Ով-ով, դու հաղթանակը չգնահատելուց չխոսե՛ս

2020թ. 44-օրյա պատերազմի 4-րդ տարելիցի օրը՝ սեպտեմբերի 27-ին, Նիկոլ Փաշինյանի «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն Աջափնյակ վարչական շրջանում մասնակցել է մատուռի բացման, օծման արարողությանը և հայտարարել.

«Մենք գրեթե 700 տարի հետո Սպարապետի գլխավորությամբ կարողացանք համախմբվել և տանել հաղթանակ: Բայց էլի մեր խելքից, մեր նենգությունից, մեր նախանձից, մեր ներքին դավաճանությունից չկարողացանք մենք այն պահել, պաշտպանել: Հաղթողը միշտ ժպտում է: Մեր ժողովուրդը հաղթանակի բերկրանքը չհասկացավ, չպատկերացրեց, չթողին հասկանալ: Տեղի ունեցավ հոկտեմբերի 27-ը, և այսօր ունենք այն, ինչ ունենք»:

Նույն ՔՊ-ական Սասուն Միքայելյանը, ով 2018թ. հեղափոխություն կոչվածի մասին խոսելով՝ ասել էր, թե Փաշինյանի հետ 2018-ին արած իրենց հեղափոխությունն ավելի կարևոր է, քան արցախյան ազատամարտը.

«Մեր նորագույն պատմության մեջ մենք կարողացանք հասնել այն գագաթնակետին, որը անհնարին էր, որը ձևավորվել էր նախորդ իշխանությունների օրոք, որ հնարավոր չի հաղթել։ Մենք հաղթել ենք Արցախյան պատերազմում: Ես չեմ վարանում, չեմ վախենում ասել՝ այս հաղթանակը, որ մեր հանրապետությունում կրեցիք դուք՝ հայ ժողովուրդը, ավելի կարևոր էր, քան թե արցախյան ազատամարտը։ Որովհետև այն հաղթանակը կատարվեց մեր ազգի քաջորդիների շնորհիվ, և այդ հաղթանակի արդյունքը պետք է տեսներ մեր հայ ժողովուրդը, որը նախորդ իշխանությունները չթույլատրեցին», – հայտարարել էր նա՝ դրանով իսկ ուրանալով Վազգեն Սարգսյանին, նրա ներդրումն ու գաղափարները:

Կարդացեք նաև

Նույն Սասուն Միքայելյանը, ով ժամանակին Սերժ Սարգսյանին համարում էր մարտական ընկեր, այսօր ոչ միայն իրեն իրավունք է վերապահում խոսել դավաճանությունից ու նենգությունից, այլ առաջ է տանում Նիկոլ Փաշինյանի թեզերը, ում գերագույն հրամանատարությամբ պարտվել ենք 44-օրյա պատերազմում՝ տալով մի քանի հազար զոհ, ում պաշտոնավարման օրոք կորցրել ենք Արցախը և ունենք օկուպացված կիլոմետրեր ՀՀ ինքնիշխան տարածքից:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ 1999թ. հոկտեմբերի 27-ից հետո կորցրել ենք մեր պետականությունը և 44-օրյա պատերազմի արդյունքում այն գտնելու հնարավորություն ենք ստացել: Նույնը Սասուն Միքայելյանն է ասում, ըստ էության: Ավելին, անցած տարի բանակի օրը ԵԿՄ վարչության նախագահը Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ շատ ուղիղ հայտարարել էր, թե «30 տարի բանակ չենք ունեցել», հետո երևի թե Վազգեն Սարգսյանի ստվերից վախենալով՝ շտկել էր՝ «Սպարապետից հետո բանակ չենք ունեցել»:

Այդ ժամանակ 168.amթարմացրել էր վերջապես «Երկրապահի» նախագահի աթոռին հասած Սասուն Միքայելյանի հիշողությունը մի քանի փաստերով:

Ի դեպ, Փաշինյանը, որին, ըստ էության, ծառայում է Սասուն Միքայելյանը, գրեթե նույն ժամանակահատվածում հայտարարել էր՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո բանակում բարեփոխումներ չեն արվել: Գուցե Սասուն Միքայելյանը սա՞ է նկատի ունեցել, թեպետ դա էլ իրականությանը առհասարակ չի համապատասխանում, քանի որ բարեփոխումներ եղել են 1999-ից հետո:

Եվ այս բանակ լինել-չլինելու պնդումների համատեքստում մենք կրկին թարմացրել էինք Սասուն Միքայելյանի հիշողությունը:

2015-ին բանակի օրվա առթիվ «Ազատության» հետ զրույցում Ս. Միքայելյանն ասել էր.

