Սասուն Միքայելյանը մոռացե՞լ է՝ որտեղ է եղել 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, կամ՝ ԵԿՄ-ի «տակտիկական նահանջը»

Երեկ սոցիալական ցանցում Ապրիլյան պատերազմի և այդ ճակատամարտում հայկական կողմի հաղթանակի մասին գրառումներ էին արվում: 8 տարի առաջ՝ 2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը, արցախաադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով Ադրբեջանը սկսեց լայնամասշտաբ ռազմական գործողություններ, որն ընդունված է ասել «քառօրյա պատերազմ»:

ՀՀ իշխանությունները, սակայն, 2016 թվականի Ադրբեջանի սանձազերծած ապրիլյան ռազմական գործողությունները և այդ ժամանակ Արցախի և ՀՀ-ի տարած հաղթանակը մոռացության մատնեց, պաշտոնական ոչ մի հիշեցում, հարգանքի տուրք:

Իսկ ԵԿՄ-ն էլ 4 տողանոց «անշառ» խոնարհման կամ հերթապահ գրառում էր տարածել՝ խուսափելով նշել 2016 թվականի ապրիլյան գործողությունների վայրը՝ Արցախ:

«8 տարի առաջ այս օրերին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ:

Կարդացեք նաև

Հավերժ հիշատակ անմահացած նահատակներին,

Խոնարհում Ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված հերոսների շիրիմներին»:

168.am-ն ուսումնասիրել է ԵԿՄ-ի՝ ի դեմս վարչության նախագահ Սասուն Միքայելյանի, 2016 թվականի Ապրիլյան պատերազմին առնչվող վերջին տարիների ուղերձները՝ 2020-2023 թվականների, և հայտնաբերել, որ դրանցում նախկինում օգտագործվել է Արցախ բառը:

2020 թվական, ապրիլ 2, Երկրապահ կամավորականների միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանի ուղերձ

«Սիրելի հայրենակիցներ, 2016թ. ապրիլի 1-ից լույս 2-ը Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով: Թուրք ազերին փորձեց կրկին ուժի միջոցով տիրանալ անկախ Արցախ աշխարհին: Սակայն հայ ազգը, ինչպես 31 տարի առաջ, այդպես էլ այդ օրերին մեկ բռունցք դարձավ և  արժանի պատասխան տվեց մոլեգնած թշնամուն:

Մեր երիտասարդ, բայց կայուն բանակը, մեր զինվորներն ու սպաները կյանքի գնով պահեցին իրենց վստահված տարածքները: Ցավոք, հայկական կողմը կորուստներ տվեց, ընդունքեք մեր խորին ցավակցությունները, շնորհակալական ու երախտիքի խոսքերը, հերոսներ ծնող հերոս նահատակների մայրեր, հերոս դաստիարակող հայրեր, հերոս զինվորների հարազատներ, ընկերներ: Մեր խոնարհումը ձեր շիրիմներին ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված քաջ հերոսներ:

Փառք Ձեզ հերոս ծնողներ, Փառք Ձեզ զոհված քաջեր, Քառօրյա պատերազմի գործողություններին մասնակցած քաջ հերոսներ շնորհակալ ենք Ձեր նվիրումի համար, շնորհակալ ենք Ձեր հայրենասիրության համար, շնորհակալ ենք, որ շարունակում եք Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամն ու նրա արժանի հետևորդներն եք: Թե Սպարապետն այսօր մեր կողքին լիներ վստահ եմ հպարտանալու էր իր միակ ժառանգով՝ բանակով, երկիրը պահող քաջ հերոսներով: Պատերազմներում կորուստներն անխուսափելի են, բայց այդ օրերին դուք բոլորդ փառքով հաղթեցիք մահին: Փառք մեր բանակին, Փառք Արցախյան ազատամարտի ազատամարտիկներին, երկրապահներին:

Հայրենակիցներ, երկրապահ կամավորականները ամուր կանգնած են զինվորի կողքին, զինվորի թիկունքին: Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ երկրապահը լինելու է բանակի համար մեկ օգնականը, սահմանապահին ուժ ու կորով տվողը, սահմանապահին աջակցողը: ՀՀ ԵԿՄ վարչությունը միշտ եղել է ու մնալու է իր խոստմանը հավատարիմ, Վազգենի խոսքերին հավատարիմ. «Վերջին 10 տարում մեր ստեղծած ամենալուրջ բանը բանակն է: Միակը չէ, բայց ողնաշարն է: Ինչ-որ թերություններ կունենանք, անցողիկ բաներ են, կարևորը՝ զսպանակը կայացած է»:

Վազգենը ճիշտ էր այս երկրի մայրաքաղաքը սկսվում է խրամատից: Հազարամյակներ շարունակ արյան գնով պահած այս երկիրը պետք է ունենա տարածաշրջանի ամենամարտունակ բանակը: Իսկ բանակի թիկունքին պետք է կանգնած լինի միասնական ժողովուրդը: Եվ այո, մենք բազմիցս ապացուցել ենք, որ միասնական ենք, և պետք է շարունակենք միասնական լինել, մի բռունցք դառնալ ամեն օր ու պայքարել ոչ միայն կռվի դաշտում, այլ բոլոր բնագավառներում ձգտել հասնել հաջողության հանուն մեր վաղվա պայծառ օրվա: Փառք ու պատիվ Ձեզ Արցախ ու Հայաստան»։

2021, ապրիլ 2, ԵԿՄ ուղերձ 

«Սիրելի´ հայրենակիցներ

Պատմությունը ցույց է տալիս, որ հայրենի հողում ապրելու, մեր ստեղծածն ու արարածը ամուր պահելու համար մեր ամեն սերունդ դատապարտված է գտնվել անընդհատ պայքարի մեջ:

Այդ պայքարի ուղին շատ ծանր ու դաժան է, եւ մենք միշտ ապացուցել ենք, որ հերոսաբար պաշտպանում ենք մեր հայրենիքն ու բազում հայորդիների կյանքի գնով ձեռք բերված անկախությունը:

2016 թվականի ապրիլյան այս օրերին Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղաադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկարությամբ: Առավել թեժ մարտեր ընթացել են արցախա-ադրբեջանական շփման գծի հարավային և հյուսիսարևելյան ուղղություններում։ Պատերազմում անդառնալի կորուստներից խուսափելն անհնար է:

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ: Փա´ռք ու պատիվ նահատակված քաջերին:

Ադրբեջանի ագրեսիան հայ ժողովրդի նկատմամբ չի դադարել և ոչ մի օր: Այդ երկրի ղեկավարությունը բացահայտ ցույց է տվել և այսօր էլ ցույց է տալիս իր զավթողական քաղաքականությունը:

2020թ. աշնանը իր բարեկամ երկրների միջազգային ահաբեկիչների օգնությամբ, նաև  միջազգային կոնվեցիաներով արգելված զինատեսակներ օգտագործելով կրկին փորձեց հայաթափման ծրագիր իրականացնել:

Սակայն մեր թշնամիները դարերի ընթացքում պետք է հասկացած լինեին, որ մենք հայրենատեր, պայքարող ազգ ենք, մենք երբեք չենք ծնկի՝ մենք հավերժ ենք մեր լեռների պես:

Մեր պատմության ընթացքում միշտ էլ վայրէջքներ ունեցել ենք, բայց դրանց հաջորդել են վերելքները՝ մեր հավաքական կամքի, մեր միասնության շնորհիվ:

Փա´ռք մեր բանակին, զինվորներին, կամավորներին,
Փա´ռք հերոսածին մայրերին, մեր խոնարհումը որդեկորույս ընտանիքներին,
Փա´ռք Հայաստանի Հանրապետությանը, Արցախ աշխարհին,

Փա´ռք հայ ժողովրդին:

Սիրելի´ հայրենակիցներ

Երկրապահները հավատարիմ առաքելությանը ծառայել, ծառայում և ծառայելու են հանուն մեր Անկախ պետության, մեր ամուր պետականության պահպանման:
Ինչպես ասում էր Սպարապետ Վազգեն Սարգսյանը. «Եթե մենք միասնական ենք, պիտի զգուշանանք…մեր ցանկություններից, քանզի նրանք իրականանում են…»: Եվ այո´, մենք պետք է միասնական լինենք, որպեսզի կարողանանք դիմակայել բոլոր մարտահրավերներին, որպեսզի պատմությունն այլևս չկրկնվի և մենք վերջապես ապրենք խաղաղ ու ապահով»:

2022, ապրիլ 2, ԵԿՄ ուղերձ

«2016թ. ապրիլի 1-ից լույս 2-ը Ադրբեջանը լայնածավալ գործողություններ ձեռնարկեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանի գրեթե ողջ երկայնքով: Թուրք ազերին փորձեց կրկին ուժի միջոցով տիրանալ անկախ Արցախ աշխարհին:

Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվեցին տասնյակ զինծառայողներ, կամավորներ, խաղաղ բնակիչներ:

Հավերժ հիշատակ անմահացած նահատակներին,

Խոնարհում Ապրիլյան քառօրյա պատերազմի մարտիրոսված հերոսների շիրիմներին:

Դարեր շարունակ անընդհատ պայքարի մեջ գտնվելով, բազում փորձությունների միջով անցնելով էլ` մենք միշտ ապացուցել ենք, որ հերոսաբար պաշտպանում ենք մեր հայրենիքն ու քաջ հայորդիների կյանքի գնով ձեռք բերված անկախությունը:

Մարտահրավերներ այսօր էլ կան մեր առջև, բայց մենք մեր միասնությամբ, համախմբվածությամբ, ամենօրյա աշխատանքով պետք է հասնենք մեր նպատակներին:

Սիրելի՛ հայրենակիցներ

ՀՀ Երկրապահ կամավորականների միությունը, Սպարապետ Վազգեն Սարգսյանի պատգամին հավատարիմ, միշտ կատարելու է իր առաքելությունը:

Երեկ էլ, այսօր էլ, վաղն էլ երկրապահը լինելու է բանակի համար մեկ օգնականը` սահմանապահին ուժ ու կորով տվողը, սահմանապահին աջակցողը:

Հանուն մեր Հայրենիքի և մեր ժողովրդի բարօրության մենք պետք է և պարտավոր ենք հավատով ու միասնական լինել:

Մենք` Երկրապահներս, մեր հավատը չենք կորցնում` հավատում ենք, որ նորանոր հաջողություններն ու նվաճումները առջևում են:

Փա´ռք մեր բանակին, երկրապահին,կամավորականներին,

Փա´ռք ու պատիվ Հայաստան, Արցախ, Սփյուռք եռամիասնությանը»:

2023 թվականին Ապրիլյան պատերազմի 7-րդ տարելիցի առիթով տարածված ԵԿՄ ուղերձում ևս հիշատակված էր Արցախ բառը և նկարագրված, թե ինչ է տեղի ունեցել, Ադրբեջանի նպատակները:

Եվ երբ 2016 թվականի Ապրիլյան պատերազմին առնչվող ԵԿՄ ուղերձների բովանդակությունը համեմատում ենք երեկ տարածված հաղորդագրության հետ, տեսնում ենք, որ ԵԿՄ-ն և նրա վարչության նախագահ Սասուն Միքայելյանը, մեղմ ասած, խուսափել է ոչ միայն Արցախի անունը տալուց, այլև Ադրբեջանի գործողությունների և նպատակների նկարագրությունից և հիշեցումից: Այսինքն, կատարվում է Նիկոլ Փաշինյանի քաղաքական հրահանգը, որն էլ իր հերթին՝ կատարում է թուրք-ադրբեջանական պահանջը:

Լավ է, որ դեռ ԵԿՄ պաշտոնական կայքից ՀՀ պաշտպանության նախարարության և մյուս պետական գերատեսչությունների օրինակով հեռացված չեն Արցախյան առաջին պատերազմի ընթացքում ազատագրական օպերացիաների մասին պատմող նյութերը:

Կարո՞ղ ենք ենթադրել, որ մի օր սրան էլ կհասնեն ԵԿՄ-ում, որ Ապրիլյան պատերազմի տարելիցի առիթով «վախվորած» ուղերձն առաջին քայլն է այս ճանապարհին: Եթե մի օր նման բան արձանագրվեց, ապա տրամաբանական հարց է ծագելու՝ Սասուն Միքայելյանը պատրա՞ստ է իր կենսագրությունից հեռացնել Արցախյան ազատամարտին վերաբերող դրվագները:

Իսկ հիմա մեկ այլ հարց՝ եթե ըստ 2024 թվականի ուղերձի, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը չգիտի, թե որտեղ է եղել 2016 թվականի Ապրիլյան պատերազմը, գուցե մի օր, երբ ավարտվի սահմանազատման և սահմանագծման գործընթացը կամ սպառվի Նիկոլ Փաշինյանի ամեն ինչ զիջելու քաղաքական «խաղաղասիրական» օրակարգը, ԵԿՄ-ն մոռանա՞  ՀՀ ինքնիշխան այն տարածքները, դրանց անունները, որտեղ այսօր մարտական հերթապահություն է իրականացնում:

Ի դեպ, Վազգեն Սարգսյանին առիթից առիթ հիշող ԵԿՄ վարչության նախագահին, ով 2018 թվականի «թավշյա հեղափոխությունը» գերադասել էր Արցախյան առաջին պատերազմի հաղթանակից, հարկ է հիշեցնել Վազգեն Սարգսյանի հարցազրույցներից մեկից մի հատված, որտեղ, նա մասնավորապես, նշել էր.

«Մենք Ղարաբաղյան պատերազմը պետք է շատ հարգենք, ընդհանրապես Ղարաբաղյան ազատամարտը, Ղարաբաղի ժողովրդին մենք պետք է շատ հարգենք: Այս ազատամարտը մեզ ստիպեց, որ ինքներս մեզ հարգենք, սա մեր պատերազմն է, սիրենք, թե չսիրենք։ Պատերազմ ոչ ոք չի սիրում, բայց պարտավոր ենք հարգել այս պատերազմը, առանց դրա՝ մենք հեռանկար չենք ունենա»: 

Մարիամ Պետրոսյան

Տեսանյութեր

Լրահոս