Թարմացնելով Սասուն Միքայելյանի հիշողությունը
ԵԿՄ վարչության նախագահ Սասուն Միքայելյանն այսօր Եռաբլուրում՝ Բանակի օրը, հերթական անգամ հայտարարել է՝ 30 տարի բանակ չենք ունեցել, հետո երևի թե Վազգեն Սարգսյանի ստվերից վախենալով՝ շտկել է՝ «Սպարապետից հետո բանակ չենք ունեցել»:
Նախ հարց՝ «Վազգեն Սարգսյանից հետո…» ասելով՝ Սասուն Միքայելյանը ի՞նչ նկատի ունի՝ Վազգեն Սարգսյանի՝ Պաշտպանության նախարար չլինելո՞ւց, թե՞ Հոկտեմբերի 27-ից հետո:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը, որին, ըստ էության, ծառայում է Սասուն Միքայելյանը, հունվարի 10-ին հրավիրված ասուլիսի ընթացքում ասել էր, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ից հետո բանակում բարեփոխումներ չեն արվել: Միգուցե Սասուն Միքայելյանը նո՞ւյնն է նկատի ունեցել:
Վերոնշյալ երկու տարբերակից որն էլ Սասուն Միքայելյանը նկատի ունեցած լինի՝ նրա արածը բանակի նկատմամբ, մեղմ ասած՝ սրբապղծություն է: Սրբապղծություն է նախկինում եղած ինչ-ինչ թերացումները վերցնել և ասել՝ բանակ չենք ունեցել, սրբապղծություն է Վազգեն Սարգսյանի ստեղծած բանակը քանդողին արդարացնելը, թե 3 տարում չէր կարող Փաշինյանը վերացնել նախկինների թերությունները:
Սասուն Միքայելյանին հիշեցնենք, որ ոչ թե 3, այլ արդեն մոտ 5 տարի է իշխանության Նիկոլ Փաշինյանը, և հետո նախկինների թերություններով լի բանակը կարողացել է ապահովել Արցախի և ՀՀ-ի անվտանգությունը, Նիկոլ Փաշինյանը եկավ, և Հայաստանն անգամ իր անվտանգության երաշխավորը չի կարողանում լինել: Նախկինների ժամանակ թուրքը Ջերմուկի գլխին չէր, զինվորներն էլ գյուղի տներում չէին «ծառայում»:
Այս ամենը չնկատելը, Նիկոլ Փաշինյանի հակաբանակային վտանգավոր քաղաքականության հանդեպ անտարբերություն դրսևորելը, ինչպես Վազգեն Սարգսյանը կասեր՝ դավաճանությունից ավելի վատ է:
Ի դեպ, այս բանակ լինել-չլինելու պնդումների համատեքստում թարմացնենք Սասուն Միքայելյանի հիշողությունը. 2015-ին բանակի օրվա առթիվ «Ազատության» հետ զրույցում Սասուն Միքայելյանը ասել էր.
«Մեծ հարձակումներ են եղել ամբողջ ֆրոնտով, ամբողջ մարտական գծի ուղղությամբ, մեր բանակը կարողացավ դիմակայել և ոչ մի թիզ հող չզիջեց: Հենց դա բանակի մարտունակությունն ու առավելությունն է, որով ես հպարտանում եմ»:
2017-ին էլ Սասուն Միքայելյանը, չնայած քաղաքական տարաձայնություններին, հպարտորեն հայտարարում էր.
«Սերժ Սարգսյանն իմ մարտական ընկերն ա, իմ մարտական ընկերս էլ կմնա, էդ աքսիոմա ա, հասկանո՞ւմ եք: Դա ուրիշ ճանապարհ ա, որ անցել ենք»:
Ի՞նչ պատահեց, որ Սասուն Միքայելյանը հանկարծ ուրացավ մարտական ընկերությունը և դադարեց տեսնել բանակի առավելությունը՝ թեկուզև թերություններով հանդերձ:
Ի դեպ, այսօր Եռաբլուրում, երբ լրագրողներից մեկը Սասուն Միքայելյանին հարցրել է՝ դուք սիրո՞ւմ եք հայրենիքը, ԵԿՄ-ն ակումբի եք վերածել, նա հունից դուրս է եկել.
