Կարևոր հարցեր՝ Սասուն Միքայելյանին
Հունվարի 28-ին 168.am-ն անդրադարձել էր Եռաբլուրում լրագրողների հետ զրույցի ժամանակ Սասուն Միքայելյանի՝ հերթական հայտարարությանը, թե 30 տարի բանակ չենք ունեցել, հետո երևի թե Վազգեն Սարգսյանի ստվերից վախենալով՝ շտկել էր՝ «Սպարապետից հետո բանակ չենք ունեցել»:
Մենք մի քանի փաստերով փորձել էինք թարմացնել Սասուն Միքայելյանի հիշողությունը:
Երեկ՝ փետրվարի 17-ին, Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ԵԿՄ վարչության նախագահը կրկնել է իր միտքը, բայց այս անգամ էլ խմբագրել-սրբագրել է, թե՝ «բանակ չենք ունեցել» ասելով՝ նկատի է ունեցել էլիտային: Այսինքն, Սասուն Միքայելյանի համար բանակն առաջին հերթին ոչ թե զինվորն է, սպան, այլ, իր իսկ խոսքով՝ «թալանչի» էլիտան:
Սասուն Միքայելյանը Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում խոսել է նաև 44-օրյա պատերազմում իր մասնակցության մասին: Այս և այլ հարցերին այս անգամ կարձագանքենք փաստ-հարցադրումներով:
Եվ այսպես՝
Առաջին. Սասուն Միքայելյանն ասել է, որ 44-օրյայի ժամանակ ինքը եղել է Ջրականի՝ Ջաբրայիլի ուղղությամբ, ԵԿՄ-ից 2020 թվականի պատերազմին մասնակցել է 4000 մարդ, տվել են 74 զոհ, 113 վիրավոր:
ԵԿՄ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ Սասուն Միքայելյանը առաջնագիծ է ուղևորվել 2020-ի հոկտեմբերի 3-ին: Մինչ այդ նա ակտիվ հարցազրույցներ էր տալիս և նշում, որ Ադրբեջանի նպատակն է եղել կտրել Ղարաբաղը Հայաստանից:
«Նույն ձեռագիրն է, ուղղությունները նույնն են, ուզում են կտրեն Ղարաբաղը, Քելբաջարի ուղղությամբ, Լաչինի կողմը, Ջաբրայիլով, Հադրութով: Դե իրենք հիմնականում երեք ուղղությամբ են հարձակվել»,- լրագրողներին ասել էր Սասուն Միքայելյանը:
Ի դեպ, նա նշել էր, որ պատերազմի մասին տեղեկությունը ստացել է 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, առավոտյան մոտ 7:50-ի սահմաններում: Մինչդեռ պատերազմը, ըստ պաշտոնական հրապարակային տեղեկությունների, սկսվել է առնվազն 07:10-15-ի սահմաններում:
«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 7:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո՛, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր»,- հայտարարել էր Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը:
Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում ժողովրդին պատերազմի մասին տեղեկացրել է ժամը 08:10-ի սահմաններում, Անվտանգության խորհրդի (ԱԽ) նիստ հրավիրելու մասին հայտնել է ժամը 12:00-ի սահմաններում:
Շարունակելով սկզբնական միտքը, նշենք, որ, ըստ մասնագետների, պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր:
«Ինձ համար պատերազմի որոշիչ օրերը հոկտեմբերի 4-ից հոկտեմբերի 6-ն էր։ Միգուցե իմ կարծիքը սուբյեկտիվ է, սակայն ես կարծում եմ, որ այդ օրերին մշակված և ձախողված օպերացիաների արդյունքում մենք կորցրեցինք մարտունակ զորախումբ, որոնց որպես ռեզերվ պահպանելը հնարավորություն կտար ստեղծել պաշտպանական բնագիծ և թույլ չտալ Հադրութի և Շուշիի գրավումը։ Երկրորդ՝ եթե մեզ մոտ ճիշտ կառավարումն աշխատեր այն պահին, երբ ադրբեջանցիների առաջնագիծը բավականին կտրվել էր հիմնական ուժերից, և նրանց կոմունիկացիոն ամբողջ ուղիները դեռևս գտնվում էին մեր վերահսկողության տակ, մենք կարող էինք նրանց կոմունիկացիայի օղակը փակել, չէին կարողանա Շուշին գրավել, որը չարվեց»,- 168.am-ի հետ հարցազրույցում նշել էր պահեստազորի փոխգնդապետ, ռազմական վերլուծաբան Հրաչյա Պետրոսյանցը:
2020-ի հոկտեմբերի 7-ին ռուսական РБК-ին տված հարցազրույցում էլ Փաշինյանն էր նշել.
