Պատերազմում պարտվեցինք, քանի որ այս իշխանությունը փոխեց 2016-ին ընդունված սպառազինության պլանը․ Կարեն Իգիթյան
Եթե նայենք ռազմական առումով, մենք դասը քաղել էինք դեռևս ապրիլյան պատերազմին։ Պետությունը պատրաստվում էր, որ հետագայում նման բան չլինի՝ ընդունվել էր վերազինման պլան, ՀՕՊ և ՌԷՊ համակարգեր պիտի ձեռք բերվեին, Հայաստանը պիտի ունենար մի քանի հազար ԱԹՍ։ Բայց այդ ծրագիրը 2018-ին նոր իշխանությունների կողմից տապալվեց։ Եթե ռազմական տեսանկյունից նայենք, մենք կարող էինք չհայտնվել այս վիճակում։ Քաղաքական տեսանկյունից նայելու դեպքում ակնհայտ է, որ մենք չկարողացանք որպես քաղաքական հասարակություն՝ անցնել այս փուլը։ Այն իշխանությունը, որը եկավ, բերեց այս մեծ պատերազմն ու մի քանի պարտություններ, մնաց իշխանության։ Այսինքն, կարելի է ասել, որ Հայաստանը՝ որպես երկիր, այս դասը դեռևս չի քաղել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց կովկասագետ Կարեն Իգիթյանը։
«Ադրբեջանը և Թուրքիան չեն հրաժարվել Հայաստանի և առհասարակ հայ ազգի հանդեպ իրենց դարավոր քաղաքականությունից։ Ալիևը բազմիցս ասել է, որ իրենց թշնամին աշխարհասփյուռ հայությունն է։ Սա նշանակում է, որ թշնամանքն Ադրբեջանի կողմից չի վերացվել, չի էլ վերացվելու։ Մեզ տարիներով և տասնամյակներով համոզում էին, թե Ադրբեջանի հակահայկական նացիստական քարոզչությունն ընդամենը պատերազմի և պարտության հետևանք է, և երբ իրենց ինչ-որ շրջաններ վերադարձվեն, ամեն ինչ կվերջանա։ Մենք տեսնում ենք, որ դա այդպես չէր, հիմա էլ այդպես չէ։ Ադրբեջանի և Թուրքիայի նպատակները չեն փոփոխվել՝ իրենք ուզում են, որ Հարավային Կովկասում հայկական պետություն չլինի»,- ասաց փորձագետը:
«Կա տեսակետ, որ այս իշխանությունն ուղղակի դրսի պատվեր է կատարում՝ կլինի դա Թուրքիայի, Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, թե այլ մեկի, էական էլ չէ։ Իրենք ուղղակիորեն գիտեն՝ ինչ են անում, և գնում են դա կատարելու։ Սա տեսակետներից մեկն է, ըստ մեկ այլ տեսակետի՝ իրենք իրենց քաղաքականությամբ ինչ-որ փուլի բերեցին, հիմա չգիտեն ինչ անել, ու վազում են այսուայնկողմ՝ Արևմուտք, Ռուսաստան, Թուրքիա։ Տարբեր մոտեցումներ կան։ Բայց այն վարկածը, որ իրենք չգիտեին՝ ինչ են անում, դժվար է հիմնավորել։ Ընդհակառակը, այն, որ իրենք լավ էլ գիտեին՝ ինչ են անում, և նպատակներ ունեին, կարելի է հիմնավորել։ Ինչի՞ մասին էին դեռևս 20 տարի առաջ հրապարակված՝ Փաշինյանի հոդվածները։ Նա անիծում էր մեր հերոսական անցյալը, ասում էր՝ պետք է հրաժարվել այդ անցյալից, նշում էր, թե որքան լավ կլինի, եթե մենք մեր ամբողջ պատմությունից թողնենք ընդամենը մի Նարեկացի և այբուբեն»,- նշեց կովկասագետը:
Իգիթյանի պնդմամբ՝ Փաշինյանը ժամանակին գրել է, թե հեշտ կլինի ապրել, եթե մենք մեր մտքերում չունենանք Ցեղասպանությունը և Արևմտյան Հայաստանը. «Նա ասում էր՝ մենք հպարտանում ենք, որ փակում ենք Թուրքիայի ճանապարհը դեպի թուրքական աշխարհ, և այդ պատճառով նրանց հետ պատերազմի մեջ ենք, ու հարցնում էր՝ ինչո՞ւ ենք դա անում, եկեք դա չանենք, ճանապարհ տանք, թող գնան։ Քսան և ավելի տարի առաջ իրենք այս մասին ուղիղ գրում էին։ Մենք տեսնում ենք, որ նրանք եկան իշխանության, և այն, ինչ ասում էին, իրականացավ։ Դրա համար դժվար է պնդել, թե սա զուգադիպություն էր, չգիտեին, այսպես ստացվեց, և այլն»:
«2008 թվականին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իր թիմով, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը՝ որպես թիմակից, փորձում էին գալ իշխանության, ուղիղ ասում էին, թե ինչ են ուզում։ Նրանք ասում էին, որ պետք է ինչ-որ պայմաններով կարգավորեն հարաբերություններն Ադրբեջանի հետ, յոթ շրջանները միանշանակ հանձնեն, ԼՂԻՄ-ն էլ տան ինչ-որ խաղաղապահների և այլևս չզբաղվեն այդ հարցով։ Դա արեցին։ Հետո ասում էին՝ մեր բանակը շատ մեծ է, այն ժամանակ ասում էին՝ 80 հազարանոց է, պետք է կրճատել։ Ասում էին՝ մեր ինչի՞ն է պետք մեծ բանակ, եթե մենք բոլոր հարցերն Ադրբեջանի և Թուրքիայի հետ լուծելու ենք։ Ասում էին՝ կհրաժարվենք պայքարից, դա մեզ պետք չէ, փոխարենը՝ կունենանք փոքր, 15 հազարանոց բանակ։ Խոստանում էին սահմանները բացել, քանի որ հակամարտություն այլևս չի լինի։ Սա իրենք ասում էին ուղիղ, իսկ դրա ենթատեքստն այն էր, որ եթե հասնեն այդ ամենին, ռուսներին կասեն՝ հաջողություն»,- ամփոփեց կովկասագետը:
Մանրամասները՝ տեսանյութում