Նոյեմբերի 7-ը Շուշիի իրական անկման օրն է, տարելիցը։ Ուղիղ 4 տարի առաջ այս օրը՝ 2020թ․ նոյեմբերի 7-ին, Շուշին ամբողջությամբ անցավ ադրբեջանական ուժերի վերահսկողության տակ։ Բայց այդ մասին հայտնի էր լինելու տևական ժամանակ հետո, որովհետև մինչև այսօր համացանցում՝ ՀՀ Կառավարության պաշտոնական էջում, պահպանվում է 2020թ․ նոյեմբերի 9-ի ժամը 19։19-ի հրապարակումը․ «Շուշիի համար մարտերը շարունակվում են, Նիկոլ Փաշինյան, ՀՀ վարչապետ»։
Երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր. «Սերժ Սարգսյանը պաշտոնանկությունից հետո կարար, և իրա թիմը կարար իրա կենցաղային հարցերով անընդհատ կառավարությանը նամակը նամակի հետևից գրեր, բայց չէր կարող գրեր՝ «կառավարությո՛ւն, վերահաս արհավիրքի առաջ եք…»:
Երեք նախագահներն էլ փորձել են թույլատրելիության սահմաններում բացել բովանդակությունը։ Ո՞րն էր գաղտնիք, ի՞նչը չի ներկայացվել հասարակությանը՝ նախկին իշխանությունների կողմից բանակցված Քի-Վե՞սթը, Մադրիդյան սկզբունքնե՞րը, Կազա՞նը, թե՞ ապրիլյան պատերազմից հետո Վիեննայիու Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները, որոնք փառահեղ «ջրվեցին» հայտնի վերելակում Նիկոլ Փաշինյանի կողմից։
Այսօր դիզվառելիքի գործով դատական նիստից հետո ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն արձագանքելով լրագրողի դիտարկմանը, որ այսօր հասարակության մի հատվածը մեղադրում է իրեն՝ ասելով, որ Արցախի 7 շրջանները պիտի հանձնվեր, հետևաբար՝ ավելի լավ կլիներ՝ հանձներ, քան իշխանությունը տար Նիկոլ Փաշինյանին, նկատեց՝ կամ լրագրողի ձևակերպումն է սխալ, կամ չափազանցվում է։