«Եթե հաշվի առնենք այն տեղեկատվությունը, որն ստացվում է այսօր վաղ առավոտից, կարող ենք ասել, որ ղարաբաղցի զորահրամանատարների մտահղացումն իրագործվել է․ նրանք հարավում մարտավարական քայլեր են ձեռնարկել՝ միջանցք են թողել և այնտեղ ծուղակի մեջ գցել Ադրբեջանի ռազմական կորպուսը։ Բառացիորեն այս վայրկյաններին այդ կորպուսն ստանում է ջախջախիչ հարվածներ։ Եվ ես կարծում եմ, որ սա կլինի ողջ գործողության առանցքային կետը։ Այս պահին, իմ տեղեկություններով, դրվում է ղարաբաղյան բանակի վերջնական հաղթանակի իրական հիմքը: Ես սա ասում եմ, որովհետև ղարաբաղցի, հայ զորահրամանատարները ծրագիր ունեին՝ հետ քաշվել Ջաբրայիլի ուղղությամբ և այնտեղ ներքաշել ադրբեջանական բանակի մեծ ուժեր։ Երեկ երեկոյան նրանք այնտեղ են մտել մեծ, շատ մեծ ուժերով, և այսօր առավոտից նրանց ջախջախիչ հարված է հասցվում, գործողությունը չափազանց հաջող է ընթանում»:
Մենք գիտենք, որ Ստեփանակերտում ընդունված հայտնի օպերացիայից հետո, ըստ մասնագետների, ջարդվեց Արցախի պաշտպանության բանակի ողնաշարը՝ գլխովին ջախջախվեցին Ջաբրայիլի զորամասի մնացորդները, Ֆիզուլու տանկային զորամասը, Խոջալուի տանկային զորամասը, Արալեռի (Դաշքեսան) զորամասի մնացորդները, ԿՊՇ (ЦОР) հետևակի և զինտեխնիկայի մեծ մասը, ինչի հետևանքով, բնականաբար, ունեցանք մարդկային լուրջ կորուստներ:
2022-ին 24TV-ին տված հարցազրույցում 44-օրյա պատերազմից հետո ԱԺ պաշտպանության հարցերի հանձնաժողովում ռազմական փորձագետ աշխատող գնդապետ Արծրուն Հովհաննիսյանը խոսել էր Ջրականի ուղղության մասին:
«9-րդ պաշտպանական շրջանը սեպտեմբերի 27-ին ենթարկվել է թշնամու շատ հզոր խմբավորման հարվածի. 20-22.000 զորք հարձակվել է միայն 9-րդ պաշտպանականի վրա, որը մոտավոր ունեցել է 1500 հոգի անձնակազմ: Ընդ որում, թշնամին հարձակվել է ոչ թե ամբողջ 9-րդ պաշտպանականի վրա, այլ աջաթևյան 2 գումարտակների՝ Արաքսի ափից հաշվեք 2 գումարտակ: 2 գումարտակը մոտավորապես անում է 500-700 մարդ: 500 մարդ դիմակայել է մոտ 22.000 մարդու: Սեպտեմբերի 27-ից մինչև հոկտեմբերի 4-ը ճակատը չի ճեղքվել: Ճակատում ընդամենը եղել է 1-1.5 կմ նահանջ: Հակառակորդն էս տեղամասում, էս բնագծում մինչև 80 խոցված տանկ է թողել: Դիրքեր ենք ունեցել, որոնք ենթարկվել են հարձակման՝ 20-25 դիրք, ամեն դիրքում եղել է 6-7 