Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական իրավիճակ է փոխվում, նոր խնդիրներ են ի հայտ գալու Երևանի համար․ Տարասով
Վերջին օրերին աշխարհում և, մասնավորապես, Հայաստանի հարևանությամբ անկայունության նոր ալիք բռնկվեց մի քանի օջախներով՝ Վրաստան, Սիրիա, Ուկրաինա։
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի հայտարարությունը՝ 4 տարով դադարեցնել Վրաստան-ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները, կտրուկ սրեց ներքաղաքական իրավիճակը, հազարավոր վրացիների դուրս բերելով փողոց։ Արդեն 4-5-րդ օրն է, ինչ Թբիլիսիի կենտրոնում՝ Ռուսթավելի փողոց, Ազատության հրապարակ, լարված է՝ Ոստիկանությունը բիրտ ուժ է կիրառում, ակտիվիստներից ոմանք ետ չեն մնում՝ ոստիկանության դեմ հրավառ նյութեր են օգտագործում՝ կենտրոնի որոշ փողոցներ վերածելով «մարտի դաշտի»։ Իրավիճակը չի հանդարտվում, Արևմուտքը Վրաստանի ընդդիմության, փողոցային շարժման հետ միասին առանցքային ճնշում են գործադրում «Վրացական երազանքի» նկատմամբ։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին, ով ցուցարարների և ընդդիմության հետ է, հրաժարվում է հեռանալ նախագահի պաշտոնից նախագահական ժամկետի ավարտից հետո՝ դեկտեմբերի 16-ին, իսկ վարչապետ Կոբախիձեն սպառնում է ընդդիմադիր կուսակցություններին, ասելով՝ Վրաստանի իշխանությունները կարող են դիմել ՍԴ՝ ընդդիմադիր կուսակցություններն անօրինական ճանաչելու համար, ԱՄՆ-ը դադարեցրել է Վրաստանի հետ ռազմավարական գործընկերությունը, որոշ երկրներ սպառնում են պատժամիջոցներով։ Կզիջե՞ն արդյոք իրենց դիրքերը Վրաստանի իշխանությունները, որքան երկար ու որքան ամուր կգտնվեն, որքան կպայքարեն վրացական ցուցարարներն Արևմուտքի աջակցությամբ՝ բարդ է կանխատեսել, սակայն իրավիճակը շարունակում է լարվել։
Արդեն 6-րդ օրն է, ինչ լարված է իրավիճակը նաև Սիրիայի Հալեպ քաղաքի շուրջ, որը պրոթուրքական ապստամբ ուժերը գրավելու համար չորեքշաբթի օրվանից անսպասելի գրոհ են սկսել ու շարունակում են հաջողությամբ առաջ գնալ։ Ռուսական ինքնաթիռները հարվածում են Ասադի ռեժիմի կողմից չվերահսկվող տարածքներին, իսկ ընդդիմադիր ուժերը գտնվում են Սիրիայի չորրորդ ամենամեծ քաղաքի՝ Համայի մոտ գտնվող գյուղերում։
Ըստ որոշ տեղեկությունների՝ Բաշար ալ-Ասադի կառավարությունը վերջին մի քանի ժամվա ընթացքում զգալի ուժեր է ուղարկել և պաշտպանական գիծ է ստեղծում Թայբաթ ալ-Իմամ քաղաքում և հյուսիսային Համա նահանգի Խաթաբ և Սուրան գյուղերում, ինչպես նաև նահանգի հյուսիս-արևմուտքում գտնվող ալ-Սուքայլաբիա և Մահրադա քրիստոնեաբնակ քաղաքներում։ Բանակցությունների նպատակով Սիրիա և Թուրքիա այցեր է կատարում ԻԻՀ ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։ Պրոթուրքական ուժերի գրոհից հետո ինտենսիվացել են շփումները Ռուսաստանի, Սիրիայի և Իրանի ԱԳ նախարարների միջև, հայտնի դարձավ, որ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, քննարկել Սիրիայում արագ զարգացող իրավիճակը։
