Ներքին Հանդի պատմության կրկնությո՞ւն. Ադրբեջանը վիրավորի մասին է հայտնել

Ադրբեջանի պետական սահմանային ծառայությունը 17:00-ի սահմանում հայտնել է «հայկական կողմի բացած կրակոցից» վիրավորի մասին՝ ավագ լեյտենանտ Ռովշան Մամեդով:

Ըստ Բաքվի հաղորդման՝ ապրիլի 10-ին, ժամը 15:20-ի սահմաններում, Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերը Հայաստանի Ներքին Խնձորեսկ գյուղից երկու անձի կողմից «պետական սահմանի խախտում է արձանագրել», որոնք անասունների են տեղափոխելիս եղել, և հայկական կողմի մարտական դիրքից իբր «կրակ է բացվել ադրբեջանցի սահմանապահի ուղղությամբ, որը փորձել է կանխել պետական սահմանի խախտումը»:

Գրեթե անմիջապես իշխանական Bagramyan26-ը հաստատել է Ներքին Խնձորեսկի հատվածում փոխհրաձգության մասին լուրը, ավելի ուշ նույն տեղեկությունը հրապարակել է նաև «Հայկական ժամանակը»:

Կարդացեք նաև

Այս ուղղությունը ՀՀ սահմանապահ զորքերի պահպանությանն է հանձնված, ուստի ավելի ուշ ՀՀ ԱԱԾ-ն է հաղորդագրություն տարածել, որում նշվում է.

«Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետության քաղաքացի հանդիսացող հովիվը մոլորված հոտին փնտրելիս հայտնվել է Ադրբեջանի տարածքում: Իրադրության բերումով երկու կողմերի սահմանապահների կողմից հրաձգություն է տեղի ունեցել:

Միջադեպի հետևանքով ադրբեջանական կողմն ունի մեկ վիրավոր:

Հայաստանի Հանրապետության ԱԱԾ Սահմանապահ զորքերը պատրաստ են Ադրբեջանի Հանրապետության Սահմանապահ զորքերի հետ համատեղ քննության: Անկախ համատեղ քննությունից ՀՀ Սահմանապահ զորքերը իրականացնում են սեփական քննությունը և արդյունքների մասին կհաղորդվի լրացուցիչ:

Պարզաբանման ենթակա է նաև հարցը, թե ինչու և ինչպես են հովիվը և հոտը հատել սահմանը:

Հայկական կողմի համար նման միջադեպերը ցանկալի չեն: Նշենք նաև, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է մոլորված հոտը: Հովիվը նույնպես գտնվում է ՀՀ տարածքում»:

Իսկ ադրբեջանական կողմը սպառնում է անպատասխան չթողնել՝ նշելով, որ դրա պատասխանատվությունը ՀՀ ռազմաքաղաքական իշխանությունների վրա է մնալու:

Հիշեցնենք, որ փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր նույն օրը ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է:

ՀՀ ՊՆ-ն այդ պահին չէր մեկնաբանել տարածված տեղեկությունը, որին ադրբեջանական կողմն ինչ-որ տեսանյութ էր կցել, իսկ հետո ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր.

«Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունը Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Կապան-Զանգելան հատվածում ս/թ փետրվարի 12-ին հայաստանցի դիրքապահների կողմից կրակ բացելու մասին հետաքննվում է: Վերադաս հրամանատարության կողմից գրավոր հրամաններով հստակ սահմանված են այն դեպքերը, երբ զինծառայողը, իրադրությունը գնահատելով, կարող է և/կամ պարտավոր է կրակ բացելու որոշում կայացնել: Նախնական տեղեկատվությամբ փետրվարի 12-ին տվյալ տեղամասում նման իրադրություն առկա չի եղել: Այս հանգամանքը հաստատվելու պարագայում հրամանը խախտելու դեպքի մեղավորները կենթարկվեն պատասխանատվության»:

Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ Ներքին Հանդի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի ԶՈՒ կրակի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ և 1 վիրավոր:

Այս ընթացքում չնայած 168.am-ի բանավոր և գրավոր հարցումներին ՀՀ ռազմական ոստիկանությանը և ՊՆ-ին՝ չհաջողվեց պարզել հետաքննության արդյունքները, միայն հայտնել են, որ հետաքննությունը դեռ չի ավարտվել:

Կարո՞ղ ենք ասել, որ ունենալու ենք Ներքին Հանդի միջադեպի կրկնություն:

Ադրբեջանը շարունակում է հետագա սադրանքների համար «լեգիտիմ» հիմքեր ստեղծել, իսկ ՀՀ իշխանություններն էլ չեն հրաժարվում մանիպուլյացիայից՝ եթե ունենանք սահման, ոչ թե դիրք, եթե զինվորի փոխարեն՝ սահմանապահ կանգնի, հրադադարի խախտումները հնարավոր կլինի բացառել կամ նվազեցնել: Իսկ թե ինչ արդյունք կարձանագրի ԱԱԾ հետաքննությունը, կամ ում ուղղությամբ մեղադրական սլաքը կուղղվի, ցույց կտա ժամանակը, թեպետ որոշակի ենթադրություններ կարող ենք անել արդեն հիմա:

Տեսանյութեր

Լրահոս