զինվոր, իսկ ամեն դիրքի վրա 10 տանկ է եկել: Այսինքն, զինվորի քանակից շատ տանկ է եկել: Բայց երկու անգամ գումարտակի հրամանատարները վիրավորված, տեղային հակագրոհ են արել, ինչ-որ դիրքեր հետ են բերել, բայց չեն կարողացել երկար պահել: Եվ միայն 8-րդ օրն են այս 2 գումարտակները հետ քաշվել, որովհետև չեն համալրվել: Ավելի ճիշտ, կանոնավոր զորք չի եղել, եկել է մոբիլիզացված զորքը, իսկ մոբիլիզացված պահեստազորայիները չեն կռվել զինվորի հետ նույն էֆեկտիվությամբ, ինչ զինվորը: Սկսենք նրանից, որ 9-րդ պաշտպանական շրջանը պահպանությունից պաշտպանության անցած չի եղել սեպտեմբերի 27-ի օրով: Սա մի մեծ հարց է, որը պիտի քննվի, սա առանձին քննարկման հարց է»,- ասել է Արծրուն Հովհաննիսյանը՝ հավելելով, որ 9-րդ ՊՇ-ի 300 զոհվածների մեջ 40-ը սպա է: Այսինքն, զոհված զորքի 10 տոկոսից ավելին սպաներ են:
Արծրուն Հովհաննիսյանը, ըստ էության, հաստատել էր իր նախկին ղեկավար՝ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պնդումը, որ իշխանություններն ուժ չեն կուտակել հարավային հատվածում հակառակորդի մխրճումը, ճեղքվածքը փակելու համար. հրամանատարը, զինվորը մեղավոր չէ:
Հարավային ուղղություն, Ջրական մեկնած Սասուն Միքայելյանը արդյոք տեղյա՞կ է եղել այս ամենից: Եվ անձամբ ի՞նչ է արել Ջրականում՝ նախքան անկումը և դրանից հետո:
Երկրորդ. որոշ լրատվամիջոցներում տեղեկություններ եղան, որ Սասուն Միքայելյանը հերթական անգամ երկրապահների հետ Արցախ է մեկնել հոկտեմբերի 10-ին:
Հոկտեմբերի 14-ին, սակայն, ԵԿՄ-ն տեսանյութ է հրապարակում, որտեղ Սասուն Միքայելյանը Երևանում էր:
Ավելի ուշ armlur.am-ը գրել էր, որ «վերջին անգամ նա Երևանում էր հոկտեմբերի 14-ին և հաջորդ խմբի հետ մեկնեց Արցախ»:
Այդ ժամանակ, ըստ էության, Ջրականը կորցրել էինք, ավելին՝ նաև Հադրութը, ըստ այդմ՝ ո՞ր ուղղությամբ է մեկնել Սասուն Միքայելյանը մարտական առաջադրանք կատարելու, պարզ չէ:
Ի դեպ, հերթական անգամ Սասուն Միքայելյանի՝ Արցախ մեկնելու մասին լուրից օրեր հետո՝ հոկտեմբերի 19-ին, պարզվեց, որ Սասուն Միքայելյանը վիրավորում է ստացել մեջքի և ոտքի շրջանում, բեկորային վնասվածքներ են:
Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում ԵԿՄ վարչության նախագահը, անդրադառնալով իր վիրավորվելու շուրջ տարբեր խոսակցություններին, նշել է.
