Սուրենյանցը։

Նշենք՝ Նիկոլ Փաշինյանը նախօրեին հայտարարել էր նաև․ «Եթե մեր քաղաքականությունը գնահատում ենք Լեռնային Ղարաբաղի հարցը, կամ, ինչպես ես պատկերավոր ասացի՝ այդ իրավիճակը, կամ մեր պայմանական հղիությունը ևս 9 ամիս ձգելու տրամաբանությամբ, ապա մեր վարած քաղաքականությունը կարելի է համարել սխալ: Եթե մոռանանք, որ խնդրի ձևակերպումն ի սկզբանե արդեն սխալ էր։

Եթե հարցը ձևակերպում ենք պետությունը պահելու, շանս ստանալու առումով, ես պետք է ասեմ, որ այն քաղաքականությունը, որ մենք վարել ենք և վարում ենք, ոչ թե ճիշտ է կամ սխալ է, այլ միակ հնարավոր տարբերակն էր և միակ հնարավոր տարբերակն է այսօր, որ մեզ պետություն ունենալու շանս է տալիս»։

Տեսանյութեր

Լրահոս