«Մեծ հարձակումներ են եղել ամբողջ ֆրոնտով, ամբողջ մարտական գծի ուղղությամբ, մեր բանակը կարողացավ դիմակայել և ոչ մի թիզ հող չզիջեց: Հենց դա բանակի մարտունակությունն ու առավելությունն է, որով ես հպարտանում եմ»:

2017-ին էլ Սասուն Միքայելյանը, չնայած քաղաքական տարաձայնություններին, հպարտորեն հայտարարում էր.

«Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն ա, իմ մարտական ընկերս էլ կմնա, էդ աքսիոմա ա, հասկանո՞ւմ եք: Դա ուրիշ ճանապարհ ա, որ անցել ենք»:

Ի՞նչ պատահեց, որ Սասուն Միքայելյանը հանկարծ ուրացավ մարտական ընկերությունը, ուրացավ այն ամենը, ինչ Սերժ Սարգսյանն արել էր իր համար, և դադարեց տեսնել բանակի առավելությունը՝ թեկուզև թերություններով հանդերձ: Գուցե մի օր ինքն իրեն պատասխանի:

Իսկ մինչ այդ հիշեցնենք Սասուն Միքայելյանի, այսպես ասած, մասնակցությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմին: Խոսենք փաստերով: 

Նախ մի առիթով Սասուն Միքայելյանն ասել է, որ 44-օրյա պատերազմի ժամանակ ինքը եղել է Ջրականի՝ Ջաբրայիլի ուղղությամբ, ԵԿՄ-ից 2020 թ. պատերազմին մասնակցել է 4000 մարդ, տվել են 74 զոհ, 113 վիրավոր:

ԵԿՄ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սասուն Միքայելյանն առաջնագիծ է ուղևորվել 2020-ի հոկտեմբերի 3-ին: Մինչ այդ նա ակտիվ հարցազրույցներ էր տալիս և նշում, որ Ադրբեջանի նպատակն է եղել կտրել Ղարաբաղը Հայաստանից:

«Նույն ձեռագիրն է, ուղղությունները նույնն են, ուզում են կտրեն Ղարաբաղը, Քելբաջարի ուղղությամբ, Լաչինի կողմը, Ջաբրայիլով, Հադրութով: Դե, իրենք հիմնականում երեք ուղղությամբ են հարձակվել»,- լրագրողներին ասել էր Սասուն Միքայելյանը:

Ի դեպ, նա նշել էր, որ պատերազմի մասին տեղեկությունը ստացել է 2020թ. սեպտեմբերի 27-ին, առավոտյան մոտ 7:50-ի սահմաններում: Մինչդեռ պատերազմը, ըստ պաշտոնական հրապարակային տեղեկությունների, սկսվել է առնվազն 07:10-15-ի սահմաններում:

«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 07:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո՛, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր»,- հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:

Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ժողովրդին պատերազմի մասին տեղեկացրել էր ժամը 08:10-ի սահմաններում, Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ հրավիրելու մասին հայտնել է ժամը 12:00-ի սահմաններում:

Շարունակելով սկզբնական միտքը, նշենք, որ, ըստ մասնագետների, պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4- 6-ն էր: Այս ընթացքում մշակվել և փորձ էր արվել կիրառել Փաշինյանի հաստատած հակահարվածի հայտնի օպերացիան: Ինչևէ:

Իսկ որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ էին շրջանառվելոր Սասուն Միքայելյանը հերթական անգամ երկրապահների հետ Արցախ է մեկնել հոկտեմբերի 10-ին:

Հոկտեմբերի 14-ին, սակայն, ԵԿՄ-ն տեսանյութ էր հրապարակել, որտեղ Սասուն Միքայելյանը Երևանում էր: Ավելի ուշ armlur.am-ը գրել էր՝ «վերջին անգամ նա Երևանում էր հոկտեմբերի 14-ին և հաջորդ խմբի հետ մեկնեց Արցախ»:

Այդ ժամանակ մենք արդեն տարածքային լուրջ կորուստներ ունեինք, և թեժ մարտեր էին ընթանում:

Իսկ արդեն 2020 թվականի հոկտեմբերի 19-ին պարզվեց, որ Սասուն Միքայելյանը վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են:

Ի դեպ, նրա վիրավորվելու հետ կապված տարբեր տեղեկություններ էին շրջանառվում:

Իսկ 2023թ. փետրվարին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ԵԿՄ վարչության նախագահն անդրադարձել էր իր վիրավորվելու շուրջ տարբեր խոսակցություններին և նշել՝ «բա ո՞նց եմ վիրավորվել, որ պատերազմի դաշտում չեմ եղել, էդքան ասկոլկա որտեղի՞ց են հանել»:

Սասուն Միքայելյանը, սակայն, այդ նույն հարցազրույցի ժամանակ չէր ասել՝ որտե՞ղ կամ ո՞ր ուղղությամբ մարտերում է վիրավորվել:

Հավելենք, որ այդ օրերին ծանր մարտեր էին ընթանում հարավում, մարտեր էին Իշխանաձորի, Այգեհովիտի ուղղությամբ և այլն:

Այդ օրերին մենք լուրջ հրամանատարներ ենք կորցրել, իսկ հոկտեմբերի 20-ին հարավային ուղղությամբ պատասխանատուներին հերոսական կռվի համար Նիկոլ Փաշինյանն Ազգային հերոսի կոչման էր ներկայացրել:

Խոսքը, մասնավորապես, այդ ժամանակ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանի մասին է: Սրանից մի քանի օր հետո Փաշինյանը հիվանդանոցում ընդամենը տեսակցել էր վիրավոր Սասուն Միքայելյանին:

Ի դեպ, Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի՝ 2018-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել էր.

«Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը, և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել»:

Այսինքն, Սասուն Միքայելյանին բավականին բան կա հիշելու և պատասխանելու:

Իսկ Աջափնյակում իր ելույթի ժամանակ Սասուն Միքայելյանը շեշտել է, որ այսօր իրենց ևս դիրքերի պաշտպանություն է վստահված, մասնավորապես՝ Սյունիքի կարևորագույն ուղղության վրա:

«Մենք՝ երկրապահներս, 44-օրյա պատերազմից հետո մարտական հերթապահություն ենք իրականացնում 6-7 ուղղությամբ: Մեր հիմնական գերխնդիրը Սյունիքն է, որ 2020 թվականից հետո Երկրապահը մեծ թվաքանակով պահում է Հանդ գյուղը, որը ամենադժվար, դաժան տեղն է: Մեծ դժվարին ժամանակներ ունենք ապրելու, եկեք դառնանք մի ընտանիք»,- շարունակել է նա:

Նշենք, որ Փաշինյանի կառավարությունը որոշել էր 2024թ. ողջ ծավալով ապահովել Երկրապահի գործունեությունը, ինչը ենթադրում է 234 միլիոն 638 հազար դրամի դրամաշնորհի պայմանագիր:

Երկրապահները, այո, մարդկային ռեսուրսի հետ կապված խնդիրների պայմաններում օգնության ձեռք են, բայց ասել, որ խնդիրներ չեն ստեղծում բանակի համար, դա էլ չենք կարող բացառել, ինչը կարելի է տեսնել նրանց իսկ հրապարակած տեսանյութերից, որտեղ անվտանգային առումով բազմաթիվ անթույլատրելի բաներ կան:

Ի դեպ, չմոռանանք այս տարի փետրվարին արձանագրված Ներքին Հանդի դեպքը:

Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր նույն օրը ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է:

Այս առնչությամբ ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր.

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր: Նրանք երկրապահներից էին: Մինչ այժմ հայտնի չէ հետաքննության արդյունքները: Գուցե Սասուն Միքայելյանը իմանա՞՝ իրադրությանը համահո՞ւնչ է կրակ բացվել, թե՞ ոչ, ինչպես ակնարկել էր Փաշինյանի իշխանությունը:

Երկու դեպքում էլ Սասուն Միքայելյանը մտածելու բան ունի. առաջին, որ անկանոն կրակոցները կարող են հենց երկրապահների կյանքեր խլել, և այստեղ կարգապահության հետ կապված խնդիր կա, երկրորդ, եթե կրակոցը եղել է իրադրությանը համահունչ, ապա նշանակում է՝ Ադրբեջանի դեմ կռվում Փաշինյանը ԵԿՄ-ին չի պաշտպանելու, և մի օր Ադրբեջանի պահանջով հեռացնելու է դիրքերից՝ պատճառաբանությամբ, որ վնասում են խաղաղության հաստատման գործընթացին:

Ի դեպ, այս տարի Ապրիլյան պատերազմի տարելիցի օրը Սասուն Միքայելյանն իր ուղերձում մոռացել էր նշել, թե որտեղ է եղել 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, այսինքն, խուսափել էր Արցախ բառից:

Տեսանյութեր

Լրահոս