«Սասուն Միքայելյանի հետ սնարյադից 8 հոգի մարդ է զոհվել, 23-ը վիրավորվել են»:
Սասուն Միքայելյանը, սակայն, հարցազրույցի ժամանակ չի ասում որտե՞ղ կամ ո՞ր ուղղությամբ մարտերում է վիրավորվել:
Հավելենք, որ այդ օրերին ծանր մարտեր էին ընթանում հարավում, մարտեր էին Իշխանաձորի, Այգեհովիտի ուղղությամբ և այլն:
Այդ օրերին մենք լուրջ հրամանատարներ ենք կորցրել, իսկ հոկտեմբերի 20-ին հարավային ուղղությամբ պատասխանատուներին հերոսական կռվի համար Նիկոլ Փաշինյանը Ազգային հերոսի կոչման ներկայացրեց:
Խոսքը, մասնավորապես, այդ ժամանակ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան Խաչատրյանի և 5-րդ բանակային կորպուսի հրամանատար գեներալ-մայոր Անդրանիկ Փիլոյանի մասին է: Սրանից մի քանի օր հետո Փաշինյանը հիվանդանոցում ընդամենը տեսակցել էր վիրավոր Սասուն Միքայելյանին:
Երրորդ. Սասուն Միքայելյանը 2016-ի Ապրիլյան մարտական գործողությունները համարում է ընդամենը դիվերսիա: Քանի որ նա ասում է, որ տիրապետում է ռազմական գործի նրբություններին, ապա կխնդրեինք հիմնավորել՝ ինչո՞վ էր Ապրիլյան քառօրյան դիվերսիա և ոչ պատերազմ, ի՞նչ չափանիշներ են հաշվի առնվում նման դեպքերում մասնագետների կողմից: Մենք այս անգամ կլռենք:
Չորրորդ. այս համատեքստում Սասուն Միքայելյանը գուցե պատասխանի՝ եթե 2016-ի Ապրիլյան քառօրյան համարում է դիվերսիա, ապա ի՞նչ էին 2022-ի սեպտեմբերյան մարտերը, որի ժամանակ մի քանի անգամ ավելի շատ զոհ և տարածքային կորուստներ ունեցանք, քան 2016-ին:
Հինգերորդ. Սասուն Միքայելյանը կարո՞ղ է պատասխանել՝ սեպտեմբերյան մարտերի օրերին ԵԿՄ կամավորական խմբերը որևէ հատվածում մարտական հերթապահության եղե՞լ են, և ո՞ր ուղղությամբ:
Վեցերորդ. Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում Սասուն Միքայելյանն ակնարկել է, որ Արմեն Աշոտյանը և Էդուարդ Շարմազանովը չեն ծառայել, ուստի բանակի մասին խոսելու իրավունք չունեն, չեն հասկանում:
Հարց՝ Նիկոլ Փաշինյանը չի ծառայել բանակում, իրավունք ունի՞ գերագույն հրամանատար լինելու և ռազմական կրթություն ստացած գեներալներին հրահանգներ տալու կամ գնահատելու բանակի գործողությունները պատերազմի օրերին, դրա ընթացքում և դրանից հետո:
Յոթերորդ. Սասուն Միքայելյանը մշտապես պնդում է, որ բանակը նախկինները թալանել են, եղել է կոռուպցիա: Իր՝ Հրազդան համայնքի ղեկավար որդին՝ Սևակ Միքայելյանը, զինվորական ծառայությունից ազատվել է կարճատեսության պատճառով: Այստեղ ամեն ինչ օրենքի սահմաններո՞ւմ է եղել, առանց կոռուպցիոն դրսևորումների՞, նախկինները ոչինչ չե՞ն պահանջել:
Սասուն Միքայելյանին ուղղված հարցերի այս շարքը կարելի է շարունակել, բայց սահմանափակվենք այսքանով: Թեպետ լավ կլիներ, որ Սասուն Միքայելյանը վերջապես պատասխաներ դեռ տարիներ առաջ Ազգային անվտանգության ծառայության (ԱԱԾ) նախկին տնօրեն Դավիթ Շահնազարյանի՝ 2018-ին լրագրողների հետ հանդիպմանը արած հայտարարությանը՝ «հարց տվեք Սասուն Միքայելյանին, թե 1994 թվականի հունվարի առաջին կեսին Օմարի բարձունքներն ինչպե՞ս զիջվեցին հակառակորդին, ո՞վ էր այդ հրամանատարներից մեկը, և ո՞ւմ էր ուզում Վազգեն Սարգսյանը պատերազմի ժամանակով նախատեսված ամենախիստ պատժի ենթարկել՝ գնդակահարել»:
Իսկ թե ի՞նչ կասեր Սասուն Միքայելյանի այս կամ այն հայտարարության վերաբերյալ Վազգեն Սարգսյանը, լավ կլինի, որ նա ամեն վայրկյան իրեն հարց տար…