Ըստ Պետքարտուղարության՝ Բլինքենն ու Ֆիդանը շեշտել են Հալեպում դեէսկալացիայի, ինչպես նաև քաղաքացիական անձանց կյանքերի և ենթակառուցվածքների պաշտպանության անհրաժեշտությունը: Նրանք նաև քննարկել են Գազայում շարունակվող մարդասիրական ջանքերը և պատերազմին վերջ դնելու և բոլոր պատանդների ազատ արձակման անհրաժեշտությունը: Anadolu գործակալությունը նշում է, որ Բլինքենն ու Ֆիդանը քննարկել են նաև իրավիճակն Ուկրաինայում և Հարավային Կովկասում։
Իսկ մեկ շաբաթ առաջ սրվեց իրավիճակն Ուկրաինայի պատերազմի գոտում, երբ Արևմուտքն արտոնեց Ուկրաինային ATAMCS և Storm Shadow հրռիթներով հարվածել Ուկրաինայի տարածքի խորքերին, Կիևը չվարանեց և մի քանի հարվածներ հասցրեց, որին ի պատասխան, ըստ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ ՌԴ-ն ՈՒկրաինայի տարածքում փորձարկեց «Օրեշնիկ» գերձայնային հրթիռներ, որոնց միաժամանակյա օգտագործման դեպքում հարվածի հզորությունը հավասար կլինի միջուկային զենքի կիրառմանը։ Այս միտումների կողքին ինչ է սպասվում Հայաստանին։
168.am-ի հետ զրույցում ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ վերոնշյալ բոլոր օջախներում էլ, ամենայն հավանականությամբ, ինտենսիվ զարգացումներ են տեղի ունենալու, քանի որ սրանով կարծես սկսվում է ձևավորվող աշխարհակարգի վերջնական դիրքավորման փուլը։ Այս զարգացումները, նրա խոսքով, ցույց են տալիս, թե այս կամ այն երկրներն ինչ հավակնություններ ու շահեր ունեն յուրաքանչյուր գոտում։
«Այստեղ խոսքը թե ռեգիոնալ, թե գլոբալ խաղացողների մասին է։ Գլոբալ դերաբաշխում է իրականացվում։ Սա ամենևին չի նշանակում, որ հենց այս կետերում էլ ամեն բան ավարտվելու է, գուցե մերձավորարևելյան զարգացումների աշխարհագրությունը փոփոխվի՝ ընդլայնի Իրանը, Իրաքը, Իսրայելը և այլն։ Այստեղ սցենարները շատ տարբեր կարող են լինել։ Կարող եմ ասել, որ օրերս Սիրիայում սկսված ընդդիմադիրների նոր մեծ և հաջողված գրոհի պատճառների վերաբերյալ ևս տարբեր վարկածներ ու սցենարներ են առաջ քաշվում հատկապես այն մասին, թե ում էր սա հարկավոր՝ Ուկրաինային, Թուրքիային կամ Իսրայելին։ Յուրաքանչյուր երկրի դեպքում, իհարկե, թիրախները տարբեր են, սակայն նման բարդ ռեգիոնը, ինչպիսին Մերձավոր Արևելքն է, շահերի այդ բարդ համակարգը, այդ ռեգիոնում ռեգիոնալ ու արտատարածաշրջանային երկրների ներկայությունը, ազդեցությունների համակարգը շատ բարդ է միանգամից «դեղատոմս» ներկայացնելու համար»,- ասաց Տարասովը։
Նրա խոսով, Վրաստանում ավելի հասկանալի ու պարզ սցենար է։ «Այստեղ ինչ-որ բարդ սցենարներ չկան, Վրաստանի իշխանությունները ցանկանում են արժանապատիվ արտաքին քաղաքականություն վարել։ Չնայած չեն հայտարարում ՌԴ-ի հետ կարգավորման մասին, ունեն լուրջ նախապայմաններ, որոնք շատ են բարդացնում ռուս-վրացական կարգավորման հեռանկարը, սակայն ակնհայտ է, որ վերջին տարիների արևմտյան թելադրանքից Վրաստանի ներկայիս իշխանությունները ցանկանում են ազատվել։ Այս դեպքում առանձնահատկությունն այն է, որ դա իրականում այդքան հեշտ չէ, քանի որ Արևմուտքը բավականին մեծ ազդեցություն ունի Վրաստանում, էական ռեսուրսներ են ներդրված քաղաքացիական հասարակության, համակարգերի, ենթակառուցվածքների մեջ։ Այստեղ ներքին զարգացումները կշարունակվեն, կարծես՝ Վրաստանի իշխանությունները հակված չեն նահանջել իրենց դիրքերից։ Եթե Վրաստանի իշխանություններն իրագործեն այն, ինչի մասին հայտարարում են, դա, բնականաբար, կդառնա մեծ հարված Անդրկովկասում Արևմուտքին, դա կանդրադառնա նաև ՀՀ-ԵՄ-ԱՄՆ հարաբերությունների դինամիկայի, Անդրկովկասում Արևմուտքի դիրքերի վրա, էապես բարդացնելով Երևանի խնդիրը։ Մյուս կողմից էլ տեսնում ենք, որ Ադրբեջանն է պահանջում ՀՀ-ից հեռացնել ԵՄ դիտորդներին։ Այսինքն՝ միտումն ակնհայտ է, չէ՞։
Այս ռեգիոնում սպասվում են փոփոխություններ։ Ռուսաստանի խաղադրույքն էլ հենց այս երկու ուղղությունների վրա է, Արևմուտքինն էլ՝ բնականաբար, Երևանի։ ռեգիոնալ հարթությունում ներկայիս արտաքին քաղաքականության պարագայում Երևանի համար բարդ է լինելու»,- նկատեց նա։
Ինչ վերաբերում է այս ամենի ֆոնին Երևան-Բաքու երկխոսությանը, ապա Տարասովի կարծիքով, գաղտնիք չէ, որ այն բարդ է, առաջիկայում լուծումներ չեն նշմարվում, առկա են միայն տարաձայնություններ, ինչը ցույց տվեցին վերջին շրջանում կողմերի հայտարարությունները։
«Ցանկության դեպքում համաձայնագիրը կարող էր վաղուց ստորագրվել, եթե չկա այդ ցանկությունը, ապա նպատակներն այլ են։ Իսկ արդյոք ՀՀ անվտանգության համակարգը հաջողվե՞լ է ամրապնդել պատերազմից հետո Արևմուտքի միջոցով։ Չեմ կարծում, ՀՀ իշխանություններն իրենց իրական դաշնակիցների հետ աշխատելու փոխարեն՝ ընտրեցին ներկայիս՝ խնդիրներով լի ճանապարհը Ռուսաստանի հարցում։ ՀՀ ներկայիս իշխանությունները Թուրքիային կարծես ավելի շատ են վստահում (թեև չկան դիվանագիտական հարաբերություններ), քան Ռուսաստանին, ՀԱՊԿ-ին և այլ գործընկերներին, որոնք, ինչպես և շատ այլ երկրների դաշնակիցներ, անսխալական չեն և ունեն շահեր։
Կարծում եմ, Հայաստանը կանգնած է նույն խնդիրների առջև, ինչ երկու-երեք տարի առաջ։ Սակայն ՀՀ-ի շուրջ աշխարհաքաղաքական իրավիճակը փոխվում է թե փոքր, թե մեծ ռեգիոններում, ամրապնդվում են ԲՐԻԿՍ երկրները և ընդլայնվում է այս կառույցը, ՌԴ-ն քիչ-քիչ դուրս է գալու պատերազմական քաղաքականության տրամաբանությունից, էլ ավելի ամրապնդվելով։ Իսկ Երևանին Արևմուտքը դիտարկում է՝ որպես գործիք Ռուսաստանի և Իրանի դեմ Անդրկովկասում, սա չի կարող խնդրահարույց չդիտարկվել, խնդիրներ ու բարդություններ չստեղծել Հայաստանի համար, որը դեռ իր սեփական խնդիրները չի լուծել Արևմուտքի օգնությամբ»,- ասաց վերլուծաբանը՝ շարունակելով, որ Արևմուտքը շարունակելու է իր օրակարգը հետապնդել Երևանի հետ հարաբերություններում, որևէ կերպ չաջակցելով Երևանին ՀՀ հարցերում։
Նրա խոսքով, սա պարզ բան է, որը հասկանալու համար մեծ ջանքեր և ունակություններ հարկավոր չեն։
«Սակայն ՀՀ իշխանությունների ցանկությունն այդպիսին է, որը դրական հանգրվանների չի տանում։ Բացի այն, որ ռեգիոնում կա Արևմուտք-Արևելք դիմադրություն, կան նաև հայ-ադրբեջանական, հայ-թուրքական չկարգավորված հարաբերություններ։ Այս ռեգիոնում ևս ամեն պահ կարող են նոր լարվածություններ բռնկվել, հակամարտությունները չեն կարգավորվում հենց այն պատճառով, որպեսզի հարմար պահի «լուծվեն»։
Այսպես են գործում բոլոր ուժերը, այս իրավիճակում քաղաքականությունները պետք է լինեն մտածված, զգուշավոր, իսկ Երևանը, կարծում եմ, չհաշվարկված քայլեր արեց, ինչի ցուցիչն այն է, որ չկա կարգավորում ոչ մի ուղղությամբ»,- ասաց Տարասովը։