«Եթե դուք մի քիչ հայրենիքը սիրում եք, նենց հարց տվեք, որ մարդ պատասխանի, սիրո՞ւմ եք հայրենիքը… բա ո՞վ է սիրում, քո քաշով մեկ երկաթ ունեմ վրաս…»:
ԵԿՄ վարչության նախագահի վերջին միտքը մի փաստ հիշեցրեց. Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանը 2018-ին լրագրողների հետ հանդիպմանը նշել էր.
«Արցախի իրենց խորհրդանիշը, այսպես ասած, Սասուն Միքայելյանի մարմնի մեջ եղած մետաղի քաշն է: Մի ատրիբուտ էլ ունեն՝ որպես իրենց խորհրդանիշ, որի մասին այսօր չեմ խոսի: Հարց տվեք Սասուն Միքայելյանին:
Իմ հիշողությունը շատ լավն է, ես հիշաչար չեմ, բայց հիշողությունս շատ լավ է: Հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը, և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել, և ովքեր նրան համոզեցին, որ դա չանի: Հարցրեք, թե այդ հանգամանքներն ինչպես են եղել:
Թող բոլորն իրեն հարցնեն, ես չեմ պատասխանելու այդ հարցերին, թող այդ մանրամասները պատմի, կարող է ասում է՝ ես տեղեկություն չունեմ: Այստեղ երկրորդ հարցն էլ կա՝ ի՞նչ ստորաբաժանումներ էին, որոնք վերադարձրեցին այդ դիքրերը: Այդ դիրքերը զիջելը չափազանց մեծ վտանգ էր ստեղծել մեր համար, որովհետև բաց էր թշնամու ճանապարհը՝ մինչև Քարվաճառի խորքերը: Հունվարի 22-ից սկսվեց այդ դիրքերը վերադարձնելու մարտական գործողությունը, որն իրականացնում էր ԼՂ Ասկերանի գունդը, նրան կցված էին մի քանի այլ ստորաբաժանումներ: Այդ գնդի հրամանատարը Վիտալի Բալասանյանն էր, այդ գնդի գումարտակներից մեկի հրամանատարը՝ Արշավիր Ղարամյանը: Եվ շատ ու շատ հրաշալի հրամանատարներ կային»:
Սասուն Միքայելյանը, որն առնվազն չի քննադատում առանց կրակոցի Քարվաճառը թուրքին հանձնած Նիկոլ Փաշինյանին, գուցե այս հարցերի՞ն պատասխանի:
Ավելին, ամեն առիթով Վազգեն Սարգսյանի անունը տալով՝ իր ես-ը շեշտել փորձող և 2018-ին անձերի հաղթանակը Արցախյան առաջին պատերազմում տարած մեր հաղթանակից գերադասած Սասուն Միքայելյանը լավ կանի երբեմն վերընթերցի կամ վերունկնդրի Վազգեն Սարգսյանի խոսքերը, մասնավորապես, սա.
«Երբեք չի կարելի թույլ տալ, որ ամբոխը գա, էդ ամբոխը լինի 10.000, 20.000, թե 50.000, իշխանություն փոխի։ Որովհետև եթե ամբոխը 50.000-ով իշխանություն փոխեց, անկասկած կհայտնվի հաջորդ ամբոխը, որը 100.000 ա, հետո կհայտնվի հաջորդ ամբոխը, որ էլի 50 ա, հետո կհայտնվի հաջորդ ամբոխը, որ 150 ա։ Ու անընդհատ իրար փոխելով՝ երկրի հերը կանիծեն։ Ու երբեք երկիրը չի կայանա։ Ու երկիրը միշտ կմնա Լիբանանի վիճակում, երկիրը միշտ կմնա Աֆղանստանի վիճակում»:
Թե ինչի է Սասուն Միքայելյանը Նիկոլ Փաշինյանի հետ վերածել Հայաստանը՝ եզրակացությունը թողնում ենք իրեն… արդյոք կհամարձակվի՞ չհամաձայնել Սպարապետի հետ…
Հ.Գ. Ի դեպ, Եռաբլուրում Սասուն Միքայելյանը, անդրադառնալով Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհին, ինչի հետևանքով 15 զինծառայող է մահացել, մեղավոր և պատասխանատու է համարել 2-րդ բանակային կորպուսի հրամանատարությանը, կորպուսի արդեն նախկին հրամանատար Վահրամ Գրիգորյանին, ով ժամանակ էր գտնում մասնակցել ԵԿՄ-ի կազմակերպած միջոցառումներին: