Շուշիի անկումն ու իշխանության առումը․ 4 տարի անց

Նոյեմբերի 7ը Շուշիի իրական անկման օրն է, տարելիցը։ Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 7ին, Շուշին ամբողջությամբ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Բայց այդ մասին հայտնի էր լինելու տևական ժամանակ հետո, որովհետև մինչև այսօր համացանցում՝ ՀՀ Կառավարության պաշտոնական էջում, պահպանվում է 2020թ․ նոյեմբերի 9ի ժամը 19։19ի հրապարակումը․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են, Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»։

Պահպանվում է նաև 44-օրյա պատերազմի խոսնակի՝ Արծրուն Հովհաննիսյանի նոյեմբերի 8-ին, ժամը 11։29-ին հրապարակված գրառումը․ «Շուշիում մարտերը շարունակվում են, սպասեք ու հավատացեք մեր զորքին»։

Նոյեմբերի 9-ի լույս 10-ի կեսգիշերին ստորագրվեց տխրահռչակ հայտարարությունը  Արցախի կապիտուլյացիայի մասին։ Այն, որ Շուշին ադրբեջանական ուժերն ամբողջությամբ վերահսկում էին արդեն նոյեմբերի 7-ին, հայտնել են պատերազմի բազմաթիվ մասնակիցներ։ Բայց այդ մասին հայտարարել է Նիկոլ Փաշինյանը՝ նոյեմբերի 9-ի երեկոյան հրապարակված «Շուշիի համար մարտերը շարունակվում են» մեջբերման հեղինակը, հայտարարել է 2023թ․ հունիսին՝ 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում.

Կարդացեք նաև

«Սկսեցին լուրեր գալ, որ հակառակորդի առաջին խումբն է մտել Շուշի, հետո երկրորդ, ի վերջո, նոյեմբերի 7-ի կեսօրին Գլխավոր շտաբի (ԳՇ) պետ Օնիկ Գասպարյանն ինձ զեկուցեց Շուշիի անկման մասին»,- հայտարարել է նա։

Սրանք բոլորը պաշտոնական հայտարարություններ են, պաշտոնապես արձանագրված ժամանակագրությամբ։ Այդ մեջբերումներն ու դրանց ժամանակագրությունը ցույց են տալիս, որ 44օրյա պատերազմն ամբողջությամբ հիմնված է եղել ստի ու կեղծիքի վրա։ Եվ դա կարևոր է ոչ միայն ոչ վաղ անցյալի  ողբերգական իրադարձություններն օբյեկտիվ գնահատելու համար։ Սա ցույց է տալիս նաև, որ նոյեմբերի 9-ին հաջորդած ողջ ժամանակահատվածում Հայաստանի գործող իշխանությունը զբաղված է եղել և է՛ այդ մեծագույն սուտը, խաբեությունը որպես ճշմարտություն հասարակությանը վաճառելու քստմնելի գործով։

Այդ ճանապարհին իշխանությունը կանգ չի առել որևէ բարոյական արգելքի առաջ՝ սկսած «հազարավոր դասալիքների» մասին զրպարտությունից, մինչև «ներքին թշնամիներ», «հինգերորդ շարասյուն»․․․

Ուղիղ 4 տարի Հայաստանը, արդեն առանց Արցախի ու միայն բռնագաղթած արցախահայերի մասնակցությամբ, ապրում է հետապատերազմյան արհավիրքում, որի ողջ խորությունը հանրության մի մասի կողմից չի գիտակցվում (գուցե նաև՝ որպես ինքնապաշտպանական բնազդ), իսկ իշխանության կողմից ամենակեղտոտ միջոցներով ներկայացվում է՝ որպես Հայաստանի անկախությունն ամրապնդելու միջոց։

 Այս իրականության ողբերգականությունը, սակայն, միայն Արցախի կորուստը չէ։ Ոչ պակաս սարսափելի է, որ այդ իրականությունը հիմնված է մեծագույն ստի վրա, որի գինը, բացի երբևէ դառնալի Արցախից, նաև հազարավոր երիտասարդների անդառնալի կյանքն է։ Հենց այդ ՍՏԻ վրա է հիմնված «Իրական Հայաստանը», որը կառուցելու պատրանքով գործող իշխանությունը փորձում է մոռացության մատնել Արցախի ավերումը։

Բայց «Իրական Հայաստանը» կառուցվում է ոչ թե Արցախի փլատակների վրա, այլ դրանց հաշվին։ Անցած չորս տարիները ցույց տվեցին, որ 44օրյա պատերազմի քարոզչական «Հաղթելու ենք» կարգախոսը վերաբերում էր ոչ թե Ադրբեջանին, այլ Արցախին հաղթելուն, որը, ինչպես ավելի ուշ էր հայտարարվելու, խանգարում էր Հայաստանի իրական անկախությանն ու ինքնիշխանությանը։

2020թ․ նոյեմբերի 7ին Շուշիում ադրբեջանցիների արձանագրած հաղթանակը սկիզբ դրեց Հայաստանում ՍՏԻ հաղթանակին։ Եվ եթե ոչ ընթացիկ քաղաքականության, ապա, ավելի լայն իմաստով, Շուշին երբևէ վերադարձնելու համար, ռազմական հաղթանակներից բացի, Հայաստանում պետք է հաղթանակ տանել ստի նկատմամբ։

Բայց ընթացիկ քաղաքականության տիրույթում դա կարող է սկսվել 2020թ․ նոյեմբերի 9-ին «Շուշիի համար մարտերը շարունակվում են» հայտարարության հեղինակին պատասխանատվության ենթարկելուց։ Այդ թվում, իսկ գուցե առաջին հերթին՝ սուտը որպես ճշմարտություն ու ճշմարտությունը՝ որպես սուտ ներկայացնելու համար։

Հարություն Ավետիսյան

Տեսանյութեր

Լրահոս